Օգոստոսի 6-ին  սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ


Հայաստան


Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում մինչեւ օգոստոսի 6-ին  սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, կանխատեսում է Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը։

Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ։

Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին` քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։

Ցերեկը կլինի 35- 37, երեկոյան` 30- 32, գիշերը` 22- 24 աստիճան։



Մերկելը չորս անգամ դարձել է Գերմանիայի կանցլեր այն նույն օրենքների տրամաբանությամբ, որ ունենք. Հարությունյանը՝ Փաշինյանի վերընտրվելու մասին


Հայաստան


Հարգելի՛ ընդդիմադիր գործընկերներ, քաղաքացին արդեն որերորդ անգամ քվեարկում է հանուն Իրական Հայաստանի, բայց դուք դեռ դեգերում եք պատմական Հայաստանում: Այդ մասին Ազգային ժողովի՝ օգոստոսի 3-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը:

«Քաղաքացին մերժել է սա, և եթե տվյալ դեպքում «Ուժեղ Հայաստանը» շարունակի այդ տրամաբանության մեջ զարգանալ, արժանանալու է մյուս գործընկերների ճակատագրին, երբ գրեթե 60-70 տոկոսով նրանց խմբակցությունը կրճատվեց, և հաջորդիվ ընդհանրապես այստեղ չեն լինի»,- ասաց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ երրորդ անգամ վերընտրվելուն, չնայած այն հանգամանքին, որ նա պայքարում էր Սերժ Սարգսյանի դեմ դրա համար, Արայիկ Հարությունյանը հայտարարեց. «Սերժ Սարգսյանը Սահմանադրություն էր փոխել՝ երրորդ անգամ դառնալու վարչապետ, երկրի ղեկավար, և այն օրենքների ու օրենսդրության սահմաններում, որ տեղի են ունենում ընտրություններ, դրանք գործում են քաղաքակիրթ շատ երկրներում: Մերկելը չորս անգամ դարձել է Գերմանիայի կանցլեր այն նույն օրենքների տրամաբանությամբ, որ մենք ունենք:

Այստեղ շատ հաճախ իրողությունների նենգափոխում է տեղի ունենում, և սա վատ է, քանի որ ապակողմնորոշում եք մեր ժողովրդին»:



Դեռ դեգերում եք պատմական Հայաստանում. Արայիկ Հարությունյան


Քաղաքականություն


«Քաղաքացիական պայմանագիրը» միաձայն քվեարկելու է Ռուբեն Ռուբինյանի թեկնածության օգտին»,-ԱԺ-ում ասել է պատգամավոր Արայիկ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ քաղաքացին արդեն որերոդ անգամ քվեարկում է հանուն իրական Հայաստանի. «Բայց դուք դեռ դեգերում եք պատմական Հայաստանում»,-նշել է նա։ 

Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցի ԱԺ նախագահի քվեարկությանը։



Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը


ԿԳՄՍ նախարարության կազմակերպմամբ մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև արդեն չորրորդ անգամ անցկացվող բանակային խաղերը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Մրցումներն անցկացվում են Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ ՀՀ պաշտպանության նախարարության և «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի մարզաբազաներում։ Բանակային խաղերը կշարունակվեն մինչև օգոստոսի 8-ը:

Բանակային խաղերի ծրագրում ներառված են ռազմամարզական քառամարտ, ռազմականացված կրոսավազք, ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազք, ռազմամարզական կողմնորոշում, հրաձգություն «ԱԿ 103» ինքնաձիգով, հրաձգություն «ՊՄ» ատրճանակով, հրաձգություն «ԴԴ» հրացանով մարզաձևերը:

Խաղերին մասնակցում են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության և Պետական պահպանության ծառայությունների, Պետական եկամուտների, Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեների թիմերը: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի հանդես գալու միայն 1 մրցաձևում: 

Վերջին 5 տարիներին հրաձգության ՀՀ առաջնությունների մասնակիցները չեն կարող մասնակցել բանակային խաղերին:

Ռազմամարզական քառամարտ, ռազմականացված կրոսավազք, ռազմամարզական կողմնորոշում, հրաձգություն «ԱԿ 103» ինքնաձիգով, հրաձգություն «ՊՄ» ատրճանակով, հրաձգություն «ԴԴ» հրացանով մրցաձևերում ընդհանուր հաշվարկով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվում են համապատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով և դրամական պարգևներով` 1-ին տեղ՝ 1 մլն ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500 հազար ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 300 հազար ՀՀ դրամ, իսկ 1-ին տեղ գրաված թիմը՝ նաև գավաթով:

Ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազքի մրցանակակիր թիմի անդամները պարգևատրվում են մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևներով. 1-ին տեղ՝ 300 հազար ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 200 հազար ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 150 հազար ՀՀ դրամ:

Ընդհանուր հաշվարկով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերի ղեկավարները պարգևատրվում են դրամական պարգևներով. 1-ին տեղ՝ 700 հազար ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500 հազար ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 300 հազար ՀՀ դրամ:

Իրավապահ մարմինների միջև թիմային հաշվարկի արդյունքում մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվում են համապատասխան կարգի հավաստագրերով, հուշանվերով և գավաթով:

Բանակային խաղերի նպատակն է մասսայականացնել ռազմակիրառական մարզաձևերը, բարձրացնել ֆիզիկական պատրաստվածության դերն ու նշանակությունը, ինչպես նաև ձևավորել մարզական առողջ մրցակցային մթնոլորտ և ամրապնդել համագործակցությունը խաղերին մասնակցող ուժային կառույցների միջև։


Այրվել է շինարարական աղբ | Top-News.am


Հայաստան


Օգոստոսի 2-ին՝ ժամը 22։10-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետափնյա-Ղուկասավան բնակավայրերի միջակայքում գտնվող աղբավայրում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Երևան քաղաքի փրկարարական վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 3-ին՝ ժամը 06։26-ին։ Մոտ 5000 քմ տարածքում այրվում է շինարարական աղբ։



Այսօրվանից Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան


Վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը Ֆեյսբուքում գրառում է արել, որում նշված է. 

 

«Սիրելի՛ քաղաքացիներ, գործընկերներ, հարգելի՛ լրագրողներ և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ,

 

Այսօրվանից Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստանձնում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։

 

Շնորհակալություն եմ հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս պատասխանատու աշխատանքն ինձ վստահելու համար։

 

Հանրային հաղորդակցությունը պետական կառավարման կարևորագույն բաղադրիչներից է։ Վստահ եմ, որ փոխադարձ հարգանքի, մասնագիտական պատասխանատվության և կառուցողական համագործակցության վրա հիմնված աշխատանքը լրագրողների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ կնպաստի հանրության լիարժեք ու ժամանակին իրազեկմանը, ինչպես նաև բաց, արդյունավետ և վստահելի հաղորդակցությանը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և մեր քաղաքացիների։

 

Գիտակցում եմ ինձ վստահված առաքելության պատասխանատվությունը և իմ ամբողջ ներուժը կներդնեմ այն բարեխղճորեն ու արժանապատվորեն իրականացնելու համար։

 

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»։

 

Նշենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում է ստորագրել, ըստ որի՝ Մելանյա Հարությունյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար:

 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մելանյա Հարությունյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»,- նշված է որոշման մեջ։


Պակիստանն ու Կատարը բանագնացներ կուղարկեն ԱՄՆ-Իրան բանակցությունների համար


Հարեվաններ


Պակիստանն ու Կատարը բանագնացներ կուղարկեն՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների կազմակերպման նպատակով։ Այս մասին հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Պակիստանի ներքին գործերի նախարարը, ինչպես նաև Կատարի ներկայացուցիչները բանագնացներ կուղարկեն, որպեսզի այդ բանակցությունները հնարավորինս շուտ կայանան», – նշում է աղբյուրը։ Ըստ հեռուստաալիքի՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև սպասվող բանակցությունները կլինեն անուղղակի, իսկ միջնորդական դեր կկատարեն Կատարն ու Պակիստանը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ առայժմ որոշել է չանցնել Իրանի դեմ լայնածավալ հարվածների իրականացմանը՝ փորձելով արագ և խաղաղ ճանապարհներով հասնել իր նպատակներին։

Այնուհետև նա հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կսկսվեն օգոստոսի 3-ին։ «Մենք կխոսենք նրանց հետ։ Բանակցությունները կսկսվեն երկուշաբթի օրվա երկրորդ կեսին», — ասել էր Թրամփը լրագրողներին իր ինքնաթիռում։

Ի պատասխան Թրամփի այս հայտարարության՝ Իրանի ԱԳՆ-ից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցություններ չեն տարվելու։



Թրամփին կոչ են արել Իրանի հետ բանակցություններին ներգրավել պրոֆեսիոնալ դիվանագետների


Քաղաքականություն


ԱՄՆ դեմոկրատ սենատոր Մարկ Քելին նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել փոխել Իրանի հետ բանակցային թիմի կազմը և իր մերձավոր շրջապատի փոխարեն ներգրավել պրոֆեսիոնալ դիվանագետների: Ըստ քաղաքական գործչի՝ դիվանագիտական ​​ջանքերը ձախողվել են, և սրացումն արդեն հանգեցրել է ԱՄՆ-ում վառելիքի գների բարձրացմանն ու նախագահի վարկանիշի անկմանը, գրում է The Independent-ը:

«Սպիտակ տունը պետք է հրաժարվի նախագահի անձնական ծանոթներին կամ ազգականներին կարևոր միջազգային պաշտոններում նշանակելու պրակտիկայից»,- ասել է Մարկ Քելին:

Քաղաքական գործչի խոսքով՝ հունիսին հայտարարված հրադադարի մասին պայմանավորվածությունները փաստացի չեն դադարեցրել ռազմական գործողությունները, իսկ Հորմուզի նեղուցի շրջանում անվտանգության հետ կապված իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ի պատասխան՝ Դոնալդ Թրամփը կասկածներ է հայտնել Թեհրանի հետ հետագա երկխոսության վերաբերյալ և չի բացառել իրանական միջուկային օբյեկտներին հնարավոր նոր հարվածները: