Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել


Հարեվաններ


Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի հաղորդմամբ՝ Գելենջիկի կուրորտային քաղաքի կազմի մեջ մտնող Արխիպո-Օսիպովկա գյուղում անօդաչու թռչող սարքի բեկորների անկման հետևանքով երեք մարդ է զոհվել։

Հարձակման հետևանքով տուժել է նաև 13 մարդ, այդ թվում՝ երեխաներ: Տարածաշրջանային իշխանությունների փոխանցմամբ՝ թիրախում եղել է քաղաքացիական ենթակառուցվածքը:



«Ռենջեր 2026». լավագույնի կոչմանն արժանանալու համար


Մշակույթ


Շրջակա միջավայրի նախարարության և Կովկասի բնության հիմնադրամի համագործակցությամբ «Արփի լիճ» ազգային պարկում, արդեն չորրրորդ տարին անընդմեջ, կայացավ «Ռենջեր 2026» մրցույթը։

ՇՄՆ-ի Էկոպարեկային ծառայության և բնության հատուկ պահպանվող տարածքների 15 աշխատակիցներ մրցեցին լավագույնի կոչմանն արժանանալու համար։

Համառ պայքարի արդյունքում առաջին մրցանակին արժանացավ ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գլխավոր տեսուչ Միքայել Պողոսյանը։Հանձնվեցին նաև երկու երկրորդ և երեք երրորդ տեղերի մրցանակներ։ Բոլոր մրցանակակիրներն ու մասնակիցները Կովկասի բնության հիմնադրամի կողմից ստացան դրամական պարգևներ։

Ավանդական դարձած  մրցույթի նպատակն է խրախուսել բնության պահապաններին, գնահատել նրանց մասնագիտական կարողություններն ու արժևորել բնության պահպանության գործում նրանց կարևոր առաքելությունը։



Wildberries-Russ-ը վերակազմավորել է իր լոգիստիկ շղթաները


Հարեվաններ


ՌԴ Վլադիմիրի մարզի ղեկավար Ալեքսանդր Ավդեևը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հարձակման թիրախ է դարձել մարզի պահեստային համալիրներից մեկը։ «Սոբինսկի շրջանում ԱԹՍ-ն հարձակվել է պահեստային համալիրի վրա։ Կան ավերածություններ, հրդեհ է բռնկվել։ Մարդիկ տարհանվել են», – օգոստոսի 3-ի առավոտյան Max-ի իր ալիքում գրել է Ավդեևը։

Նահանգապետը նշել է, որ մարզում շարունակում է պահպանվել անօդաչու սարքերի վտանգը և բնակիչներին կոչ է արել պահպանել անվտանգության միջոցները։ Wildberries-Russ ընկերության մամուլի ծառայությունն էլ հայտնել է, որ Վլադիմիրի մարզում գտնվող ընկերության լոգիստիկ օբյեկտում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել։ «Դեպքի վայրում աշխատում են հրշեջ ջոկատները։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ընկերության տեղեկացմամբ՝ մարդիկ տարհանվել են։

Հաղորդագրության համաձայն՝ Wildberries-Russ-ը վերակազմավորել է իր լոգիստիկ շղթաները, և մատակարարումների ընդունումն ու պատվերների առաքումն իրականացվում են ընկերության այլ օբյեկտների միջոցով։



Իսրայելը խաղաղություն չի ցանկանում | Top-News.am


Քաղաքականություն


Թուրքիան պնդում է, որ Գազայի վրա վերջին հարձակումները ցույց են տալիս՝ Իսրայելը խաղաղություն չի ցանկանում:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Գազայի ուղղությամբ շարունակվող մահաբեր հարվածները ցույց են տալիս, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը մտադրություն չունի խաղաղություն հաստատել պաղեստինցիների հետ։ «Նեթանյահուի միակ նպատակը պաղեստինցիներին իրենց հայրենիքից տեղահանելն ու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը կանխելն է», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ Նեթանյահուն շարունակում է քայլեր ձեռնարկել, որոնք խաթարում են տարածաշրջանի փխրուն հավասարակշռությունը և խոչընդոտում են տարբեր երկրների, հատկապես ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը։  «Միջազգային հանրության համար դարձել է անհրաժեշտ ավելի վճռական, հետևողական և ուժեղ դիրքորոշում որդեգրել Նեթանյահուի ընդլայնողական և ռազմականացված մոտեցման դեմ, որը նպատակ ունի ամբողջ Մերձավոր Արևելքը վերածել հակամարտությունների գոտու», – հավելել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
 
Կիրակի օրը, ըստ հաղորդումների, իսրայելական ուժերի գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է առնվազն 19 պաղեստինցի, չնայած ԱՄՆ-ի կողմից ներկայացված խաղաղության և անվտանգության ուղղությամբ ծրագիրը որակվել էր որպես «պատմական նշանակության քայլ»։

Top news

 



«Էվրիկա»-ում հայտնաբերվել են 32 վարչական իրավախախտման դեպքեր


Բիզնես


Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հուլիսի 31-ին Երևան քաղաքի վարչական տարածքում գործող «Էվրիկա» առևտրային օբյեկտներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են թվով 32 վարչական իրավախախտման դեպքեր, մասնավորապես՝ պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի վերաբերյալ թվով 16 և չթույլատրված ապրանքատեսականու վաճառքի՝ մինչև 50 միկրոն պոլիէթիլենային պարկերի համար թվով 16:

Միջոցառումները կրելու են շարունակական բնույթ:



ԱՄՆ-ը 50 երկրի քաղաքացիներից վիզա ստանալու համար մինչև 20 հազար դոլարի գրավ կպահանջի


Աշխարհ


ԱՄՆ-ը օգոստոսի 3-ից 50 երկրի քաղաքացիների համար նոր պահանջ է սահմանում․ գործնական և զբոսաշրջային (B-1/B-2) վիզա ստանալու դեպքում որոշ դիմորդներից կարող է պահանջվել մինչև 20 հազար դոլարի գրավ։ ԱՄՆ Պետքարտուղարության տվյալներով՝ յուրաքանչյուր դիմումի դեպքում գրավի չափը կորոշի հյուպատոսական աշխատակիցը՝ ելնելով կոնկրետ հանգամանքներից։
 
Գրավը կվերադարձվի, եթե վիզայի տերը լքի ԱՄՆ-ը սահմանված ժամկետում, չօգտագործի վիզան, կամ նրան մերժվի մուտքը երկիր։ Եթե խախտվեն երկրում գտնվելու պայմանները, գումարը չի վերադարձվի։
 
Նոր կարգավորումը վերաբերում է, մասնավորապես, Վրաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ալժիրի, Անգոլայի, Բանգլադեշի, Կամբոջայի, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության, Մոնղոլիայի, Նեպալի, Նիկարագուայի, Թունիսի, Ուգանդայի, Վենեսուելայի, Զիմբաբվեի և Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի ու Լատինական Ամերիկայի մի շարք այլ երկրների քաղաքացիներին։
 
Պետքարտուղարությունը պարզաբանել է, որ ցանկում ընդգրկվել են այն երկրները, որոնց քաղաքացիներն առավել հաճախ են խախտել ԱՄՆ-ի վիզային ռեժիմը։ Գերատեսչության գնահատմամբ՝ այս միջոցը կօգնի նվազեցնել վիզաների չարաշահման և երկրում թույլատրելի ժամկետից ավելի երկար մնալու դեպքերը։
 
Ավելի վաղ ծրագիրը գործում էր փորձնական կարգով, և գրավի չափը կազմում էր 5-15 հազար դոլար։ Նոր կանոններով նվազագույն շեմը վերացվել է, իսկ առավելագույն չափը հասցվել է 20 հազար դոլարի։



Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN


Աշխարհ


CNN-ի բացառիկ տեղեկություններով՝ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) բարձրաստիճան սպան էլեկտրոնային նամակով դիմել է զինվորական վերլուծաբաններին՝ խնդրելով առաջարկել «նոր, ստեղծագործական և ոչ ստանդարտ ուղիներ» Իրանին ճնշելու և պատժելու համար։

Ըստ լրատվամիջոցի՝ այս անսովոր քայլը վկայում է այն սահմանափակ ու բարդ ընտրության մասին, որի առաջ կանգնած է Դոնալդ Թրամփի վարչակազմը՝ փորձելով ստիպել Իրանին գնալ համաձայնության։ 

Մինչ ավիահարվածները շարունակվում են, հետախուզական գնահատականները ցույց են տալիս, որ միայն ռմբակոծությունները դժվար թե կարողանան փոխել Թեհրանի դիրքորոշումը կամ ամբողջությամբ չեզոքացնել ստորգետնյա միջուկային օբյեկտները առանց ցամաքային ուժերի ներգրավման, ինչից Վաշինգտոնը մինչ այժմ խուսափում է:



Թրամփը հայտարարել է Իրանի հետ նոր բանակցությունների հնարավորության մասին


Քաղաքականություն


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ նոր բանակցություններ կսկսվեն երկուշաբթի՝ չեղարկելով «զանգվածային» հարվածների վերաբերյալ հայտարարությունը։ «Նրանք գիտեին հարձակման մասշտաբները, քանի որ կանխատեսում էին դրա մոտալուտ լինելը», – ասել է նա լրագրողների հետ զրույցում՝ նախագահական ինքնաթիռում։ «Մենք բանակցություններ ենք վարում նրանց հետ։ Նրանք կսկսեն երկուշաբթի կեսօրին»։

Truth Social-ում ավելի վաղ արված գրառման մեջ Թրամփը պնդում էր, որ Իրանը և Մերձավոր Արևելքում ԱՄՆ դաշնակիցները խնդրել են իրեն «ձեռնպահ մնալ» ցանկացած հարձակումից, քանի որ գործարքի «պարագծերը» համաձայնեցված են։
 
Իրանը դեռևս չի արձագանքել Թրամփի հայտարարություններին։ ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել է, որ պատերազմի խաղաղ կարգավորումը մոտ է, սակայն ի պատասխան՝ հարվածները վերսկսվել են։
 
Ինքնաթիռում ունեցած զրույցում Թրամփը հրաժարվել է Թեհրանի հետ համաձայնագրի կնքման վերջնաժամկետ նշել՝ հավելելով. «Կտեսնենք, թե ինչպես կընթանա։ Մենք պատրաստ ենք գործել ցանկացած պահի։ Ես մարդկանց չեմ սպանելու»։
 
Թրամփը հավելել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը, ինչպես նաև ԱՄՆ գործընկերները, ինչպիսիք են Միացյալ Արաբական Էմիրությունները և Կատարը, կոչ են արել իրեն ձեռնպահ մնալ հանգստյան օրերին հարվածներ հասցնելուց։
«Մենք լիովին պատրաստ էինք բանակցելու», – ասել է Թրամփը։ Նրանք հարցրել են, քանի որ կարծում են, որ համաձայնագիրն արդեն կնքվել է։ Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնագիրն արդեն կնքվել է, և միջուկային համաձայնագիր կկնքվի»։
 
ԱՄՆ նախագահը դեռևս չի նշել երկուշաբթի օրվա բանակցությունների վայրը կամ հավանական մասնակիցներին։
 
Օդանավում իր ելույթի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ նախապես զգուշացված հարձակման նախատեսված հարվածները կլինեն «Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծ հարձակումը» և կարող են խաթարել ամիսներ տևած պատերազմի բանակցային կարգավորման ցանկացած հեռանկար։
 
Այնուամենայնիվ, նա հավելել է, որ հարձակման չեղարկումը կլինի «ամբողջ աշխարհի ապագա բարօրության և, ընդլայնմամբ, հաջողակ և բարգավաճ Իրանի գոյատևման համար»։
 
Թրամփը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք նա պլանավորում է հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, ինչը միջազգային իրավունքի փորձագետների կարծիքով կարող է համարվել ռազմական հանցագործություն։
 
Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մաջիդ Իբն ալ-Ռեզան նախկինում հայտարարել էր, որ Թեհրանը իր հակառակորդներից եկող ցանկացած սպառնալիք համարում է «իրական և հավաստի», նույնիսկ եթե դա հոգեբանական պատերազմի մաս է կազմում։
 
«Մենք թույլ չենք տա, որ մեզ անակնկալի բերեն և պասիվ չենք մնա», – հավելել է նա։



Աստղագնաց Դոնալդ Փեթիթը ցուցադրել է Ծիր Կաթինի «անհնար» համարվող լուսանկարը


Գիտություն


Աստղագնաց Դոնալդ Փեթիթը ցուցադրել է Ծիր Կաթինի «անհնար» համարվող լուսանկարը, որն արել է Միջազգային տիեզերակայանից։ Դրա համար օգտագործվել է հատուկ սարք, որը պետք է «չեզոքացներ» տիեզերակայանի պտույտը։

Աստղագնացը X-ում գրել է, որ վերջապես ստացել է բոլոր 1,2 միլիոն սկզբնական լուսանկարները, որոնք արել էր 2025 թվականին Միջազգային տիեզերակայանում իր վերջին առաքելության ընթացքում։ Այդ լուսանկարներից մեկն է հենց հրապարակել է։ Նման կադր ստանալը բավականին բարդ է։

Միջազգային տիեզերակայանից հեռավոր աստղերը լուսանկարելու համար անհրաժեշտ է կիրառել երկարատեւ պահում։ Սակայն տիեզերակայանը, որը Երկրի շուրջ շարժվում է ժամում 27 600 կիլոմետր արագությամբ, անընդհատ պտտվում է իր թեքման առանցքի շուրջ, որպեսզի մշտապես պահպանի դեպի Երկիր ուղղված նույն դիտման անկյունը։ Այդ պատճառով երկարատեւ պահումով նկարահանման ժամանակ աստղերը կետերի փոխարեն վերածվում են աղեղնաձեւ գծերի։

Այս խնդիրը լուծելու համար Փեթիթի համար մշակվել է հատուկ ամրակ, որը փոխանցման ժամանիվների համակարգի օգնությամբ յուրաքանչյուր 90 րոպեն մեկ կատարում է մեկ ամբողջական պտույտ, ինչը համապատասխանում է Երկրի շուրջ Միջազգային տիեզերակայանի մեկ ամբողջական պտույտի տեւողությանը։

Դրա շնորհիվ հնարավոր է դարձել «չեզոքացնել» Միջազգային տիեզերակայանի ուղեծրային շարժումը եւ հեռավոր աստղերը պատկերել որպես անշարժ կետեր։

Լուսանկարում Ծիր Կաթինի համաստեղությունն է։ Այն նկարահանվել է «Կուպոլ» մոդուլից՝ Nikon Z9 տեսախցիկով եւ Arri Zeiss 15 մմ (T1.8) օբյեկտիվով։ 




Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Գրիգոր Խանջյան – 100. Նկարիչը և գիրքը» ցուցահանդեսը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում օգոստոսի 4-ին, ժամը 13:00-ին կբացվի «Գրիգոր Խանջյան – 100. Նկարիչը և գիրքը» ցուցահանդեսը։ Այն նվիրված է Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի Գրիգոր Խանջյանի  նկարազարդումների ստեղծման պատմությանը։

Ցուցադրությունը բացահայտում է, թե ինչպես է աշխատել նկարիչը, աշխատանքային ինչ փուլեր է անցել և թե ինչով է նրան գերել Կոմիտասի կերպարը։

Այս պատկերազարդումները շատ ավելին են, քան գրքի պարզ նկարազարդումներ. դրանք ինքնուրույն գրաֆիկական աշխատանքներ են, որոնք հանդիսանում են ինչպես հեղինակի, այնպես էլ հայկական գրքային գրաֆիկայի գլուխգործոցներից։ Պատահական չէ, որ դրանք այսօր ընդգրկված են Կոմիտասի թանգարան-ինստիտուտի մշտական ցուցադրության մեջ։

Առաջին անգամ ցուցադրվելու են Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի տպագրության  համար արված շուրջ 40 էսքիզներ  և օֆորտի թերթեր, արխիվային լուսանկարներ ,  փաստաթղթեր, որոնք տրամադրել է նկարչի դուստրը՝ Սեդա Խանջյանը։ Կցուցադրվի վավերագրական ֆիլմ, որտեղ Գրիգոր Խանջյանն ինքն է պատմում գրքի ձևավորման  ստեղծագործական ընթացքի մասին։

Ցուցադրության ընթացքում  կկազմակերպվեն լինոփորագրության աշխատարան, որի ընթացքում հնարավորություն կլինի  նկարչի կողմից ստեղծված տախտակով իրականացնել լինոտպագրություն։