Նոր կրթական օջախներ և «խելացի» անասնաշենք․ ինչ է բացվել և կառուցվում Վայոց ձորում ու Արարատում


Հայաստան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ապրիլի 14-ին այցելեցինք Վայոց ձորի և Արարատի մարզեր՝ տեղում ծանոթանալու մարզում իրականացվող կրթական, ենթակառուցվածքային և համայնքային զարգացման ծրագրերի ընթացքին։ Այս մասին հայտնում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

 

«Վարչապետի, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, մարզպետներ Վահագն Արսենյանի, Սեդրակ Թևոնյանի և համայնքապետերի հետ շրջայց ենք կատարել երկու մարզերի մի շարք համայնքներում և բնակավայրերում։

 

Առաջին կանգառը Արենի համայնքն էր: Շրջայց կատարեցինք Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի շենքում, ապա այցելեցինք Արարատի մարզ, որտեղ ներկա գտնվեցինք Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրի նորակառույց կրթահամալիրի բացման արարողությանը: 

 

Այցելեցինք նաև Արարատ համայնքի Երիտասարդական կենտրոն, որը վերանորոգվել է դրամաշնորհային ծրագրի շրջանակում: Վեդի համայնքի Նոր Ուղի բնակավայրում ներկա գտնվեցինք նորակառույց նախադպրոցական հաստատության բացման արարողությանը: Այն կառուցվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում: 

 

Վարչապետի հետ այցելեցինք նաև Արտաշատ համայնք, ծանոթացանք Արտաշատի ավագ դպրոցի վերակառուցման աշխատանքներին, եղանք Արտաշատ համայնքի Վարդաշեն բնակավայրի վերանորոգված միջնակարգ դպրոցում: 

 

Եղանք նաև Մասիս համայնքում, որտեղ Սայաթ-Նովա բնակավայրում

մասնավոր հատվածի կողմից հիմնվել է խելացի անասնաշենք»,-նշել է նա։




ՀՀ ԱԳ նախարարի և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հանդիպումը


Քաղաքականություն


Ապրիլի 14-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչման հարցեր: 

Հանգամանալից անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի բովանդակային նախապատրաստման հարցերին. ընդգծվել է ՀՀ քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման շուրջ համաձայնությունը:

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ժողովրդավարական դիմակայունության շարունակական ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները, որոնք ՀՀ-ԵՄ արժեքահեն գործընկերության և ռազմավարական օրակարգի կարևոր մաս են կազմում: Այս համատեքստում համաձայնություն է ձեռք բերվել ժողովրդավարական գործընթացներին աջակցության նպատակով առկա հստակ մեխանիզմների շարունակականության և արդյունավետության ապահովման շուրջ:

ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչն ընդգծել են տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության խթանման հարցում փոխշահավետ ծրագրերի կյանքի կոչման կարևորությունը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկյացնող այլ հարցերի շուրջ։



Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

11:00–17:00 Ալեք Մանուկյան փողոց 10, 15, 15Ա, 17 շենքեր, Այգեստան 7-րդ փողոց 1–18 առանձնատներ, Հ. Շահինյան փողոց 1, 2, 11, 12 առանձնատներ, Իսակովի պողոտա 26 շինություն,

Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

11:00-17:00 Դավիթ Անհաղթի փողոց 10-18 շենքեր, Գոգոլի փողոց 24/23 շենք և 2-26 առանձնատներ,

Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

10:00–16:00 Հակոբյանց, Առաքելյան, Խաչատրյան, Բաշինջաղյան փողոցներ մասնակի, Սիսակյան փողոց 22 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝

10:00-16:00 Ծիծեռնակաբերդի խճուղի 1՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր,

Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

11:00-17:00 Գ․ Նժդեհի փողոց 45 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արտաշիսյան փողոց 59, 61, 63, 63Ա, 63Բ, 65, 67, 69, 57/12, 55/13, 53/14, 53/15 շենքեր, Արտաշիսյան փողոց 57/1, 59/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Մանանդյան փողոց 41/44, Չեխովի փողոց 47 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չեխովի փողոց 48, 50, 52, 57Ա, 59Ա,

Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

10:00–16:00 Արշակունյաց պողոտա 18, 18Ա, 18Բ, 18Գ, 18Դ, 18Ե, 18Զ շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝

13:00–16:00 Նոր Նորք 2-րդ զանգված՝ Մոլդովական փողոց 21, 23, 25, 25/1, 25/2, 25/3, 25/4, 27 շենքեր և հարակից տարածքների առանձնատներ, «Արզնի Կաթնամթերք» ՍՊԸ, «Զորախաչ» ՍՊԸ, «Կամուրջ» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Կոտայքի մարզ՝

11:00-14:00 Աբովյան համայնք, «Քարափ» և «Ուռենի» ենթակայանների հարակից այգետնակներ, Աբովյան քաղաք՝ Ի․ Զաքարյանի անվան այգի,

11:00–15:00 Հրազդան քաղաք՝ մասնակի, «Տրեստ-Շինինդուստրիա» ՍՊԸ, Երկաթ Բետոնե արտադրամաս, «ՍԴՄ կենտրոն» ՍՊԸ և հարակից բաժանորդներ, Կաթնաղբյուր, Դավթաշեն, Աշնակ գյուղեր, Զառ գյուղ մասնակի,

11։00-17։00 «Զատիկ» մանկատան տնտեսական գոտի (գոմեր) և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ջրաբեր գյուղի հանքարդյունաբերական տարածք, հարակից բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Առինջ գյուղ մասնակի,

Գեղարքունիքի մարզ՝

11:00–12:30 Գավառ քաղաք՝ Ազատության փողոց 21, 23, 24, 25, 26, 33, 34, 36, 39, 41, 47, 48, 70, 62, 67, 42, 46, 53, 61, 43, 69, 50, 57, 55 շենքեր, թիվ 9 միջնակարգ դպրոց, նախկին «Յունիբանկ» ընկերություն, «Դոմիկներ» տարածք, «Օժանդակ դպրոց», «Գյուղատնտեսական քոլեջ», «Սովխոզի մուտք»,

11:30–12:50 Վարդենիս քաղաք՝ Զորավար Անդրանիկի փողոց մասնակի,

14:00–15:00 Վարդենիս քաղաք Վիկտոր Համբարձումյան փողոց մասնակի,

11:00-16:00 Վարդենիս քաղաք՝ Իսակովի փողոց մասնակի,

13:00–14:30 Գավառ քաղաք՝ Միքայելյան փողոցի առանձնատներ, «Ամեն ինչ տան համար» խանութ-սրահ, Ազատության փողոց մասնակի, Միքայելյան փողոցի փակուղի, Միքայելյան 2-րդ նրբանցք «Փեփոյի ձոր» տարածք, դատախազության շենք, Գավառի պետական համալսարան, Գավառի կենտրոնական հիվանդանոց և հարակից բնակիչ-բաժանորդներ, «Գավառ» ՍՊԸ գազալցակայան, Օգոստոսի 23-ի փողոցի առանձնատներ, Աստղձոր, Զոլաքար համայնքներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:


ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է բարեգործության արգելքի խախտման դեպքեր․ երկու անձ ձերբակալվել է


Քաղաքականություն


ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո՝ բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, համապետական ընտրություններին մասնակցող ՀՀ տարբեր բնակիչների, բարեգործության անվան տակ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամի կողմից այլ անձի օժանդակությամբ 2026 թվականի մարտ ամսվա ընթացքում մի դեպքում անհատույց տրամադրվել է դրամական միջոց, մեկ այլ դեպքում՝ արտոնյալ պայմանով խոստացվել է ծառայության մատուցում։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ, ովքեր ձերբակալվել են։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն կրկին հորդորում է զերծ մնալ բարեգործության վերաբերյալ օրենսդրական արգելքը խախտելու հանցավոր վարքագծից, իսկ քաղաքացիներին կոչ է արվում խուսափել ընտրական հանցագործությունների կամ դրանց հետ առնչվող կասկածելի գործողությունների մեջ ներգրավվելուց։



Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները կարող են վերսկսվել առաջիկա օրերին


Քաղաքականություն


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունների երկրորդ փուլը կարող է կայանալ առաջիկա երկու օրերի ընթացքում։ Նրա խոսքով՝ քննարկումների շարունակման հնարավորությունը դեռևս պահպանվում է։

«Հաջորդ երկու օրերին ինչ-որ բան կարող է պատահել, և մենք ավելի հակված ենք այնտեղ գնալ»,-ասել է Թրամփը New York Post-ին տված հեռախոսազրույցում։

Բանակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել շաբաթավերջին Իսլամաբադում, սակայն ավարտվել էր առանց արդյունքի։

Ավելի վաղ պակիստանյան բարձրաստիճան աղբյուրները Agence France-Presse-ին հայտնել էին, որ երկրի իշխանությունները շարունակում են միջնորդական ջանքերը՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև երկխոսությունը վերականգնելու և գործող երկշաբաթյա հրադադարը երկարաձգելու ուղղությամբ։

Պակիստանի ֆինանսների նախարար Մուհամմադ Աուրանգզեբը ևս հաստատել է, որ երկիրը շարունակում է աջակցել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների վերականգնմանը։

Նրա խոսքով՝ Իսլամաբադում կայացած հանդիպումը վերջին մոտ 50 տարիների ընթացքում երկու երկրների միջև առաջին ուղիղ շփումն էր։ «Մենք կցանկանայինք տեսնել, արդյոք հնարավոր է շարունակել այս երկխոսությունը։ Կշարունակենք մեր ջանքերը, և մեր ղեկավարությունն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ», – նշել է նա։



Սպասվում է առանց տեղումների եղանակ


Հայաստան


Երևանում`

Ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի երեկոյան, 19-ին սպասվում է անձրև և ամպրոպ։

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։

Քամին հյուսիսարևմտյան 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-ի գիշերը կնվազի ևս 2-4 աստիճանով, 15-18-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-12 աստիճանով։



Արայիկ Հարությունյանը Վասիլիս Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր


Քաղաքականություն


Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։

Զրուցակիցները կարևորել են Հայաստան–ԵՄ համագործակցության հետևողական զարգացումն ու ընդգծել երկկողմ հագեցած օրակարգի հետևողական առաջմղման կարևորությունը։

Արայիկ Հարությունյանը շեշտել է մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ ԵՄ–ի կողմից ցուցաբերվող օժանդակության փաստը՝ հավելելով, որ ռեֆորմների շարունակականության ապահովումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկն է։

Հաջորդիվ կողմերը քննարկել են մայիսին Երևանում կայանալիք ՀՀ–ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի օրակարգին, ինչպես նաև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպմանը վերաբերող հարցեր։



Քննարկվել է ԵՄ-ի հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրից բխող նոր օրենքի նախագիծը

2021 թվականին ստորագրված եւ Ազգային ժողովի կողմից վավերացված «Եվրամիության հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրից բխող հերթական օրենսդրական նախաձեռնությունը ԱԺ–ում ներկայացվել է քննարկման:

«Օդային փոխադրումներ իրականացնողների եւ օդանավ շահագործողների համար ուղեւորների, թռիչքային եւ սպասարկող անձնակազմի, ուղեբեռի, բեռի եւ երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության նվազագույն պահանջների սահմանման մասին» օրենքի նախագիծը նպատակ ունի ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական ստանդարտներին եւ դիրեկտիվներին, ապրիլի 14-ին գումարված ԱԺ հերթական նիստի ժամանակ ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն:

Փոխնախարարի խոսքով՝ օրենսդրական փոփոխությունները վերաբերում են օդային փոխադրումների ոլորտում ապահովագրական պարտավորություններին: Մասնավորապես, սահմանվում են պահանջներ օդանավ շահագործողի վկայական ունեցող կազմակերպությունների, թռիչքային եւ սպասարկող անձնակազմերի, ուղեբեռի, բեռի, ինչպես նաեւ երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության մասով:

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել գործող օրենքը եւ ընդունել նոր, ամբողջական կարգավորում նախատեսող օրենքի նախագիծը, որը կսահմանի ոլորտում գործող հիմնական սուբյեկտների միջեւ իրավահարաբերություններն ապահովագրության բնագավառում, ինչպես նաեւ ապահովագրության նվազագույն սահմանաչափերը՝ համապատասխանեցված Եվրամիությունում գործող պահանջներին:

Փոփոխությունների փաթեթում հաշվի են առնվել նաեւ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից 2024 թվականին կատարված թարմացումները:

Նախագիծը նախատեսում է նաեւ օրենքից բխող պահանջների կատարման մեխանիզմները, պատասխանատվության միջոցները, վեճերի կարգավորման ընթացակարգերը եւ այն սուբյեկտների շրջանակը, որոնց նկատմամբ օրենքը կիրառվելու է:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հայկ Ցիրունյանը:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան վիճարկում է ՀԱՕԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստի օրինականությունը


Հայաստան


Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան սույն թվականի ապրիլի 3-ին ծանուցվել է ս.թ. ապրիլի 11-ին նախատեսված ՀԱՕԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստի և դրա օրակարգի վերաբերյալ, հայտնում են ֆեդերացիայից։

«Հարկ է նշել, որ ՀԱՕԿ-ի կանոնադրությամբ ՀԱՕԿ-ի նախագահը և վերստուգիչ հանձնաժողովի անդամները պաշտոնավարում են չորս տարի։ Վերջին անգամ նախագահի և անդամների ընտրությունը տեղի է ունեցել 2021 թվականի սեպտեմբերի 9-ին, ինչը նշանակում է, որ վերջիններիս պաշտոնավարումը պետք է ավարտվեր 2025-ի սեպտեմբերի 9-ին և դրանից հետո կայացված բոլոր որոշումները, այդ թվում՝ հրավիրված նիստը չեն կարող համարվել վավեր և իրավաչափ։

Միաժամանակ, ըստ կանոնադրության, վերստուգիչ հանձնաժողովը պետք է տարեկան առնվազն երեք անգամ նիստ անցկացներ։ Վերջին տարում այդ նիստերից ոչ մեկը տեղի չի ունեցել, այնինչ հանձնաժողովն ունի ֆինանսական գործունեության, ծախսերի ուսումնասիրության և մի շարք այլ առանցքային գործառույթներ, ուստի պարզ չէ՝ ինչ հաշվետվություն է կազմվելու և ներկայացվելու, ընդ որում, հրավիրված նիստի որևէ նյութ տրամադրված չէ։

Հարկ ենք համարում ընդգծել նաև, որ ուղարկված օրակարգում միայն նշված է, որ տեղի են ունենալու ընտրություններ, սակայն պարզ չէ՝ որ մարմիններն են ձևավորվելու, ովքեր են թեկնածուները, ինչը խախտում է ֆեդերացիայի՝ որպես ՀԱՕԿ անդամի ընտրելու և ընտրվելու իրավունքը։ Հաշվի առնելով այս և մի շարք այլ առերևույթ խախտումներ, ֆեդերացիան դիմել է դատական մարմիններին՝ վիճարկելով տեղի ունեցող գործընթացների օրինականությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։



Հրապարակվել է «սերուցքայինների» հայտացուցակը | Top-News.am


Սպորտ


Վաղը՝ ապրիլի 15-ին, ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» «Ալիանս Արենա» մարզադաշտում կհյուրընկալվի Գերմանիայի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիային»:

Մադրիդցիների գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան հրապարակել է «սերուցքայինների» հայտացուցակը տվյալ հանդիպման համար։

 

«Բավարիա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 15-ին, Երևանի ժամանակով 23:00-ին: Թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել է մյունխենյան գրանդի՝ 2-1 հաշվով տարած հաղթանակով: