ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունները և դաշինքները հյուրընկալվել են ԿԸՀ-ում


Քաղաքականություն


ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ ապրիլի 14-ին, հյուրընկալել է ԱԺ ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու հայտ ներկայացրած և նման մտադրություն ունեցող բոլոր կուսակցություններին/դաշինքներին։

ԿԳՀ-ից հայտնում են, որ մասնակիցներին ողջունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը և հայտնել, որ նման նախաձեռնության նպատակը ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցություններին/դաշինքներին ԿԸՀ ներդրած թվային նոր գործիքակազմերը ներկայացնելն է։

Ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունները, դաշինքները մինչ ապրիլի 23-ը պետք է էլեկտրոնային եղանակով դիմեն հանձնաժողովին, որպեսզի ստանան օգտահաշիվ։ Այն հնարավորություն է ընձեռում քաղաքական ուժին իր անհատական օգտահաշվում ներբեռնել ընտրողների ցուցակները, նախընտրական ծրագիրը, կուսակցության և թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը և այլ տեղեկատվություն։

ԿԸՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը ներկայացրել է օգտահաշվի տեխնիկական հնարավորությունները։ ԿԸՀ Վերահսկիչ վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը իրազեկել է հրավիրյալներին, որ կուսակցության/դաշինքի, ինչպես նաև թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագիր չներկայացնելու պարագայում, օրենսդրական փոփոխությունների հետևանքով, սահմանվել է վարչական պատասխանատվություն։

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը տեղեկացրել է, որ ԿԸՀ-ն մտադիր է ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի վստահված անձանց դասընթացավարների համար դասընթաց իրականացնել։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը, ով պատասխանել է ներկաների՝ օրենսդրությանն առնչվող հարցերին։



Ռեալը հրաժեշտ կտա թիմի չորրորդ ռմբարկուին


Սպորտ


Մադրիդի «Ռեալի» իսպանացի հարձակվող Գոնսալո Գարսիան մոտ է ակումբը լքելուն: Այս մասին հայտնում է The Athletic-ը։ Սպասվում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը կվաճառվի արդեն առաջիկա ամռանը, քանի որ այլևս չի մտնում մադրիդյան թիմի ղեկավարության ծրագրերի մեջ:

«Արքայական» ակումբում վստահ են, որ իրենց սանը կզրկվի կանոնավոր խաղային պրակտիկայից բրազիլացի հարձակվող Էնդրիկի վերադարձից հետո, որն այժմ վարձավճարով հանդես է գալիս ֆրանսիական «Լիոնում»: Մրցակցության մեծացման ֆոնին ակումբը նպատակահարմար է գտնում վաճառել երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերը:

Չնայած սպասվող հեռացմանը՝ Գարսիան ընթացիկ մրցաշրջանում դրական արդյունքներ է գրանցել: Անցկացրած 33 հանդիպումներում նա դարձել է 6 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Այս ցուցանիշով երիտասարդ հարձակվողը Մադրիդի «Ռեալի» չորրորդ լավագույն ռմբարկուն է ընթացիկ մրցաշրջանում՝ զիջելով միայն ակումբի գլխավոր աստղերին.

  1. Կիլիան Մբապե (39 գոլ)
  2. Վինիսիուս Ժունիոր (17 գոլ)
  3. Ֆեդերիկո Վալվերդե (9 գոլ)

Ներկայումս ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 30 միլիոն եվրո: Ավելի վաղ Գարսիայի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում էին Անգլիայի Պրեմիեր լիգան և Գերմանիայի Բունդեսլիգան ներկայացնող ակումբները, ինչը հուշում է, որ իսպանացին ամռանը նոր թիմ գտնելու խնդիր չի ունենա:




Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 13-ից 14-ը

Բացահայտվել է 134 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝56 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող ան

Պետեր Մադյարը հեռացող արտգործնախարարին մեղադրել է գաղտնի փաստաթղթեր ոչնչացնելու համար


Աշխարհ


Հունգարիայի խորհրդարանի ընտրությունում հաղթած ընդդիմադիր «Տիսա» կուսակցության առաջնորդը հեռացող արտգործնախարար Պետեր Սիյարտոյին մեղադրել է գաղտնի փաստաթղթեր ոչնչացնելու համար։ Պետեր Մադյարն այդ հայտարարությունն արել է Բուդապեշտում կայացած միջազգային մամուլի ասուլիսում։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Սիյարտոն մեղադրվել է իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ սերտ կապեր պահպանելու և նրան Հունգարիայի օգնություն առաջարկելու համար՝ ռուսաստանցիներին ԵՄ պատժամիջոցների ցուցակից հանելու հարցում։

«Այսօր՝ առավոտյան ժամը 10-ին, նա ներկայացավ արտաքին գործերի նախարարություն, և իր ամենամտերիմ գործընկերների հետ ոչնչացնում է պատժամիջոցների հետ կապված փաստաթղթերը»,- հայտարարել է Մադյարն ու հավելել՝ տեղեկատվությունը ստացել է նախարարության ներքին աղբյուրներից, որտեղ շատ պաշտոնյաներ ակտիվորեն օգնում են իր «Տիսա» կուսակցությանը։

«Սա է այն, ինչ հիմա տեղի է ունենում Հունգարիայում։ Մենք մի քանի օր է, ինչ գիտենք, որ փաստաթղթերի ոչնչացումը սկսվել է ոչ միայն նախարարություններում, այլև Օրբանի վերնախավի հետ կապված մյուս հաստատություններում»,- ասել է Մադյարը։



Գարեգին Վարդանյանի հետ վերջին զանգը եղել է հոկտեմբերի 13-ին, նա տուն է «վերադարձել» անմահանալուց մեկ տարի հինգ ամիս անց





«Գարեգինիս Գարիկ էինք ասում, ընկերներն էլ՝ Գարո»։ Այսպես ենք սկսում Գարիկի մասին զրույցը մայրիկի՝ տիկին Նարինեի հետ։ «Սիրուն, բարի, համով-հոտով, ուրախ, քաղցր բալա էր։ Աշխույժ էր ու շատ խելացի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նարինեն։Գարեգինը ծնվել է Երևանում, որտեղ էլ անցել է նրա մանկությունն ու պատանեկությունը։ Այստեղ է դպրոց հաճախել։ Ամենուր սիրված է եղել՝ թե՛ ընտանիքում, թե՛ շրջապատում, թե՛ դպրոցում։ «Իրեն բոլորն էին սիրում։ Խելացի, լավ սովորող աշակերտ էր։ Մաթեմատիկան իր սիրելի առարկան էր։ Ընդունվեց Պոլիտեխնիկական համալսարան, ապագա ծրագրավորող էր, բայց ուսանող լինել չհասցրեց»։


2019 թվականի հուլիսի 20-ին է Գարեգինը զորակոչվել ժամկետային զինծառայության։ Ծառայում էր Սիսիանի գնդում։ «Շատ լավ էր տրամադրված ծառայությանը։ Սիրով և ուրախությամբ մեկնեց ծառայության։ Երբեք չի դժգոհել ծառայությունից։ Ես էլ էի հանգիստ իր ծառայության ընթացքում»։



Տիկին Նարինեն պատմում է՝ որդին պատերազմի առաջին օրերին դիրքերում է եղել։ «Իրենց իջեցրել են, տարել Արցախ՝ Հադրութ։ Դա եղել է մոտավորապես հոկտեմբերի 6-7ին։ Ես քրոջս ու եղբորս տղաներից եմ իմացել, որ իրեն տարել են պատերազմ։ Նա ինձ ոչինչ չէր ասում։ Զանգահարում էինք, զրուցում, ասում էր. «Մա՛մ, ես մեր դիրքերում եմ, այստեղ հանգիստ է, պատերազմ, կռիվ չկա»։ Իր խոսքերն են. «Ինձ հո պոստերից չեն իջեցնելու և պատերազմ տանեն։ Մենք էլ այստեղ ենք հսկում»։ Բայց գիշերով տղաներին տարել են Արցախ։ Եղել է ամենաթեժ կետերում, Հադրութում»։

Մայրիկի ու որդու վերջին զրույցը հոկտեմբերի 13-ին էր։ «Առավոտյան ժամը յոթին զրուցեցինք։ Արդեն գիտեի, որ մարտի դաշտում է։ Հարցրեցի իրեն՝ Գա՛ր, կռվի մե՞ջ ես։ Դրական պատասխան տվեց։ Ուզում էր հայրիկի հետ խոսել։ Նա էլ էր Ղարաբաղ մեկնել, բայց իրեն չասացի։ Գարիկս շատ կնեղվեր։ Բայց հիմա էլ երբեմն ափսոսում եմ, որ չեմ ասել։ Խառը զգացումներ են լինում։ Գարիկիս ասացի, որ հայրիկն աշխատանքի է, դեռ չի եկել հերթափոխից։ «Մա՛մ, ասա՝ թող շտապ ինձ զանգի»։ Զանգահարեցի ամուսնուս, բայց հայր ու որդի այդպես էլ չկարողացան զրուցել։ Այդ օրվանից որդուս հետ կապն ընդհատվեց»։



Հոկտեմբերի 13-ից հետո ամիսներ շարունակ ընտանիքն ապրում է իրական մղձավանջի մեջ։ «Քիչ-քիչ նորություններ էինք իմանում, տարբեր տեղեկություններ, վատ լուրեր։ Իրենց հրամանատարը լքել է զինվորներին, իսկ իմ տղան կանգնել ու մինչև վերջ կռվել է։ Մեկ-մեկ ասում եմ՝ թող փախչեր։ Իմ այդ խոսքին միշտ արձագանքում են՝ Գարիկը կփախնե՞ր։ Իհարկե, չէր փախչի։ Գարիկս վախկոտ տղա չէր։ 15 հոգի են եղել, Գարիկն ու ընկերը՝ Առնոլդն են պայքարել մինչև վերջ։ Տղաները շրջափակման մեջ են ընկել, ուժեղ մարտերի մեջ են ներգրավվել։ Մարմինները հայկական կողմին փոխանցելիս անգամ նշել են, թե տղաներն ինչպես են կռվել, որքան են վնասել թշնամուն»։


Ընտանիքը մոտ մեկուկես տարի հետո է որդուց լուր ստացել։ «Ասացին, որ տղաները գերի են ընկել։ Տեղանքը նկարեցին, ուղարկեցին։ Սկսեցինք փնտրել իրենց գերիների մեջ։ Դիմեցինք Կարմիր խաչին։ Տեղեկություն ստացանք, որ իբր Բաքուն հաստատել է՝ Գարիկս գերի է։ Կարմիր խաչն էլ հաստատեց. մեր տղայի անունը հաստատված գերիների ցուցակում էր։ Տարի ու կես իրեն փնտրել ենք։ Ստիպված նաև արյուն հանձնեցինք, չէի ուզում այդ քայլին գնալ։ Բնական է՝ չես ուզում մտածել, որ որդիդ կարող է զոհված լինել»։


Տիկին Նարինեն ասում է՝ 2022 թվականի գարնանը հաստատվեց որդու ինքնությունը։ Մարտի տասին Գարեգինի հուղարկավորությունն էր։ «Մարտի ութին ինձ «նվեր» արեցին։ Չէինք ուզում հավատալ…»։ Իսկ կարո՞ղ է, արդյոք, ծնողը հավատալ, որ մեկուկես տարվա սպասումներից հետո հենց իր որդու մասունքներն է հանձնել մայր հողին։ Ապրել հավերժ սպասումով, չունենալ տարբեր հարցերի պատասխաններ, թե ինչպե՞ս տղաները հայտնվեցին Հադրութում, ինչո՞ւ մնացին միայնակ։ «Ինչու»-ներն այնքան շատ են, որոնց պատասխանները գուցե կտան հարուցված քրեական գործերը ու ընթացող դատական նիստերը։ Ապրելու ուժի մասին։ «Գարիկս ընկերուհի ուներ, ասում էր՝ գամ, ամուսնանալու եմ։ Տղայիս բոլոր երազանքները կիսատ մնացին։ Հիմա մեզ ապրեցնողը մեր ավագ որդին է և այն միտքը, որ պետք է ապրեցնենք մեր Գարիկին»։


Հ. Գ. – Գարեգին Վարդանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։


Քանաքեռում հնչած կրակոցների վերաբերյալ հրապարակված տեղեկությունը կեղծ է. ՆԳՆ խոսնակ

Օրերս ԶԼՄ-ներից մեկը «բացառիկ տեղեկություններ» էր հրապարակել, որ «Քանաքեռում կրակոցներ են հնչել»: Այդ մասին ասված է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի Ֆեյսբուքի էջում:

 

«Հրապարակման մեջ նշվում էին նաև անուններ, վիրավորի մասին տեղեկություն, նաև, որ «ոստիկանությունից այս մասին որևէ տեղեկություն չունեն և չեն հաղորդում, հավանաբար նախարարի հրաման կա` ընտրություններից առաջ խոշոր միջադեպերը կոծկել»։

 

Արդեն մեկնաբանել ենք, որ նշվածի վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում որևէ ահազանգ չի ստացվել, այդուհանդերձ, հրապարակված տեղեկությունը ստուգվել է։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ստուգողական գործողությունների ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հրապարակման մեջ նշված տեղեկությունը չի հաստատվել։

 

Կոչ ենք անում ԶԼՄ գործընկերներին հրապարակել միայն ճշտված տեղեկություններ, առավել ևս, ապատեղեկատվություն տարածելով չանել անհիմն եզրակացություններ»,- նշված է գրառման մեջ։

74 համարի ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած անձինք ձերբակալվել են․ ՆԳՆ

Ապրիլի 8-ի ցերեկը 112 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ երեք տղամարդ Էրեբունի փողոցում դուրս են հանել 74 համարի ավտոբուսի վարորդին, ծեծի ենթարկել, վնասել ճակատը, ապա իջեցրել ուղևորներին և դիմել փախուստի։

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնից մեկնած խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 12։35-ին, Տիգրան Մեծի պողոտայում գտնվող թիվ 74 երթուղային ավտոբուսի մեջ երկու երիտասարդ սկսել են վիճաբանել միմյանց հետ։ Վարորդը նրանց դիտողություն է արել, սակայն նրանք շարունակել են վիճել։ Ապա նրանցից մեկը մոտեցել է վարորդին, հնչեցրել վիրավորական արտահայտություններ։ Վարորդն էլ վերջինիս իջեցրել է ավտոբուսից։

Հետագայում Էրեբունի փողոցում գտնվող կանգառում «Նիսան» մակնիշի մեքենայով երեք տղամարդ փակել են ավտոբուսի ճանապարհը, բարձրացել ավտոբուս և վիճաբանել վարորդի հետ։ Այդ ընթացքում նրանցից մեկը վերցրել է ավտոբուսի բանալին, նետել վարորդի վրա՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Այնուհետև վարորդին ավտոբուսից դուրս են կանչել, հայհոյանքներ հնչեցրել և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է խուլիգանություն կատարած անձանցից մեկի ինքնությունը՝ Սմբատ Զորավարի փողոցի բնակիչ 32-ամյա տղամարդ։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով։

Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել են նաև մյուս երկուսի ինքնությունները՝ Թևոսյան փողոցի բնակիչ 29-ամյա և Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդիկ։

Բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 8-ին՝ ժամը 21։40-ին, երեքն էլ ներկայացել են բաժին և ձերբակալվել։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Արաղչին և Լավրովը քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները

Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների, ինչպես նաև ԱՄՆ-Իրան վերջին բանակցությունների ընթացքի վերաբերյալ:

Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ևս հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները: Փեզեշքիանը բարձր է գնահատել Իսլամաբադում կայացած իրանա-ամերիկյան բանակցությունները և շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին իր սկզբունքային դիրքորոշման համար, այդ թվում՝ միջազգային հարթակներում, որն ուղղված է իրավիճակի լիցքաթափմանը, ինչպես նաև Իրանի ժողովրդին ցուցաբերած մարդասիրական օգնության համար:

Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը նպաստել Մերձավոր Արևելքի հակամարտության քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորմանը և շարունակել միջնորդական ջանքերը: