Քննարկվել է ԵՄ-ի հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրից բխող նոր օրենքի նախագիծը

2021 թվականին ստորագրված եւ Ազգային ժողովի կողմից վավերացված «Եվրամիության հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրից բխող հերթական օրենսդրական նախաձեռնությունը ԱԺ–ում ներկայացվել է քննարկման:

«Օդային փոխադրումներ իրականացնողների եւ օդանավ շահագործողների համար ուղեւորների, թռիչքային եւ սպասարկող անձնակազմի, ուղեբեռի, բեռի եւ երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության նվազագույն պահանջների սահմանման մասին» օրենքի նախագիծը նպատակ ունի ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական ստանդարտներին եւ դիրեկտիվներին, ապրիլի 14-ին գումարված ԱԺ հերթական նիստի ժամանակ ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն:

Փոխնախարարի խոսքով՝ օրենսդրական փոփոխությունները վերաբերում են օդային փոխադրումների ոլորտում ապահովագրական պարտավորություններին: Մասնավորապես, սահմանվում են պահանջներ օդանավ շահագործողի վկայական ունեցող կազմակերպությունների, թռիչքային եւ սպասարկող անձնակազմերի, ուղեբեռի, բեռի, ինչպես նաեւ երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության մասով:

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել գործող օրենքը եւ ընդունել նոր, ամբողջական կարգավորում նախատեսող օրենքի նախագիծը, որը կսահմանի ոլորտում գործող հիմնական սուբյեկտների միջեւ իրավահարաբերություններն ապահովագրության բնագավառում, ինչպես նաեւ ապահովագրության նվազագույն սահմանաչափերը՝ համապատասխանեցված Եվրամիությունում գործող պահանջներին:

Փոփոխությունների փաթեթում հաշվի են առնվել նաեւ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից 2024 թվականին կատարված թարմացումները:

Նախագիծը նախատեսում է նաեւ օրենքից բխող պահանջների կատարման մեխանիզմները, պատասխանատվության միջոցները, վեճերի կարգավորման ընթացակարգերը եւ այն սուբյեկտների շրջանակը, որոնց նկատմամբ օրենքը կիրառվելու է:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հայկ Ցիրունյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *