Մոսկվան հույս ունի շարունակել կոնտակտները Հունգարիայի նոր ղեկավարության հետ


Քաղաքականություն


Մոսկվան հույս ունի շարունակել կոնտակտները Հունգարիայի նոր ղեկավարության հետ. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Հունգարիայում կայացած խորհրդարանական ընտրություններին։

«Հունգարացիները կատարել են իրենց ընտրությունը, և Ռուսաստանը հարգում է այն։ Մենք հույս ունենք, որ կշարունակենք մեր շատ գործնական կոնտակտները Հունգարիայի նոր ղեկավարության հետ։ Մենք լսել ենք հայտարարություններ՝ առավել ևս՝ երկխոսություն վարելու պատրաստակամության մասին»,- ասել է Պեսկովը լրագրողներին։

Պեսկովն անդրադարձել է նաև «Դրուժբա» նավթամուղի հետագա ճակատագրին. «Այդ մասին պետք է հարցնեք Հունգարիային և Եվրոպայում մեկ ուրիշին»,-ասել է Պեսկովը։ Նա ավելացրել է, որ Ռուսաստանը եղել է և կմնա աշխարհի ամենահուսալի էներգակիրների մատակարարներից մեկը։



Ի վերջո, մեզ հաջողվեց հասնել արդյունքի, թեև դա հեշտ չտրվեց


Սպորտ


«Ինտերի» գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն մեկնաբանել է Ա Սերիայի 32-րդ տուրում «Կոմոյի» նկատմամբ արտագնա խաղում տարած կամային հաղթանակը 4:3 հաշվով:

«Հեշտ չէր, և մենք սպասում էինք դրան: Խաղում էինք մի թիմի դեմ, որը պայքարում է կարևոր նպատակների համար, և առաջին խաղակեսում նրանք դա ակնհայտորեն ցույց տվեցին։ Մեզ համար դժվար էր դուրս գալ ճնշման տակից, բացի այդ, պաշտպանությունում կոշտությունը չէր բավականացնում։ Մենք կարևոր գոլ խփեցինք՝ կրճատելով հաշվի տարբերությունը 0:2-ի ժամանակ, իսկ հետո երկրորդ խաղակեսում փոխեցինք մեր տրամադրվածությունը: Ի վերջո, մեզ հաջողվեց հասնել արդյունքի, թեև դա հեշտ չտրվեց:

Ինչ վերաբերում է ստանդարտ դիրքերից խփած գոլերին, ապա դա ամբողջ մարզչական շտաբի աշխատանքի արդյունքն է: Այսօր առավոտյան մենք մարզում ենք անցկացրել, որն ամբողջությամբ նվիրված էր ստանդարտներին. փորձեցինք առավելագույնս պատրաստվել՝ հասկանալով, որ գրագետ օգտագործման դեպքում դա հիանալի հնարավորություն է։ Սխալ կլիներ անտեսել նման մանրամասները՝ հաշվի առնելով, որ մենք ունենք հարվածների հիանալի իրացնողներ և երկրորդ հարկում ուժեղ խաղացողներ։

Այս հաղթանակը մեծ հասունության ցուցանիշ է։ Հնարավոր է, որ առաջին խաղակեսում մրցակցի ինտենսիվությունը մեզ զարմացրեց, բայց հետո մենք արձագանքեցինք որպես հասուն թիմ, որը պատրաստ է պայքարել արդյունքի համար մինչև վերջ։ Ես ուրախ եմ, որ մենք աստիճանաբար մոտենում ենք մեր նպատակին՝ Չեմպիոնների լիգայի ուղեգրի նվաճմանը։ Ընդ որում, մաթեմատիկորեն մենք դեռ չենք երաշխավորել մեր մասնակցությունը մրցաշարին»,- Կիվուի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Նշենք, որ Ա Սերիայի 32 տուրերից հետո «Ինտերը» 75 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Կոմոն» զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 58 միավոր:



Իտալիայի հավաքականը դեռևս կարող է Աշխարհի առաջնությանը մասնակցության շանս ունենալ


Սպորտ


ՖԻՖԱ-ն քննարկում է Աշխարհի 2026 թվականի առաջնության համար թիմերի լրացուցիչ ընտրություն կազմակերպելու հնարավորությունը, եթե Իրանի հավաքականը հրաժարվի մրցաշարին մասնակցելուց։ Ըստ RMC Sport և The Athletic պարբերականների հաղորդած տվյալների՝ Իրանում դիտարկում են մրցաշարից հրաժարվելու տարբերակը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ շարունակվող հակամարտության պատճառով։ Իրանի ընտրանին վիճակահանության արդյունքում ընդգրկվել էր G խմբում, որտեղ պետք է մրցեր Նոր Զելանդիայի, Բելգիայի և Եգիպտոսի հետ։

Աշխարհի առաջնության կանոնակարգի 6-րդ հոդվածը նախատեսում է, որ որևէ թիմի հրաժարվելու դեպքում ՖԻՖԱ-ն իր բացառիկ հայեցողությամբ կարող է որոշում կայացնել տվյալ հավաքականին մեկ այլ թիմով փոխարինելու վերաբերյալ։ Այս համատեքստում հնարավոր է համարվում լրացուցիչ ընտրական փուլի անցկացումը Ասիական (AFC) և Եվրոպական (UEFA) կոնֆեդերացիաների այն թիմերի միջև, որոնք չեն կարողացել հաղթահարել հիմնական որակավորման փուլը։

Իտալիայի հավաքականը, որը նախկինում զիջել էր Բոսնիա և Հերցեգովինային ու դուրս մնացել պայքարից, այս սցենարի դեպքում կարող է կրկին հավակնել մունդիալի ուղեգրի։ Չնայած վերջնական որոշում դեռևս չկա, սակայն Իրանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը ստիպում է ՖԻՖԱ-ին նախապատրաստվել հնարավոր փոփոխություններին՝ մրցաշարի ամբողջականությունն ապահովելու համար։



Կենսական նշանակություն ունի, որ մենք նեղուցը բացենք և ամբողջովին բացենք. Քիր Սթարմեր


Աշխարհ


Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Լոնդոնը չի աջակցի ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակմանը։ Այս մասին նա ասել է BBC Radio 5 Live-ին։ «Մենք չենք աջակցում շրջափակմանը», – ասել է նա՝ հավելելով, որ նեղուցի վերաբացումը կենսական նշանակություն ունի։ «Իմ կարծիքով, կենսական նշանակություն ունի, որ մենք նեղուցը բացենք և ամբողջովին բացենք, և վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մենք այդ ուղղությամբ ներդրել ենք մեր բոլոր ջանքերը և կշարունակենք դա անել», – ասել է նա։

Սթարմերը նաև նշել է, որ անկախ ճնշումից՝ Մեծ Բրիտանիան չի ներքաշվի Իրանի շուրջ պատերազմի մեջ։ «Իմ որոշումը շատ հստակ է եղել, որ անկախ ճնշումից, ընդ որում եղել է զգալի ճնշում, մենք չենք ներքաշվի պատերազմի մեջ», – շեշտել է նա։

Իր հերթին Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսն Իսպանիայի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ շրջափակումն «անիմաստ է»։ «Ես կարծում եմ, որ սա անիմաստ բան է… Սա ևս մեկ դրվագ է այս ամբողջ անկման պարույրում, որի մեջ մենք ներքաշվել ենք», – նշել է նա։

ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ ապրիլի 13-ից կսկսեն Իրանի նավահանգիստներ և ափամերձ տարածքներ մտնող և այնտեղից դուրս եկող ամբողջ ծովային երթևեկության շրջափակումն այն բանից հետո, երբ Իրանի հետ բանակցությունները ձախողվել են։ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ այդ նախաձեռնությանը կմիանան նաև այլ երկրներ։



Իսպանիան վերաբացում է Թեհրանում իր դեսպանատունը


Քաղաքականություն


Տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին Իրանում Իսպանիայի դեսպանը հայտարարել է Թեհրանում դիվանագիտական ​​​​առաքելության պաշտոնական բացման մասին: Դիվանագիտական ​​​​առաքելության ղեկավարը ընդգծել է, որ որոշումը կայացվել է Իսպանիայի արտաքին գործերի նախարարի հրահանգներին համապատասխան:

Դեսպանը նշել է, որ ինքը և իր թիմը վերադառնում են աշխատանքի՝ «հնարավորության սահմաններում» խաղաղապահ ջանքերին նպաստելու համար:



Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն


Մշակույթ


Երևանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում տեղադրված տեսախցիկների միջոցով 2026 թվականի առաջին եռամսյակի ընթացքում իրականացված վարչարարության արդյունքում 4 աշխատակից ազատվել է աշխատանքից, նրանցից մեկը տնօրեն է։ Այս մասին Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական նիստի ժամանակ ասաց հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։

«Հաշվետու ժամանակահատվածում իրականացված վարչարարության արդյունքում 6 աշխատակցից պահանջվել է բացատրություն և տրվել խիստ նախազգուշացում, 7 աշխատակցի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ նկատողություն»,-ասաց նա՝ հավելելով, որ երեխաների նկատմամբ ոչ միանշանակ վերաբերմունք ենթադրող արձանագրումները կազմել են 64 տոկոս։ Մարգարիտ Խաչատրյանը տեղեկացրեց նաև, որ Երևանում գործող 42 նախադպրոցական հաստատությունում արդեն  տեղադրվել են տեսախցիկներ։ Եվս  58-ում նախատեսվում է տեսախցիկներ տեղադրել առաջիկայում։



Պակիստանում բանակցությունները հիմք դրեցին դիվանագիտական ​​գործընթացի համար


Քաղաքականություն


Իսլամաբադում ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները չպետք է դիտարկել որպես առանձին իրադարձություն. դրանք հիմք ստեղծեցին ապագա դիվանագիտական ​​գործընթացի համար, որը կարող է օգտակար լինել երկու կողմի համար: Այս մասին հայտարարել է Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մոգադամը:

«Իսլամաբադի բանակցությունները «ոչ թե իրադարձություն են, այլ գործընթաց»: (Դրանք) հիմք դրեցին դիվանագիտական ​​գործընթացի համար, որը, եթե ամրապնդվի վստահությունը և դրսևորվի կամք, կարող է կայուն հիմք ստեղծել բոլոր կողմերի շահերը հաշվի առնելու համար», – գրել է նա X-ում:

Ապրիլի 11-ին Իրանը և ԱՄՆ-ն Իսլամաբադում անցկացրին մի քանի փուլ բանակցություններ: Իրանի պատվիրակությունը գլխավորում էր խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ԱՄՆ պատվիրակությունը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: Կողմերին չի հաջողվել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ մի շարք հակասությունների, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության չգալու պատճառով:



Հրաչյա Աճառյանի 150-ամյակին նվիրված Հայաստանի ԿԲ հուշադրամը «վերադարձավ» Պոլիս


Ականավոր լեզվաբան, հայագետ, բառարանագիր Հրաչյա Աճառյանի հիշատակը ապրիլի 12-ին խորհրդանշական կերպով նշանավորվեց Ստամբուլի հայ համայնքում։ Առիթը Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից գիտնականի 150-ամյակին թողարկված արծաթե հուշադրամի «վերադարձն» էր քաղաք, որտեղ ծնվել և մտավորականի իր առաջին քայլերն է արել Աճառյանը։

Ծնված լինելով 1876 թվականին՝ նա տարրական կրթություն է ստացել Պոլսի հայկական Սահակյան-Նունյան վարժարանում, ապա արդեն միջին ու ավագ դասարաններում կրթությունը շարունակել է տեղի Կենտրոնական վարժարանում։ Եվրոպական համալսարաններում կրթություն ստանալուց հետո լեզվաբանը վերադարձել է Ստամբուլ և որոշ ժամանակ աշխատել այստեղ։

Պոլսի հայ համայնքում մինչ օրս շարունակում են հիշել ու արժևորել Աճառյանի անգնահատելի վաստակը հայագիտության և հայերենագիտության բնագավառներում։ Ուստի պատահական չէ, որ մեծանուն գիտնականի 150-ամյակի առթիվ հուշադրամի թողարկումից հետո Պոլսի ամենահին հայկական օրաթերթի՝ «Ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը հանդես էր եկել նախաձեռնությամբ՝ բաց նամակով դիմելով ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին ու առաջարկելով հուշադրամի երեք օրինակ նվիրաբերել Պոլսի երեք հայկական հաստատություններին, ովքեր պատմության ընթացքում առնչություն են ունեցել Աճառյանի հետ։

«Հրաչյա Աճառյանը մեզ համար մեծ պատգամ ունեցող դեմք է։ Նրա գործունեության նշանակությունը մեր այսօրվա մարտահրավերների լույսի տակ շատ ավելի մեծ կարևորություն է ստանում։

Հրաչյա Աճառյանի հոբելյանն ու այսօր այդ հուշադրամների՝ մեզ հատկացվող օրինակները հիշեցնում են, թե մեր հաստատությունները պատմության ընթացքում ինչքան ճակատագրական դեր են ունեցել։ Աճառյանը կրթությունը սկսել է Սամաթիայի Սահակյան-Նունյան վարժարանից, ուր այսօր լսարաններից մեկն իր անունն է կրում։ Նա եղել է նաև Կենտրոնական վարժարանի սան, ինչն իր հուշերում ընդգծված տեղ ունի։ Եվ ի վերջո իմ ներկայացրած հաստատությունը՝ «Ժամանակ» օրաթերթը, Հրաչյա Աճառյանի հիշատակի հետ առանձին առնչություն ունի, քանի որ նրա հայերենի ավարտական քննության հանձնախմբի անդամ է եղել «Ժամանակ»-ի հիմնադիր Միսաք Գոչունյանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Պոլսո Հայոց պատրիարքարանում կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ ասաց Արա Գոչունյանը։

Պատահական չէ, որ արարողությանը հրավիրված էին Ստամբուլի հայ համայնքում գործող բոլոր կրթական հաստատությունների ներկայացուցիչները։ Գոչունյանի խոսքով՝ սա հերթական հիշեցնումն է, թե որքան կարևոր առաքելություն են իրականացրել պոլսահայ դպրոցները՝ համահայկական նշանակություն ունեցող մասնագետների պատրաստման ճանապարհին։

Կենտրոնական բանկի նախագահին գլխավոր խորհրդական Վահե Պետրոսյանը Աճառյանի 150-ամյակին նվիրված հուշադրամները հանձնեց Կենտրոնական վարժարանի տնօրեն Սիլվա Քույումջյանին, Սահակյան-Նունյան վարժարանի լիցեյի բաժնի տնօրեն Ալին Յուջելին, ինչպես նաև «Ժամանակ» օրաթերթի հրատարակության տնօրեն Նադիա Գոչունյանին։

«Հայաստանի Կենտրոնական բանկը, որպես իր գործունեության մի ուղղություն, մշտապես իրականացնում է հուշադրամների և հիշատակային մետաղադրամների, թղթադրամների թողարկում՝ նպատակ ունենալով հիշատակել հայ մեծերին, պատմական և Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող իրադարձությունները։

Հենց այս քաղաքականության ներքո 2026 թվականին թողարկվեց և մարտի 3-ին շրջանառության մեջ դրվեց Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված արծաթե հուշադրամը։ Թե ով է Աճառյանը, առնվազն այս սրահում շեշտելու անհրաժեշտություն չկա։ Ասել, որ Հրաչյա Աճառյանը եղել է ականավոր հայ լեզվաբան, բառարանագիր, գիտության վաստակավոր գործիչ և ակադեմիկոս, նշանակում է ոչինչ չասել։ Անգնահատելի է Աճառյանի վաստակը ինչպես հայրենագիտության, այնպես էլ համաշխարհային լեզվաբանության մեջ։ Եվ, իհարկե, շատ խորհրդանշական է, որ այսօր ևս մեկ առիթ է ընձեռվել լինել նրա ծննդավայրում և այստեղ հիշել նրա ահռելի գիտական ներուժը»,- նշեց Պետրոսյանը։

Նիդեռլանդների արքայական դրամահատարանում 300 հատ քանակով հատված հուշադրամի դիմերեսին Աճառյանի հեղինակած «Հայերենի արմատական բառարան» գրքի շապիկն է և հատված Աճառյանի ձեռագրից: Դարձերեսին՝ Հրաչյա Աճառյանի դիմապատկերն է՝ գրաֆիկական կատարմամբ, ինչպես նաև նրա ստորագրությունը:

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը ներկաներին ուղղված իր ելույթում նկատեց, որ Հրաչյա Աճառյանը մեր լեզվի ամենամեծ վարպետներից է և մի խորհրդանշական կամուրջ, որն այսօր էլ միացրել է պոլսահայերին ու Հայաստանը։

«Մարդկային քաղաքակրթության մեջ ամեն ինչ սկսվում է խոսքով։ Լեզուն է պահպանում ինչպես ազգի մշակույթը, այնպես էլ հոգին։ Լեզուն միայն բառերի ու քերականության հավաքածու չէ։ Այն ապրող էություն է։ Ինչպես ասել է Ավետիք Իսահակյանը՝ մեզ համար մայրենի լեզուն մեզ պահպանելու առումով եղել է թե՛ պետություն, թե՛ բանակ, թե՛ բերդ։ Հետևաբար խելացի են այն մարդիկ ու կազմակերպությունները, որոնք կարևորություն են տալիս լեզվին։

Ես այսօր ևս մեկ անգամ հպարտացա մեր Պոլսո կրթական հաստատություններով և վերստին հասկացա, թե որքան կարևոր է մեր կրթարանները բաց պահելը։ Դրանք մեր ներսում մեծացրել են հանճարի և նվիրել են նրան ամբողջ հայությանը»,- նշեց Պոլսո Հայոց պատրիարքը, ով իր ելույթը եզրափակեց հետևյալ խոսքերով․ «Շատ ապրի հայը, հայությունը, Հայաստանը և այն ամենը, ինչ հայկական է»։

Արարողությանը ներկա էին նաև Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից մեջլիսի հայ պատգամավոր Սևան Սըվաջըօղլուն, բարձրաստիճան հոգևորականներ և համայնքի անդամներ։



Համայնքային ոստիկանները թմրանյութ իրացնելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մի տղամարդ ապօրինի ձեռք բերում, պահում և իրացնում է տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

 

«Ապրիլի 6-ին 39-ամյա տղամարդը Հալաբյան փողոցում ձերբակալվեց ու տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով ութ փաթեթ։ Տղամարդը հայտնեց, որ մարիխուանան ձեռք է բերել համացանցի միջոցով՝ իրացնելու նպատակով։ Քննչական գործողության ընթացքում հայտնաբերվեց արդեն տեղադրված ևս երկու փաթեթ։ Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են»,- նշված է  հաղորդագրության մեջ։

Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հեռախոսահամարները չեն աշխատում


Հայաստան


Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից տեղեկացնում են, որ էլեկտրաէներգիայի անջատման պատճառով գործակալության հեռախոսահամարները չեն աշխատում: