«Սարդ-մարդ» ֆիլմը դարձել է տարվա ամենաբարձր եկամուտ ունեցող դեբյուտը


Աշխարհ


Առաջին շաբաթվավերջին «Սարդ-մարդ. Նոր Օրը» ֆիլմը վաստակել է 355 միլիոն դոլար ԱՄՆ-ում և Կանադայում, իսկ արտասահմանում՝ ևս 572 միլիոն դոլար (ներառյալ 121 միլիոն դոլար Չինաստանում)։ Սա Հոլիվուդի պատմության մեջ երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է։

Սարդ-Մարդը Marvel Comics-ի աշխարհի ամենատարածված կերպարներից մեկն է։ Reuters-ի տվյալներով՝ համաշխարհային լսարանը շարունակում է սիրել նրան, չնայած նրանք հոգնածության նշաններ են ցուցաբերում սուպերհերոսների ժանրից։

«Սարդ-Մարդ. Նոր Օրը» Թոմ Հոլանդի չորրորդ ելույթն է այս դերում 2016 թվականից ի վեր։ Ֆիլմը կենտրոնանում է գլխավոր հերոսի միայնության դեմ պայքարի և ուրիշների հետ կապ հաստատելու ցանկության վրա։ Ֆիլմը նաև դրական արձագանքներ է ստացել քննադատներից։



Բրազիլիայում ընկերական խաղի ժամանակ 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել


Սպորտ


Բրազիլական Մասեյո քաղաքում կայացած ընկերական խաղի ժամանակ գնդակահարվել է «Սենտրո Սպորտիվո Ալագոանո» ակումբի երիտասարդական թիմի 15-ամյա ֆուտբոլիստ Միքայել Լեանդրո դա Սիլվան։ Այս մասին հայտնում է Globo-ն։


Պարբերականի տվյալներով՝ կրակոցներն արձակել են թմրանյութերի վաճառքով զբաղվող հանցախմբերի ներկայացուցիչները։ Բացի զոհված դեռահասից, հրազենային վնասվածքներ են ստացել նաև այլ անձինք։


«Խորապես ցավում ենք երիտասարդ Միքայելի մահվան կապակցությամբ։ Այս ծանր պահին մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին և ընկերներին։ Հուսով ենք, որ իրավասու մարմինները կհետաքննեն այս դաժան հանցագործությունը և կբացահայտեն այն»,- նշված է ֆուտբոլային ակումբի տարածած հայտարարության մեջ։


Քաղաքացիական ոստիկանության աշխատակիցներն արդեն սկսել են հարցաքննել դեպքի ականատեսներին։



Արսեն Թորոսյանը Օձուն գյուղում մասնակցել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնին


Հայաստան


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային 6-րդ փառատոնին։ «Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք» խորագրով միջոցառումն այս տարի անցկացվել է Լոռու մարզի Օձուն գյուղում։ Այդ մասին հայտնում են ԱՍՀՆ-ից:

Փառատոնը մեկնարկել է Խարբերդի մասնագիտացված մանկատան, ինչպես նաև ԱՍՀՆ ենթակայությամբ գործող այլ կենտրոնների սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսով, պարային և երաժշտական կատարումներով։
 
Միջոցառման ընթացքում երաժշտական կատարումներով հանդես է եկել ԱՍՀՆ ենթակայությամբ գործող Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը, հնչել են կոմիտասյան, հոգևոր, օրորոցային և ժողովրդական երգեր։




Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին


Աշխարհ


Ամերիկացի տնտեսագետ, ռիսկերի վերլուծաբան Նիկոլաս Նասիմ Թալեբի` Ադրբեջանում դասախոսություն կարդալուց հրաժարվելու գրառումը X սոցիալական ցանցում մեծ բանավեճի պատճառ է դարձել։

«Այն փաստը, որ որեւէ կառավարություն հավանում է իմ աշխատանքը, չի նշանակում, որ ես հետաքրքրված եմ դրան փոխադարձ պատասխանել։ Ես անշարժ գույքի գործակալ չեմ»,- գրել է նա։

Ավելի վաղ` տնտեսագետը նույն ցանցում հայտնել էր Բաքու մեկնելուց հրաժարվելու մասին։ «Ինձ հրավիրել էին մեկնել Ադրբեջան՝ դասախոսություն կարդալու։ Ես հրաժարվեցի (նրանք զգալիորեն բարձրացրին հոնորարը՝ կարծելով, որ դա ինչ-որ բան կփոխի եւ չհասկանալով իմ սկզբունքները)։ Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ այնտեղ բանտարկված է Ռուբեն Վարդանյանը»,- գրել էր նա։

Նասիմ Նիկոլաս Թալեբը ամերիկացի էսսեիստ, մաթեմատիկական վիճակագիր, ռիսկերի վերլուծաբան եւ նախկին ֆինանսիստ է, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր։ Հայտնի են հատկապես նրա անորոշության ու պատահականության մասին նրա ուսումնասիրությունները։

Թալեբին միջազգային ճանաչում է բերել The Black Swan գիրքը, որտեղ ներկայացրել է «սեւ կարապի» գաղափարը՝ նկարագրելով անսպասելի եւ դժվար կանխատեսելի իրադարձություններ, որոնք կարող են լուրջ հետեւանքներ ունենալ։

armradio




Կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի գազամատակարարումը․ հասցեներ


Հայաստան


Օգոստոսի 4-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նորքի 9-րդ զանգվածի թիվ 53, 67, 39, 65, 101, 55, 55ա, 55բ, 57, 57/1, 57/2, 59 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով։



Բելգորոդի ջրամբարը ծանծաղել է ուկրաինական ավիահարվածներից հետո


Հարեվաններ


Բելգորոդի ջրամբարը ծանծաղել է ուկրաինական ավիահարվածներից հետո։ Այս մասին օգոստոսի 2-ին հայտնել են տեղական Telegram ալիքները։ Նրանք նաև պարզաբանել են, որ ուկրաինական ավիահարվածներից հետո ջուր է բաց թողնվել ջրամբարից։

Բելգորոդի մարզային իշխանությունները չեն կարողացել կանխել ջրամբարի ամբարտակից ջրի անվերահսկելի բացթողումը։ Արդյունքում, Բելգորոդի քաղաքագետ Վլադիմիր Տիտովի խոսքով՝ ջրամբարի ջրի խորությունը ներկայումս տատանվում է 10-ից մինչև 40 սանտիմետրի։

Ուկրաինական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերն արդեն մի քանի անգամ հարձակվել են ջրամբարի վրա։ 2025 թվականի հոկտեմբերին հարվածները վնասել են հիդրավլիկ կառուցվածքները և հանգեցրել ջրի արտահոսքի։

Այս տարվա հուլիսին էլ Ուկրաինան երկու հարված է հասցրել Բելգորոդի ջրամբարի ամբարտակին, ինչի հետևանքով ջրի ինտենսիվ և անվերահսկելի արտահոսք է տեղի ունեցել։



Օգոստոսի 6-ին  սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ


Հայաստան


Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում մինչեւ օգոստոսի 6-ին  սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, կանխատեսում է Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը։

Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ։

Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին` քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։

Ցերեկը կլինի 35- 37, երեկոյան` 30- 32, գիշերը` 22- 24 աստիճան։



Մերկելը չորս անգամ դարձել է Գերմանիայի կանցլեր այն նույն օրենքների տրամաբանությամբ, որ ունենք. Հարությունյանը՝ Փաշինյանի վերընտրվելու մասին


Հայաստան


Հարգելի՛ ընդդիմադիր գործընկերներ, քաղաքացին արդեն որերորդ անգամ քվեարկում է հանուն Իրական Հայաստանի, բայց դուք դեռ դեգերում եք պատմական Հայաստանում: Այդ մասին Ազգային ժողովի՝ օգոստոսի 3-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը:

«Քաղաքացին մերժել է սա, և եթե տվյալ դեպքում «Ուժեղ Հայաստանը» շարունակի այդ տրամաբանության մեջ զարգանալ, արժանանալու է մյուս գործընկերների ճակատագրին, երբ գրեթե 60-70 տոկոսով նրանց խմբակցությունը կրճատվեց, և հաջորդիվ ընդհանրապես այստեղ չեն լինի»,- ասաց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ երրորդ անգամ վերընտրվելուն, չնայած այն հանգամանքին, որ նա պայքարում էր Սերժ Սարգսյանի դեմ դրա համար, Արայիկ Հարությունյանը հայտարարեց. «Սերժ Սարգսյանը Սահմանադրություն էր փոխել՝ երրորդ անգամ դառնալու վարչապետ, երկրի ղեկավար, և այն օրենքների ու օրենսդրության սահմաններում, որ տեղի են ունենում ընտրություններ, դրանք գործում են քաղաքակիրթ շատ երկրներում: Մերկելը չորս անգամ դարձել է Գերմանիայի կանցլեր այն նույն օրենքների տրամաբանությամբ, որ մենք ունենք:

Այստեղ շատ հաճախ իրողությունների նենգափոխում է տեղի ունենում, և սա վատ է, քանի որ ապակողմնորոշում եք մեր ժողովրդին»: