Ռուսաստանը և Չինաստանը արգելափակել են Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը


Բահրեյնի բանաձևը, որը կոչ էր անում պաշտպանել Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության արդյունքում չի ընդունվել` Ռուսաստանի և Չինաստանի վետոյի պատճառով։ Տասնմեկ երկիր  քվեարկել է փաստաթղթի օգտին, Պակիստանը և Կոլումբիան ձեռնպահ են մնացել։

«Բանաձևի նախագիծը կոչ էր անում պաշտպանել Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը և խթանել համակարգված «պաշտպանական ջանքերը», ներառյալ առևտրային նավերի ուղեկցումը՝ միջազգային նավարկությունը խոչընդոտելու փորձերը կանխելու համար», – ասվում է ՄԱԿ-ի մամուլի հաղորդագրության մեջ։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյայի խոսքով՝ Մոսկվան «չի կարող աջակցել մի տեքստի, որը կստեղծի վտանգավոր նախադեպ միջազգային իրավունքի, ծովային միջազգային իրավունքի, ցանկացած խաղաղության ջանքերի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հեղինակության համար»։ Մոսկվան խոստացել է շուտով Պեկինի հետ համատեղ ներկայացնել «բանաձևի այլընտրանքային նախագիծ»։

ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ​​ներկայացուցիչ Ֆու Կոնգը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վերաբերյալ Բահրեյնի բանաձևը «պարունակում է միակողմանի դատապարտում և ներկայացնում է ճնշում գործադրելու փորձ»։ Նա հավելել է, որ նման բանաձևի ընդունումը «քաղաքակրթությունը ոչնչացնելու» ԱՄՆ սպառնալիքների ֆոնին սխալ ազդանշան կուղարկի։

Բահրեյնի արտաքին գործերի նախարար Աբդուլլաթիֆ բին Ռաշիդ ալ-Զայանին ափսոսանք է հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել նախագիծը։

«Այս բանաձևի չընդունումը սխալ ազդանշան է ուղարկում աշխարհի ժողովուրդներին։ Այն ազդանշան է ուղարկում, որ միջազգային ջրային ուղիներին ուղղված սպառնալիքները կարող են անպատիժ մնալ առանց միջազգային հանրության կողմից վճռական գործողությունների»,- ասել է նա։

Դիվանագետի խոսքով՝ բանաձևի նախագծում նաև կոչ է արվում Իրանին լիովին կատարել իր միջազգային պարտավորությունները և դադարեցնել հարևան երկրների վրա հարձակումները։

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Ուոլզը հայտարարել է, որ Վաշինգտոնն աջակցում է Պարսից ծոցի երկրներին, մինչդեռ Չինաստանն ու Ռուսաստանը «կողմնակից են այն ռեժիմին, որը ձգտում է վախեցնել Պարսից ծոցի երկրներին՝ նրանց հնազանդեցնելու համար»։

Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը գործնականում 20%-ով կրճատել է համաշխարհային շուկա մտնող նավթի ծավալը։ Դոնալդ Թրամփը պահանջել է, որ Թեհրանը վերացնի շրջափակումը` հակառակ պարագայում սպառնալով ոչնչացնել Իրանի հիմնական ենթակառուցվածքները։ Նրա վերջնաժամկետը լրանում է ապրիլի 8-ի գիշերը։

 

«Մի ամբողջ քաղաքակրթություն կոչնչանա այսօր գիշեր, և  երբեք չի վերականգնվի։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար տեղի կունենա», – ավելի վաղ գրել էր Թրամփը Truth Social-ում։

 

«Այնուամենայնիվ, քանի որ տեղի է ունեցել ռեժիմի ամբողջական և լիարժեք փոփոխություն, և այժմ այնտեղ գերիշխում են այլ, ավելի խելացի և պակաս արմատական ​​մտքեր, գուցե ինչ-որ հեղափոխական և հրաշալի բան կարող է տեղի ունենալ։ Ո՞վ գիտի», – հավելել էր նա։


Նախագահը ստորագրել է Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու, ինչպես նաև մի շարք այլ օրենքներ


Հայաստան


Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 7-ին մի շարք օրենքներ է ստորագրել։

Նախագահը, մասնավորապես ստորագրել է «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Մոնղոլիայի՝ մյուս կողմից, միջև ժամանակավոր առևտրային համաձայնագիրը վավերացնելու մասին, «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը:



Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին նվիրված հանդիպում


Քաղաքականություն


Ապրիլի 7-ին ԱԳ նախարարությունում կայացել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ հանդիպում՝ նվիրված ս.թ. մայիսի 4-ին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին։ 

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակիցներին հանգամանալից ներկայացրել է գագաթնաժողովը բարձր մակարդակով հյուրընկալելու ուղղությամբ ՀՀ կողմից գործադրվող ջանքերը, անդրադարձ է կատարել գագաթնաժողովի բովանդակային և օրակարգային հարցերի:

ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը մասնակիցներին է ներկայացրել արդեն իսկ իրականացված աշխատանքները և հետագա անելիքները՝ անդրադառնալով արարողակարգային և լոգիստիկ ընթացակարգերին: 

Հանդիպման ընթացքում հայկական կողմը պատասխանել է գագաթնաժողովի վերաբերյալ ներկաներին հետաքրքրող այլ, այդ թվում նաև լուսաբանմանն առնչվող հարցերի։



Բեզոարյան այծերի արու և էգ առանձնյակներ են ֆիքսվել Եղեգիսի անտառապետությունում

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Վայոց ձորի և Արարատի մարզային վարչության կողմից իրականացվող ամենօրյա շրջայցերի և հսկողական միջոցառումների շրջանակներում հերթական դիտարկումն է կատարվել Եղեգիսի անտառապետության թիվ 1 պահաբաժնի տարածքում (Եղեգիս գետի ձախափնյա հատված):

 

Էկոպարեկային ծառայությունից տեղեկացնում են, որ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ֆիքսվել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների, մասնավորապես՝ Բեզոարյան այծերի արու և էգ առանձնյակների բնականոն տեղաշարժը նշված տարածքում:

 

Կենդանիների խմբի առկայությունը, նրանց հանգիստ վարքագիծն ու տեսակների բազմազանությունը վկայում են տվյալ էկոհամակարգում առկա բարենպաստ և անվտանգ միջավայրի մասին:

Իրանը պետք է հարևան երկրներին փոխհատուցում տրամադրի պատճառված վնասի համար. ԱՄԷ նախագահի խորհրդական


Քաղաքականություն


Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի խորհրդականը հայտարարել է, որ Իրանը պետք է հարևան երկրներին փոխհատուցում տրամադրի հարվածների ընթացքում պատճառված վնասի համար:

Անվար Գագաշի խոսքով՝ հակամարտությունը լուծելու համար հրադադարը բավարար չի լինի. հարկավոր է տարածաշրջանի ավելի լայն անվտանգության ճարտարապետություն, ինչպես նաև Հորմուզի նեղուցով նավարկության համար անվտանգության կայուն մեխանիզմ:

Կատարի ԱԳՆ խոսնակն էլ հայտնել է, որ հակամարտության դիվանագիտական կարգավորման պատուհանն արագ փակվում է:



Վենսը Ուկրաինային մեղադրել է ԱՄՆ-ի և Հունգարիայի ընտրություններին միջամտելու համար


Քաղաքականություն


Ուկրաինական հատուկ ծառայություններում կան տարրեր, որոնք փորձել են ազդել Ամերիկայում և Հունգարիայում ընտրությունների արդյունքի վրա՝ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բուդապեշտում Վիկտոր Օրբանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Դա պարզապես իրենց ոճով է: Գիտեք, օրինակ՝ ուկրաինական համակարգում կային մարդիկ, ովքեր բառացիորեն նախագահի ընտրությունից մի քանի շաբաթ առաջ, որոնցում Դոնալդ Թրամփը շատ վստահ հաղթանակ տարավ 2024 թվականի նոյեմբերին, քարոզարշավ էին վարում դեմոկրատների հետ»,- նշել է Վենսը:

Նա կարծիք է հայտնել, որ Հունգարիայի վարչապետը նման իրավիճակ թույլ չի տա:



Քրեական ու համայնքային ոստիկանները կանխել են հանցագործություն կատարած անձի փախուստը ՀՀ-ից


Հայաստան


Ապրիլի 7-ին՝ ժամը 16․14-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Շենիկ գյուղի 48-ամյա մի բնակիչ, որը մահացել է։

ՆԳՆ ոստիկանության տարբեր ծառայությունների աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը Արմավիրի մարզի Շենիկ գյուղում, ըստ նախնական տվյալների, մեքենան անկանոն վարելու հետ կապված վիճաբանություն է ծագել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նույն համայնքի 41-ամյա բնակիչը իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով կրակել է համագյուղացու ուղղությամբ։

ՆԳՆ քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների և ՆԳՆ համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի աշխատակիցների անհետաձգելի օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է 41-ամյա տղամարդու փախուստը հանրապետությունից։ Ոստիկանները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հայտնաբերել և ձերբակալել են Արմավիրի մարզի Շենիկ գյուղի 41-ամյա բնակչին։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։ Ձերբակալված անձն ու կազմված փաստաթղթերն ուղարկվում են նախաքննական մարմին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Հրապարակվել է ԱՄՆ-ին ներկայացված Իրանի՝ 10 կետից բաղկացած ծրագիրը


Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ։ ԱՄՆ-ն ընդունել է Թեհրանի 10-կետանոց առաջարկը։

Իրանի պետական հեռուստատեսությունը հրապարակել է 10 կետից բաղկացած ծրագիրը։

 

1․ Պատերազմի լիակատար ավարտ Իրաքում, Լիբանանում և Եմենում։

 

2․ Իրանի դեմ պատերազմի լիակատար և վերջնական ավարտ՝ առանց որևէ ժամկետային սահմանափակման։

 

3․ Տարածաշրջանում բոլոր հակամարտությունների լիակատար դադարեցում։

 

4․ Հորմուզի նեղուցի վերաբացում։

 

5․ Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունն ու անվտանգությունն ապահովելու համար ընթացակարգի և պայմանների սահմանում։

 

6․ Իրանին վերակառուցման ծախսերի լրիվ փոխհատուցում։

 

7․ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման լիակատար հանձնառություն։

 

8․ Միացյալ Նահանգների կողմից պահվող իրանական միջոցների և սառեցված ակտիվների բացում։

 

9․ Իրանը վճռականորեն հանձնառու է լինում չփորձելու ձեռք բերել որևէ միջուկային զենք։

 

10․ Վերոնշյալ պայմանների հաստատումից անմիջապես հետո բոլոր ճակատներում ուժի մեջ կմտնի անհապաղ հրադադարը։

 

«Մի ամբողջ քաղաքակրթություն կոչնչանա այսօր գիշեր, և  երբեք չի վերականգնվի։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար տեղի կունենա», – ավելի վաղ գրել էր Թրամփը Truth Social-ում։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ վճռականորեն կպատասխանի, եթե Վաշինգտոնը կատարի իր սպառնալիքները։

 

Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ։ Այդ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Truth Social սոցիալական ցանցում։

 

ԱՄՆ վերջնագրից հետո Հռոմի պապ Լևոն XIV-ն անընդունելի էր համարել Իրանի ամբողջ ժողովրդին ուղղված սպառնալիքները։

 

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը դիմել է Միացյալ Նահանգներին և Իրանին՝ հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման հույսով։ Նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել էր երկու շաբաթով երկարաձգել Իրանին տրված վերջնագիրը։


Զենք-զինամթերք և թմրամիջոցներ են հայտնաբերվել, չորս անձ ձերբակալվել է


Հայաստան


ՆԳՆ քրեական ոստիկանության և ՔԿ ծառայողները հերթական խուզարկությունների արդյունքում զենք-զինամթերք և թմրամիջոցներ են հայտնաբերել, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

4 անձ ձերբակալվել է։

ՆԳՆ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել։



Նավթի գները նվազել են Իրանում երկշաբաթյա հրադադարի մասին հաղորդագրություններից հետո


Քաղաքականություն


Համաշխարհային շուկաներն Իրանում երկշաբաթյա հրադադարի մասին հաղորդագրություններին արձագանքել են նավթի գների անկմամբ: Չորեքշաբթի՝ ապրիլի 8-ի առավոտյան, Brent նավթի ֆյուչերսները տատանվել են մեկ բարելի համար 95 դոլարի սահմաններում․ նախորդ օրը դրանք վաճառվել են 110 դոլարով։

Trading Economics հարթակի տվյալներով՝ հում նավթի գինը մեկ օրվա ընթացքում համաշխարհային շուկաներում նվազել է 14%-ով և վաճառվել է մեկ բարելի համար 96 դոլարով: ԱՄՆ-ում մազութի գինը մեկ օրվա ընթացքում նվազել է 17%-ով, բենզինինը՝ գրեթե 10%-ով: