Քննիչի օրինական ծառայողական գործունեության կապակցությամբ վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու և խուլիգանության մեջ մեղադրվող քաղաքացու վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան


Հայաստան


ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քննչական կոմիտեից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացին ՀՀ ՔԿ քննիչի օրինական ծառայողական գործունեության կապակցությամբ հրապարակել է նրա իրավունքներին ու օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ, ինչպես նաև հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ կատարել է խուլիգանություն:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ անձն իր վերաբերյալ ՔԿ համապատասխան քննչական վարչության քննիչի կողմից քննված և 2024 թվականի մայիսի 31-ին կայացված կարճման որոշման կապակցությամբ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, իր անձնական ֆեյսբուքյան էջի սոցիալական բաց հարթակում խոսելով հիշյալ քրեական վարույթի մասին, անպարկեշտ արտահայտություններ ու հայհոյանքներ է հնչեցրել քննիչի և նրա ընտանիքի անդամների հասցեին՝ այդ կերպ հրապարակայնորեն նսեմացնելով պետական ծառայողի պատիվն ու արժանապատվությունը, հասարակության նկատմամբ դրսևորելով անհարգալից, իսկ բարոյական ու իրավական նորմերի նկատմամբ՝ բացահայտ արհամարհական վերաբերմունք:

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի  297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթի նախաքննությունը ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են իրավասու դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԱԺ արտահերթ նիստին հրատապության կարգով կքննվի 4 նախագիծ. մեկը վերաբերում է Ընտրական օրենսգրքին


Այսօր ԱԺ նախագահի որոշմամբ գումարվել է արտահերթ նիստ: Օրակարգում 4 նախագիծ է ընդգրկված, որոնք պետք է ընդունել հրատապության կարգով՝ 24-ժամյա ռեժիմով: Ըստ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի՝ հրատապությունը պայմանավորված է հունիսի 7-ին նախատեսված ԱԺ հերթական ընտրություններով, և նախքան ընտրությունները պետք է դրա կազմակերպման վերաբերյալ արդյունավետ մեխանիզմներ նախատեսել: Առաջինը Ընտրական օրենսգրքի փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագիծն է:

«Երկու կոմպոնենտ ունի նախագիծը. մեկը վերաբերում է քվեարկության նկատմամբ վերահսկողության արգելքի համար նախատեսվող գործիքակազմի լավարկմանը, մյուսը՝ կուսակցությունների անվանումներին»,- ասաց Ջուլհակյանը:

Երկրորդ նախագիծը հրատապ է այնքանով, որ ջերմատների և ավազանների շինթույլտվության համար տեղական տուրքերի փոփոխության վերաբերյալ նախագիծը պետք է օր առաջ ընդունել, քանի որ կան մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք սպասման փուլում են, և մեկնարկը կախված է տվյալ կարգավորման ընդունումից: Հաշվի առնելով նաև ոլորտի սեզոնայնությունը՝ չընդունումը կարող է հանգեցնել ծրագրերի հետաձգման, ներդրումային հոսքերի նվազման, տնտեսական ակտիվության անկման: Սրանով պայմանավորված՝ անհրաժեշտ է նախագիծն ընդունել օր առաջ:

Երրորդ նախագիծը վերաբերում է առողջության համընդհանուր ապահովագրությանը: Վեր հանված խնդիրների լուծման ուղղությամբ, նաև մի շարք ժամկետների ապահովման նպատակով նախագիծը ներառվել է արտահերթ նիստի օրակարգում:

Չորրորդը տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ նախատեսվող նախագիծն է, որով կամրագրվի սինթետիկ բովանդակության իրավական սահմանումը որպես տեսալսողական, ձայնային կամ այլ տեղեկատվական նյութ, որն ամբողջությամբ կամ մասնակիորեն գեներացվել կամ ձևափոխվել է ԱԲ համակարգերի կամ գեներատիվ տեխնոլոգիաների կիրառմամբ:

«Նախագծի ընդունումը հրատապ է, քանի որ ընտրական գործընթացներին ընդառաջ ահագնանում են այն տեմպերը, որոնցով ԱԲ-ով գեներացվում է մեդիաբովանդակություն, և կարևոր է, որ այդ հարցը կարգավորվի մինչև ընտրությունները, քանի որ հեռուստաընկերությունները և համապատասխան պետական կառույցներն այս կարգավորումներին իրենց գործունեությունը համապատասխանեցնելու համար ժամանակի կարիք ունեն»,- ասաց նա:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ կա միջազգային պրակտիկա, ՀՀ-ին տրված խորհրդատվություն, որ ընտրություններից 1 տարուց պակաս ժամանակահատվածում խաղի կանոններ չեն փոխվում: «Որևէ մեկի համար էլ գաղտնիք չէ՝ այս ԸՕ-ի նպատակն ինչ է: Ընտրություններին մնացել է երկու ամիս, դուք կոչում եք դա վրիպակ, բայց անկյունաքարային փոփոխություն եք առաջարկում»,- ասաց նա:

Արուսյակ Ջուլհակյանը նշեց՝ Վենետիկի հանձնաժողովն ունի նման ռեկոմենդացիա, բայց դա վերաբերում է հիմնարար կանոններին:

«Վենետիկի հանձնաժողովի համապատասխան ռեկոմենդացիան սահմանում է ֆունդամենտալ այն էլեմենտները, որոնք խորհուրդ չի տրվում փոխել ընտրություններից կարճ ժամանակ առաջ: Դրանք հետևյալն են՝ ընտրակարգը, ընտրական հանձնաժողովներին անդամակցության հարցը, երրորդը՝ ընտրատարածքների փոփոխությունները: Այս երեք կետերից որևէ մեկին մեր կողմից կատարվող տեխնիկական բնույթի վրիպակի շտկումը վերաբերելի չէ»:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարեց՝ սա հակաիրավական է: Ըստ նրա՝ քաղաքական հայտ ներկայացրած ընդդիմադիր ամենամեծ ուժն արդեն իսկ հայտարարել է իր անունը, մինչդեռ ԸՕ-ի փոփոխությունով օրենք է ներկայացվում, որը սահմանափակում է դա անել: Մամիջանյանը նաև հայտարարեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը թե՛ օրինագծին, թե՛ ԱԺ արտահերթ նիստի օրակարգին դեմ է քվեարկելու:


Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում


Հայաստան


«Վեոլիա Ջուր­» ընկերությունը  տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային  աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 7-ին ժամը 11:30-15:00-ն կդադարեցվի    Ազատամարտիկներ 2 Նրբ., Նոր Արեշ 22 փողոցի ջրամատակարարումը:


Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:



Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի


Ավտո


Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Պարոնյան փողոցում:

Պարոնյան փողոց, 22/1 հասցեի շինությանը հարակից ճանապարհահատվածից մինչև Պարոնյան փողոց, 22 հասցեի շենքին հարակից ճանապարհահատված կանգառը կարգելվի:



ՇՄ նախարարը և Նիդերլանդների դեսպանը անդրադարձել են COP17-ի կազմակերպչական և օրակարգային հարցերին


ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերին։ Այդ մասին նախարարը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:

 

«Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք ՄԱԿ «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպչական և օրակարգային հարցերին։ Ընդգծել եմ, որ Հայաստանը լուրջ և հետևողական վերաբերմունք է ցուցաբերում կենսաբազմազանության պահպանության օրակարգի նկատմամբ՝ այն դիտարկելով որպես պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը։

 

Տիկին դեսպանը բարձր է գնահատել մեր կողմից վերջերս իրականացված կարևոր օրենսդրական նախաձեռնությունները՝ մասնավորապես պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի վաճառքն ու շրջանառությունն արգելող նախագծի ընդունումը, Նագոյայի արձանագրության վավերացումը և «Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի վերաբերյալ» շրջանակային համաձայնագրի վավերացումը։

 

Քննարկել ենք նաև թափոնների կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումները։ Ներկայացրել եմ Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման ընթացքը՝ ընդգծելով այդ գործընթացում նիդերլանդական առաջավոր փորձի ուսումնասիրման և կիրառման կարևորությունը։

 

Անդրադարձել ենք նաև ջրային ռեսուրսների կառավարման, շրջակա միջավայրի պահպանության և երկկողմ համագործակցության զարգացման մի շարք այլ ուղղությունների։

 

Վերահաստատել ենք երկկողմ պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ և արդյունավետ համագործակցությունը բնապահպանության ոլորտում»,- նշված է գրառման մեջ։


Տաքսու վարորդների բարձրացված բոլոր խնդիրներին լուծումներ են տրվել․ ՄՍՇՊՀ

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում հերթական հանդիպումն է տեղի ունեցել Yandex Armenia-ի տաքսու վարորդների հետ։ Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ներկայացրել է նախորդ հանդիպման ընթացքում վարորդների կողմից բարձրացված խնդիրների ուղղությամբ իրականացված աշխատանքները։

Մասնավորապես արդեն իսկ փորձարկման փուլում է Yandex go հավելվածում ուղևորների կողմից պատվերի վայրի սահմանափակման գործառույթը։ Երևանի կենտրոն համայնքի մի շարք վայրերի համար առանձնացվել են պատվերների թույլատրելի գոտիներ՝ բացառելով ուղևորների կողմից կանգառի համար չթույլատրված վայրերից պատվերների կատարումը։

Վարորդներն իրենց եկամուտների մասին տեղեկատվությունը կարող են Պետական եկամուտների կոմիտեից ստանալ։ Քննարկվում է առանց միջնորդների ուղիղ Yandex Armenia-ի հետ աշխատելու հնարավորության հարցը։

Վարորդները հավաստեցին, որ նախորդ հանդիպման ընթացքում իրենց կողմից ներկայացված բոլոր հարցերին լուծումներ են տրվել, ներկայացրեցին լրացուցիչ դիտարկումներ և առաջարկներ առանձին դեպքերի առնչությամբ, այդ թվում՝ կապված հարկադիր կատարման ծառայության կողմից բռնագանձման ենթակա գումարները ժամանակացույցով վճարելու հնարավորության, հատուկ գոտիներում սպասելաժամանակի կրճատման, տաքսոպարկերի ընտրության, վարորդների վարկանիշների հաշվարկման և այլ խնդիրների հետ։

Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց


Քաղաքականություն


66 կողմ, 16 դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ հրատապ նիստին քննարկված Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագիծը։

Փոփոխությամբ սահմանվում է, որ կուսակցությունների, դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր։ Դաշինքի անունը չի կարող պարունակել նաև վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ։

Նախագծի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է։

ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա էր անցկացրել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը, ընդդեմ ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների։



Ի՞նչն է ամենաշատն անհանգստացնում Ռեալին Բավարիայի հետ խաղից առաջ


Սպորտ


Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի հանդիպումից առաջ խոսել է Մյունխենի «Բավարիայի» ուժեղ կողմերի մասին։

«Սա շատ լավ նախապատրաստված թիմ է, որի անհատականությունն ու խաղաոճն անմիջապես աչքի են ընկնում։ Նրանք շատ կարգապահ են պաշտպանությունում և ստիպում են իրենց բոլոր խաղացողներին անհավանական լավ նահանջել և պաշտպանվել։ Չափազանց անձնուրաց են խաղում։ Իսկ գնդակով նրանք տաղանդավոր ֆուտբոլիստների օգնությամբ հիանալի պահեր են ստեղծում եզրերում։

 

Կարծում եմ՝ սա բազմաթիվ ուժեղ կողմեր ունեցող շատ հավասարակշռված թիմ է։ Կոմպանին արժանի է գովեստի, քանի որ հսկայական աշխատանք է կատարում «Բավարիայում»»,- Արբելոայի խոսքն է մեջբերում իսպանական AS պարբերականը։

 

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչը կկայանա Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում։ Մրցաշարի վճռորոշ հանդիպումը նախատեսված է 2026 թվականի մայիսի 30-ին։



Այստեղ մարզվող երեխաների համար դուք և ձեր անցած ուղին ոգեշնչման աղբյուր են


Մշակույթ


ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Սպորտի միջազգային օրվա առթիվ այցելել են Արմավիրի մարզի Գեղակերտ համայնք՝ Օլիմպիական խաղերի մեդալակիր, ԽՍՀՄ եռակի չեմպիոն, Եվրոպայի և աշխարհի կրկնակի չեմպիոն, աշխարհի բազմակի ռեկորդակիր Յուրի Սարգսյանի անվան ծանրամարտի մարզադպրոց։

Խոյ համայնքի Գեղակերտ բնակավայրի ծանրամարտի մարզադպրոցում, որտեղ մարզվել է հայտնի մարզիկը, պետության աջակցությամբ կիրականացվեն վերակառուցման և բարեկարգման աշխատանքներ:

Յուրի Սարգսյանի ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարարն ու նախարարի տեղակալը շրջել են ծանրամարտի մարզադպրոցում, ծանոթացել ենթակառուցվածքային պայմաններին, զրուցել մարզվողների հետ: Շնորհավորելով սպորտի միջազգային օրվա առթիվ՝ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Յուրի Սարգսյանին սպորտում անուրանալի ներդրման համար:

«Վստահ եմ՝ այստեղ մարզվող երեխաների համար Դուք և Ձեր անցած ուղին ոգեշնչման աղբյուր են՝ կերտելու իրենց սեփական ճանապարհը: Մենք էլ՝ որպես պետություն, հանձնառու ենք պատշաճ պայմաններ ապահովել մարզիկների համար՝ միշտ նոր հաղթանակներ գրանցելու անխախտ նպատակադրմամբ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Յուրի Սարգսյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար և հավաստիացրել, որ պետության աջակցությունը մեծապես նպաստում է ոլորտի զարգացմանն ու երեխաների շրջանում ոգևորության ամրապնդմանը:

Նախարարը նաև ծանոթացել է առկա խնդիրներին, քննարկել մարզադպրոցի վերակառուցմանը, շենքային պայմանների բարելավմանն ու գույքային հագեցվածությանն առնչվող հարցեր։ Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել, որ ենթակառուցվածքների արդիականացումն ու բարելավված պայմանները կստեղծեն առավել նպաստավոր միջավայր՝ երեխաների ավելի մեծ թվի ներգրավման համար, ինչպես նաև կնպաստեն մարզական բարձր արդյունքների գրանցմանը։

Ներկայում Գեղակերտի ծանրամարտի մարզադպրոցում մարզվում են շուրջ 200 սաներ, որոնք ընդգրկված են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում՝ գրանցելով նշանակալի հաջողություններ։



«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողություն


Սպորտ


Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգևատրման և մեծարման հանդիսավոր արարողությունը, որը կազմակերպվել է Սպորտի միջազգային օրվան նվիրված միջոցառման շրջանակում:

Միջոցառմանը մասնակցել են Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների ղեկավարներ, մարզիկներ, մարզիչներ:

Մինչ պարգևատրման արարողությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, շնորհավորել բոլորին Սպորտի միջազգային օրվա առիթով, շնորհակալություն հայտնել այն մարզիկներին, որոնք ջանք չեն խնայել Հայաստանի Հանրապետությունը տարբեր մրցահրթակներում պատշաճ ներկայացնելու համար:

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Մրցույթի 11 անվանակարգերում հաղթող ճանաչվածները պարգևատրվել են 6,250.000 դրամով և հուշանվերով:

Սպորտի միջազգային օրվա առիթով «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով Հայաստանի Հանրապետության ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, հայոց պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին: