Քրեական ոստիկանները բացահայտել են մեթամֆետամինի պատրաստման դեպք


Տեսանյութեր


Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Սյունիքի մարզի բնակիչը Երևանի իր բնակության վայրում տարբեր քիմիական նյութերի միջոցով պատրաստում էր մեթամֆետամին տեսակի թմրամիջոց։

Մարտի 25-ի երեկոյան, մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցում, 32-ամյա տղամարդը թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել է և Նորագյուղ թաղամասի 46-ամյա բնակչի հետ միասին տեղափոխվել է Նոր Նորքի բաժին։
Խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է ապակե կոլբա՝ մոխրացած հետքերով, մարիխուանայով լցված գլանակ, «Ֆենազեպամ» գրառմամբ հոգեմետ դեղահաբ և ծալովի դանակ։

32-ամյա տղամարդը ներկայացվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատարանի որոշմամբ, նրա բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի երկու և մեթամֆետամինի մեկ փաթեթ, ինչպես նաև թմրամիջոց պատրաստելու համար նախատեսված հեղուկային զանգվածներով լցված երկու տարա՝ 168 և 238 գրամ քաշերով։ Ըստ նրա հայտարարության՝ այդ հեղուկից սինթեզման միջոցով ստացել է մեթամֆետամինի բյուրեղային զանգված։
Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում


Հայաստան


ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։

ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ ապրիլի 17-ին ծառայություններ կմատուցվեն․

ժամը 10։00-16:00, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,
ժամը 11:00-16:00, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։

Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։

Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։

Ապրիլի 17-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Արարատի մարզի Արարատ և Կոտայքի մարզի Գառնի համայնքներում ապրիլի 10-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։



Այսօր սկսվել է Սամվել Կարապետյանի դատավարությունը


Հայաստան


Ապրիլի 15-ին Հակակոռուպցիոն դատարանում սկսվել է գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը: Նախաքննությունը տեւել է տասը ամիս։

Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի, սահմանադրական կարգը բռնի տապալելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար:

Կարապետյանի պաշտպանները և համակիրները գործը որակում են որպես «քաղաքական հետապնդում»: 

Այս պահին նա գտնվում է տնային կալանքի տակ: Պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ առաջնահերթ քննարկելու նրան տնային կալանքից ազատելու հարցը, որպեսզի վերջինս կարողանա մասնակցել ապրիլի 21-ին կայանալիք իր ղեկավարած կուսակցության համագումարին:

Դատավոր Վահե Դոլմազյանը դատական նիստի ուղիղ հեռարձակում և նկարահանում չի թույլատրել:



ԱՄՆ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար շրջափակման մասին


Քաղաքականություն


Միացյալ Նահանգներն ամբողջությամբ շրջափակել Է իրանական նավահանգիստները, արգելափակված է միջազգային ծովային առևտուրը, որն ապահովում է Իսլամական Հանրապետության տնտեսության մոտ 90%-ը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

CENTCOM-ը հայտնել է, որ առաջին 24 ժամվա ընթացքում ոչ մի նավ չի կարողացել խախտել ԱՄՆ շրջափակումը։ Նշել է, որ վեց առևտրային նավերի հրահանգվել է վերադառնալ Օմանի ծոցի իրանական նավահանգիստ։

CNBC-ն, սակայն, հղում անելով Windward ծովային հետախուզական ընկերության տվյալներին, նշում է, որ ԱՄՆ շրջափակման առաջին օրը առնվազն երկու նավ է անցել Հորմուզի նեղուցով։ Վերլուծաբանները նշել են, որ դրանցից մեկը՝ Rich Starry լցանավը, պատկանում է չինական ընկերությանը և ԱՄՆ պատժամիջոցների տակ է։



Իրանը որոշակի առաջընթաց է գրանցել միջուկային հարցերի շուրջ բանակցություններում


Քաղաքականություն


ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը FOX News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսլամաբադում կայացած բանակցությունների ընթացքում իրանական կողմը «շարժվել է ամերիկյան պահանջների ուղղությամբ»։ Խոսքը վերաբերում է Իրանից միջուկային նյութերի դուրսբերմանը և ապագայում ուրանի հարստացումը բացառող հստակ մեխանիզմների ներդրմանը։

Ըստ Վենսի՝ թեև վերջնական համաձայնություն չի կայացել, քանի որ իրանցի բանակցողները պետք է ստանային Թեհրանի բարձրագույն ղեկավարության հավանությունը, գրանցված տեղաշարժը հուսադրող է։ «Նրանք շարժվեցին մեր ուղղությամբ։ Կարծում եմ, որ իրանցի բանակցողները չեն կարողացել համաձայնության գալ և պետք է ստանան Թեհրանում գտնվող մյուսների հաստատումը»,- ասել է Վենսը։

Փոխնախագահը վերահաստատել է Դոնալդ Թրամփի դիրքորոշումը՝ նշելով, որ Վաշինգտոնը պատրաստ է Իրանին վերաբերվել որպես «նորմալ երկրի»՝ զարգացած տնտեսությամբ, եթե վերջինս կատարի առաջադրված պայմանները։ Վենսն ընդգծել է, որ սեղանին դրված է «մեծ գործարքի» հնարավորությունը, սակայն հաջորդ վճռորոշ քայլն այժմ պետք է անի իրանական կողմը։ Այս հայտարարությունը հնչում է բանակցությունների երկրորդ փուլի սպասումների ֆոնին, որտեղ կողմերը փորձելու են վերջնական տեսքի բերել ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները։



Հայաստանը կմասնակցի ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին՝ փոխնախարարի մակարդակով


Քաղաքականություն


Հայաստանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին՝ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանի մակարդակով, ՏԱՍՍ-ին հայտնել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը կկայանա ապրիլի 17-ին և առաջինը կլինի 2026 թվականին։ Մասնակիցները կքննարկեն միջազգային օրակարգի և Համագործակցության շրջանակներում համագործակցության լայն շրջանակի հարցեր։



Ամերիկյան շրջափակումը սպառնում է կանգնեցնել Իրանի նավթարդյունաբերությունը. FT


Բիզնես


Financial Times-ը, հղում անելով արբանյակային տվյալներին և էներգետիկ փորձագետներին, հայտնում է, որ ԱՄՆ-ի կողմից իրականացվող ծովային շրջափակման պատճառով Իրանը կարող է ստիպված լինել զգալիորեն կրճատել նավթի արդյունահանումը մոտ երկու շաբաթ անց: 

Քանի որ արտահանումը գրեթե կաթվածահար է, երկրի նավթային պահեստարանները, որոնք արդեն լցված են 51%-ով, 16 օր անց կգերազանցեն պատմական առավելագույնը՝ 92 միլիոն բարելը:

Ներկայում Իրանն արդյունահանում է օրական 3,6 միլիոն բարել նավթ, որի կեսն ուղղվում է ներքին շուկա, իսկ մոտ 1,8 միլիոնը՝ արտահանման: Շրջափակումը շրջանցելու նպատակով Թեհրանը փորձում է օգտագործել գերհզոր տանկերները որպես լողացող պահեստարաններ, սակայն մասնագետները նշում են, որ դա միայն ժամանակավոր լուծում է: 

Եթե ԱՄՆ կենտրոնական հրամանատարության կողմից ապրիլի 13-ին Հորմուզի նեղուցում մեկնարկած արգելափակումը շարունակվի նույն խստությամբ, Իրանը կկանգնի արդյունահանման տեխնիկական դադարեցման անխուսափելի հեռանկարի առջև:



Ես ինքս էլ չունեմ ՀՀ-ում արդարության և արդարադատության զգացում ինստիտուցիոնալ առումով


Այսօրվա պայմաններում մենք երբեք արդարության և արդարադատության զգացում չենք ունենալու, որովհետև ՀՀ-ում դատական և արդարադատության ու արդարության համակարգերը հիմնականում չունեն օրգանական կապ իշխանության բարձրագույն աղբյուրի՝ ժողովրդի հետ: Այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպման ժամանակ:

«Այս խնդիրն է կարևորագույններից մեկը, որ մենք պիտի լուծենք առաջիկայում՝ նոր Սահմանադրություն ընդունելիս, որովհետև Հայաստանում արդարությունը և արդարադատությունը կառավարվում են մեծ մասամբ այնպիսի ինստիտուտների կողմից, որոնք կղզիացած են, մեկուսացած են, չունեն օրգանական կապ ժողովրդի հետ, նաև չունեն հաշվետվողականության ու պատասխանատվության բավարար մակարդակ ժողովրդի առաջ, որն իշխանության բարձրագույն կրողն է:

Այստեղ էլ մեր ֆունդամենտալ խնդիրն այն է, որ այն հենասյուներից մեկը, որը ապահովում է, պիտի լինի արդարության և արդարադատության չափանիշ, որովհետև հարցի հետևից գնալիս ես ինքս ինձ համար հետևյալ եզրակացությունն եմ արել, որ արդարությունը և արդարադատությունը համապատասխանությունն են Սահմանադրությանը և օրենքներին: Բայց ի՞նչ անել այն դեպքում, երբ հենց Սահմանադրությունն օրգանական կապ չունի իշխանության բարձրագույն աղբյուրի հետ: Այս դեպքում ինչ ուզում ես, արա, արդարության և արդարադատության զգացողությունը չի լինելու, որովհետև Սահմանադրությունը պետք է լինի ժողովրդի ազատ կամքի արտահայտումը, իսկ մենք պետք է խոստովանենք, որ այդպիսի Սահմանադրություն չունենք և երբեք չենք ունեցել, իսկ երբ այդ կամքի աղբյուրը, որտեղից դե յուրե բխում են արդարությունը և արդարադատությունը, խզում ունի ժողովրդի հետ, այդ մեխանիզմի գործարկումը երբեք չի կարող ընկալվել ժողովրդի կողմից որպես արդարություն և արդարադատություն:

Ուզում եմ ասել, որ սա չեմ ասում որպես ՀՀ վարչապետ, ես ասում եմ որպես ՀՀ քաղաքացի, որովհետև ես ինքս էլ չունեմ ՀՀ-ում արդարության և արդարադատության զգացում ինստիտուցիոնալ առումով, և սա ֆունդամենտալ պրոբլեմ է, որը մենք պետք է լուծենք»,-ասաց նա:

Այս առումով Փաշինյանը կարևորեց ԵՄ կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը:

«Մեր խնդիրը չէ մեր սխալները քողարկելը, փորձել ցույց տալ, որ ամեն ինչ լավ է և կատարյալ է: Ընդհակառակը եվրոպական և միջազգային մի շարք ինստիտուտների հետ մեր համագործակցության առանցքային նպատակն է, որ ունենանք որոշակի մեխանիզմներ հնարավոր թույլ տված սխալներն ուղղելու համար, որովհետև եթե մենք առաջնորդվենք այն կանխավարկածով, որ պիտի հասնենք այնպիսի վիճակի, որ չսխալվենք, դա ճիշտ չէ, որովհետև այսօր, երեկ և վաղը սխալվում են բոլորը, այդ թվում, ամենայն հարգանքով, եվրոպական ինստիտուտները, բոլորը, մարդը, ընդհանրապես մարդը, մարդը սխալական է, և մենք չպետք է խնդիր դնենք, որ չպետք է սխալվենք, որովհետև երբ այդ խնդիրը դնում ենք, առաջ շարժվելու մեր ճանապարհները փակում ենք»,- ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ պետք է ամեն ինչ անել, որ այդ սխալները լինեն թեթև, և լինեն ուղղելու մեխանիզմներ: