Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը


Մշակույթ


Կառավարությունը լրացումներ է կատարել հանրակրթական դպրոցների մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգում։ Ըստ հիմնավորման՝ գործող կարգավորմամբ ազգային փոքրամասնությունների լեզուները որպես օտար լեզու դասավանդող ուսուցիչները ներառված են շահառուների շրջանակում, սակայն նույն լեզուների ուսուցումը խմբակային ձևաչափով իրականացնող խմբակավարները չեն ընդգրկվում փոխհատուցում ստացող անձանց ցանկում։
 
Գործնականում բազմաթիվ դեպքերում ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումն իրականացվում է հենց խմբակների միջոցով՝ պայմանավորված համապատասխան մասնագետների սահմանափակ թվով և առանձին դպրոցներում սովորողների ոչ մեծ քանակով։ Այդ պայմաններում խմբակավարների կողմից մի քանի բնակավայրերում կամ դպրոցներում գործունեություն ծավալելը դառնում է անհրաժեշտություն։ Սակայն տրանսպորտային ծախսերի փոխհատուցման բացակայությունը նվազեցնում է մասնագետների ներգրավվածության հնարավորությունը և վտանգում ծրագրերի շարունակական իրականացումը։
 
Ըստ այդմ՝ նախատեսվում է, որ ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումն իրականացնող խմբակավարները ևս հանդիսանան տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագրի շահառու։ Արդյունքում՝ կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի և շարունակական կազմակերպումը։



Հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի պսակը


Գիտություն


2026 թվականի օգոստոսի 12-ին տեղի կունենա արևի ամբողջական խավարում, որը կանցնի Հյուսիսային կիսագնդի մի շարք հատվածներով՝ միլիոնավոր մարդկանց հնարավորություն տալով դիտել բնության ամենատպավորիչ երևույթներից մեկը։ Ամբողջական խավարման գոտին, որտեղ Լուսինն ամբողջությամբ ծածկում է Արեգակը, կսկսվի Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի վրայից, այնուհետև կանցնի Արևելյան Գրենլանդիայի, Արևմտյան Իսլանդիայի և Հյուսիսային Իսպանիայի տարածքով։ Դրանից հետո այն կանցնի Բալեարյան կղզիների վրայով և կավարտվի Միջերկրական ծովում։

Այդ պահին հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի արտաքին մթնոլորտը՝ պսակը (կորոնան), քանի որ Լուսինն ամբողջությամբ կծածկի Արեգակը։ Ավելի մեծ տարածքում, որը կշրջապատի ամբողջական խավարման գոտին, տեսանելի կլինի մասնակի արևի խավարում։ Եվրոպայի մեծ մասը, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Սկանդինավիայի երկրները։ Ակնկալվում է, որ Իսպանիան կլինի խավարումը դիտելու ամենահայտնի վայրերից մեկը՝ իր հասանելի դիրքի  պատճառով։

Անկախ այն վայրից, որտեղ նախատեսվում է դիտել խավարումը, պետք է հիշել, որ առանց հատուկ պաշտպանության Արեգակին ուղիղ նայելն անվտանգ չէ։ Մասնակի փուլերի ընթացքում անհրաժեշտ է օգտագործել արևային ակնոցներ կամ աստղադիտակների, հեռադիտակների և տեսախցիկների համար նախատեսված արևային ֆիլտրեր։



Բացահայտելով Հայաստանը | Top-News.am


Տեսանյութեր


Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլի հերթական կանգառը Վայոց ձորի շքեղ Նորավանք վանական համալիրն է։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
 
Հրապարակված տեսանյութում դեսպանը հայերենով ներկայացնում է իր տպավորություններն ու զգացողությունները։



Հռոմեական կայսրության ամենատպավորիչ ինժեներական ձեռքբերումներից մեկը


Մշակույթ


Բուլղարիայում երաշտի հետեւանքով նվազել է Դանուբ գետը` ի հայտ բերելով Հռոմեական Կոստանդին Մեծ կայսեր ժամանակ կառուցված կամրջի հիմքերը, հայտնում է Reuters- ը։ Սա բուլղարացի հնագետներին ընձեռել է հազվադեպ հնարավորություն փաստագրելու «Հռոմեական կայսրության ամենատպավորիչ ինժեներական ձեռքբերումներից մեկը», ինչպես իրենք են բնութագրում։

Կամուրջը բացվել է մ.թ. 328 թվականին եւ եղել Հռոմեական կայսրությունում ամենաերկար կամուրջներից մեկը։ Այն գոյատեւել է 40 տարի, հայտնում է BBC-ին։

Պատմաբանների կարծիքով՝ մոտավորապես 367 թվականին կամուրջը ավերվել է կամ դադարել է օգտագործվել։ Կամուրջը կապում էր ներկայիս Բուլղարիայի եւ Ռումինիայի տարածքները։

Այս ամռանը Եվրոպայում իրար հաջորդող ռեկորդային շոգի ալիքները առաջացրել են խիստ երաշտ, որը ազդել է խոշոր ջրային ուղիների, այդ թվում՝ Դանուբ եւ Հռենոս գետերի վրա։



Խաղային շուկան՝ վերահսկողության նոր փուլում․ կփրկի՞ թվային համակարգը կախվածությունից ու ստվերից


Խաղադրույքը շատերի համար սկսվում է որպես ժամանց, բայց որոշ ընտանիքների համար այն վերածվում է ֆինանսական ու սոցիալական խնդրի։ Պարտքեր, կորցրած եկամուտներ, ընտանիքի ներսում առաջացած լարվածություն․ խաղային կախվածության հետևանքները տարիներ շարունակ քննարկվող խնդիր են դարձել։ Կառավարությունն այժմ հայտարարում է, որ ոլորտը մտնում է վերահսկողության նոր փուլ։

Հայաստանում խաղային ոլորտը վերջին տարիներին արագ ընդլայնվել է։ Օնլայն հարթակների տարածումն ավելի հասանելի է դարձրել խաղադրույքը, իսկ պետության վերահսկողության հնարավորությունները մինչև այժմ սահմանափակ են եղել։

 2027 թվականի հունվարի 1-ից խաղատնային և օնլայն խաղադրույքների ամբողջ համակարգը պետք է գործի միասնական թվային հարթակի միջոցով։

Նպատակը՝ վերահսկել յուրաքանչյուր խաղադրույք՝ սկսած մասնակցությունից մինչև շահումների հաշվառում, սահմանափակել օրենքով արգելված մասնակցությունը և նվազեցնել ստվերային շրջանառությունը։ Հարցն օրախնդիր է ու շատ ընտանիքների ճակատագրի հարցը։ Վարչապետը կառավարության նիստում ընդունում է, որ մինչեւ այժմ պետությունը չի կարողացել ամբողջապես վերահսկել դաշտը։

«Առաջինը՝ ստվերը բացառելու ենք, երկրորդը՝ այն սահմանափակումները, որոնք օրենքով նախատեսված են, արդեն գործնականում կիրառելու ենք, որովհետև մինչև այժմ շատ դեպքերում դրա հնարավորությունը չենք ունեցել»։

Նոր համակարգը նախատեսում է նաև մեխանիզմ, որով քաղաքացին կամ նրա ընտանիքի անդամը կարող է դիմել՝ սահմանափակելու տվյալ անձի մասնակցությունը խաղադրույքներին։ Վարչապետը պատմել է, որ նման խնդրանքներով իրեն դիմած քաղաքացիներ են եղել։ Նիկոլ Փաշինյան

«Մարդը կամ ընտանիքի անդամը հնարավորություն ունենա դիմում գրել ու ասել, որ այս մարդուն արգելեք խաղադրույք կատարելու հնարավորությունից»։

Կառավարության ներկայացմամբ՝ նոր հարթակը պետք է ոչ միայն վերահսկի ֆինանսական հոսքերը, այլև ներդնի պատասխանատու խաղի մեխանիզմներ՝ թույլ չտալով օրենքով սահմանափակված խմբերի մասնակցությունը։

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ համակարգի ստեղծման հիմքերը դրվել են դեռևս 2024-ի օրենսդրական փոփոխություններով։ Հայտարարվել է միջազգային մրցույթ, որի արդյունքում ընտրվել է «Ռանդըմ Սիսթեմս Ինթերնեշնլ Լիմիթիդ» ընկերությունը։

ՊԵԿ-ի ներկայացմամբ՝ ընտրված օպերատորը նման փորձ ունի նաև Վրաստանում։ Էդուարդ Հակոբյան

«Հաղթող մասնակցի կողմից ստեղծվել և պետական գրանցում է ստացել «Խաղերի վերլուծության և մշտադիտարկման համակարգ» ընկերությունը, որին առաջարկվում է սահմանել որպես խաղային ոլորտի կարգավորման օպերատոր»։

Նոր համակարգը պետք է իրական ժամանակում արձանագրի խաղադրույքները, կիրառի սահմանափակումներ և ապահովի ոլորտի վերահսկողությունը։

Բացի վերահսկողությունից, փոխվելու է նաև շահումների հարկման մեխանիզմը։ Համակարգի գործարկումից հետո շահումները կհարկվեն տարեկան 5 տոկոս դրույքաչափով, իսկ խոշոր շահումների դեպքում՝ 10 տոկոս։

Սակայն ոլորտի կարգավորման հարցում հիմնական մարտահրավերը միայն տեխնիկական վերահսկողությունը չէ։ Փորձագետների գնահատմամբ՝ կարևոր է հասկանալ նաև, թե որքան արդյունավետ կլինեն կախվածությունը կանխարգելող մեխանիզմները, և արդյոք նոր համակարգը կկարողանա նվազեցնել ոչ միայն ստվերը, այլև խաղային խնդիրների սոցիալական հետևանքները։

Կառավարությունը վստահեցնում է՝ նոր թվային հարթակը կդարձնի ոլորտը թափանցիկ և վերահսկելի։ Իսկ թե որքանով այն կփոխի մարդկանց վարքը և կսահմանափակի խաղային կախվածության տարածումը, ծանր հարց է։

Պաշտոնական տվյալներով՝ ոլորտի շրջանառությունը վերջին տարիներին կտրուկ աճել է․ եթե 2021 թվականին խաղադրույքների տարեկան ընդհանուր շրջանառությունը գնահատվում էր շուրջ 1.2 տրիլիոն դրամ, ապա 2023 թվականին այն արդեն գերազանցել է 3.5 տրիլիոն դրամը։ Միաժամանակ պետական բյուջե մուտքագրվող հարկային եկամուտները նույն ժամանակահատվածում աճել են մոտ 2.5 անգամ՝ հասնելով ավելի քան 120 միլիարդ դրամի։ Օնլայն հարթակների օգտատերերի թիվը, ըստ տարբեր գնահատականների, անցել է 500 հազարից, ինչը զգալի աճ է նախորդ տարիների համեմատ։

Օրերս Փաշինյանը նաեւ մեկ այլ խիստ մտահոգիչ տեղեկություն էր բարձրաձայնել. բանակում մոլի խաղերով զբաղվելը ծանր պատկեր է դարձել։

armradio.am


Հորմուզի նեղուցում փոխվել է 49 առևտրային նավի երթուղի. CENTCOM


Աշխարհ


ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի ավիացիոն ստորաբաժանումներն ու անձնակազմը, որոնք տեղակայված են USS Boxer (LHD 4) դեսանտային նավի վրա, շարունակում են աջակցել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ծովային շրջափակման իրականացման գործողություններին։

CENTCOM-ի տվյալներով՝ օգոստոսի 6-ի դրությամբ փոխվել է 49 առևտրային նավի երթուղին, վնասազերծվել է 2 նավ, իսկ ևս 2 նավի վրա իրականացվել է ստուգում



Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է


Երկրաշարժի ժամանակ, եթե գտնվում եք բարձրահարկ շենքի նկուղային, 1-ին և 2-րդ հարկերում՝

✅ վերցրեք նախապես պատրաստած առաջին անհրաժեշտության իրերով պայուսակը և աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից,

✅ հեռացեք դեպի բաց տարածություն, 3-րդ և ավելի բարձր հարկերում գտնվելու դեպքում շենքից դուրս մի՛ եկեք, աստիճանները կարող են խցանված լինել։

✅ Եթե չեք կարող լքել շինությունը, վերցրեք առաջին անհրաժեշտության իրերով պայուսակը և ընդունեք կքանստած դիրք շենքի ներքին կրող հիմնական պատերի‚ դրանցով կազմված անկյունների‚ այդ իսկ պատերում առկա դռան բացվածքների ներքո՝ գլխավերևում պահելով աթոռ‚ պայուսակ կամ այլ առարկա։

✅ Նաև կարելի է մտնել հիմնական կրող պատին մոտ գտնվող սեղանի տակ:

✅ Եթե անվասայլակով եք, ապա մոտեցրեք ներքին հիմնական կրող պատին, կողպեք անիվներ, որպեսզի անվասայլակն անշարժանա, գլխավերևում ամուր առարկա պահեք ծեփակտորներից պաշտպանվելու նպատակով։

✅ Հեռու մնացեք պատուհաններից և շենքի արտաքին պատերից, դրանք փլվում են առաջին հերթին։

✅ Զգուշացեք ծանր ու մեծածավալ առարկաներից՝ պահարաններից‚ սառնարաններից‚ որոնք կարող են տեղաշարժվել կամ շրջվել:

✅ Ցնցումների ավարտից հետո փորձեք դուրս գալ շենքից՝ նախապես որոշված ճանապարհով:

✅ Մի՛ օգտվեք վերելակից:

Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փողոցում՝

✅ հեռացեք շենքից‚ կամուրջներից և էլեկտրասյուներից հեռու‚ դեպի անվտանգ տարածություն:

✅ Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք ընթացող տրանսպորտում դանդաղեցրեք ավտոմեքենայի ընթացքը և շարժվեք ճանապարհի աջ կողմով։

✅Կանգ առեք համեմատաբար բաց տարածությունում՝ կամուրջներից‚ բարձրահարկերից և էլեկտրասյուներից հեռու։

Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք մետրոյում՝

✅ ցնցման ժամանակ ամուր բռնվեք, երկաթե ձողերից:

✅ Հնարավոր է, որ հոսանքն անջատվի‚ գնացքը ժամանակավորապես կանգնի‚ ինքնաբերաբար միանան վթարային լամպերը:

✅ Հետևեք կայարանի բարձրախոսով տրվող ցուցումներին:

✅ Եթե արթնացել եք ստորգետնյա ցնցումներից ոչ մի դեպքում մի օգտվեք էլեկտրականությունից‚ մի օգտագործեք լուցկի կամ գազայրիչ, քանի որ գազատարը կարող է վնասված լինել։

✅ Վերցրեք առաջին անհրաժեշտության իրերով նախապես պատրաստված պայուսակը և գործեք նախորդ կետերում նշված կանոնների համաձայն։


Դեռ չափազանց վաղ է դրա մասին մտածելու համար. Թրամփ


Աշխարհ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռ վաղ է որոշում կայացնել նախագահական հաջորդ ընտրություններում հանրապետական ​​ թեկնածուի վերաբերյալ։ Այս մասին Թրամփն ասել է Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Fox News-ը։

Թրամփին խնդրել են մեկնաբանել ԶԼՄ-ների այն հրապարակումները, ըստ որոնց՝ ինքը Հանրապետական կուսակցության դոնորներին ասել է, որ նրանք պետք է 2028 թվականի ընտրություններում աջակցեն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։ Լրագրողը հարց է հնչեցրել՝ արդյոք Թրամփը պաշտոնապես աջակցում է Վենսին։

«Ոչ։ Ես այդ մասին քիչ առաջ եմ լսել։ Կարծում եմ՝ նա հրաշալի է, բայց դեռ չափազանց վաղ է դրա մասին մտածելու համար», – ասել է Թրամփը։

Ամերիկյան լրատվամիջոցները հաճախ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին անվանում են հիմնական հանրապետական թեկնածուներ, որոնք կարող են առաջիկա ընտրություններում պայքարել նախագահի պաշտոնի համար։



Մեր հարաբերությունները հարևանների հետ շատ ավելի լավ են, քան նախկինում


Հարեվաններ


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի հարաբերությունները հարևան պետությունների հետ ներկայում ավելի լավ են, քան նախկինում, և տարածաշրջանի երկրները սերտ համագործակցում են Իրանի հետ։ «Մեր հարաբերությունները հարևանների հետ շատ ավելի լավ են, քան նախկինում, և հարևան երկրները շատ լավ համագործակցում են մեզ հետ», – ասել է Փեզեշքիանը։

Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում նախատեսված սցենարներից մեկը եղել է Իրանի հյուսիս-արևմուտքից և հարավ-արևելքից լարվածություն ու անկարգություններ հրահրելը։ «Նրանք պնդում էին, որ մարդիկ այդ ուղղություններից կմտնեն՝ անկարգություններ առաջացնելու համար», – նշել է Իրանի նախագահը։

Փեզեշքիանը հայտարարել է, որ տարածաշրջանի երկրները թույլ չեն տվել, որպեսզի որևէ մեկը այդ ուղղություններով հեշտությամբ անցնի և անկայունություն ստեղծի։ «Սա շատ կարևոր հանգամանք է․ մեր հարևանները թույլ չտվեցին, որ մարդիկ անցնեն և ստեղծեն անկարգություններ ու անկայունություն։ Նրանք ոչ միայն ձեռնպահ մնացին նման քայլերից, այլև աջակցեցին մեզ», – ասել է Իրանի նախագահը։



Կարծում էի, որ սա ամենահեշտերից մեկը կլինի, սակայն այն ամենաբարդը դարձավ. Թրամփ


Աշխարհ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել, սակայն մանրամասներ չի ներկայացրել։

«Մենք աշխատում ենք դրա վրա։ Կարծում եմ՝ առաջընթաց ունենք… Ես կարգավորել եմ ութ պատերազմ։ Կարծում էի, որ սա, թերեւս, ամենահեշտերից մեկը կլինի, սակայն այն ամենաբարդը դարձավ։ Բայց առաջընթաց կա»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Ելույթի հեռարձակումը կատարվել է Սպիտակ տան YouTube-ի ալիքով։ Թրամփը նաեւ հակամարտությունը բնութագրել է որպես շատ դաժան եւ նշել, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների միջեւ «շատ ատելություն» կա։

Նախօրեին Financial Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Ուկրաինային մատակարարել Patriot համալիրների համար նախատեսված լրացուցիչ հակահրթիռներ։ Որպես պատճառներից մեկը նշվել է այդ սպառազինության անհրաժեշտությունը՝ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ օբյեկտների պաշտպանությունն ապահովելու համար։