Ինչով է պայմանավորված եղանակի կանխատեսման ճշգրտությունը


«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Եղանակի կանխատեսման ճշգրտությունը կախված է ոչ միայն գերհամակարգիչների հզորությունից և մթնոլորտի մոդելների կատարելագործվածությունից, այլև աշխարհագրական առանձնահատկություններից։ Աշխարհի որոշ տարածաշրջաններում բնությունն անընդհատ «խախտում» է անգամ ամենաբարդ մաթեմատիկական հաշվարկները, մինչդեռ այլ վայրերում ամիսներ շարունակ գրեթե նույն եղանակն է պահպանվում։ Եվ ուրեմն որտե՞ղ է օդերևութաբանի աշխատանքը նմանվում քաոսը կառավարելուն, իսկ որտե՞ղ է այն դառնում ամենահեշտ կանխատեսելի մասնագիտություններից մեկը։

Օդերևութաբանի ամենամեծ «գլխացավանք» դարձած տարածաշրջանները

Օդերևութաբանների համար ամենաբարդ պայմանները բնորոշ են բարեխառն լայնություններին, հատկապես այն վայրերում, որտեղ ցամաքը շրջապատված է անհանգիստ օվկիանոսներով։
Դրա դասական օրինակներն են Մեծ Բրիտանիան և Իռլանդիան։ Եվրոպայի հյուսիս-արևմուտքում գտնվող այս կղզիները մշտապես գտնվում են տարբեր օդային զանգվածների բախման գոտում։ Արևմուտքից անընդհատ ներթափանցում է Ատլանտյան օվկիանոսի տաք և խոնավ օդը, որը տաքացվում է Գոլֆստրիմով, իսկ հյուսիսից հաճախ ներխուժում են Արկտիկայից եկող սառը օդային զանգվածները։ Արդյունքում արագ զարգացող ցիկլոնները կարող են ընդամենը մի քանի ժամում կտրուկ փոխել քամու ուղղությունը, ջերմաստիճանը և տեղումների բնույթը։

Ոչ պակաս բարդ է իրավիճակը Ճապոնիայում։ Հյուսիսից հարավ ձգվող կղզեխմբի կլիման ձևավորվում է սառը Օյասիո և տաք Կուրոսիո օվկիանոսային հոսանքների, բարդ լեռնային ռելիեֆի, ասիական մուսոնների և հաճախակի թայֆունների համատեղ ազդեցությամբ։Լեռները ձևավորում են հարյուրավոր միկրոկլիմաներ, ինչի պատճառով նույն պահին մի լանջին կարող է արևոտ լինել, իսկ հարևան լանջին՝ տեղատարափ անձրև։

Նման իրավիճակ է նաև Հարավային Չիլիում և Նոր Զելանդիայում, որտեղ տարածքները գտնվում են այսպես կոչված «շառաչող քառասունականների» գոտում։ Այստեղ ուժեղ և անկայուն արևմտյան քամիները բախվում են Անդերի և Հարավային Ալպերի լեռնաշղթաներին։

Լեռները գործում են որպես հսկայական պատ՝ մի կողմից կուտակելով խոնավությունը, մյուս կողմից ստեղծելով չորային պայմաններ։ Արդյունքում ձևավորվում են օդային հոսքերի խիստ անկանոն կառուցվածքներ, և երկարաժամկետ կանխատեսումների սխալների հավանականությունը զգալիորեն մեծանում է։

Ամերիկյան «զվարճագնացք» առանց լեռների. Մեծ հարթավայրերի կատարյալ փոթորիկը

Միացյալ Նահանգները մթնոլորտային գործընթացների ուսումնասիրության յուրահատուկ «բնական լաբորատորիա» է։ Ի տարբերություն Եվրոպայի կամ Ասիայի՝ ԱՄՆ-ում չկան արևմուտքից արևելք ձգվող լեռնաշղթաներ, որոնք կխոչընդոտեին օդային զանգվածների տեղաշարժին։ Ժայռոտ լեռներն ու Ապալաչները ձգվում են հյուսիսից հարավ, ինչի պատճառով կանադական Արկտիկայից եկող սառը և չոր օդը գրեթե անարգել շարժվում է դեպի հարավ և բախվում Մեքսիկական ծոցից բարձրացող տաք, խոնավ օդին։
Այս բախումները Մեծ հարթավայրերում առաջացնում են աշխարհի ամենահզոր գերբջջային ամպրոպները և հայտնի «Տոռնադոների միջանցքի» (Tornado Alley) պտտահողմերը։

Այստեղ մեկ օրվա ընթացքում օդի ջերմաստիճանի 20°C փոփոխությունը սովորական երևույթ է, ինչի պատճառով օդերևութաբանները հաճախ ստիպված են լինում օրական մի քանի անգամ վերանայել իրենց կանխատեսումները։

Մշտական արևի երկիր. որտեղ կանխատեսումները գրեթե միշտ նույնն են

Եթե բարեխառն լայնություններում կանխատեսումը մշտական մարտահրավեր է, ապա արևադարձային անապատներում այն համեմատաբար հեշտ աշխատանք է։ Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Կենտրոնական Ավստրալիան գտնվում են կայուն մերձարևադարձային անտիցիկլոնների ազդեցության տակ։ Բարձր ճնշման պայմաններում օդը դանդաղ իջնում է ներքև՝ կանխելով ամպերի և տեղումների ձևավորումը։ Այստեղ եղանակային կանխատեսումը հաճախ կարելի է ամփոփել մեկ նախադասությամբ՝ «վաղը կլինի արևոտ, շոգ և առանց տեղումների», և այն տարվա մեծ մասում ճիշտ կլինի։

Կենտրոնական Ավստրալիան, որը գտնվում է օվկիանոսներից հեռու և գրեթե հարթ տարածք է, շաբաթներ շարունակ պահպանում է չոր և կայուն եղանակ։ Այս շրջաններում օդերևութաբանների հիմնական մարտահրավերը սովորաբար ավազային փոթորիկների առաջացման ժամանակի և տարածման ուղղության ճշգրիտ կանխատեսումն է։

Հասարակածային պարադոքս. կայուն կլիմա, բայց անկանխատեսելի միկրոկլիմա

Առանձնահատուկ իրավիճակ է Սինգապուրում, Ինդոնեզիայում և Էկվադորի հասարակածային շրջաններում։ Առաջին հայացքից այստեղ ամեն ինչ պարզ է․ տարվա բոլոր եղանակներին օդի ջերմաստիճանը մոտ +30 °C է, իսկ կլիման գրեթե չի փոխվում։ Ընդհանուր կանխատեսումը հեշտ է․ առավոտյան կլինի շոգ և խոնավ, իսկ կեսօրից հետո մեծ հավանականությամբ կզարգանան կարճատև, բայց ուժեղ արևադարձային ամպրոպներ։ Սակայն հենց այստեղ է առաջանում միկրոկլիմայական ամենաբարդ խնդիրը։

Մակերևույթի ուժեղ տաքացման հետևանքով խոնավ օդը արագ բարձրանում է՝ ձևավորելով ինտենսիվ կոնվեկցիա։ Արդյունքում գրեթե անհնար է ճշգրիտ կանխատեսել, թե օրինակ Ջակարտայի որ թաղամասում ժամը 14:00-ին կտեղա հորդառատ անձրև, իսկ ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա կմնա ամբողջովին չոր։ Այդ պատճառով հասարակածային գոտին օդերևութաբանների համար յուրահատուկ պարադոքս է․ նրանք կարող են բավական վստահությամբ նկարագրել եղանակը ողջ տարվա համար, սակայն միշտ չէ, որ կարող են կանխատեսել, թե ինչ տեղի կունենա առաջիկա կես ժամում քաղաքի կոնկրետ հատվածում»։


NASA-ն հաստատել է՝ SpaceX-ի հրթիռի հատվածը բախվել է Լուսնին


Գիտություն


NASA և Եվրոպական հարավային աստղադիտարանը (ESO) հաստատել են, որ SpaceX-ի Falcon 9 հրթիռի վերին աստիճանը ընկել է Լուսնի մակերևույթին։ «Օգոստոսի 5-ի վաղ առավոտյան Falcon 9 հրթիռի վերին աստիճանը չնախատեսված կերպով ընկել է Լուսնի մակերևույթին», – NASA-ի հրապարակած տեսանյութում հայտնել է գործակալության գիտաշխատող Քելսի Յանգը։

Հարվածի հետևանքները հաջողվել է գրանցել նաև ESO-ի աստղագետներին՝ Չիլիում գտնվող Պարանալ աստղադիտարանի աստղադիտակի միջոցով։ ESO-ից հայտնել են, որ աստղադիտակը ֆիքսել է նատրիումի և լիթիումի գոլորշիների սպեկտրային գծեր այն ամպում, որը ձևավորվել է հարվածից հետո և դիտվել է մոտ 5-10 րոպե։

ESO-ի հետազոտական խմբի ղեկավար Կարլ Շմիդտը նշել է, որ ամպում հայտնաբերված նատրիումը, ամենայն հավանականությամբ, առաջացել է Լուսնի հողից, իսկ լիթիումը, հավանաբար, դուրս է եկել հենց հրթիռի բաղադրիչներից և ունի երկրային ծագում։ Falcon 9 հրթիռի վերին աստիճանը 2025 թվականին Լուսնի ուղեծիր էր հասցրել Blue Ghost 1 վայրէջքի սարքը։ Մոտ մեկ տարի անց սիրողական աստղագետները նկատել էին, որ հրթիռի արագացուցիչ հատվածը կարող է բախվել Լուսնին, ինչը հետագայում հաստատել էին նաև NASA-ի մասնագետները։



«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում


Մշակույթ


Երևանի ամենահին գործող կինոթատրոններից մեկը՝ «Նաիրին», վերանորոգել է իր գլխավոր մուտքը։ Այս առիթով օգոստոսի 7-ին, ժամը 19:30-ին, կինոթատրոնում տեղի կունենա տոնական բացման արարողություն։ Միջոցառումը կսկսվի կարմիր գորգով և հանդիսավոր ընդունելությամբ, որին կմասնակցեն պետական կառույցների ներկայացուցիչներ, արվեստագետներ, դերասաններ, ռեժիսորներ, լրագրողներ և հանրային հայտնի դեմքեր։

Երեկոյի ընթացքում ներկաները կտեսնեն բացառիկ նկարներ «Նաիրիի» արխիվից, որոնք պատմում են կինոթատրոնի հարուստ անցյալի և մշակութային մեծ դերի մասին։ Իսկ արարողության խորհրդանշական ավարտը կլինի «Երկիր Նաիրի» ֆիլմի հատուկ ցուցադրությունը։ Ֆիլմի ընտրությունը պատահական չէ. այն գաղափարապես կապում է կինոթատրոնի անվանումը, մեր ազգային հիշողությունն ու «Նաիրիի» նոր մեկնարկը՝ ստեղծելով անցյալի ու ապագայի կապը։

Այս միջոցառման նպատակն է ոչ միայն ցույց տալ թարմացված մուտքը, այլև ևս մեկ անգամ ընդգծել «Նաիրիի» կարևորությունը՝ որպես մշակութային կյանքի և հանրային հանդիպումների սիրված հարթակ։ Կինոթատրոնը շարունակում է իր աշխատանքը՝ հանդիսատեսին առաջարկելով որակյալ ֆիլմեր, ժամանակակից տեխնիկական լուծումներ և նոր նախագծեր՝ միաժամանակ պահպանելով իր պատմական ու մշակութային ժառանգությունը։



Կալանավորվել է «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը


Հայաստան


«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանն ու տնօրեն Արթուր Դալլաքյանը ձերբակալվել էին՝  առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլար արժողության գույքերը և դրամական միջոցները խաբեությամբ հափշտակելու և փողերի լվացում կատարելու առերևույթ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

Քննչական կոմիտեից 1lurer.am-ին հայտնել են, որ Սեդրակ Առուստամյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը կալանավորվել է 2 ամսով։



Մետալուրգիականը՝ առանց դիմորդների, բժշկականը՝ մեծ մրցույթով. ավարտվել է բուհական ընդունելությունը


Հայաստան


2026 թ․ սեպտեմբերին Հայաստանի մասնավոր և պետական բուհերը 10․958 նոր ուսանող կունենան։ Սա բուհ և մասնագիտություն հայտագրած շուրջ 15․800 դիմորդների 69, իսկ շրջանավարտների ընդհանուր թվի 49 %–ն է։ Ընդհանուր առմամբ հիմնական և լրացուցիչ փուլերի արդյունքներով համալրվել է բուհական տեղերի 86 %-ը։ Գնահատման և թեստավորման կենտրոնի ամփոփմամբ՝ վերջին հինգ տարիներին բուհեր ընդունվողների թիվը կայուն կերպով աճում է՝ 9․700-ից հասնելով 11․000-ի։

2026-2027 ուսումնական տարում ՀՀ պետական և ոչ պետական բուհերում կսովորի շուրջ 11 հազար առաջին կուրսեցի։ Գնահատման և թեստավորման կենտրոնի ամփոփմամբ՝ դիմորդների թվով առաջատարը Երևանի պետական համալսարանն է, ապա տնտեսագիտականն ու պոլիտեխնիկականը:

Անցյալ տարվա համեմատ անփոփոխ է մնացել ամենապահանջված մասնագիտությունների տասնյակը։ Բժշկականի «ստոմատոլոգիա», ԵՊՀ–ի «տնտեսագիտություն» և «իրավագիտություն» մասնագիտություններում 1 տեղի համար 3 դիմորդ է մրցել՝ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ասում է Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը․ «Ամենամեծ մրցույթը գրանցվել է Երևանի պետական բժշկական համալսարանում, որտեղ 3 դիմորդ պայքարել է 1 տեղի համար։ 7 անվճար և 100 վճարովի տեղի համար պայքարում էր 318 դիմորդ Հաջորդը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն է»։

Ընդունելության քննությունների հիմնական և լրացուցիչ փուլերից հետո չի համալրվել բուհական տեղերի շուրջ 14 %–ը։ Թափուր է մնացել շուրջ 3․000 տեղ, որոնցից 140-ը՝ անվճար։ Այս առումով առաջատարը դարձյալ Ագրարային համալսարանն է։ Բայց կան նաև ռազմավարական ու արդյունաբերական նշանակություն ունեցող ոլորտներ, որոնք դիմորդներ չեն ունեցել․  «Պետական 13 բուհում և մասնաճյուղում 37 մասնագիտությամբ երկու փուլերից հետո առաջին կուրսեցի չկա։ Օրինակ՝ Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղի մետալուրգիան, որտեղ արդյունաբերական հսկաներ կան, ուսանող չունի։ Իսկ 11 բուհերի 33 մասնագիտություններով ընդունվել է ընդամենը մեկական ուսանող»։

Դիմորդներն իրենց նախասիրություննե՞րը, թե՞ աշխատաշուկայի պահանջարկը հաշվի առնելով են մասնագիտություն և բուհ ընտրել․ 

«Ծրագրավորողը ունի ազատություն աշխատելու տարբեր երկրներից, և հիմա կա պահանջարկ հենց այդ մասնագիտությունների համար»։

«Ավարտել եմ 16 ավագ դպրոցը, ընդունվում եմ Ժողինստիտուտ՝ Տնտեսագիտական համալսարան, Զբոսաշրջության բաժին»։

«Դիմել եմ ԵՊՀ՝ ռոմանոգերմանական բաժին, անգլերեն և գրականություն։ Հունվարինը իմ ցանկացածից բավականին ցածր ստացվեց, այդ պատճառով լրացուցիչ փուլին մասնակցեցի»։

Վիճակագրությունն այդուհանդերձ փաստում է, որ աշխատաշուկայի պահանջների և դիմորդների նախասիրությունների միջև խզումը պահպանվում է. մինչ բժշկականն ու իրավագիտականը գերբեռնված են, ռազմավարական նշանակություն ունեցող ճարտարագիտական ու ագրարային ոլորտները շարունակում են կադրերի պակաս զգալ:

armradio



Երեք նախարարություն կանվանափոխվի․ Կառավարությունը նախագիծ է ներկայացրել


Հայաստան


ՀՀ կառավարությունը խորհրդարան կներկայացնի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծ՝ առաջարկելով փոփոխել երեք նախարարության անուն։ Մասնավորապես.

  • Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կկոչվի Աշխատանքի և բարեկեցության նախարարություն,
  • Արտաքին գործերի նախարարությունը՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն,
  • Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն։

Որոշման նախագիծն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։




Միչիգանում դեմոկրատների փրայմերիզում հաղթել է եգիպտական ծագմամբ թեկնածու Աբդուլ Էլ-Սայեդը

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության պրոգրեսիվ թեւի ներկայացուցիչ Աբդուլ Էլ-Սայեդը, որը կոչ է անում դադարեցնել Իսրայելին ռազմական օգնությունը, հաղթել է Միչիգան նահանգի նախնական ընտրություններում եւ դարձել կուսակցության թեկնածուն ԱՄՆ Սենատի նոյեմբերյան ընտրություններում, հայտնում է BBC- ին։

Էլ-Սայեդը փոքր առավելությամբ առաջ է անցել փորձառու քաղաքական գործիչ Հեյլի Սթիվենսից, որին աջակցում էր կուսակցական վերնախավը։ «Մենք պարտավոր ենք միավորվել, եւ մենք դա կանենք։ Մենք կմիավորվենք, որպեսզի վերադարձնենք այս երկիրը»,- հայտարարել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Էլ-Սայեդը հանդես է գալիս ներգաղթի եւ մաքսային վերահսկողության ծառայությունը` ICE-ը վերացնելու, Իսրայելին ռազմական օգնության դադարեցնելու եւ բոլոր ամերիկացիներին պետական բժշկական ապահովագրություն` Medicare տալու օգտին։

Միաժամանակ` քաղաքական գործիչն աջակցում է Ուկրաինային հետագա օգնության տրամադրմանը՝ Ռուսաստանի ագրեսիային դիմակայելու հարցում։

Միչիգանում Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցությունների կողմնակիցների թիվը մոտավորապես համադրելի է, իսկ անկախ ընտրողները բավականին շատ են։ Հենց այդ պատճառով Միչիգանը համարվում է ընտրություններում առանցքային «տատանվող» նահանգներից մեկը։

Դեմոկրատական վերնախավը մտահոգված է, որ թեկնածուն, որի դիրքորոշումները կարող են հեռացնել չափավոր դեմոկրատների եւ անկախ ընտրողների մի մասին եւ Սենատի ընտրություններում հանրապետական Մայք Ռոջերսին հաղթելու հնարավորություն տալ։

Ատեստավորման գործընթաց է, չի հաղթահարում մարդը, պետք է ասենք՝ վերջ, էլ չպետք է աշխատի դպրոցում. վարչապետ


Գիտություն


Մոտ 3 200 դիմորդ այս տարվա ընդունելության քննություններին ստացել է անբավարար գնահատական: Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալներով՝ նախորդ տարի անբավարար գնահատական ստացածների թիվը շուրջ 2500 է եղել։ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այս վիճակագրությանը՝ այն համարելով ահազանգ։

«Մենք դանդաղում ենք մեր բարեփոխումների ճանապարհին, որովհետև անընդհատ գնում ենք կոմպրոմիսների, և արդյունքում տուժում են երեխաները։ Մենք պետք է առերեսվենք։ Ատեստավորման գործընթաց է, ինչքա՞ն կարելի է, չի հաղթահարում մարդը, պետք է ասենք՝ վերջ, էլ չպետք է աշխատի դպրոցում, որովհետև իր աշակերտն է, որ գնում, չի կարողանում ընդունելության քննությունը գոնե բավարար ստանա, չենք ասում՝ գերազանց, գոնե՝ բավարար։ 

Որոշումները կայացված են, պետք է շատ հստակ և հատու, վճռական իրականացնենք, և որևէ կասկած չկա, որ դա անում ենք երեխաների շահերից ելնելով»,- ասաց վարչապետը։



Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան


Քաղաքականություն


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը:
 
Վարչապետը Չոլպոն-Ատայում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: