ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ. վարչապետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չոլպոն-Ատա քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։ Վերջինիս, բացի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների վարչապետներից, մասնակցել են նաև Իրանի, Ուզբեկստանի և Կուբայի ներկայացուցիչները։

Մինչ նիստը տեղի է ունեցել վարչապետների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը։

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է․

«Կառավարությունների հարգելի՛ ղեկավարներ,
Նիստի հարգելի՛ մասնակիցներ,

Նախ և առաջ թույլ տվեք անկեղծ շնորհակալություն հայտնել Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահ Ադիլբեկ Կասիմալիևին՝ ավանդական ջերմ ընդունելության և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կազմակերպման բարձր մակարդակի համար։

Ցանկանում եմ ողջունել Իրանի Իսլամական Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության և Կուբայի Հանրապետության հարգարժան ներկայացուցիչներին։

Հայաստանի Հանրապետության համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համագործակցության ամրապնդումը շարունակում է մնալ արտաքին քաղաքականության և արտաքին տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից մեկը։

Այս մոտեցումն իր արտացոլումը կգտնի նաև նոր Կառավարության ծրագրում, որի ղեկավարումն ինձ է վստահվել։

Միևնույն ժամանակ, կցանկանայի ընդգծել, որ Հայաստանը հետևողականորեն հանդես է գալիս Եվրասիական տնտեսական միության հիմքում ընկած սկզբունքներին հավատարմության օգտին։

Եվրասիական տնտեսական միության հիմնարար սկզբունքներից մեկն ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումն է։

Ցավոք, գործնականում այս սկզբունքները լիարժեք չեն իրագործվում։

Առանձին սահմանափակումներ և վարչական միջոցներ շարունակում են խոչընդոտել ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությանը՝ նվազեցնելով գործարարության պայմանների կանխատեսելիությունը և ինտեգրման գործընթացների արդյունավետությունը։

Հայաստանի Հանրապետությունն անշեղորեն ապահովում է առավելագույնս բարենպաստ, հավասար և ոչ խտրական պայմաններ ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների տնտեսվարողների գործունեության համար։ Մենք հետևողականորեն ելնում ենք այն սկզբունքից, որ համանման մոտեցում պետք է կիրառվի Եվրասիական տնտեսական միության ողջ տարածքում։

Հենց այդ պատճառով սկզբունքորեն կարևոր ենք համարում, որպեսզի ցանկացած միջոցառում, որը կարող է ազդել անդամ պետությունների ապրանքների և ծառայությունների՝ ընդհանուր շուկա մուտքի վրա, ընդունվի բացառապես ԵԱՏՄ իրավունքին համապատասխան, համաձայնեցված ընթացակարգերի հիման վրա և իրավասու մարմինների միջև կառուցողական փոխգործակցության շրջանակում։

Նման հարցերի անտեսումը կարող է ոչ միայն արգելակել Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացումը, այլև բացասաբար ազդել դրա նկատմամբ մեր երկրների քաղաքացիների և գործարար համայնքի վերաբերմունքի վրա։

Ի վերջո, նման խնդիրները դադարում են առանձին անդամ պետության խնդիրները լինելուց։ Դրանք դառնում են ամբողջ միավորման ընդհանուր խնդիրը։

Հենց այդ պատճառով մեզ անհրաժեշտ է ժամանակին վերացնել առաջացող խոչընդոտները, կանխել ԵԱՏՄ-ի ներսում առևտրատնտեսական հարաբերությունների անկումը, նվազագույնի հասցնել հեղինակությանն առնչվող գործարար ռիսկերը, ինչպես նաև հետևողականորեն ամրապնդել փոխադարձ վստահությունը։

Հարկ է նաև ընդունել, որ մի շարք ուղղություններով ԵԱՏՄ-ի սահմանած ռազմավարական նպատակները դեռևս ամբողջությամբ չեն իրագործվել։ Սա նշանակում է, որ այսօր մեզ անհրաժեշտ է կենտրոնանալ ոչ միայն նոր նախաձեռնությունների քննարկման, այլև արդեն ընդունված որոշումների գործնական իրականացման, համաձայնեցման ընթացակարգերի արագացման և ԵԱՏՄ ինստիտուտների աշխատանքի արդյունավետության բարձրացման վրա։

Հարգելի՛ գործընկերներ,

Կցանկանայի անդրադառնալ նաև այն օբյեկտիվ տնտեսական ցուցանիշներին, որոնք համոզիչ կերպով վկայում են, որ Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հիմնված է փոխադարձ պարտավորությունների կատարման, այլ ոչ թե միակողմանի առավելություններ ստանալու վրա։

2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ ներմուծման մաքսատուրքերի ընդհանուր բյուջե է փոխանցել շուրջ 319 միլիոն ԱՄՆ դոլար, մինչդեռ Հայաստանի օգտին բաշխված միջոցների ծավալը կազմել է շուրջ 175 միլիոն ԱՄՆ դոլար։

Այսպիսով, Հայաստանը Միության ընդհանուր բյուջե է փոխանցել զգալիորեն ավելի շատ միջոցներ, քան ստացել է, ինչը մեր պատասխանատու դիրքորոշման և ԵԱՏՄ շրջանակում պարտավորությունների բարեխիղճ կատարման անմիջական հաստատումն է։

Պակաս խոսուն չէ նաև փոխադարձ առևտրի դինամիկան։

2025 թվականի արդյունքներով՝ ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումը կազմել է շուրջ 5 միլիարդ ԱՄՆ դոլար, մինչդեռ նույն ժամանակահատվածում հայկական արտադրանքի արտահանումը Միության շուկա կազմել է շուրջ 3,2 միլիարդ ԱՄՆ դոլար։

Այս թվերը ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն ԵԱՏՄ ընդհանուր շուկայի մասնակից է, այլև Միության անդամ պետություններում արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների կարևոր սպառող։

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանի Հանրապետությունն ի գիտություն է ընդունել ԵԱՏՄ անդամ չորս պետությունների ղեկավարների՝ 2026 թվականի մայիսի 29-ի հայտարարությունը, որում աջակցություն էր հայտնվել Հայաստանում Եվրոպական միությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարին։

Ինչպես գիտեք, 2025 թվականին Հայաստանում ընդունվել է «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։ Նման օրենքի ընդունման ռազմավարական նպատակը մեր երկրի համար այլընտրանք ստեղծելն է։

Մենք հասկանում ենք, որ Եվրասիական տնտեսական միությանը և Եվրոպական միությանը միաժամանակյա անդամակցությունն անհնար է։

Սակայն նշված օրենքի ընդունման փաստն ինքնին չի նշանակում, որ Հայաստանն այսօր ԵՄ անդամ դառնալու հնարավորություն ունի։ Երբ ապագայում Հայաստանը որակապես պատրաստ լինի ԵՄ-ին անդամակցությանը, դա նույնպես չի նշանակի, որ մեր երկիրն ինքնաբերաբար կդառնա ԵՄ անդամ։ Դրա համար դեռևս անհրաժեշտ կլինի ԵՄ անդամ պետությունների համաձայնությունը և Հայաստանի քաղաքացիների հավանությունը։

Մյուս կողմից, ակնհայտ է, որ անհնար է այս հարցը ներկայացնել Հայաստանի քաղաքացիների որոշմանը՝ առանց նախնական ինստիտուցիոնալ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու։ Եվ նույնիսկ դրանից հետո անհրաժեշտ կլինի Եվրոպական միությանն անդամակցելու պաշտոնական հայտով դիմել ԵՄ-ին։

Դրանից հետո անհրաժեշտ կլինի նաև ստանալ ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ։

Առանց թվարկված փուլերից առնվազն մեծ մասն անցնելու՝ նշված հարցով հանրաքվեի անցկացումը կլինի բովանդակազուրկ և կնշանակի, որ մենք մեր քաղաքացիներից ակնկալում ենք պատասխան մի հարցի, որն այս պահին պարզապես գոյություն չունի։

Դա կնշանակի, որ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի քաղաքացիներն ընտրություն կատարեն երկու այլընտրանքի միջև, որոնցից մեկը գոյություն չունի։

Դա անհարգալից կլինի մեր ժողովրդի նկատմամբ և գործնականում՝ ոչ լեգիտիմ։ Ես շնորհակալ եմ ԵԱՏՄ իմ գործընկերներին՝ Հայաստանի, ինչպես և ԵԱՏՄ ցանկացած այլ երկրի՝ տարբեր գործընկերների հետ հարաբերություններ զարգացնելու և սեփական երկրի համար առևտրատնտեսական այլընտրանքներ ստեղծելու լեգիտիմ իրավունքը ճանաչելու համար։

Ավելին, նման մոտեցումն օգտակար եմ համարում ԵԱՏՄ-ի համար, քանի որ հնարավոր այլընտրանքների գոյությունն այն գործոնն է, որը կնպաստի ԵԱՏՄ-ի մրցունակության և գրավչության բարձրացմանը։

Եվ կարծում եմ՝ ոչ ոք չի ժխտի, որ այս առումով մենք ԵԱՏՄ-ի ներսում անելիք ունենք։ Մենք պատրաստ ենք և առաջարկում ենք աշխատել այդ ուղղությամբ։

Մյուս կողմից, պետք է նշեմ, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև ներկայիս փոխհարաբերություններում չկա որևէ իրավական, տնտեսական կամ քաղաքական պարտավորություն, որը հակասում է ԵԱՏՄ-ի ներսում և դրա շրջանակում մեր փոխհարաբերությունների կարգավիճակին։

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանի Հանրապետությունը ելնում է այն սկզբունքից, որ Եվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք։ Մենք համոզված ենք, որ ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ։

Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն հանդես է գալիս Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի հիմնարար սկզբունքների պահպանման, անդամ պետությունների իրավահավասարության և գործնական, փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման օգտին։

ԵԱՏՄ-ն այնքան ավելի գրավիչ կլինի, որքան ավելի հետևողականորեն կպահպանենք մեր իսկ պայմանավորվածությունները և կհարգենք միմյանց ինքնիշխան իրավունքները։

Հենց դրանում ենք տեսնում վստահության, կայունության և երկարաժամկետ հաջողության հիմքը։

Շնորհակալություն ուշադրության համար»։

Նիստի ընթացքում ստորագրվել են քննարկված և ընդունված հարցերի արձանագրությունները։ Դրանք վերաբերում են տրանսպորտի, էլեկտրոնային առևտրի, կրթության ոլորտներում համագործակցությանը և կարգավորումներին։

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները հանդիպում են ունեցել նաև Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ:


Տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը


Տեսանյութեր


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չոլպոն-Ատայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին:

Վարչապետներին դիմավորել է Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ Ադիլբեկ Կասիմալիևը, որից հետո տեղի է ունեցել համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը:

Նիստի սկզբում Ադիլբեկ Կասիմալիևը ողջունել է ներկաներին և շնորհավորել Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի և ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով:

Հաջորդիվ նիստի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում տարբեր ուղղություններով համագործակցությանը վերաբերող հարցեր:



Զբոսաշրջիկների թիվը վեց ամսվա ընթացքում հատել է 1 միլիոնը


Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է այցելել  1 մլն 41 հազար 598 միջազգային զբոսաշրջիկ։Այցելած միջազգային զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 134 հազար 463-ով կամ 14,8 տոկոսով։

Ինչպես նախորդ  տարիներին, այս տարի նույնպես ամենից շատ զբոսաշրջիկ ընդունել ենք Ռուսաստանի Դաշնությունից։ 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ռուսաստանից Հայաստան է ժամանել 416 հազար 743 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 23 տոկոսով ավելի է։ 

Հայաստան այցելած զբոսաշրջիկների առաջատար երկրները կարող եք տեսնել ստորև ներկայացվող ինֆոգրաֆիկայում։

Որ երկրներից է աճել զբոսաշրջային հոսքը

2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստան այցելությունների աճը պայմանավորված է եղել ոչ միայն ավանդական զբոսաշրջային շուկաներով, այլև մի շարք եվրոպական և ասիական երկրներից այցելությունների ավելացմամբ։

Եվրոպական ուղղություններից առավել նկատելի աճ է գրանցվել Իտալիայից և Գերմանիայից։ Իտալիայից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը մեկ տարվա ընթացքում աճել է 47,1 տոկոսով՝ 8 հազար 385-ից հասնելով 12 հազար 336-ի։ Գերմանիայից ժամանումները ևս զգալիորեն ավելացել են՝ 41,5 տոկոսով, կազմելով 17 հազար 487՝ նախորդ տարվա 12 հազար 361-ի փոխարեն։

Աճ է գրանցվել նաև Ուկրաինայից ժամանող զբոսաշրջիկների թվի մեջ։ Եթե 2025 թվականի հունվար-հունիսին Ուկրաինայից Հայաստան էր այցելել 11 հազար 484 զբոսաշրջիկ, ապա 2026 թվականի նույն ժամանակահատվածում այդ թիվը հասել է 15 հազար 725-ի՝ ավելանալով 36,9 տոկոսով։

Հայաստանի հարևան երկրներից պահպանվել է զբոսաշրջային հոսքի աճը հատկապես Վրաստանից և Իրանից։ Վրաստանից այցելությունների թիվը մեկ տարվա ընթացքում աճել է 17,2 տոկոսով՝ 128 հազար 240-ից հասնելով 150 հազար 322-ի։ Իրանից ժամանած զբոսաշրջիկների թիվը նույնպես ավելացել է՝ 4 տոկոսով, հասնելով 81 հազար 180-ի։

Միաժամանակ աճել է նաև Չինաստանից Հայաստան այցելությունների թիվը։ 2026 թվականի առաջին վեց ամիսներին Չինաստանից Հայաստան է ժամանել 17 հազար 733 զբոսաշրջիկ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 15 հազար 582։ Աճըկազմել է 13,8 տոկոս։

Ընդհանուր պատկերը ցույց է տալիս, որ Հայաստանի զբոսաշրջային շուկան շարունակում է մեծապես կախված մնալ տարածաշրջանային ուղղություններից, սակայն միաժամանակ նկատվում է եվրոպական և ասիական մի շարք շուկաների ակտիվացում։

 


Տավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք


Տեսանյութեր


Օրերս համացանցում մի տեսանյութ էր շրջանառվում, որտեղ երևում էր, թե ինչպես է «Նիվայի» վարորդը անկանոն մեքենան վարում՝ ստեղծելով իրական վտանգ եթևեկության մյուս մասնակիցների համար։

Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է վարորդի ինքնությունը։

Օտարերկրյա համարանիշերով մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։



Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը պաշտպանական համաձայնագիր կստորագրեն. AFP

Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանն օգոստոսի 7-ին Ջիդդայում կստորագրեն համատեղ պաշտպանական համաձայնագիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին AFP գործակալությանը հայտնել են Սաուդյան Արաբիայի զինվորականներին և կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները։

Գործակալությունը նշում է, որ տարածաշրջանային տերությունները ձգտում են ամրապնդել անվտանգության կապերն Իրանի շուրջ պատերազմի ֆոնին, որը ներգրավել է Պարսից ծոցի երկրները և խաթարել նավագնացությունը Հորմուզի նեղուցով և Կարմիր ծովով։

Կարմիր ծովի ափին գտնվող Ջիդդայում նախատեսվում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հետ։

Շարիֆը և Պակիստանի բանակի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրը թագավորություն են ժամանել օգոստոսի 6-ին։ Այցը պետք է տևի մինչև օգոստոսի 8-ը։ Ըստ Թուրքիայի նախագահի գրասենյակի՝ Էրդողանի այցը սպասվում է օգոստոսի 7-ին։

Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այցը տեղի է ունենալու օգոստոսի 6-ից 8-ը։

Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան


Բիզնես


ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն Հայաստանի հյուրանոցների ասոցիացիային ընտրել է որպես հյուրանոցային տնտեսությունների որակավորում տրամադրող կազմակերպություն, հայտնում են ասոցիացիային։

«Ասոցիացիան հյուրանոցների և այլ հյուրանոցային տնտեսությունների օբյեկտների  որակավորման գործընթացը իրականացնելու է եվրոպական ստանդարտների հիման վրա՝ աշխարհահռչակ Hotelstars Union համաեվրոպական հյուրանոցային աստղեր տրամադրող կառույցի չափանիշների կիրառմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Hotelstars Union-ի նախագահ Մարկուս Լյութեն շնորհավորել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիային՝ մրցույթում հաղթելու համար։

«Hotelstars համակարգի ներդրումը Հայաստանում կարևոր քայլ է կացության ոլորտում առավել մեծ թափանցիկության, համադրելիության և հյուրերի վստահության ամրապնդման ուղղությամբ։ Հյուրանոցների համար այն ապահովում է որակի միջազգայնորեն ճանաչված չափանիշ, շուկայում ավելի բարձր տեսանելիություն և ավելի հստակ դիրքավորում միջազգային զբոսաշրջության՝ օրեցօր ավելի մրցակցային շուկայում»,- ընդգծել է Hotelstars Union-ի նախագահը։

Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան կոչ է անում բոլոր հյուրանոցներին ուղիղ կապ հաստատել Ասոցիացիայի հետ և ստանալ ամբողջական տեղեկություն սպասվելիք բարեփոխման վերաբերյալ՝ ուղարկելով նամակ [email protected] էլ. հասցեին:   



2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ


Հայաստան


2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Քննչական կոմիտեի վարույթում ընտանեկան բռնութ­յան դեպքերի վերաբերյալ քննվել է 1794 քրեական վարույթ (2025-ին՝ 1482), որից 712-ը փոխանցվել են 2025 թվականից, իսկ 1082-ը վարույթ են ընդունվել 2026 թվականի ընթացքում: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

204 քրեական վարույթ՝ 213 անձի  վերաբերյալ մե­ղադրա­­կան եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2025-ին՝ 157 վարույթ՝ 165 անձի վերաբերյալ), 6 բժշկական հարկադրանքի վարույթ դատարան է ուղարկվել եզրափակիչ ակտով (2025-ին՝ 5), 345 քրեական վարույթ կարճվել է (2025-ին՝ 390), որից 323-ը` ռեաբիլիտացնող (2025-ին՝ 356), իսկ 22-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2025-ին՝ 34), 205-ը` միացվել է (2025-ին՝ 134), 26 քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմին (2025-ին՝ 30), 54-ը հաշվառվել են որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2025-ին՝ 38), 954-ը փոխանցվել են 2026 թվական (2025-ին՝ 728):

Դատարան ուղարկված 200 վարույթից 1-ը քննվել է սպա­նության, 1-ը՝ սպանության փորձի, 1-ը՝ ինքնասպանության հասցնելու, 2-ը` առող­ջութ­յանը ծանր վնաս պատճառելու, 6-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճա­ռելու, 18-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 1-ը՝ մարդուն առևանգելու, 2-ը՝ ա­զա­տությունից ապօրինի զրկելու, 11-ը՝ հոգեկան ներգործության, 124-ը՝ ֆիզիկական ներ­գործության, 8-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված,  2-ը՝ ծնողի կամ այլ մեր­ձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու, 1-ը՝ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կա­տա­րելու, 1-ը՝ ալիմենտ վճարելուց խուսափելու, 11-ը՝ անհետաձգելի միջամտության որո­շու­մը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, 10-ը՝ այլ հան­ցա­գործությունների դեպ­քե­րի առթիվ:

Դատարան ուղարկված վարույթներով 213 մեղադրյալից 150-ը հանդիսացել են ամուսին, 20-ը՝ զուգընկեր, 15-ը՝ ծնող, տատ կամ պապ, 5-ը՝ քույր կամ եղբայր, 16-ը՝ զա­վակ կամ թոռ, 1-ը՝ ամուսնու քույր կամ ամուսնու եղբայր, 6-ը՝ փեսա կամ հարս:

Դատարան ուղարկված վարույթներով 213 տուժողից 13-ը եղել են մինչև 12, 3-ը՝ 13-14, 5-ը՝ 15-18 տարեկան, 192-ը՝ 18-ից բարձր տարիքի:



Յան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին»

Յան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին»։ Իտալական ակումբը հայտարարել է 24-ամյա պաշտպանի վարձակալության մասին։

 
Sky Sport-ի լրագրող Պատրիկ

Թրամփը երկրորդ անգամ է փորձում սահմանափակել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ծննդյան իրավունքը


Աշխարհ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ է փորձում սահմանափակել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ծննդյան իրավունքը՝ ստորագրելով երկու նոր գործադիր հրամանագիր։ Դա տեղի է ունեցել ընդամենը մեկ ամիս անց այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը հակասահմանադրական էր ճանաչել այս իրավունքը սահմանափակելու նրա առաջին նախաձեռնությունը։

Հրամանագրերից մեկը ընդլայնում է այն բացառությունների ցանկը, որոնց դեպքում ԱՄՆ-ում ծնված երեխաները չեն ստանա երկրի քաղաքացիություն, եթե նրանց ծնողները ԱՄՆ քաղաքացիներ չեն։ Նոր սահմանափակումները վերաբերում են այն դեպքերին, երբ ծնողներից առնվազն մեկը համարվում է ահաբեկչական կազմակերպության անդամ, փորձել է խարդախությամբ ստանալ ԱՄՆ քաղաքացիություն կամ աշխատում է օտարերկրյա պետության պաշտոնական ներկայացուցչությունում, այդ թվում՝ դիվանագիտական ծառայությունում։

Երկրորդ հրամանագիրը վերաբերում է այսպես կոչված «ծննդաբերական տուրիզմին»։ Խոսքը այն դեպքերի մասին է, երբ հղի օտարերկրացիները հատուկ մեկնում են ԱՄՆ՝ այնտեղ ծննդաբերելու նպատակով, որպեսզի երեխան ԱՄՆ-ում ծնվելու հիմքով ավտոմատ ստանա երկրի քաղաքացիություն։ ԱՄՆ-ն այն սակավաթիվ երկրներից է, որտեղ քաղաքացիություն կարելի է ստանալ հենց ծնվելու վայրի հիման վրա։

«Սա պետք է արվեր տարիներ առաջ, բայց մենք լուծում ենք այդ հարցը հիմա»,– հայտարարել է Թրամփը։ Նրա խոսքով՝ վարչակազմը քայլեր է ձեռնարկում «չարամիտ օտարերկրյա անձանց» դեմ, որոնք, ըստ նրա, փորձում են շահարկել ԱՄՆ-ի ներգաղթային համակարգն ու օգտվել երկրի առատաձեռնությունից։



Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊ


Հայաստան


Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, իր տարեկան զեկույցներում և հրապարակային հայտարարություններում բազմիցս անդրադարձել է ձերբակալված կամ կալանավորված անձանց՝ դատարանների խցերում պահելու գործընթացի կարգավորումներին և պահման պայմաններին առնչվող խնդիրներին։ Հարցի կարգավորման նպատակով Պաշտպանի նախաձեռնությամբ նաև բազմիցս կազմակերպվել են քննարկումներ։
 
«Մշտադիտարկման այցերի, ինչպես նաև Պաշտպանին հասցեագրված անհատական բողոքների արդյունքում ստացված տեղեկությունների համադրման և վերլուծության հիման վրա ակնհայտ է, որ տարիներ շարունակ արձանագրվող նշված խնդիրները դեռևս չեն ստացել համապարփակ լուծում, ինչն առանձին դեպքերում հանգեցնում է ազատությունից զրկված անձանց հիմնարար իրավունքների ապահովման հետ կապված խնդիրների։
 
Մասնավորապես, ազատությունից զրկված անձինք երբեմն ստիպված են լինում տևական ժամանակ գտնվել գիշերելու և հանգստի համար համապատասխան պայմաններ չունեցող խցերում։ Այդ ընթացքում նրանք չեն ապահովվում օրգանիզմի կանոնավոր կենսագործունեության համար անհրաժեշտ սննդով և մշտական ընդունման դեղորայքով: 
 
Դատարանների խցերը հիմնականում ապահովված չեն նյութական անհրաժեշտ հագեցվածությամբ։ 
 
Դատարանի խցերում պահվող ազատությունից զրկված անձանց՝ հանձնուքների ընդունման ընթացակարգի և միասնական իրավակարգավորումերի բացակայությունը հանգեցնում են ազատությունից զրկված անձանց առաջին անհրաժեշտության իրերով և սննդով ապահովելու, ինչպես նաև դրանց ընդունումը պատշաճ կազմակերպելու և վերահսկելու հետ կապված գործնական խնդիրների։ 
 
Մարդու իրավունքների պաշտպանը այս հանգամանքը մտահոգիչ է համարում և ընդգծում է, որ դա կարող է հանգեցնել ազատությունից զրկված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի:
 
Համապատասխան իրավական կարգավորումների բացակայությամբ պայմանավորված՝ գործնականում հաճախ խնդիրներ են առաջանում՝ կապված այն հարցի հետ, թե ո՞ր պետական մարմնի պարտականությունն է ազատությունից զրկված անձանց դատարանի խցերում տեղաբաշխելը, պահման բավարար պայմաններ, ներառյալ՝ պատշաճ սնունդ, բուժօգնություն, ինչպես նաև դատարանի շենքում վերջիններիս անվտանգությունն ու իրավաբանական խորհրդատվությունը կոնֆիդենցիալ եղանակով ապահովելը:
 
Արդյունքում՝ ոլորտին առնչվող օրենսդրական բացերը և հստակ ընթացակարգային մեխանիզմների բացակայությունը շարունակում են հանգեցնել ազատությունից զրկված անձանց իրավունքների տարաբնույթ խախտումների։
 
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ պետք է օրենսդրությամբ պատշաճ և հստակ կարգավորում ստանան ազատությունից զրկված անձանց դատարանի խցերում տեղաբաշխելու, պարտադիր կենցաղային գույքով, պահման բավարար պայմաններով, ներառյալ՝ պատշաճ սնունդ և բուժօգնություն ապահովելու, ինչպես նաև դատարանի շենքում վերջիններիս անվտանգությունն ու իրավաբանական խորհրդատվության կազմակերպումն ապահովելու հարցերը՝ բացառելով նշված խնդրի լուծմանն ուղղված տարբերակված և հայեցողական մոտեցումները։
 
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է հարցի առնչությամբ համակարգային լուծումներ գտնելու անհրաժեշտությունը՝ ակնկալելով սեղմ ժամկետներում պետական իրավասու մարմինների արձագանքը ինչպես ոլորտում առկա օրենսդրական բացերը, այնպես էլ գործնական խնդիրները լուծելու ուղղությամբ»,- ասվում է ՄԻՊ հաղորդագրության մեջ։