Եթե նրանք ցանկանում են խոսել, կարող են գալ մեզ մոտ կամ զանգահարել


Քաղաքականություն


Իրանի հետ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ բանակցություններ վարելու համար ԱՄՆ պաշտոնյաներն այլևս չեն մեկնի Պակիստան, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը: Կիրակի Fox News հեռուստաալիքով հեռարձակված The Sunday Briefing ծրագրի հաղորդավարների հետ հեռախոսազրույցում ամերիկացի ղեկավարը նման որոշումը հիմնավորել է Իրանի հետ պատերազմում ԱՄՆ-ի գերազանցությամբ:

«Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքին են: Եթե նրանք ցանկանում են խոսել, կարող են գալ մեզ մոտ կամ զանգահարել: Մենք հեռախոս ունենք և լավ, անվտանգ կապուղիներ, թեև, անկեղծ ասած, վստահ չեմ, որ որևէ հեռախոսագիծ կարող է լիովին անվտանգ լինել, բայց մենք ունենք պաշտպանված գծեր»,- ասել է Թրամփը:  

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Պակիստան բանակցողներ ուղարկելը ժամանակատար է: «Եթե նրանք ցանկանան, մենք կարող ենք խոսել, բայց չենք պատրաստվում մարդկանց ուղարկել 18-ժամյա ուղևորության՝ հանդիպելու համար»,- եզրափակել է Թրամփը։

Մեկ օր առաջ ԱՄՆ նախագահը չեղյալ էր հայտարարել իր բանակցողներ Սթիվեն Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների արդեն հայտարարված այցն Իսլամաբադ, որտեղ ապրիլի վերջին պետք է տեղի ունենար Իրանի հետ բանակցությունների հաջորդ փուլը։



Հավատարմագրվել է դիտորդական առաքելություն իրականացնող 3 կազմակերպություն


Քաղաքականություն


ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 27-ի արտահերթ նիստում բավարարել է դիտորդական առաքելություն իրականացնող երեք կազմակերպության դիմում։ 

ԿԸՀ-ից հայտնում են, որ այդ կազմակերպություններն են՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, «Արժանապատիվ սպա» իրավասոցիալական հասարակական կազմակերպությունը, «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման հասարակական կազմակերպությունը։

Այսպիսով, վերոնշյալ երեք կազմակերպությունները հավատարմագրվել են ԱԺ հերթական ընտրությունները դիտարկելու համար։ ԿԸՀ-ն ընդհանուր առմամբ հավատարմագրել է 12 տեղական դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություն և մեկ միջազգային կազմակերպություն՝ Միջազգային հանրապետական ինստիտուտ (IRI)։ Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները կարող են հավատարմագրման հայտ ուղարկել ԿԸՀ մինչ մայիսի 3-ը։ Վերջնաժամկետից հետո ինքնաշխատ համակարգը փակվելու է։



Ֆոն դեր Լայենը բացառում է Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցների վերացումը


Քաղաքականություն


Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի կարծիքով՝ նպատակահարմար չէ մոտ ապագայում Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցների վերացումը: «Կարծում ենք, որ պատժամիջոցների վերացումը վաղաժամ է»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի  նախագահը:

Նա հիշեցրել է, որ Թեհրանի դեմ եվրոպական պատժամիջոցների պատճառը կառավարության «գործողություններն են սեփական բնակչության դեմ», և նշել է, որ միայն 2026 թվականի սկզբից ի վեր «Իրանի իշխանությունները սպանել են մոտավորապես 17000 քննադատաբար տրամադրված երիտասարդի: Մարդու իրավունքները, մասնավորապես կանանց իրավունքները, ճնշվում են Իրանում»,- ընդգծել է Եվրահանձնաժողովի նախագահը:

«Մինչև պատժամիջոցների վերացումը մենք պետք է տեսնենք փոփոխություններ՝ հիմնարար փոփոխություններ Իրանում»,- հավելել է նա:

Ավելի վաղ Ուրսուլա ֆոն դեր Լայենի կուսակից, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը առաջարկել էր, որ ԵՄ-ն վերացնի Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները՝ պայմանով, որ այն «համապարփակ» համաձայնության կգա Միացյալ Նահանգների հետ, որը շարունակում է իր ռազմական գործողություններն Իրանի դեմ:



ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը


ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 4-ի արտահերթ նիստում սահմանել է Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային տեսալսողական հեռարձակողի և հանրային լսողական հեռարձակողի, ինչպես նաև  Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող մյուս հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը։

Նախընտրական քարոզչության ժամանակ հանրային տեսալսողական հեռարձակողի կողմից եթերաժամ տրամադրվում է հավասար պայմաններով՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխան։

Հանրային հեռարձակողները պարտավոր են ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար ապահովել ոչ խտրական պայմաններ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցող կուսակցությանը նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով Հանրային հեռարձակողի «Առաջին ալիք» և «Առաջինի լրատվական ալիք» ծրագրերից յուրաքանչյուրով տրամադրվում է ոչ ավելի, քան 90 րոպե անվճար և ոչ ավելի, քան 120 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝

1) անվճար հիմունքներով՝

ա) 2026 թ. մայիսի 8-ից մինչև 2026 թ. հունիսի 2-ը ներառյալ (26 օր)՝ օրը 3-ական րոպե,

բ) 2026 թ. հունիսի 3-ից մինչև 2026 թ. հունիսի 5-ը ներառյալ (3 օր)՝ օրը 4-ական րոպե,

2) վճարովի հիմունքներով՝

ա) 2026 թ. մայիսի 8-ից մինչև 2026 թ. հունիսի 1-ը ներառյալ (25 օր)՝ օրը 4-ական րոպե,

բ) 2026 թ. հունիսի 2-ից մինչև 2026 թ. հունիսի 5-ը ներառյալ (4 օր)՝ օրը 5-ական րոպե:

Սահմանված եթերաժամերը տրամադրվում են ժամը 18:00-ից՝ ժամանակացույցին համապատասխան։

Հայաստանի հանրային հեռուստաընկերության անվճար և վճարովի եթերաժամերի ժամանակ ապահովվում է հայերեն ժեստերի լեզվով թարգմանություն։ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերով նախընտրական քարոզչության հետ կապված տեսալսողական հաղորդումների տեսագրություններն ապահովվում են հայերեն ենթագրերով։

ԱԺ հերթական ընտրություններին մասնակցող կուսակցությանը նախընտրական քարոզչություն իրակա­նացնելու նպատակով հանրային հեռարձակողի «Առաջին ծրագիր» լսողական ծրագրով, տրամադրվում է ոչ ավելի, քան 150 րոպե անվճար և ոչ ավելի, քան 180 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝

1) անվճար հիմունքներով՝

ա) 2026 թ. մայիսի 8-ից մինչև 2026 թ. մայիսի 31-ը ներառյալ (24 օր)՝ օրը 5-ական րոպե,

բ) 2026 թ. հունիսի 1-ից մինչև 2026 թ. հունիսի 5-ը ներառյալ (5 օր)՝ օրը 6-ական րոպե,

2) վճարովի հիմունքներով՝

ա) 2026 թ. մայիսի 8-ից մինչև 2026 թ. մայիսի 30-ը ներառյալ (23 օր)՝ օրը 6-ական րոպե,

բ) 2026 թ. մայիսի 31-ից մինչև 2026 թ. հունիսի 5-ը ներառյալ (6 օր)՝ օրը 7-ական րոպե:

Սույն կետով սահմանված եթերաժամը տրամադրվում է ժամը 13:30-ից՝ ժամանակացույցին համապատասխան։

Հանրային հեռուստատեսության կամ հանրային ռադիոյի վճարովի եթերաժամը տրամադրվում է անվճար եթերաժամանակի հետ միաժամանակ՝ անվճար եթերաժամանակի համար սահմանված հերթին համապատասխան:

Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող մյուս հեռարձակողների կողմից՝ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցող կուսակցությանը նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով տրամադրվում է ոչ ավելի, քան 25-ական րոպե անվճար եթերաժամ:

Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող մյուս հեռարձակողների կողմից՝ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցող կուսակցությանը նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով կարող է տրամադրվել վճարովի հիմունքներով եթերաժամանակ:

Նախընտրական քարոզչության ողջ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող հեռարձակողները բոլոր կուսակցությունների համար պետք է ապահովեն հավասար և միատեսակ պայմաններ:


Այսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է, շատ կարևոր հաղորդագրություններ հնչելու են Երևանից. Վահան Կոստանյան


Քաղաքականություն


Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը միախառնելու է խնդիրները, որոնք Հայաստանի համար ազգային կարևորություն ունեն, և այն թեմաները, որոնք ընդհանուր ԵՄ մասշտաբով այս պահին բավականին հետաքրքիր են քննարկումների համար: Այդ մասին «Լուրերի» ուղիղ եթերում ասաց ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ ներկայացնելով, թե ինչ թեմաների շուրջ են ծավալվելու քննարկումները ՀՀ-ում անցկացվող գագաթնաժողովի շրջանակում:

«Հիմնական քննարկումների ուղղությունները լինելու են հիբրիդային վտանգները և ժողովրդավարական դիմակայունությունը, հաղորդակցությունը, կանաչ փոխակերպումը և էներգետիկան»,- ասաց նախարարի տեղակալը:

Հարցին՝ գագաթնաժողովը ինչքանո՞վ է Հայաստանը մոտեցնում ԵՄ-ին, արտգործնախարարը պատասխանեց. «Սա եվրոպական մայրցամաքում տեղի ունեցող հիմնական միջոցառումներից մեկն է, որը տարին երկու անգամ է տեղի ունենում, և այսօր, կարելի է ասել, որ Հայաստանը Եվրոպայի սիրտն է, և հիմնական քաղաքական դեբատը, որը Եվրոպայում տեղի է ունենում, ընդհանուր առմամբ այսօր կենտրոնացած է լինելու Հայաստանում: Շատ կարևոր հաղորդագրություններ հնչելու են Երևանից»:



Հայաստանն ինքնուրույն կկայացնի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ իր որոշումը. Կայա Կալաս


Աշխարհ


Հայաստանը ինքնուրույն կկայացնի Եվրոպական միությանը անդամակցության վերաբերյալ իր որոշումը, պատասխանելով ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարի մասին լրագրողների հարցին, ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

Նա նշել է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում իր ապագան ու արտաքին քաղաքական ուղղությունը։

Կալասն ընդգծել է, որ Եվրամիությունը սատարում է Հայաստանի ժողովրդավարական ընտրությանը և պատրաստ է օգնել երկրին դիմակայել արտաքին միջամտություններին ու ճնշումներին։

Կալասն ավելի վաղ հայտարարել էր, որ 2026թ. սպասվող ընտրություններին ընդառաջ ԵՄ-ն փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ աջակցելու հնարավոր ապատեղեկատվությանն ու միջամտություններին դիմակայելու հարցում։



Մաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն, որը կլինի կայուն, համապարփակ, տևական. Զելենսկի


Աշխարհ


Մենք մաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն, որը, իհարկե, կլինի կայուն, համապարփակ, տևական: Այդ մասին Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում՝ իր ելույթի ժամանակ, ասաց Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ խոսքն ուղղելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և տեսակապով գագաթնաժողովին միացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

«Չափազանց մեծ թվով երկրներ են այսօր ներկայացված, և շատ կարևոր է, որ Հայաստանն այսօր հանդես է գալիս բոլոր եվրոպացիների հետ միասին:

Առաջին անգամ է, որ 24 տարվա ընթացքում Ուկրաինայի նախագահն այց է կատարում [Հայաստան], և սա նշանակալի փաստ է: Սա ցույց է տալիս մեր միասնականության մասշտաբը, նրանց, ովքեր կարևորում են կյանքը»,- հայտարարեց Զելենսկին:



Բողոքի ակցիա՝ ԵՔՀ գագաթնաժողովին զուգահեռ


2026 թվականի մայիսի 4-ին Երևանում մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին զուգահեռ տեղի է ունեցել արցախցիների բողոքի ակցիան:  

Արցախի տեղեկատվական շտաբի կոչով կազմակերպված ակցիայի հիմնական նպատակն էր եվրոպական առաջնորդների ուշադրությունը հրավիրել Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անհապաղ ազատ արձակման խնդրի, ինչպես նաև Արցախի մշակութային ժառանգության պահպանության վրա:

Բողոքի ակցիան ընթացել է այն ժամանակ, երբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հավաքվել էին Եվրոպայի շուրջ 50 երկրների և կառավարությունների ղեկավարներ:

Ակցիայի մասնակիցները պաստառներով են «դիմավորել» պատվիրակություններին։



Բողոքի ակցիա՝ ԵՔՀ գագաթնաժողովին զուգահեռ


2026 թվականի մայիսի 4-ին Երևանում մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին զուգահեռ տեղի է ունեցել արցախցիների բողոքի ակցիան:  

Արցախի տեղեկատվական շտաբի կոչով կազմակերպված ակցիայի հիմնական նպատակն էր եվրոպական առաջնորդների ուշադրությունը հրավիրել Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անհապաղ ազատ արձակման խնդրի, ինչպես նաև Արցախի մշակութային ժառանգության պահպանության վրա:

Բողոքի ակցիան ընթացել է այն ժամանակ, երբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հավաքվել էին Եվրոպայի շուրջ 50 երկրների և կառավարությունների ղեկավարներ:

Ակցիայի մասնակիցները պաստառներով են «դիմավորել» պատվիրակություններին։



Սպասվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանը նախ կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա


Հայաստան


Մայիսի 4-ի ցերեկը, 5-7-ը ժամանակ առ ժամանակ, 8-ի և 9-ի ցերեկային ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Մայիսի 8-ի և 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 5-6-ը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, մայիսի 7-9-ը աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևանում մայիսի 4-ին կեսօրից հետո, 5-7-ը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Մայիսի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։