Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել


Սպորտ


Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում:

Հենացատկի վարժության եզրափակչում նա 14.583 միավոր է հավաքել:

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը երեկ ոսկե մեդալ էր նվաճել աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում: Նժույգթափեր վարժության եզրափակչում Մանուկյանը 14,733 միավոր էր վաստակել և զբաղեցրել առաջին տեղը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում. Եզրափակչում նա հավաքել էր 14.133 միավոր և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին: Ընդ որում, Արթուր Ավետիսյանը դարձել է 2026 թվականի օղակներ մարզագործիքի աշխարհի բացարձակ գավաթակիր:




Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը


Հայաստան


Ապրիլի 6-ից 12-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 513 դեպք, որից 181-ը՝ արտակարգ: 

Մասնավորապես՝ հրդեհի՝ 104, փլուզման, պայթյունի, երկաթգծի ուղիներին պատահարի, ուժեղ քամու, ձնաբքի, տեղատարափ անձրևի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, քարաթափման՝ 7, մերկասառույցի, սողանքի՝ 4-ական, առատ ձյան, դժբախտ պատահարի, օձի հայտնաբերման՝ 3-ական, թունավորման՝ 5, կեղծ ահազանգի՝ 6, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 46, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 123, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 29, հրդեհի կեղծ կանչի՝ 36, 118 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 77 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 116 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 83 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 101, զոհվել՝ 15 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 8 մարդ:



Էլիտար անցյալ, սկանդալներ և վերելք. ո՞վ է Հունգարիայի ընտրություններում հաղթած Պետեր Մադյարը


«Tavaszi szél» («Գարնանային քամի») հունգարական ժողովրդական երգը վաղուց է դարձել ազգային ինքնության խորհրդանիշ։ Պարզ մեղեդին, որ խոսում է բնության արթնացման, սիրո և տխրության մասին, հնչում է դպրոցական տոնակատարություններում, ընտանեկան սեղանի շուրջ և պաշտոնական միջոցառումներում։ 40 տարի առաջ Բուդապեշտի լեփ-լեցուն մարզադաշտում այս երգը կատարեց Ֆրեդի Մերկուրին, և այդ ձայնագրությունը մտավ Հունգարիայի պատմության պատկերագրական պահերի շարքը։

Սակայն վերջին տարիներին «Գարնանային քամին» ձեռք բերեց նոր՝ քաղաքական նշանակություն։ Վերջին երկու տարիներին այն հնչում էր Պետեր Մադյարի նախընտրական հարյուրավոր միտինգներում՝ դառնալով նրա շարժման ոչ պաշտոնական օրհներգը։ Մադյարի կողմնակիցները նրան համեմատում էին գարնանային քամու հետ, որը պետք է ցրեր այն «քաղաքական մառախուղը», որը ձևավորվել էր Վիկտոր Օրբանի և նրա «Ֆիդես» կուսակցության 16-ամյա իշխանության տարիներին։

Պետեր Մադյարը ծնվել է 1981 թվականին Բուդապեշտում էլիտար ընտանիքում։ Նրա պապը եղել է Գերագույն դատարանի դատավոր, խաչ հայրը՝ Հունգարիայի նախկին նախագահ Ֆերենց Մադլը։ Մադյարը սովորել է հեղինակավոր կաթոլիկ դպրոցում, այնուհետև՝ իրավաբանություն։

Դեռ պատանեկան տարիներին նա հանդիպել էր Վիկտոր Օրբանին և նույնիսկ հարցրել էր նրան՝ ինչու է նա «աջանում»։ Օրբանի պատասխանը համոզել էր երիտասարդ Մադյարին։ 2002 թվականին նա միացել էր «Ֆիդես»-ին, սակայն տարիների ընթացքում նրանց ճանապարհները բաժանվեցին։

2005 թվականին Մադյարը ծանոթացավ Յուդիտ Վարգայի հետ, ով հետագայում դարձավ Հունգարիայի արդարադատության նախարար։ Նրանց ամուսնությունը տևեց 18 տարի և ավարտվեց 2023 թվականին։

2023 թվականի ապրիլին նախագահ Կատալին Նովակը ներման հրամանագիր ստորագրեց մանկատան գործով դատապարտված անձի վերաբերյալ։ Սկանդալը բռնկվեց 2024 թվականի փետրվարին և հանգեցրեց Նովակի և Յուդիտ Վարգայի հրաժարականին։

Ընտանեկան այս պատմության ֆոնին Պետեր Մադյարը հրապարակեց 2023 թվականի հունվարին արված ձայնագրությունը, որտեղ Վարգան խոսում էր իշխանության կողմից կոռուպցիոն գործերի «մաքրման» մասին։ Այս ձայնագրությունը ցնցեց հասարակությանը և դարձավ Մադյարի քաղաքական վերելքի կարևոր կետերից մեկը։

Վարգան մեղադրեց նախկին ամուսնուն շանտաժի և ընտանեկան բռնության մեջ, իսկ իշխանամետ մամուլը սկսեց լայնածավալ արշավ նրա դեմ։ Սակայն սկանդալները չվնասեցին Մադյարի վարկանիշին։ Հակառակը՝ այն ամրապնդեց նրա դիրքը որպես համակարգի ներսից դուրս եկած քննադատ։

Մադյարը չստեղծեց նոր կուսակցություն զրոյից, այլ միացավ «Տիսա» անունով փոքր մարգինալ կուսակցությանը և վերածեց այն լայն շարժման։ Շուտով ձևավորվեցին «Տիսայի կղզիները»՝ տեղական կամավորական ցանցեր, որոնք դարձան շարժման հիմքը գավառներում։

Նրա քարոզարշավի գլխավոր առանձնահատկությունը դարձավ ինտենսիվ անձնական շփումը։ Նա օրական անցկացնում էր մինչև 5–6 հանդիպում՝ այցելելով ոչ միայն մեծ քաղաքներ, այլև փոքր բնակավայրեր։ Այս հանդիպումների ժամանակ հնչում էր «Գարնանային քամին»՝ շարժման ոչ պաշտոնական օրհներգը։

Մադյարը հաջողությամբ օգտագործեց սոցիալական ցանցերը՝ հաղթահարելով իշխանության վերահսկողության տակ գտնվող ավանդական ԶԼՄ-ները։ Մադյարը չի ներկայացնում դասական լիբերալ ընդդիմություն։ Նա պահպանում է աջակողմնակից դիրքորոշումներ միգրացիայի և ազգային ինքնության հարցերում, ինչը թույլ տվեց նրան գրավել այն ընտրողներին, ովքեր հիասթափված էին Օրբանից, բայց չէին վստահում ավանդական ընդդիմությանը։

Չնայած հաղթանակին, «Տիսա»-ն, ամենայն հավանականությամբ, չի ունենա սահմանադրական մեծամասնություն (2/3), ինչը դժվարացնում է Օրբանի բարեփոխումների ամբողջական չեղարկումը։ Մադյարի իշխանության դեպքում սպասվում է Հունգարիայի հարաբերությունների բարելավում ԵՄ-ի հետ, սակայն ներքին հանրային տրամադրությունները (հակաուկրաինական քարոզչության ազդեցությամբ) կարող են բարդացնել այս գործընթացը։

Քաղաքական դիտորդները հաճախ բնութագրում են Մադյարին որպես «տեֆլոնային» գործիչ․ նրա դեմ ուղղված սկանդալներն ու մեղադրանքները գրեթե չեն ազդում նրա վարկանիշի վրա։ Նույնիսկ անձնական միջադեպերը կամ իրավական խնդիրների փորձերը չեն կարողացել խաթարել նրա դիրքը։ Սա պայմանավորված է նրանով, որ նրա ընտրազանգվածը նրան ընկալում է ոչ թե որպես ավանդական քաղաքական գործիչ, այլ որպես փոփոխության հնարավորություն։

«Գարնանային քամին» այսպիսով դարձավ ոչ միայն երգ, այլև քաղաքական փոփոխության և նոր սկզբի խորհրդանիշ Հունգարիայում։

radar armenia


Աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը Երևանում է․ նա ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի գալա համերգին


Մշակույթ


Աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը Երևանում է: Նրա բացառիկ ելույթը հանդիսատեսը կվայելի ապրիլի 14-ին` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի գալա համերգին:

«Ես շատ երջանիկ եմ առաջին անգամ ելույթ ունենալ Հայաստանում: Միշտ հիացել եմ այս երկրի հարուստ երաժշտական ժառանգությամբ, և ինձ համար մեծ նշանակություն ունի Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը հայ հանդիսատեսին ներկայացնելը. այս երաժշտությունն այնքան մեծ զգացմունքայնություն ու հոգի ունի։ Ես անհամբերությամբ սպասում եմ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ այն կատարելու հնարավորությանը: Զգում եմ, որ սա հենց այն ստեղծագործությունն է, որը պետք է հնչեր առաջին այցի ժամանակ»,- ասել է դաշնակահարը։

Համերգը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում, դիրիժոր` Սերգեյ Սմբատյան:



«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին


ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ապրիլի 14-ից մեկնարկում է ՀՀ վարչապետի հովանու ներքո երկրորդ անգամ անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը: Մրցումները կանցկացվեն Սպորտի կառավարման կենտրոնի մարզահամալիրում: Յուրաքանչյուր մարզից և Երևան քաղաքից եզրափակիչ փուլին կմասնակցեն յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին տեղեր գրաված թիմերը:

Մրցաշարն անցկացվում է 3 փուլով՝ երկու տարիքային խմբերով`

  • 1-ին տարիքային խումբ՝ միևնույն դպրոցի 5-6-րդ դասարանի աշակետներից կազմված թիմ,
  • 2-րդ տարիքային խումբ՝ միևնույն դպրոցի 7-9-րդ դասարանի աշակետներից կազմված թիմ:

Եզրափակիչը նախատեսված է ապրիլի 18-ին:

Առաջին տարիքային խմբում եզրափակիչ փուլին կմասնակցեն Հրազդանի Վ. Սարոյանի անվան թիվ 11 հիմնական, Արենիի միջնակարգ, Արարատի թիվ 4 հիմնական, Կապանի թիվ 13 հիմնական, Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ, Նոյեմբերյանի վարժարանի, Վերին Գետաշենի միջնակարգ, Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հիմնական թիվ 10, Հնաբերդի Երվանդ Պետրոսյանի անվան միջնակարգ, Գյումրու թիվ 15 հիմնական և Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան N 4 հիմնական դպրոցների թիմերը:

Երկրորդ տարիքային խմբում եզրափակիչ փուլին կմասնակցեն Կապանի թիվ 3 միջնակարգ, Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական, Արարատի թիվ 4 հիմնական, Արփիի Վահիկ Լևոնյանի անվան միջնակարգ, Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական, Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական, Ջրվեժի միջնակարգ, Արթիկի թիվ 2 հիմնական, Արագածավանի թիվ 1 միջնակարգ, Գավառի Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական և Վանաձորի Ա. Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոցների թիմերը:

«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 1-ին՝ համայնքային փուլն անցկացվել է փետրվարի 20-ից մարտի 16-ը, իսկ երկրորդ՝ մարզային փուլը՝ մարտի 17-ից ապրիլի 3-ը:

2026 թվականին «Դպրոցականների բասկետբոլի լիգա»-ին ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 8800 աշակերտ հանրապետության 689 դպրոցից: 2025 թվականին խաղերին 8743 աշակերտ էր մասնակցել 559 դպրոցից:

Եզրափակիչ փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը, ֆիզկուլտուրայի ուսուցիչները և մասնակիցները կպարգևատրվեն նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով:

Յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին տեղ գրաված դպրոցը կպարգևատրվի 4 միլիոն ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2.5 միլիոն ՀՀ դրամով և 3-րդ տեղը՝ 1.5 միլիոն ՀՀ դրամով:

Կպարգևատրվեն նաև մրցանակային տեղեր գրաված թիմերի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500000 ՀՀ դրամ և 3-րդ տեղ 300000 ՀՀ դրամ:

Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները յուրաքանչյուր տարիքային խմբում կպարգևատրվեն դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ 150000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 100000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 75000-ական դրամ:

«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի խաղացանկը՝ կից:



Հայաստանը մտնում է տնտեսական զարգացման նոր շրջափուլ՝ պայմանավորված Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությամբ. Փաշինյան

Հայաստանը մտնում է տնտեսական զարգացման բոլորովին նոր շրջափուլ, ինչը կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խոշոր գործարարների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք առաջիկայում մեծ իրադարձություններ ենք սպասում, որը կապված է առաջին հերթին TRIPP նախագծի գործարկման հետ, որը էական է նրանով, որ Հայաստանի Հանրապետությունն ի վերջո ամբողջական դուրս է բերելու շրջափակման վիճակից: Բայց, ըստ էության, այսօր էլ է Հայաստանը հաղթահարել շրջափակումը, որովհետև գիտեք, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հնարավոր է իրականացնել երկաթուղային բեռնափոխադրումներ և իրականացվում են, բայց ուզում եմ ասել նաև, որ արտահանումներ ևս հնարավոր է իրականացնել երկաթուղով, իհարկե, Վրաստանի տարածքով, մինչ մենք Ադրբեջանի հետ առաջին հերթին TRIPP նախագծի շրջանակներում երկաթուղին կբացենք: Սա շատ կարևոր է և քաղաքական պայմանավորվածությունը հետևյալն է, որ այդ երկաթուղին երբեք չի փակվելու։ Այսինքն՝ դա և՛ ներմուծման, և՛ արտահանման հուսալի ուղի է»,-ասել է վարչապետը։

Վարչապետը նշել է, որ 2018 թվականից մինչ օրս, իրական գնահատականներով, Հայաստանի համախառն ներքին արդյունքը 53%-ի աճ է ունեցել և մեր երկրի տնտեսությունը հասել մի կետի, որտեղ արդեն բիզնես-բիզնես, պետություն-բիզնես, պետություն–աշխատող, աշխատող–գործատու հարաբերությունները պետք է զարգանան նորովի։ Այս առումով, վարչապետը կարևորել է այսօրվա հանդիպումը՝ նմանատիպ հարցեր քննարկելու, գործարարների նկատառումները լսելու համար։

«Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ մեր երկրում տեղի ունեցած այս փոփոխությունների համար, որովհետև կան ոլորտներ և ընկերություններ, որոնց դերը Հայաստանի Հանրապետությունում դժվար է գերագնահատել։ Շատ կարևոր է, որ այդ ընկերությունները նաև նոր մենթալիտետ, նոր մտածողություն, նոր կուլտուրա են բերում Հայաստանի Հանրապետություն, ինչն իրականում ամենակարևոր կապիտալն է, նոր տարածքներ է բացում՝ գործունեության նոր ոլորտներ, նոր դաշտեր մտնելու համար։ Ես համարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր իր առաջ ունի հորիզոններ, որոնք ընդհանրապես պատմության ընթացքում չի ունեցել։ Հայաստանն իր պատմության ընթացքում չի ունեցել այսպիսի աննախադեպ հնարավորությունների ժամանակաշրջան։ Մեզ հարկավոր է կարողանալ այս իրավիճակը շարունակական, անընդհատ օգտագործել։ Ակնհայտ է, որ Կառավարությունն առանց տնտեսության մեջ առանցքային դերակատարում ունեցողների և տնտեսության իրական հատվածի դա չի կարող անել և ընդամենը այսօր շնորհակալություն հայտնելուց բացի, ես ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այս իրավիճակի վրա, սա է, ըստ էության, իմ հիմնական ուղերձը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Մոսկվան հույս ունի շարունակել կոնտակտները Հունգարիայի նոր ղեկավարության հետ


Քաղաքականություն


Մոսկվան հույս ունի շարունակել կոնտակտները Հունգարիայի նոր ղեկավարության հետ. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Հունգարիայում կայացած խորհրդարանական ընտրություններին։

«Հունգարացիները կատարել են իրենց ընտրությունը, և Ռուսաստանը հարգում է այն։ Մենք հույս ունենք, որ կշարունակենք մեր շատ գործնական կոնտակտները Հունգարիայի նոր ղեկավարության հետ։ Մենք լսել ենք հայտարարություններ՝ առավել ևս՝ երկխոսություն վարելու պատրաստակամության մասին»,- ասել է Պեսկովը լրագրողներին։

Պեսկովն անդրադարձել է նաև «Դրուժբա» նավթամուղի հետագա ճակատագրին. «Այդ մասին պետք է հարցնեք Հունգարիային և Եվրոպայում մեկ ուրիշին»,-ասել է Պեսկովը։ Նա ավելացրել է, որ Ռուսաստանը եղել է և կմնա աշխարհի ամենահուսալի էներգակիրների մատակարարներից մեկը։



Ի վերջո, մեզ հաջողվեց հասնել արդյունքի, թեև դա հեշտ չտրվեց


Սպորտ


«Ինտերի» գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն մեկնաբանել է Ա Սերիայի 32-րդ տուրում «Կոմոյի» նկատմամբ արտագնա խաղում տարած կամային հաղթանակը 4:3 հաշվով:

«Հեշտ չէր, և մենք սպասում էինք դրան: Խաղում էինք մի թիմի դեմ, որը պայքարում է կարևոր նպատակների համար, և առաջին խաղակեսում նրանք դա ակնհայտորեն ցույց տվեցին։ Մեզ համար դժվար էր դուրս գալ ճնշման տակից, բացի այդ, պաշտպանությունում կոշտությունը չէր բավականացնում։ Մենք կարևոր գոլ խփեցինք՝ կրճատելով հաշվի տարբերությունը 0:2-ի ժամանակ, իսկ հետո երկրորդ խաղակեսում փոխեցինք մեր տրամադրվածությունը: Ի վերջո, մեզ հաջողվեց հասնել արդյունքի, թեև դա հեշտ չտրվեց:

Ինչ վերաբերում է ստանդարտ դիրքերից խփած գոլերին, ապա դա ամբողջ մարզչական շտաբի աշխատանքի արդյունքն է: Այսօր առավոտյան մենք մարզում ենք անցկացրել, որն ամբողջությամբ նվիրված էր ստանդարտներին. փորձեցինք առավելագույնս պատրաստվել՝ հասկանալով, որ գրագետ օգտագործման դեպքում դա հիանալի հնարավորություն է։ Սխալ կլիներ անտեսել նման մանրամասները՝ հաշվի առնելով, որ մենք ունենք հարվածների հիանալի իրացնողներ և երկրորդ հարկում ուժեղ խաղացողներ։

Այս հաղթանակը մեծ հասունության ցուցանիշ է։ Հնարավոր է, որ առաջին խաղակեսում մրցակցի ինտենսիվությունը մեզ զարմացրեց, բայց հետո մենք արձագանքեցինք որպես հասուն թիմ, որը պատրաստ է պայքարել արդյունքի համար մինչև վերջ։ Ես ուրախ եմ, որ մենք աստիճանաբար մոտենում ենք մեր նպատակին՝ Չեմպիոնների լիգայի ուղեգրի նվաճմանը։ Ընդ որում, մաթեմատիկորեն մենք դեռ չենք երաշխավորել մեր մասնակցությունը մրցաշարին»,- Կիվուի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Նշենք, որ Ա Սերիայի 32 տուրերից հետո «Ինտերը» 75 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Կոմոն» զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 58 միավոր:



Իտալիայի հավաքականը դեռևս կարող է Աշխարհի առաջնությանը մասնակցության շանս ունենալ


Սպորտ


ՖԻՖԱ-ն քննարկում է Աշխարհի 2026 թվականի առաջնության համար թիմերի լրացուցիչ ընտրություն կազմակերպելու հնարավորությունը, եթե Իրանի հավաքականը հրաժարվի մրցաշարին մասնակցելուց։ Ըստ RMC Sport և The Athletic պարբերականների հաղորդած տվյալների՝ Իրանում դիտարկում են մրցաշարից հրաժարվելու տարբերակը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ շարունակվող հակամարտության պատճառով։ Իրանի ընտրանին վիճակահանության արդյունքում ընդգրկվել էր G խմբում, որտեղ պետք է մրցեր Նոր Զելանդիայի, Բելգիայի և Եգիպտոսի հետ։

Աշխարհի առաջնության կանոնակարգի 6-րդ հոդվածը նախատեսում է, որ որևէ թիմի հրաժարվելու դեպքում ՖԻՖԱ-ն իր բացառիկ հայեցողությամբ կարող է որոշում կայացնել տվյալ հավաքականին մեկ այլ թիմով փոխարինելու վերաբերյալ։ Այս համատեքստում հնարավոր է համարվում լրացուցիչ ընտրական փուլի անցկացումը Ասիական (AFC) և Եվրոպական (UEFA) կոնֆեդերացիաների այն թիմերի միջև, որոնք չեն կարողացել հաղթահարել հիմնական որակավորման փուլը։

Իտալիայի հավաքականը, որը նախկինում զիջել էր Բոսնիա և Հերցեգովինային ու դուրս մնացել պայքարից, այս սցենարի դեպքում կարող է կրկին հավակնել մունդիալի ուղեգրի։ Չնայած վերջնական որոշում դեռևս չկա, սակայն Իրանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը ստիպում է ՖԻՖԱ-ին նախապատրաստվել հնարավոր փոփոխություններին՝ մրցաշարի ամբողջականությունն ապահովելու համար։



Կենսական նշանակություն ունի, որ մենք նեղուցը բացենք և ամբողջովին բացենք. Քիր Սթարմեր


Աշխարհ


Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Լոնդոնը չի աջակցի ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակմանը։ Այս մասին նա ասել է BBC Radio 5 Live-ին։ «Մենք չենք աջակցում շրջափակմանը», – ասել է նա՝ հավելելով, որ նեղուցի վերաբացումը կենսական նշանակություն ունի։ «Իմ կարծիքով, կենսական նշանակություն ունի, որ մենք նեղուցը բացենք և ամբողջովին բացենք, և վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մենք այդ ուղղությամբ ներդրել ենք մեր բոլոր ջանքերը և կշարունակենք դա անել», – ասել է նա։

Սթարմերը նաև նշել է, որ անկախ ճնշումից՝ Մեծ Բրիտանիան չի ներքաշվի Իրանի շուրջ պատերազմի մեջ։ «Իմ որոշումը շատ հստակ է եղել, որ անկախ ճնշումից, ընդ որում եղել է զգալի ճնշում, մենք չենք ներքաշվի պատերազմի մեջ», – շեշտել է նա։

Իր հերթին Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսն Իսպանիայի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ շրջափակումն «անիմաստ է»։ «Ես կարծում եմ, որ սա անիմաստ բան է… Սա ևս մեկ դրվագ է այս ամբողջ անկման պարույրում, որի մեջ մենք ներքաշվել ենք», – նշել է նա։

ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ ապրիլի 13-ից կսկսեն Իրանի նավահանգիստներ և ափամերձ տարածքներ մտնող և այնտեղից դուրս եկող ամբողջ ծովային երթևեկության շրջափակումն այն բանից հետո, երբ Իրանի հետ բանակցությունները ձախողվել են։ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ այդ նախաձեռնությանը կմիանան նաև այլ երկրներ։