Հայաստանը մտնում է տնտեսական զարգացման նոր շրջափուլ՝ պայմանավորված Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությամբ. Փաշինյան

Հայաստանը մտնում է տնտեսական զարգացման բոլորովին նոր շրջափուլ, ինչը կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խոշոր գործարարների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք առաջիկայում մեծ իրադարձություններ ենք սպասում, որը կապված է առաջին հերթին TRIPP նախագծի գործարկման հետ, որը էական է նրանով, որ Հայաստանի Հանրապետությունն ի վերջո ամբողջական դուրս է բերելու շրջափակման վիճակից: Բայց, ըստ էության, այսօր էլ է Հայաստանը հաղթահարել շրջափակումը, որովհետև գիտեք, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հնարավոր է իրականացնել երկաթուղային բեռնափոխադրումներ և իրականացվում են, բայց ուզում եմ ասել նաև, որ արտահանումներ ևս հնարավոր է իրականացնել երկաթուղով, իհարկե, Վրաստանի տարածքով, մինչ մենք Ադրբեջանի հետ առաջին հերթին TRIPP նախագծի շրջանակներում երկաթուղին կբացենք: Սա շատ կարևոր է և քաղաքական պայմանավորվածությունը հետևյալն է, որ այդ երկաթուղին երբեք չի փակվելու։ Այսինքն՝ դա և՛ ներմուծման, և՛ արտահանման հուսալի ուղի է»,-ասել է վարչապետը։

Վարչապետը նշել է, որ 2018 թվականից մինչ օրս, իրական գնահատականներով, Հայաստանի համախառն ներքին արդյունքը 53%-ի աճ է ունեցել և մեր երկրի տնտեսությունը հասել մի կետի, որտեղ արդեն բիզնես-բիզնես, պետություն-բիզնես, պետություն–աշխատող, աշխատող–գործատու հարաբերությունները պետք է զարգանան նորովի։ Այս առումով, վարչապետը կարևորել է այսօրվա հանդիպումը՝ նմանատիպ հարցեր քննարկելու, գործարարների նկատառումները լսելու համար։

«Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ մեր երկրում տեղի ունեցած այս փոփոխությունների համար, որովհետև կան ոլորտներ և ընկերություններ, որոնց դերը Հայաստանի Հանրապետությունում դժվար է գերագնահատել։ Շատ կարևոր է, որ այդ ընկերությունները նաև նոր մենթալիտետ, նոր մտածողություն, նոր կուլտուրա են բերում Հայաստանի Հանրապետություն, ինչն իրականում ամենակարևոր կապիտալն է, նոր տարածքներ է բացում՝ գործունեության նոր ոլորտներ, նոր դաշտեր մտնելու համար։ Ես համարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր իր առաջ ունի հորիզոններ, որոնք ընդհանրապես պատմության ընթացքում չի ունեցել։ Հայաստանն իր պատմության ընթացքում չի ունեցել այսպիսի աննախադեպ հնարավորությունների ժամանակաշրջան։ Մեզ հարկավոր է կարողանալ այս իրավիճակը շարունակական, անընդհատ օգտագործել։ Ակնհայտ է, որ Կառավարությունն առանց տնտեսության մեջ առանցքային դերակատարում ունեցողների և տնտեսության իրական հատվածի դա չի կարող անել և ընդամենը այսօր շնորհակալություն հայտնելուց բացի, ես ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այս իրավիճակի վրա, սա է, ըստ էության, իմ հիմնական ուղերձը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *