Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման շրջանակներում քննարկվել են ֆրանսիական կողմի ներգրավվածության հարցեր

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Փոխվարչապետը առանձնահատուկ ընդգծել է մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին, ինչպես նաև հաջորդ օրը՝ մայիսի 5-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ պետական այցի շրջանակներում Հայաստանում գտնվելու կարևորությունը:

 

Այցին ընդառաջ մանրամասն անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, այդ թվում՝ խմելու ջրամատակարարման և ջրահեռացման, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման շրջանակներում ֆրանսիական կողմի ներգրավվածության, կրթական համագործակցության, ինչպես նաև ռազմավարական նշանակության այլ ծրագրերի և նախաձեռնությունների վերաբերյալ:

 

Երկուստեք ընդգծվել է ձևավորված կառուցողական փոխգործակցության կարևորությունը՝ դրա շրջանակներում համաձայնեցման ենթական հարցերի արդյունավետ կարգավորման և երկկողմ հարաբերությունների շարոնակական ընդլայնման նպատակով:

Ամենաիրատեսական տարբերակն է ֆիքսել ներկայիս դիրքերը և անցնել դիվանագիտական գործընթացներին


Քաղաքականություն


Վաշինգտոնն առաջարկում է հետ քաշվել և պաշտպանական նոր գծեր կառուցել՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահը: Սակայն, Վոլոդիմիր Զելենսկու խոսքով, առաջ է գալիս այդ տարածքների բնակիչների և զինվորականների արձագանքի հարցը:

«Բացի այդ, մենք չունենք անվտանգության երաշխիքներ, որոնք կկանխեին ռուսական հնարավոր նոր հարձակումները։ Այո, Թրամփը դեռ 2 տարի էլ կմնա, իսկ հետո՞ ինչ ենք անելու», – մտահոգություն է հայտնել նախագահը: Զելենսկու խոսքով՝ Դոնբասից դուրս գալը ռազմավարական պարտություն կլինի Ուկրաինայի համար։

Նրա համոզմամբ՝ պատերազմը դադարեցնելու ամենաիրատեսական տարբերակն է ֆիքսել ներկայիս դիրքերը և անցնել դիվանագիտական գործընթացներին։ «Սակայն Ռուսաստանը չի ընդունում այս ձևաչափը», – հավելել է Զելենսկին։ Նա կարևոր է համարել, որ Ուկրաինան հնարավորինս արագ ստեղծի հակահրթիռային սեփական համակարգը՝ կախված չլինելու արտասահմանյան համակարգերից:



Ջրային խնդիրներն առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ


Հայաստան


Ջրային խնդիրները առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ, և ես նույնիսկ այդ հարցը համեմատության մեջ եմ դնում խաղաղության օրակարգի հետ: Այդ մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հանրապետության բոլոր բնակավայրերում կան ջրային խնդիրներ, և մենք ասում ենք, որ այդ ջրային խնդիրները մեր առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են լինելու 3 հիմնական ուղղություններով՝ խմելու ջուր (մենք պետք է ապահովենք երկարաժամկետում 24-ժամյա ջրամատակարարում), ոռոգման ջուր (մենք պետք է ընդլայնենք ոռոգելի տարածքները մեր երկրում) և, իհարկե, շատ կարևոր է արձանագրել, որ երկարաժամկետ հեռանկարում պետք է բացառել օգտագործված ջրի՝ առանց մաքրման բացթողումը բնություն: Այսինքն՝ օգտագործված ջուրը պետք է մաքրվի և բաց թողնվի բնություն: Սա է մեր երկրում ջրային խնդիրներն ապահովելու կարևոր պայմաններից մեկը:

Իհարկե, լավ լուրն այն է, որ ՀՀ լեռնաշխարհում բավարար չափով ջրային ռեսուրսներ (այս տարվա եղանակն էլ ցույց տվեց) ձևավորվում են: Մեր խնդիրն է այդ ջրային ռեսուրսները կուտակել և ճիշտ կառավարել: Ջրային հարցերը մեզ համար լինելու են բացարձակ առաջնահերթություն:

Ջրի նկատմամբ խնամքը, ջրի նկատմամբ հատուկ վերաբերմունքը նույնպես կարևոր պայման է, թե ինչ հաջողությամբ այս խնդիրները կկարողանանք լուծել»,- ասաց նա:



ԱՄՆ փոխնախագահն ու այլ պաշտոնյաներ ուղևորվում են Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների. ԶԼՄ


Քաղաքականություն


ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ու ամերիկացի այլ պաշտոնյաներ ուղևորվում են Իսլամաբադ՝ իրանական կողմի հետ բանակցությունների երկրորդ փուլին՝ հայտնում են լրատվամիջոցները: Թեհրանը դեռ պաշտոնապես չի հաստատել իր մասնակցությունը, սակայն իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա ապրիլի 22-ին կամ 23-ին Պակիստանում:

Այս ֆոնին Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իրանցիների նկատմամբ չի կարելի ուժ կիրառել: Իրանի նախագահը կոչ է արել հարգել ստանձնած պարտավորությունները, որոնք հիմք են ծառայում երկխոսության համար։ 

Փեզեշքիանի խոսքով՝ Իրանը պատմականորեն չի վստահում ԱՄՆ կառավարությանը: Իսկ ամերիկացի պաշտոնյաների ոչ կառուցողական և հակասական հայտարարությունները դառը ուղերձ են պարունակում, որ նրանք պահանջում են Իրանի կապիտուլյացիան:



ԵՊՀ-ում կայացավ «AI Conf 2026» համաժողովը

Երևանի պետական համալսարանում անցկացվել է «AI Conf 2026» արհեստական բանականության ոլորտի համաժողովը, որը համախմբել է ոլորտի առաջատար մասնագետների, տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների, ուսանողների  և երիտասարդ հետազոտողների՝ նպատակ ունենալով խթանել երիտասարդների և հետազոտողների ներգրավվածությունը ոլորտում, ներկայացնել ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունները և նպաստել գիտության, կրթության և արդյունաբերության միջև համագործակցության զարգացմանը։

Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։ Իր ելույթում Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին՝ նշելով, որ ձևավորվող ենթակառուցվածքներն ու նախաձեռնությունները կարևոր հիմք են ստեղծում գիտական և տեխնոլոգիական ներուժի զարգացման համար։ Սիմոնյանի խոսքով՝ այդ համատեքստում վերջերս ՀՀ կառավարությունը Firebird AI ընկերության հետ ստորագրել է 25 միլիոն ԱՄՆ դոլարի պայմանագիր՝ ուղղված ժամանակակից հաշվարկային ռեսուրսների հասանելիության ապահովմանը․ հնգամյա այս ծրագիրը նպատակ ունի աջակցել ուսանողներին, հետազոտողներին և ստարտափներին։

Համաժողովի շրջանակում անցկացվել է «ԱԲ ոլորտում պետական ծրագրերը» պանելային ձևաչափով քննարկում, որին մասնակցել է նաև ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Քննարկման ընթացքում նախարարի առաջին տեղակալն անդրադարձել է պետական կառավարման համակարգում արհեստական բանականության կիրառման հնարավորություններին  և ոլորտի զարգացման ենթակառուցվածքային քայլերին, ինչպես նաև ներկայացրել է կատարվող աշխատանքերը։

ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալի խոսքով՝ ԱԲ տեխնոլոգիաները կարող են էականորեն նպաստել արտադրողականության բարձրացմանը՝ միաժամանակ պահանջելով պատասխանատու մոտեցում՝ հաշվի առնելով դրանց կիրառման հետ կապված ռիսկերն ու պատասխանատվության հարցերը։ Նա նշել է, որ ներկայումս դիտարկվում են մի շարք ուղղություններ պետական համակարգում ԱԲ գործիքների կիրառման համար, այդ թվում՝ տվյալների վերլուծությունը, ծառայությունների արդյունավետության բարձրացումը և առանձին գործընթացների պիլոտային կիրառությունները։

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ ԲՏԱ նախարարության՝ արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտ ռազմավարական նախաձեռնությանը, որը հասանելի է ai.gov.am հարթակում։

ԱԲ վիրտուալ ինստիտուտը բաց և համագործակցային հարթակ է, որը միավորում է հետազոտողներին, ուսանողներին, ստարտափներին և ոլորտի մասնագետներին՝ նպաստելով արհեստական բանականության ոլորտում նորարարությունների զարգացմանը, գիտելիքի փոխանակմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը։ Այն միտված է նաև տեխնոլոգիական էկոհամակարգի ամրապնդմանը և տեղական տաղանդի զարգացմանը Հայաստանում։

ԿԳՄՍ-ն ՀՀ անկախության 35-ամյակի միջոցառումների հայեցակարգային առաջարկներ է հավաքում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնում է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների միասնական հայեցակարգերի հավաքագրում։

Նախաձեռնության նպատակն է ձևավորել համապետական ընդգրկում ունեցող բովանդակային և ժամանակակից ձևաչափերով ներկայացվող միջոցառումների համակարգ, որը կապահովի տոնակատարությունների ամբողջականություն, հասանելիություն և լայն հանրային ներգրավվածություն։

Ներկայացվող առաջարկները պետք է ներառեն՝

Բրենդինգ և վիզուալ ինքնություն.

  • միասնական գեղարվեստական և հաղորդակցական լուծումներ,
  • կիրառելիություն հանրապետության ամբողջ տարածքում, ներառյալ նաև մարզերում,
  • ադապտացվող ձևաչափեր (փողոցային, թվային, տպագիր):

Մեկշաբաթյա համապետական ծրագիր (սեպտեմբերի 15–21-ը).

  • միջոցառումների ցանց՝ իրականացվող Երևանում և մարզերում,
  • մշակութային, կրթական, մարզական համայնքային մասնակցային ձևաչափերով,
  • մարզերի ակտիվ ներգրավմամբ և ներկայացվածությամբ, 
  • ներառական և բազմաշերտ ծրագրային մոտեցումներով։

Սեպտեմբերի 21-ի եզրափակիչ միջոցառում (Հանրապետության հրապարակ).

  • մեծամասշտաբ կենտրոնական միջոցառում Հանրապետության հրապարակում, համերգային ծրագիր,
  • ժամանակակից տեխնոլոգիական և/կամ թատերական շոու, հրավառություն կամ համարժեք այլ ձևաչափ։

Առաջարկները պետք է ներառեն՝ 

  • հայեցակարգային նկարագրություն,
  • ծրագրային կառուցվածք,
  • հիմնական գաղափարներ և ուղերձներ,
  • նախնական բյուջե,
  • իրականացնող թիմի մասին տեղեկատվություն,

Առաջարկներ կարող են ներկայացնել՝

  • մշակութային և ստեղծագործական կազմակերպությունները,
  • միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող ընկերությունները,
  • ստեղծագործական թիմերը և կոնսորցիումները:

Պարտադիր է, որ դիմորդները՝

  • ունենան հանրային կամ մշակութային խոշոր միջոցառումների իրականացման փորձ,
  • ունենան միջազգային համագործակցության փորձ կամ գործընկերներ,
  • ցուցաբերեն մուլտիդիսցիպլինար մոտեցում (կրթություն, գիտություն, մշակույթ, սպորտ, արվեստ, տեխնոլոգիա, հաղորդակցություն),
  • ներկայացնեն իրագործելի և իրատեսական բյուջետային հաշվարկ,
  • կարողանան ապահովել համապետական ընդգրկում և մարզերի ներգրավում:

Կարող են դիտարկվել նաև համատեղ (կոնսորցիումային) հայտեր, որոնք միավորում են տարբեր մասնագիտական կարողություններ։

Վերջնաժամկետ.

Նախարարությունն ակնկալում է ստանալ նորարար, համարձակ և համապետական ընդգրկում ապահովող առաջարկներ, որոնք կարտացոլեն Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի նշանակությունն ու ժամանակակից ընկալումը՝ Իրական Հայաստանի հայեցակարգի տրամաբանությամբ: 

Առաջարկների փաթեթն անհրաժեշտ է  ուղարկել Մշակույթի զարգացման հիմնադրամի էլեկտրոնային հասցեին՝ [email protected]։

Առաջարկների ներկայացման վերջնաժամկետը  2026 թվականի մայիսի 15-ն է։

Շահագրգիռ կազմակերպությունները հայտերի հետ կապված պարզաբանումներ ստանալու համար սույն թվականի ապրիլի 28-ին կհրավիրվեն ԿԳՄՍ նախարարություն:  Հավելյալ տեղեկատվության համար անհրաժեշտ է զանգահարել ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչություն, հեռ.՝ (+374 10) 599-699, (ներքին՝ 631, Լիլիա Նիկոյան):

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 20-ից 21-ը

Բացահայտվել է 129 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

39 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցվ

Մոսկվայում տեղի է ունեցել Միխայիլ Գալուզինի և Գուրգեն Արսենյանի հանդիպումը


Քաղաքականություն


Ապրիլի 20-ին Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի և Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանի հանդիպումը։

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, որոնք բխում են վերջերս Մոսկվայում տեղի ունեցած ռուս-հայկական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներից։ Հանդիպման առանցքում եղել է ապրիլի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը։

Հատկանշական է, որ սա Գալուզինի և Արսենյանի արդեն երկրորդ հանդիպումն է ընթացիկ ամսվա մեջ։



Դա վարորդի պայմանագրային պարտավորությունն է


Ավտո


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ վարորդները ստանում են նորմալ արտաժամյա և բավականին բարձր աշխատավարձ։

«Եվ որպեսզի մենք կարողանանք այդ աշխատավարձը պահել, ավտոբուսները վերանորոգել, էլի նոր ավտոբուսներ գնել, այս ամենը կազմակերպելու համար պետք է կարողանանք հավաքագրել», – ասել է քաղաքապետը։

Նա նշել է, որ ավագանու նիստի ընթացքում ամբիոնից ասում են՝ եկե՛ք, բոյկոտե՛ք։ Մի հարբած թափթփուկ ասում է՝ ես բոյկոտ եմ անում, հետո հարձակվում է վարորդի վրա։ «Ով է մեղավոր, վարո՞րդը, որ օրինական պահանջ է ներկայացնում՝ ասելով եղբա՛յր, վճարի՛ր։ Դա իր պայմանագրային պարտավորությունն է և նաև նրա համար է, որ ինքը ստանա բարձր աշխատավարձ», – ասել է Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ աշխարհում բոլոր տեղերում սա արվում է։



Ամիրյան փողոցն ուզում են անվանակոչել Պապ թագավորի անվամբ


Հայաստան


Երևանի ավագանու նիստում քննարկվում է Ամիրյան փողոցի անվանափոխության հարցը։ Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունն առաջարկում է փողոցն անվանակոչել Պապ թագավորի անվամբ։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ այս նախագիծն արժանացել է նաև մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։