Հայաստանը կմասնակցի ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին՝ փոխնախարարի մակարդակով


Քաղաքականություն


Հայաստանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին՝ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանի մակարդակով, ՏԱՍՍ-ին հայտնել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը կկայանա ապրիլի 17-ին և առաջինը կլինի 2026 թվականին։ Մասնակիցները կքննարկեն միջազգային օրակարգի և Համագործակցության շրջանակներում համագործակցության լայն շրջանակի հարցեր։



Ամերիկյան շրջափակումը սպառնում է կանգնեցնել Իրանի նավթարդյունաբերությունը. FT


Բիզնես


Financial Times-ը, հղում անելով արբանյակային տվյալներին և էներգետիկ փորձագետներին, հայտնում է, որ ԱՄՆ-ի կողմից իրականացվող ծովային շրջափակման պատճառով Իրանը կարող է ստիպված լինել զգալիորեն կրճատել նավթի արդյունահանումը մոտ երկու շաբաթ անց: 

Քանի որ արտահանումը գրեթե կաթվածահար է, երկրի նավթային պահեստարանները, որոնք արդեն լցված են 51%-ով, 16 օր անց կգերազանցեն պատմական առավելագույնը՝ 92 միլիոն բարելը:

Ներկայում Իրանն արդյունահանում է օրական 3,6 միլիոն բարել նավթ, որի կեսն ուղղվում է ներքին շուկա, իսկ մոտ 1,8 միլիոնը՝ արտահանման: Շրջափակումը շրջանցելու նպատակով Թեհրանը փորձում է օգտագործել գերհզոր տանկերները որպես լողացող պահեստարաններ, սակայն մասնագետները նշում են, որ դա միայն ժամանակավոր լուծում է: 

Եթե ԱՄՆ կենտրոնական հրամանատարության կողմից ապրիլի 13-ին Հորմուզի նեղուցում մեկնարկած արգելափակումը շարունակվի նույն խստությամբ, Իրանը կկանգնի արդյունահանման տեխնիկական դադարեցման անխուսափելի հեռանկարի առջև:



Ես ինքս էլ չունեմ ՀՀ-ում արդարության և արդարադատության զգացում ինստիտուցիոնալ առումով


Այսօրվա պայմաններում մենք երբեք արդարության և արդարադատության զգացում չենք ունենալու, որովհետև ՀՀ-ում դատական և արդարադատության ու արդարության համակարգերը հիմնականում չունեն օրգանական կապ իշխանության բարձրագույն աղբյուրի՝ ժողովրդի հետ: Այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպման ժամանակ:

«Այս խնդիրն է կարևորագույններից մեկը, որ մենք պիտի լուծենք առաջիկայում՝ նոր Սահմանադրություն ընդունելիս, որովհետև Հայաստանում արդարությունը և արդարադատությունը կառավարվում են մեծ մասամբ այնպիսի ինստիտուտների կողմից, որոնք կղզիացած են, մեկուսացած են, չունեն օրգանական կապ ժողովրդի հետ, նաև չունեն հաշվետվողականության ու պատասխանատվության բավարար մակարդակ ժողովրդի առաջ, որն իշխանության բարձրագույն կրողն է:

Այստեղ էլ մեր ֆունդամենտալ խնդիրն այն է, որ այն հենասյուներից մեկը, որը ապահովում է, պիտի լինի արդարության և արդարադատության չափանիշ, որովհետև հարցի հետևից գնալիս ես ինքս ինձ համար հետևյալ եզրակացությունն եմ արել, որ արդարությունը և արդարադատությունը համապատասխանությունն են Սահմանադրությանը և օրենքներին: Բայց ի՞նչ անել այն դեպքում, երբ հենց Սահմանադրությունն օրգանական կապ չունի իշխանության բարձրագույն աղբյուրի հետ: Այս դեպքում ինչ ուզում ես, արա, արդարության և արդարադատության զգացողությունը չի լինելու, որովհետև Սահմանադրությունը պետք է լինի ժողովրդի ազատ կամքի արտահայտումը, իսկ մենք պետք է խոստովանենք, որ այդպիսի Սահմանադրություն չունենք և երբեք չենք ունեցել, իսկ երբ այդ կամքի աղբյուրը, որտեղից դե յուրե բխում են արդարությունը և արդարադատությունը, խզում ունի ժողովրդի հետ, այդ մեխանիզմի գործարկումը երբեք չի կարող ընկալվել ժողովրդի կողմից որպես արդարություն և արդարադատություն:

Ուզում եմ ասել, որ սա չեմ ասում որպես ՀՀ վարչապետ, ես ասում եմ որպես ՀՀ քաղաքացի, որովհետև ես ինքս էլ չունեմ ՀՀ-ում արդարության և արդարադատության զգացում ինստիտուցիոնալ առումով, և սա ֆունդամենտալ պրոբլեմ է, որը մենք պետք է լուծենք»,-ասաց նա:

Այս առումով Փաշինյանը կարևորեց ԵՄ կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը:

«Մեր խնդիրը չէ մեր սխալները քողարկելը, փորձել ցույց տալ, որ ամեն ինչ լավ է և կատարյալ է: Ընդհակառակը եվրոպական և միջազգային մի շարք ինստիտուտների հետ մեր համագործակցության առանցքային նպատակն է, որ ունենանք որոշակի մեխանիզմներ հնարավոր թույլ տված սխալներն ուղղելու համար, որովհետև եթե մենք առաջնորդվենք այն կանխավարկածով, որ պիտի հասնենք այնպիսի վիճակի, որ չսխալվենք, դա ճիշտ չէ, որովհետև այսօր, երեկ և վաղը սխալվում են բոլորը, այդ թվում, ամենայն հարգանքով, եվրոպական ինստիտուտները, բոլորը, մարդը, ընդհանրապես մարդը, մարդը սխալական է, և մենք չպետք է խնդիր դնենք, որ չպետք է սխալվենք, որովհետև երբ այդ խնդիրը դնում ենք, առաջ շարժվելու մեր ճանապարհները փակում ենք»,- ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ պետք է ամեն ինչ անել, որ այդ սխալները լինեն թեթև, և լինեն ուղղելու մեխանիզմներ:


Մեզ պետք է, որ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի շուրջ լինի «0 նյարդ»․ Փաշինյան


Քաղաքականություն


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցության գործընթացը պետք է ընթանա առանց ճնշումների և շանտաժի։

«Այո, մենք ընդունել ենք օրենք Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանը անդամագրվելու գործընթաց սկսելու մասին, բայց մեր ռազմավարությունը նաև այն է, որ այս պրոցեսի մեջ մենք չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել, այդ թվում՝ Եվրոպական միության նկատմամբ», -ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանը չի փորձելու արագացնել գործընթացը պարտադրանքի միջոցով. «Մենք չենք պատրաստվում ասել՝ մենք օրենքը ընդունել ենք, դե հիմա մյուս ամիս մեզ ընդունեք Եվրամիություն»։

Նա ընդգծել է, որ այս գործընթացի շուրջ պետք է լինի «0 նյարդ»։

«Մեզ պետք է, որ այս պրոցեսի շուրջ լինի 0 նյարդ, և դա մեզ համար հնարավորություն է իրապես համապատասխանել որպես երկիր՝ բարեփոխումների գործընթացը շարունակելով այնպես, որ մենք իսկապես համապատասխանենք Եվրոպական միության չափանիշներին»։

Փաշինյանը նշել է, որ Հայաստանի ռազմավարական նպատակը եվրոպական չափանիշներին համապատասխանող պետություն դառնալն է՝ անկախ նրանից, թե Եվրամիությունը ինչ որոշում կկայացնի անդամակցության հարցում։

«Եթե Եվրոպական միությունը կորոշի մեզ ընդունել՝ շատ լավ, եթե չընդունի՝ մենք էլի շահած դուրս կգանք, որովհետև կլինենք ժամանակակից, լավագույն ստանդարտներին համապատասխանող երկիր», – ընդգծել է նա։



ԱՄՆ-ն հայտարարել է, որ հարվածել է թմրավաճառների հերթական նավին


Քաղաքականություն


Ամերիկացի զինվորականները Խաղաղ օվկիանոսում հարված են հասցրել նավի, որը, ենթադրաբար, օգտագործվում էր թմրավաճառների կողմիցն օգտագործում էին Խաղաղ օվկիանոսում։ Սպանվել է չորս մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։

«Հարավային հրամանատարության ղեկավար Ֆրենսիս Դոնովանի հրամանով «Հարավային նիզակ» միացյալ օպերատիվ  խումբն ապրիլի 14-ին մահացու հարված է հասցրել նավին, որը շահագործվում էր ահաբեկչական կազմակերպությունների կողմից», – ասվում է X-ում հրամանատարության էջում։

Ըստ հաղորդագրության՝ հետախուզությունը հաստատել է, որ նավն ընթացել է թմրանյութերի մաքսանենգության հայտնի երթուղիներով Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում և օգտագործվել է թմրամաքսանենգության համար: Գործողության ընթացքում ամերիկացի զինվորներ չեն տուժել։



Հայաստանում դատական և արդարադատության համակարգերը հիմնականում օրգանական կապ չունեն ժողովրդի հետ


«Մենք շատ բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության գործունեությունը, և հատկապես մեր գաղափարաբանության և ժողովրդավարության ընկալումների պայմաններում դժվար է գերագնահատել քաղաքացիական հասարակության դերը մեր իրականության մեջ։ Միևնույն ժամանակ, շատ կարևոր եմ համարում, որ մենք շարունակում ենք ինստիտուցիոնալ մեխանիզմներ ստեղծել, որպեսզի Կառավարության, քաղաքական մեծամասնության և ընդհանրապես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործակցությունը լինի առավել ինստիտուցիոնալ, առավել համակարգված և այդ ամենի արդյունքում՝ ավելի արդյունավետ և ավելի կառուցողական։

Ընդհանուր առմամբ պետք է արձանագրել, որ մենք, թեև ժողովրդավարության ու պետության, տնտեսության զարգացման առումով շատ մեծ առաջընթացներ ենք արձանագրել 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո, բայց միևնույն ժամանակ, իհարկե, մենք առերեսվում ենք, որ շարունակաբար ունենք լրջագույն պրոբլեմներ, և այդ լրջագույն պրոբլեմների լուծումը մեր օրակարգի առաջնահերթությունների մեջ է։ Բայց նաև այդ պրոբլեմների լուծման բանաձևեր փնտրելիս՝ մենք բախվում ենք առաջին և նույնիսկ երկրորդ ու երրորդ հայացքից աննկատ խնդիրների։ Մասնավորապես, դա ընդունված է անվանել հիմնական հասկացությունների ճշգրտում»,- նշեց վարչապետը։

Վարչապետը հավելեց, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո ամենամեծ քննադատությունը Հայաստանի կառավարության և քաղաքական մեծամասնության հասցեին այն է, որ նրանք, արդարության ակնկալիքը ունենալով որպես հեղափոխության օրակարգերից մեկը, դեռևս չեն կարողացել Հայաստանում արդարության ոլորտում հասնել այնպիսի հաջողությունների, որ կգնահատվի լավ կամ բավարար։ «Այստեղ կա ճշմարտություն, բայց երբ մենք փորձում ենք հասկանալ պրոբլեմը, բախվում ենք առաջին հայացքից շատ պարզունակ մի հարցի՝ իսկ ի՞նչ է արդարությունը, և ի՞նչ է արդարադատությունը։ Եվ պարզվում է, որ այս հարցի շուրջ միասնական ընկալում չկա։ Ընդ որում, ոչ միայն համընդհանուր, այլ նաև որոշակի գաղափարաբանական և դիտանկյունային էական տարբերություններ կան ընդհուպ մասնագիտական խմբերի մեջ։ Օրինակ՝ իրավաբաններն արդարությունը մի բան են համարում, քաղաքական գործիչները մեկ այլ բան, տնտեսվարողներ՝ երրորդ բանը, քաղաքացիները՝ չորրորդ բանը։ Ընդհանրապես արդարադատության հեռ առնչվող կողմերը երկուսն են, և սովորաբար մեկը հաղթում է, իսկ մյուսը պարտվում։

Ինչպե՞ս հասնել նրան, որ և պարտվողը, և հաղթողն ընդունելի համարեն, որ տեղի ունեցածն արդարություն և արդարադատություն է։ Այս հարցի հետազոտմամբ զբաղվելով՝ ես հանգել եմ մի եզրակացության, որ այստեղ ամենակարևոր խնդիրներից մեկը պրոցեսների և ինստիտուտների օրգանիկությունն է իշխանության աղբյուրի՝ ժողովրդի հետ կապի իմաստով։ Այսօրվա համակարգի պայմաններում մենք երբեք արդարություն և արդարադատության զգացում չենք ունենալու, որովհետև ես մեր գործընկերներին ասել եմ, որ Հայաստանում դատական և արդարադատության ու արդարության համակարգերը հիմնականում չունեն օրգանական կապ իշխանության բարձրագույն աղբյուրի՝ ժողովրդի հետ։ Եվ այս խնդիրն է կարևորագույններից մեկը, որը մենք պետք է լուծենք՝ առաջիկայում նոր Սահմանադրություն ընդունելով։ Որովհետև Հայաստանում արդարադատությունը և արդարությունը կառավարվում է մեծ մասամբ այնպիսի ինստիտուտների կողմից, որոնք կղզիացած են, մեկուսացած են, չունեն օրգանական կապ ժողովրդի հետ, չունեն հաշվետվողականության և պատասխանատվության բավարար մակարդակ ժողովրդի առաջ, որը իշխանության բարձրագույն կրողն է։ Ես ինքս ինձ համար հետևյալ եզրակացությունն եմ արել, որ արդարությունն ու արդարադատությունը համապատասխանությունն է Սահմանադրությանը և օրենքներին, բայց ի՞նչ անել այն դեպքում, երբ հենց Սահմանադրությունն օրգանական կապ չունի իշխանության բարձրագույն աղբյուրի հետ։ Այս դեպքում ինչ ուզում ես արա, արդարության և արդարադատության զգացողությունը չի լինելու, որովհետև Սահմանադրությունը պետք է լինի ժողովրդի ազատ կամքի արտահայտում, իսկ մենք պետք է խոստովանենք, որ այդպիսի Սահմանադրություն չունենք և, ցավոք, երբեք չենք ունեցել։ Իսկ երբ աղբյուրը, որտեղից դե յուրե բխում է արդարությունը և արդարադատությունը խզում ունի ժողովրդի հետ, այդ մեխանիզմի գործարկումը երբեք չի կարող ժողովրդի կողմից ընկալվել որպես արդարություն և արդարադատություն։ Ես սա չեմ ասում որպես Հայաստանի վարչապետ, ես սա ասում եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որովհետև ես ինքս էլ չունեմ Հայաստանում արդարության և արդարադատության զգացում ինստիտուցիոնալ առումով, և սա ֆունդամենտալ խնդիր է, որը մենք պետք է լուծենք»,- մանրամասնեց ՀՀ վարչապետը։

Նա հավելեց, որ այս առումով ՀՀ իշխանությունները կարևորում են համագործակցությունը Եվրամիության հետ։ Նա նշեց, որ վերջերս ՄԻԵԴ-ում իր ունեցած հանդիպումների ընթացքում ինքը շեշտել է, որ ՀՀ իշխանությունների խնդիրը չէ եղած խնդիրները քողարկելն ու ցույց տալը, որ ամեն ինչ լավ է։ «Ընդհակառակը, եվրոպական և միջազգային մի շարք ինստիտուտների հետ մեր համագործակցության առանցքային նպատակն այն է, որ մենք ունենանք որոշակի մեխանիզմներ հնարավոր թույլ տրված սխալներն ուղղելու, որովհետև եթե մենք առաջնորդվենք այն կանխավարկածով, որ մենք պետք է հասնենք այնպիսի վիճակի, որ չսխալվենք, դա ճիշտ չէ, որովհետև սխալվում են բոլորը։ Հետևաբար, մենք չպետք է խնդիր դնենք, որ չպետք է սխալվենք, որովհետև եթե նման խնդիր դնում ենք, մենք առաջ շարժվելու մեր ճանապարհները փակում ենք։ Եվ սա է մեր ընկալումը, մենք պետք է աշխատենք, որ չսխալվենք, մենք պետք է ամեն ինչ անենք, որ չսխալվենք, բայց մենք պետք է հասկանանք, որ սխալվելու ենք։ Այլ բան է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ սխալները լինեն հնարավորինս թեթև, և լինեն այդ սխալներն ուղղելու մեխանիզմներ։ Այս ընկալումն է մեզ համար գործելակարգը»,- նշեց նա։

Փաշինյանն անդրադարձավ նաև հնչող կարծիքներին, թե Կառավարությունը դեռևս սվիններով է ընդունում քաղաքացիական հասարակության կողմից հնչող առաջարկները։ «Ես հասկանում եմ այդ շեշտադրումը, բայց, կներեք, ես համաձայն չեմ, որ Կառավարությունը կամազուրկ մի ամորֆ մարմին է, որ քաղաքացիական հասարակությունն ինչ ասի, պետք է հլու կատարի։ Ուրեմն եկեք դերերով փոխվենք, եկեք դուք կառավարեք, մենք էլ գանք, առաջարկներ ներկայացնենք։ Բայց ես չեմ էլ ասում, որ Կառավարությունը պետք է ամեն ինչ մերժի։ Իմ ասածն այն է, որ պետք է տեղի ունենա բանավեճ, որովհետև այն, ինչ ընդունվում է առանց բանավեճի, ի սկզբանե սխալ է»,- ասաց Փաշինյանը։


Ընտրական բոլոր ծախսերը պետք է լիարժեք արտացոլվեն քաղաքական ուժերի հայտարարագրերում. ԿԸՀ նախագահ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը վստահեցրեց, որ առաջիկա ընտրական գործընթացներում քաղաքական ուժերի ֆինանսական հոսքերի վերահսկողությունը կուժեղացվի, իսկ հայտարարագրման պահանջները՝ խստորեն կիրականացվեն։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հարցին ի պատասխան՝ Հովակիմյանը հիշեցրել է, որ 2024 թվականին Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո էապես փոխվել է նախընտրական ֆինանսավորման տրամաբանությունը։

Նրա խոսքով՝ նախկինում կուսակցությունները կարող էին ունենալ զրոյական միջոցներ իրենց հաշվեհամարին, սակայն քարոզարշավի ընթացքում ներգրավել ֆինանսավորում՝ այդ թվում թեկնածուների և անհատների կողմից կատարված մուծումների միջոցով։ Ներկայում, սակայն, այդ հնարավորությունը սահմանափակվել է։ «Ներկայում նախընտրական հիմնադրամ վճարում կարող են կատարել միայն կուսակցությունները։ Իսկ որպեսզի այդ միջոցները գոյություն ունենան, կուսակցությունները պետք է դրանք ունենան իրենց հաշվեհամարներին, որտեղ կարող են նվիրատվություններ ստանալ քաղաքացիներից՝ տարեկան մինչև 10 միլիոն դրամ սահմանաչափով»,- նշեց Հովակիմյանը։ ԿԸՀ նախագահը ընդգծեց, որ այս փոփոխությամբ ապահովվում է ֆինանսական հոսքերի առավել հստակ և վերահսկելի շրջանառություն․ քաղաքական ուժերը նախ պետք է միջոցներ ներգրավեն և միայն հետո դրանք ուղղեն քարոզարշավին։

Անդրադառնալով վերահսկողության մեխանիզմներին՝ Հովակիմյանը վստահեցրեց, որ ԿԸՀ-ն հետևելու է, որպեսզի ընտրական գործընթացում կատարվող բոլոր ծախսերը լիարժեք արտացոլվեն հայտարարագրերում։ «Այն, ինչ ենթակա է հայտարարագրման Ընտրական օրենսգրքի համաձայն, մենք հետևելու ենք, որ ամբողջությամբ հայտարարագրվի։ Շտաբների վարձակալության ծախսերը, քարոզարշավի ընթացքում կատարվող բոլոր վճարումները պարտադիր պետք է ներառվեն հաշվետվություններում»,- ասել է նա։

Հովակիմյանի խոսքով՝ վերահսկողության շրջանակում կիրառվելու են նաև տարածքային ռեսուրսներ․ «Մեր 38 ընտրատարածքների ռեսուրսը ևս կիրառվելու է, որպեսզի տեղերում կարողանանք ստանալ ամբողջական տեղեկատվություն և վերահսկել գործընթացը»,- ասաց Հովակիմյանը։ Նա նաև նշեց, որ արտաքին գովազդի տեղադրման գործընթացը ևս գտնվում է խիստ կարգավորման ներքո։ Մասնավորապես, 5 քմ-ից մեծ վահանակները կարող են տեղադրվել միայն ԿԸՀ-ի կողմից իրականացվող բաշխման հիման վրա, իսկ վճարովի գովազդային այլ հարթակները նույնպես պետք է արտացոլվեն ֆինանսական հաշվետվություններում։ Հովակիմյանն ընդգծեց, որ ընտրություններից դուրս քաղաքական ուժերի ֆինանսական գործունեության վերահսկողությունը ԿԸՀ լիազորությունների շրջանակում չէ։

«Քարոզարշավից դուրս քաղաքական ուժերի ծախսերը գտնվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տիրույթում, սակայն այդ գործընթացները փոխկապակցված են Ընտրական օրենսգրքի կարգավորումների հետ»,- նշեց նա։ ԿԸՀ նախագահը հավելեց, որ կուսակցությունների ֆինանսավորման և թափանցիկության ոլորտում առկա են նոր մարտահրավերներ, և այս ուղղությամբ հնարավոր են հետագա օրենսդրական լրամշակումներ։

Հունգարիան դեռևս չի կարող հրաժարվել Ռուսաստանից նավթի մատակարարումներից. Մադյար


Բիզնես


Հունգարիան դեռևս չի կարող հրաժարվել Ռուսաստանից նավթի մատակարարումներից, սակայն ընտրություններում հաղթած «Տիսա» կուսակցության կառավարությունը կձգտի դիվերսիֆիկացնել աղբյուրները: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է կուսակցության նախագահ Պետեր Մադյարը։

«Մենք ցանկանում ենք դիվերսիֆիկացնել աղբյուրները, մենք ցանկանում ենք նավթ ստանալ որքան կարելի է մեծ քանակությամբ աղբյուրներից և որքան կարելի է՝ ավելի էժան…. Իհարկե, «Դրուժբա»-ն կմնա, մենք հստակ ասել ենք, որ Հունգարիան, նույնիսկ եթե ցանկանա, ներկայում չի կարող ամբողջովին հրաժարվել ռուսական նավթից», – ասել է Մադյարը Kossuth ռադիոկայանի եթերում։

Ուկրաինայի տարածքով անցնող «Դրուժբա» խողովակաշարով Հունգարիա ռուսական նավթի մատակարարումների դադարեցման պատճառով երկրի վարչապետ Վիկտոր Օրբանն արգելափակում էր Կիևին 90 միլիարդ եվրո վարկի տրամադրումը։



ԵՄ-ն առաքելություն կուղարկի Հայաստան հիբրիդային սպառնալիքներին դիմակայելուն աջակցելու համար


Քաղաքականություն


Եվրամիության երկրների դեսպանները Բրյուսելում ընդունել են Հայաստան քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշում՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝ կլինի հաջորդ շաբաթ ԵՄ արտգործնախարարների նիստում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։  

«Ազատության» տրամադրության տակ է ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատարի առաջարկը՝ առաքելության մանդատի, կառուցվածքի ու ժամկետների վերաբերյալ։ Ըստ այդ փաստաթղթի, առաքելությունը պետք է ամրապնդի Հայաստանի դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքներից՝ ռազմավարական, գործնական խորհրդատվություն ու աջակցություն տրամադրելով նախարարություններին ու անվտանգային ոլորտի գործակալություններին։ 

Այդ խորհրդատվությունները կենտրոնանալու են քաղաքականությունների մշակման, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների հայտնաբերման ու արձագանքման, կիբեռհարձակումների, ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերի վրա։

Առաքելությունը պետք է նաև գնահատի՝ ինչ է անհրաժեշտ Հայաստանում անվտանգության ոլորտում կարողությունները զարգացնելու համար, որպեսզի երկիրն առավել արդյունավետ բացահայտի ու արձագանքի հիբրիդային սպառնալիքներին՝ ԵՄ մեթոդաբանությունների և ստանդարտների համաձայն։