Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայն


Քաղաքականություն


Ազգային ժողովն ընդունեց պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը, որն առաջարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը վարման կարգով խոսք խնդրեց և հայտարարեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու որոշմանը, քանի որ 8-րդ գումարման խորհրդարանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն «անուրանալի» նեդրում է ունեցել այս նախագծի ստեղծման, արծարծման և ընդունման հարցում, ապա հույս հայտնեց, որ պատգամավորական էթիկայի կանոնները կպահվեն թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ:

Վարման կարգով խոսք խնդրեց նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ հայտարարելով, որ կողմ են քվեարկելու նախագծին, ապա 20 րոպե ընդմիջում խնդրեց:

Քվեարկության արդյունքների համաձայն՝ 92 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովն ընդունեց պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը:



ԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով


Քաղաքականություն


ՀՀ Ազգային ժողովը միաձայն՝ 92 կողմ ձայնով ընդունել է պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը։

Հանձնաժողովը կազմված կլինի 10 անդամից։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կունենա 5 անդամ

Առաջին հանձնաժողովի նախագահի նշանակման իրավունքը վերապահված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։  ԱԺ կանոնակարգ օրենքով ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը կարող է պատգամավորների նկատմամբ կիրառել կարգապահական պատժամիջոցներ։



Գյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրը


Մշակույթ


Օգոստոսի 11-ին Գյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրը։  Միջոցառումների շարքն իրականացվում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի նախաձեռնությամբ՝ Գյումրիի քաղաքապետարանի, ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ինչպես նաև Հայաստանում Erasmus+ Երիտասարդություն և Եվրոպական Համերաշխության Կորպուս ծրագրերի տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ։

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հանրային կապերի պատասխանատու Արուսյակ Գյունաշյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս տարի ևս կազմակերպվում է հագեցած ու բազմաբովանդակ տոնական ծրագիր՝ նպատակ ունենալով առավել տեսանելի և լսելի դարձնել երիտասարդների ձայնը։

Տոնական օրվա միջոցառումների շարքը կբացվի ժամը 16:00-ին՝ «Erasmus+ Երիտասարդություն և Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի հանրային տեղեկատվական արշավով։ Այդ օրերին Գյումրիում հյուրընկալված Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրի շուրջ 25 շրջանավարտ կամավորներ քաղաքի տարբեր հատվածներում անցկացվող արշավի միջոցով երիտասարդներին մանրամասն տեղեկություններ կտրամադրեն եվրոպական երիտասարդական հնարավորությունների և կամավորական նախաձեռնությունների մասին:

Արշավին կհաջորդի օրվա առանցքային իրադարձություններից մեկը՝ ժամը 17:00-ին Աբովյան ճեմափողոցում մեկնարկելիք «Ձգտումների խճանկար» մասնակցային նախաձեռնությունը։ Տեղադրվելու է մեծածավալ խորհրդանշական խճանկար, որի առանձին հատվածներում երիտասարդները ներկայացնելու են իրենց ձգտումները, նպատակները, երազանքներն ու ապագայի վերաբերյալ սեփական տեսլականը։ Նախաձեռնության նպատակն է ստեղծել բաց հարթակ ինքնարտահայտման, փոխադարձ ճանաչման ու մասնակցային երկխոսության համար։

Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումները կեզրափակվեն երեկոյան՝ ժամը 19:30-ից մինչև 22:00-ն Աբովյան ճեմափողոցում տեղի ունենալիք մեծ բացօթյա համերգով։ Գյումրեցիները և քաղաքի հյուրերը հնարավորություն կունենան վայելելու սիրված երգիչ Էրիկ Կարապետյանի և ինքնատիպ «DJ Sianna»-ի կատարումները։



Սեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոն


Աշխարհ


Ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը ֆրանսիական հայտնի Սեն Տրոպե հանգստավայրն օգտագործել է որպես սեռական շահագործման նպատակով աղջիկների հավաքագրման հիմնական վայրերից մեկը։ Այս մասին հայտնում է Le Monde պարբերականը՝ հղում անելով դատական փաստաթղթերին ու վկաների ցուցմունքներին։

​Ըստ գործի նյութերի՝ այս հարցում Էփշտեյնին ակտիվորեն աջակցել է մոդելային գործակալ Ժան-Լյուկ Բրյունելը։ Վերջինս, օգտագործելով իր մասնագիտական դիրքն ու կապերը, ֆինանսիստի համար անարգել հասանելիություն է ապահովել երիտասարդ աղջիկների նկատմամբ։



«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջ

Օգոստոսի 8–9-ը AI9 Startup Campus-ում անցկացվել է «Hack Armenia» խորագրով 24-ժամյա հաքաթոնը՝ նվիրված մեծ լեզվական մոդելների (LLM) կիրառմանը։ Միջոցառումն իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության աջակցությամբ։

Հաքաթոնը համախմբել է ծրագրավորողների, հետազոտողների, ուսանողների, ստարտափների հիմնադիրների և արհեստական բանականության ոլորտի այլ մասնագետների՝ նպատակ ունենալով նոր գիտելիքներն ու տեխնոլոգիական հնարավորությունները վերածել Հայաստանի համար իրական, չափելի և կիրառելի լուծումների։

Մասնակիցները 3–4 հոգանոց թիմերով 24 ժամվա ընթացքում մշակել են գաղափարներ, ստեղծել աշխատող նախատիպեր, փորձարկել և գնահատել դրանց արդյունավետությունը, ապա արդյունքները ներկայացրել փորձագիտական ժյուրիին։

«Hack Armenia»-ի փորձագիտական ժյուրիի կազմում ընդգրկված են եղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի պարտականությունները կատարող Գևորգ Մանթաշյանը, Դավիթ Զոհրաբյանը (OpenAI), Դավիթ Առաքելյանը (Eleveight AI), Արա Հախվերդյանը (AI9), Վազգեն Հակոբջանյանը (Magical Labs), Արտավազդ Երիցյանը (Async) և Վազգեն Բադալյանը (Evidenso)։

Ժյուրին թիմերի ներկայացրած լուծումները գնահատել է՝ կարևորելով գաղափարի արդիականությունը, տեխնիկական իրագործման մակարդակը, չափելի արդյունքները և իրական պայմաններում կիրառելիությունը։

Կարևորելով նման նախաձեռնությունների դերը Հայաստանի ԱԲ էկոհամակարգի զարգացման գործում՝ Գևորգ Մանթաշյանը շնորհակալություն է հայտնել ժյուրիի կազմում ընդգրկվելու համար և հավելել.
«Մեր նպատակն է, որ Հայաստանում արհեստական բանականության զարգացումը չսահմանափակվի միայն գիտելիքի կամ հետազոտության ստեղծմամբ։ Կարևոր է ձևավորել միջավայր, որտեղ այդ գիտելիքը հնարավորինս արագ վերածվում է աշխատող լուծումների, նոր պրոդուկտների և ընկերությունների։ Նման հաքաթոնները հենց այդ կապն են ստեղծում՝ միավորելով տաղանդը, տեխնոլոգիան և իրական խնդիրները»։

Հաքաթոնի հիմնական մրցանակները հովանավորել է OpenAI ընկերությունը՝ հաղթող թիմերին տրամադրելով OpenAI API կրեդիտներ.

1-ին տեղ՝ 12,000 ԱՄՆ դոլարին համարժեք OpenAI API կրեդիտներ,
2-րդ տեղ՝ 7,500 ԱՄՆ դոլարին համարժեք OpenAI API կրեդիտներ,
3-րդ տեղ՝ 5,000 ԱՄՆ դոլարին համարժեք OpenAI API կրեդիտներ։

Eleveight AI ընկերությունը սահմանել է նաև հատուկ մրցանակ՝ ընտրված թիմին տրամադրելով 5,000 ԱՄՆ դոլարին համարժեք GPU հաշվողական ռեսուրս։

Հաքաթոնի կազմակերպիչներն են Armenia LLM Summer School-ը (Մեծ լեզվական մոդելների ամառային դպրոց), AI9 Startup Campus-ը և YerevaNN-ը։

Նախաձեռնությունը միավորում է կրթական, հետազոտական և ձեռնարկատիրական ներուժը՝ նպաստելով Հայաստանում արհեստական բանականության համայնքի զարգացմանը և հնարավորություն ստեղծելով նոր գիտելիքները վերածել գործնական լուծումների, տեխնոլոգիական արտադրանքի և նորարարական նախաձեռնությունների։

Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել


Սպորտ


Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կարծում է, որ ժամանակն է, որ Ջանի Ինֆանտինոն հրաժարական տա ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից։

«Ինձ համար Ջանի Ինֆանտինոյի ժամանակը վաղուց անցել է։ Ես սա չեմ ասում վերջին իրադարձությունների պատճառով։ Ես վաղուց եմ նկատել այս կառավարման ոճը, չնայած բոլորը, կարծես, միայն հիմա են այն հայտնաբերում։ Ջանի Ինֆանտինոն այն մարդկանցից չէ, ովքեր նպաստում են ֆուտբոլի զարգացմանը։ Ընդհակառակը, նրա նախագծերը ոչնչացնում են սպորտի բուն էությունը՝ ազգային լիգաները։

Ֆուտբոլը չի ​​սահմանափակվում էլիտայով։ Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել է։

Մնում է տեսնել, թե երբ դա ուժի մեջ կմտնի և ինչպես կընթանա ղեկավարության փոփոխությունը։ Հուսով եմ, որ դա չի լինի որոշ մարդկանց պարզապես փոխարինում, այլ իրական վերակառուցում», — ասել է Տեբասը Le Monde-ին տված հարցազրույցում։



4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը


Գիտություն



ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ Firebird ընկերության ԱԲ գործարանի բացումը նշանավորում է արհեստական բանականության զարգացման նոր ու նշանակալի փուլի սկիզբ Հայաստանում։

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը վարչապետ Փաշինյանի և Firebird ընկերության ղեկավարության հետ միասին Հրազդանում ներկա գտնվեց Հայաստանի առաջատար հիպերմասշտաբային ԱԲ կենտրոնի բացմանը։

4 միլիարդ ԱՄՆ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների ու ԱԲ ենթակառուցվածքների մուտք Հայաստան, որը թույլ կտա երկրին դիրքավորվել որպես տվյալների կենտրոնների, ամպային հաշվարկների և ԱԲ նորարարության տարածաշրջանային կենտրոն։

ԱԲ կենտրոնի բացումը հայ-ամերիկյան աճող գործընկերության ակնառու օրինակ է և գործնական քայլ ի շարունակումն օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների և այնտեղ ստորագրված ԱՄՆ-Հայաստան երեք կարևորագույն փոխըմբռնման հուշագրերի, որոնցից մեկը վերաբերում էր ԱԲ-ի և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերությանը։

Ինչպես նկատեց հավատարմատար Ալենը, երբ մեկտեղվում են ամերիկյան և հայկական տաղանդն ու նորարարությունը, բացվում են տնտեսական աճի, տեխնոլոգիական փոխակերպումների ու առավել մեծ բարեկեցության նոր հեռանկարներ։



Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը


Քաղաքականություն


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մերժում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի վերաբերյալ 15 կետանոց ծրագիրը՝ ընդգծելով, որ իսրայելական ուժերի դուրսբերում չի լինի, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը լիովին չի զինաթափվել։

«Իսրայելը մերժում է 15 կետանոց փաստաթուղթը»,- կիրակի կառավարության նիստում հայտարարել է Նեթանյահուն։

Թրամփի Խաղաղության խորհուրդն անցյալ ամիս հայտարարել էր, որ համաձայնություն է ձեռք բերվել ՀԱՄԱՍ-ի և Գազայում գործող մյուս զինված խմբավորումների լիակատար զինաթափման վերաբերյալ։

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ իր ծանր զենքի հանձնումը կախված է Իսրայելի կողմից «ագրեսիայի բոլոր ձևերի» դադարեցումից և Գազայից իսրայելական ուժերի դուրսբերումից։

Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Գազայի հատվածում՝ չնայած անցյալ տարվա հոկտեմբերին ձեռք բերված նախնական հրադադարի պայմանավորվածությանը։



Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ


Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտուրը 2026 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 21%-ով։ ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառությունը աճ է գրանցել, ինչը տնտեսագետները պայմանավորում են ռուսական շուկա հայկական ապրանքների սահմանափակումներով։ Այլ ուղղություններով ապրանքաշրջանառության որոշակի աճ է արձանագրվել։

Ռուսաստանի համար նախատեսված ապրանքը Հայաստանից հասել է ռուսական շուկա, սակայն այլընտրանքային ճանապարհներով, վստահեցնում է տնտեսագետ Աղասի Թավադյանը։ Մասնագետն այս եզրակացության է եկել, վերլուծելով  ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ Դրանք վկայում են, որ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը աճել է։ Մասնավորապես, Բելառուսի հետ ապրանքաշրջանառությունը 103 մլն դոլարից հասել է մոտ 122,5 մլն –ի, Ղազախստանի հետ՝ 7.5 մլն դոլարից  հասել է 48,5 մլն –ի, Ղրղզստանի դեպքում՝ 4,5 մլն դոլարից  հասել է 14,5 մլն –ի։

Տնտեսագետն այս պատկերը բնական է համարում Մոսկվայի կիրառած սահմանափակումների պայմաններում։ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ նվազել է մոտ 21 %-ով՝ ավելի քան 3,33 մլրդ դոլարից հասնելով 2,5 մլրդ –ի։

«2026 թվականի առաջին կիսամյակում, համեմատած 2025 թի նույն  ժամանակահատվածի հետ, գյուղատնտեսությունը տնտեսական ակտիվության մեջ անկում է ապրել 119 %-ովայսինքն՝ մեծ հարված է կրել։

Նշեմոր այս ապրանքներըորոնք նախատեսված են ռուսական շուկայի համար հիմնականում հասել են Ռուսաստանսակայն հասել են այլընտրանքային ճանապարհներով։ Այսինքն՝ մենք այն արտահանել ենք դեպի Վրաստան։ Այս պահին արտահանումը մեծացել է դեպի ԵԱՏՄ այլ երկրներ, որից  այն մուտք է գործել արդեն մաքսատուրքով դեպի Ռուսաստանի Դաշնություն։

Քանի որ մենք ԵԱՏՄ անդամ պետություն ենք, նաև Ղրղզստանի հետ է  ապրանքաշրջանառությունը ավելացել։ Այն ապրանքը, որ նախատեսված էր Ռուսաստանի Դաշնության համար, մի տեղ պիտի արտահանվեր»։

Ի դեպ Վրաստանի հետ առևտուրը 127 մլն դոլարից հասել է 136․5 մլն –ի։

Նախօրեին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում  Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը վստահեցրեց, որ ԵԱՏՄ երկրների միջև այս տարի ապրանքաշրջանառությունը աճել է և հնարավոր է՝ 2026-ին հասնի միչև 102 մլրդ դոլարի։ 

«Ապրանքների ազատ տեղաշարժը եվրասիական ինտեգրման հիմնարար սկզբունքներից մեկն է։ Փոխադարձ առևտուրը շարունակում է կարևոր գործոն մնալ անդամ պետությունների տնտեսական աճի համար: Անցյալ տարի ԵԱՏՄ-ում առևտրի շրջանառությունը կազմել էր 95 միլիարդ դոլար, ինչը 3.5%-ով պակաս է: Այս տարի կանխատեսվում է մոտ 7% աճ՝ մինչև 102 միլիարդ դոլար»։

Հայկական գյուղատնտեսական գրեթե բոլոր ապրանքների մուտքը  ռուսական շուկա արգելվել է։ Տնտեսագետը  մատնանշում է դրանք․

«Ընդհանուր առմամբ, սահմանափակումների մեջ են գտնվում դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքների 25 %-ը, եթե վերաարտահանումը հանենք, ապա գրեթե կեսը։ Եթե ըստ ցանկի նայենք, Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստան 2025 թվականի արտահանման ձկնամթերքի 90 % -98 %-ը գնացել դեպի Ռուսաստանի Դաշնություն, կտրված ծաղիկների 94 %-ը գնացել է Ռուսաստանի Դաշնություն, պղպեղի 98 %-ը, լոլիկի 100 %-ը, կորիզավոր պտուղներից՝ ծիրանի մոտ 90 %-ը։ Այսինքն՝ այս հիմնական ապրանքներն են, որոնց շուկան, հասցեատերը նախատեսված է եղել Ռուսաստանի համար և այդ ապրանքները ի սկզբանե նախատեսված են եղել ռուսական շուկայի համար, և այս սահմանափակումները մեծ խոցելիություն բերեցին մեր  գյուղատնտեսությանը, որոնք արդեն իսկ խոցելի դիրքում էին»։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները հուշում են, որ ԵՄ երկրներից հայկական ապրանքները ավելի շատ արտահանվել են

Բելգիա և Բուլղարիա։ Բելգիայի հետ ապրանքաշրջանառությունը 83 մլն դոլարից հասել է մոտ 153 մլն –ի, Բուլղարիայի հետ՝ 42 մլն դոլարից 223 մլն –ի։ Աղասի Թավադյանն այստեղ էական է համարում պղնձի խտանյութի արտահանումը․

«Ինչ վերաբերվում է Եվրամիությանը, ապա կա որոշակի աճ, սակայն պետք է նշել, որ մեր կառավարության օրոք, 2018 թից սկսած մինչև 2025 թիվը Հայաստանի արտահանումը հիմնականում աճել է ԵԱՏՄ- Ռուսաստան ուղղությամբ։ Այսինքն, եթե նայենք, այս 8 տարիների ընթացքում դեպի ԵԱՏՄ- Ռուսաստան արտահանումը աճել է գրեթե 5 անգամ։ Իսկ դեպի Եվրամիություն նույն է մնացել, այսինքն՝ որոշակի ստագնացիա կա նույնիսկ, 1 %-ով»։

Իրավիճակն, ըստ տնտեսագետի, արտառոց է ։ Նա նշում է, որ նոր որոշակի քայլեր են ձեռնարկվում, որպեսզի հայկական արտադրանքը իրացվի նաև ԵՄ-ում։  

Հարևան Իրանի հետ ապրանքաշրջանառությունը գրեթե անփոփոխ է ։ Այն ավելացել է մոտ 27 մլն դոլարով և այժմ կազմում է մոտ 370 մլն դոլար։ Միացյալ Նահանգների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը որոշակի աճ է ունեցել և կազմում է 255 մլն դոլար։


Բաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին


Աշխարհ


Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Բաքվում Գերմանիայի հետ Ուկրաինայի հարցով որևէ պաշտոնական բանակցություն չի եղել:

«ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցում դիվանագետն ընդգծել է, որ այս թեմայով Մոսկվայի և Բեռլինի միջև պաշտոնական շփումներ չկան, և դրանք քիչ հավանական են Գերմանիայի ղեկավարության որդեգրած ագրեսիվ հակառուսական հռետորաբանության ու գործնական քայլերի պատճառով:

Այդուհանդերձ, Գալուզինը հաստատել է, որ տեղի են ունենում Ռուսաստանի և Գերմանիայի տարբեր հասարակական ու քաղաքացիական կառույցների ներկայացուցիչների ոչ պաշտոնական հանդիպումներ:

Այս հայտարարությունը հաջորդել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավելի վաղ արած այն պնդմանը, թե հուլիսի կեսերին Բաքվում կայացել է ռուս և գերմանացի նախկին պաշտոնյաների հանդիպում՝ նվիրված ուկրաինական հակամարտությանը: