Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսով


Ավտո


2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները Երևանում տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար կազմել են 17024 արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 10755-ով կամ 172 տոկոսով։



ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոն

Օգոստոսի 15-ին Դիլիջանում, Green Rock-ի նախաձեռնությամբ, կանցկացվի առաջին ARMAT Fest 2026 ժամանակակից մշակութային փառատոնը, որը մեկ վայրում կհամախմբի հայկական մշակույթը, երաժշտությունը, արվեստը, հայկական բրենդներն ու գաստրոնոմիան։ Փառատոնը կանցկացվի Green Rock-ի նորաբաց Villa3 Community Hub-ի հարևանությամբ՝ բազմաֆունկցիոնալ համալիրի ապագա Համերգասրահի տարածքում։

ARMAT Fest 2026-ը նպատակ ունի դառնալ Դիլիջանի մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից մեկը՝ միավորելով արվեստագետներին, երաժիշտներին, ստեղծագործողներին, տեղական արտադրողներին և հազարավոր այցելուների մեկ հարթակում։ Այն արտացոլում է Green Rock-ի երկարաժամկետ տեսլականը՝ ձևավորել միջավայրեր, որտեղ զբոսաշրջությունը, մշակույթը, կրթությունը և համայնքային կյանքը զարգանում են փոխկապակցված կերպով։

«ARMAT Fest-ը մեզ համար պարզապես մշակութային միջոցառում չէ․ այն հարթակ է, որը միավորում է մարդկանց, գաղափարներն ու հայկական ինքնության տարբեր դրսևորումները։ Մեր նպատակն է ստեղծել այնպիսի փորձառություններ, որոնք նպաստում են Դիլիջանի՝ որպես միջազգային զբոսաշրջային և մշակութային ուղղության զարգացմանը», – նշել է Green Rock Operations-ի գործադիր տնօրեն Վալերի Բաղդագուլյանը։

ARMAT Fest 2026-ի գլխավոր շեշտադրումներից է երաժշտական ծրագիրը։ Փառատոնի բեմում հանդես կգան հայկական երաժշտության ամենասիրված կատարողներից Garik & Sona, Lav Eli և Miqayel Voskanyan & Friends խմբերը։ Երեկոյի ընթացքում կհնչեն նաև DJ սեթեր՝ հայկական երաժշտական մոտիվների ժամանակակից մեկնաբանությամբ։

Հայկական արհեստներ և ստեղծագործական փորձառություններ

Փառատոնի այցելուները հնարավորություն կունենան մասնակցելու հայկական ավանդական արհեստների և դեկորատիվ-կիրառական արվեստի վարպետության դասերի, ծանոթանալու ազգային զարդանախշերին, ձեռագործ արվեստի ավանդույթներին։

Տեղական բրենդներ և հայկական համեր

ARMAT Fest-ը հարթակ է հայկական տեղական բրենդների, արտադրողների և ստեղծարար համայնքի համար։ Փառատոնի Market Zone-ում կներկայացվեն ժամանակակից հայկական դիզայներական, ձեռագործ ապրանքներ։ Food Court գոտում այցելուները հնարավորություն կունենան բացահայտելու հայկական խոհանոցի բազմազանությունը՝ համտեսելով ավանդական ուտեստներ, ժամանակակից հայկական գաստրոնոմիայի նոր մեկնաբանություններ, ինչպես նաև տեղական արտադրողների սնունդն ու ըմպելիքները։

Փառատոն ամբողջ ընտանիքի համար

Փոքրիկ այցելուների համար կգործի հատուկ Kids Zone, որտեղ երեխաները կմասնակցեն հայկական ավանդական խաղերի, ստեղծագործական ակտիվությունների և ինտերակտիվ ծրագրերի՝ բացահայտելով մշակույթը խաղի միջոցով։

Փառատոնի տարածքում կստեղծվեն նաև հանգստի և շփման գոտիներ՝ նախատեսված ամբողջ ընտանիքի համար։

Փառատոնը կմեկնարկի ժամը 13:00-ին և կշարունակվի մինչև 23:00-ը։ Մուտքն ազատ է բոլոր այցելուների համար։

ARMAT Fest-ը ստեղծվել է որպես մշակութային հանդիպման հարթակ, որտեղ միավորվում են մարդիկ, պատմությունները և ժամանակակից հայկական մշակույթի բազմազան դրսևորումները։ Փառատոնի գաղափարն է ձևավորել բաց և ստեղծարար միջավայր, որտեղ հայկական ժառանգությունը վերաիմաստավորվում է ժամանակակից ձևաչափերով՝ դառնալով հասանելի տարբեր սերունդների և մշակույթների ներկայացուցիչների համար։

Վանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ


Բիզնես


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Հարատիդ» ՍՊ ընկերությանը պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում (Լոռու մարզ, ք․ Վանաձոր, ապրանքանիշը՝ «Հարատիդ») և հայտնաբերել սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ: Մասնավորապես՝

  • արտադրական շինությունների պատերի որոշ հատվածների վրա առկա է եղել բորբոս,
  • առաստաղի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել այնպես, որ կանխարգելվեն կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առկա է եղել մասնիկների թափվելու վտանգ,
  • շշալցման վաննաները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում։

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:



Երևանի և Մոսկվայի տակտիկական պատերազմ․․․ Եվրասիական ճակատում


Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում օգոստոսի 6-7-ին կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը և դրան ֆոնին տեղի ունեցած մի քանի ուշագրավ դրսևորումներ վերահաստատեցին, որ Երևանի և Մոսկվայի հարաբերություններում զարգացող տակտիկական դիրքային պատերազմը որակական նոր փուլ է տեղափոխվում։

Տնտեսական ճնշումները՝ ԵԱՏՄ-ի ճգնաժամ

Վերջին ամիսներին Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների արտահանման նկատմամբ կիրառվող արհեստական սահմանափակումներին Փաշինյանը Չոլպոն-Ատայում տվեց հայեցակարգային պատասխան։ Նա խնդիրը երկկողմ հարցերից տեղափոխեց ինստիտուցիոնալ տիրույթ՝ ընդգծելով, որ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի խախտումները հարվածում են ոչ թե լոկ Հայաստանին, այլ հենց ԵԱՏՄ-ի գոյության իմաստին։ Այս մասին Փաշինյանը խոսում էր Երևանում։ Հիմա խոսում է արդեն նաև հենց ԵԱՏՄ հարթակում։ Մինչ Ղրղզստան մեկնելը ՌԴ կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող առևտրային պատժամիջոցները Փաշինյանը որակել էր որպես «ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը»՝ դրանք չվերացվելու դեպքում։ Բայց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում նա իր ելույթում հասկանալի դարձրեց, որ դա սպառնալիք չէ կառույցից դուրս գալու։ Պարզապես կիրառվեց նման քաղաքականության հնարավոր հետևանքների պատասխանատվությունը Մոսկվայի վրա դնելու հստակ տակտիկա․ Երևանը դե յուրե չի լքի միությունը, բայց Ռուսաստանին կանգնեցնում է ընտրության առջև՝ կա՛մ հարգել ընդհանուր կանոնները, կա՛մ սեփական ձեռքերով քանդել սեփական տնտեսական նախագիծը։

Ընդ որում ռուսական պաշտոնական թեզին, թե առևտրաշրջանառության անկումը Երևանի արևմտամետ քաղաքականության հետևանքն է (ինչպես տողատակում ակնարկում էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ հենց Փաշինյանի՝ Ղրղզստանում գտնվելու ընթացքում), Փաշինյանը հակադրեց չոր թվերն ու փաստերը։ Հայաստանը ԵԱՏՄ մաքսատուրքերի ընդհանուր բյուջե է փոխանցել 319 միլիոն դոլար՝ ստանալով ընդամենը 175 միլիոն, իսկ ներմուծումը Միության երկրներից կազմել է 5 միլիարդ դոլար՝ արտահանված 3,2 միլիարդի դիմաց։ Սա ապացուցում է, որ Հայաստանը կառույցի համար թե՛ դոնոր է և թե սպառման խոշոր շուկա,ասել է թե՝ իր առջև դրված խոչընդոտները բացառապես քաղաքական դրդապատճառներ ունեն և էությամբ հենց պատժամիջոցներ են։

Այլընտրանքի լեգիտիմացումը՝ ԵԱՏՄ-ի զենքը հենց իր դեմ

Չոլպոն-Ատայի նիստը ամրագրեց մի շատ կարևոր հանգամանք։ Փաշինյանը նոր մակարդակի բարձրացրեց Հայաստանի՝ այլընտրանքներ ունենալու իրավունքի հարցը՝ ընդ որում՝ ոչ միայն որպես զուտ Հայաստանի, այլև առհասարակ ԵԱՏՄ ցանկացած անդամ-պետության համար։ Սա ևս քաղաքական-տակտիկական հաշվարկ է։ Դեռ Երևանում էր նա հայտարարել, որ այդ իրավունքի մասին ինքը ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կայացած վերջին հեռախոսազրույցի ժամանակ։ Հիմա այդ մասին Երևանը պնդում է հենց ԵԱՏՄ-ի հարթակից, ըդ որում՝ հիմա ավելի համարձակ։ Վարչապետը ՌԴ-ի կողմից կիրառված զենքը հենց նրա դեմ շրջեց։ ՌԴ-ն Հայաստանին ծնկի բերելու և խնդիրը զուտ իր միակողմանի պահանջների տիրույթից հանելու համար ներգրավեց ԵԱՏՄ անդամ երկրներին՝ Միության վերջին գագաթաժողովին ընդունել տալով համատեղ հայտարարություն՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու համար հանրաքվե անցկացնելու վերաբերյալ։ Այդ հայտարարությունը հիմա Երևանի ձեռքին կարծես թե դառնում է խաղաքարտ։ Հղում անելով այդ փաստաթղթին, որտեղ փաստացի աջակցություն էր հայտնվել Հայաստանում հանրաքվե անցկացնելու գաղափարին, Փաշինյանն ըստ էության արձանագրում է․ ԵԱՏՄ-ն ինքն է պաշտոնապես ճանաչել և լեգիտիմացրել Երևանի՝ այլընտրանքային ուղի ընտրելու հնարավորությունը։

Սա բումերանգի էֆեկտով հարվածում է Կրեմլի տրամաբանությանը․ Մոսկվան այլևս չի կարող Հայաստանի վարած քաղաքականությունը որակել որպես «դավաճանություն» կամ «միակողմանի շեղում», քանի որ անդամ երկրների մակարդակով արդեն իսկ ընդունվել է ընտրության այդ իրավունքը։ Երևանն այսպիսով սեփական ինքնիշխան քայլերը ներկայացնում է ոչ թե որպես կառույցի դեմ ուղղված դեմարշ, այլ որպես ԵԱՏՄ գործընկերների կողմից ճանաչված, լեգիտիմ իրավունքի իրացում, ինչը ԵԱՏՄ-ում մնալու կամ դուրս գալու նախաձեռնողի պատասխանատվությունը դարձյալ տեղափոխում է Մոսկվայի դաշտ։

«Հանրաքվեի» թակարդի չեզոքացումը

Մոսկվան փորձում էր Երևանին մղել արագացված, անժամանակ հանրաքվեի՝ «ԵՄ թե՞ ԵԱՏՄ» ձևաչափով՝ հաշվարկելով, որ տնտեսական ցնցումների վախից հասարակությունը կարող է «ոչ» ասել Եվրոպային, ինչը նրանց կարճ հաշվարկով Փաշինյանին կանգնեցնելու է ճգնաժամի առջև՝ ապացուցելով, թե ժողովորդը չի աջակցում նրա արևմտամետ քաղաքականությունը։ Սա թակարդ էր և Երևանը հիմա ցույց է տալիս, որ դրա մեջ ոտքը չի դնելու։ Փաշինյանը՝ ղրղզստանում, ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ ՌԴ դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հեռախոսազրույցում հստակեցրին․ առանց ԵՄ-ին անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնելու և թեկնածուի կարգավիճակ ստանալու՝ հանրաքվեն բովանդակազուրկ է, քանի որ քաղաքացիներին կառաջարկվի ընտրություն գոյություն չունեցող այլընտրանքի միջև։

Զսպվածություն, վստահություն և սպասողականություն

Ազգային ժողովի հունիսյան ընտրություններից հետո Հայաստանի իշխանությունը սեփական այլընտրանքների մասին սկսել է խոսել նկատելիորեն ավելի վստահ և ճակատային։ Չնայած Մոսկվայի պաշտոնական շնորհավորանքի բացակայությանը, Մատվիենկոյի սպառնալից ակնարկներին (այդ թվում՝ զբոսաշրջային հնարավոր էմբարգոյի մասին) և տնտեսական չնվազող ճնշումներին՝ Փաշինյանը չի գնում հարաբերությունների արհեստական սրման։ Սա սպասողական, մարտավարություն է։ Երևանը շահում է ժամանակ, չի ստանձնում կամուրջներն այրողի այն դերը, որը Մոսկվան համառորեն փորձում է նրան վերագրել, սակայն քայլ առ քայլ ամրապնդում է այլընտրանքներ ձևավորելու և սուբյեկտայնությունն ուժեղացնելու իր լեգիտիմ իրավունքը։

Գոռ Աբրահամյան

radar armenia


10.9 մլն եվրոյի հափշտակության գործով 11 տարի անց հետախուզվող է հայտնաբերվե


Հայաստան


Դեռևս 2013 թվականի սեպտեմբերի 28-ին հարուցված քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննչական գործողությունների արդյունքում հավաքված ապացույցներով հաստատվել է, որ ԻԻՀ և ՀՀ մի շարք քաղաքացիներ ՀՀ-ում գործող բանկին փոխանցված ընդհանուր 10 մլն 980 հզր եվրո գումարը խաբեության եղանակով հափշտակելու դիտավորությամբ, բանկի ղեկավարի և նրա տեղակալի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ շրջանառության մեջ են դրել իբր ընկերությունների միջև կազմված փոխառության կեղծ պայմանագրեր և գրություններ, որոնց հիմքով բանկում պահվող հիշյալ գումարից 1 մլն եվրոն նախ 2012 թվականի օգոստոսի 1-ին փոխանցվել է հանցավոր խմբի անդամներից մեկի կողմից կառավարվող ընկերության հաշվին, որից հետո՝ ընկերության՝ բանկում բացված հաշվին։

Այնուհետև, շրջանառության մեջ դրված կեղծ փաստաթղթերի հիմքով վերոհիշյալ գումարի մնացած մասը՝ 9 մլն 980 հզր եվրո գումարը 2012 թվականի հոկտեմբերի 3-ին փոխանցել են իրենց հետ փոխկապակցված մեկ այլ ընկերության հաշվին, իսկ 2013 թվականի մարտին՝ ընկերության բանկային հաշվին, որից հետո գումարի մի մասը կանխիկացվել, իսկ մի մասը փոխանցվել է հանցավոր սխեմայում ներգրավված անձանց բանկային հաշիվներին, ինչի հետևանքով 2012 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում վերոհիշյալ անձինք կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 5 մլրդ 804 մլն 577 հզր ՀՀ դրամին համարժեք 10 մլն 980 հզր եվրո գումար, որի ծագման աղբյուրը և իրական բնույթը թաքցրել են՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:

Դեռևս 2015 թվականի հունվարի 27-ին Վ.Մ.-ն, ինչպես նաև հանցավոր սխեմայում ներգրավված մյուս անձինք քրեական վարույթով ներգրավվել են որպես մեղադրյալներ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը) և նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում շուրջ 11 տարի հետախուզման մեջ գտնվող Վ․Մ․-ն հայտնաբերվել և ձերբակալվել է ՌԴ-ում, իսկ 2026 թվականի հունիսի 18-ին արտահանձնվել է ՀՀ։

Նախաքննության ընթացքում նշված հոդվածներով Վ․Մ․-ի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:

Վ.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթի մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Նշված հանցավոր սխեմայում ներգրավված Ա․Կ․-ի և Մ․Ե․-ի վերաբերյալ քրեական վարույթը դեռևս 2014 թվականին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որի արդյունքում վերջիններս դատապարտվել են ազատազրկման։



Ավտովթար «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ են


Ավտո


Այսօր՝ օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին, դեպի Սիլիկյան թաղամաս տանող խաչմերուկի մոտ բախվել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 38-ամյա Հակոբ Գ․-ի վարած «Mercedes GLS» մակնիշի և Երևանի բնակիչ 46-ամյա Գրիգոր Կ․-ի վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշներին, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 անչափահաս երեխաներ և նրանց մայրը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

 Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։ 



ՔՊ-ն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար. Մանավազյան


Քաղաքականություն


Խորհրդարանը քննարկում է ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի ընտրության հարցը: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթով հանդես եկավ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը, որը հայտնեց՝ խմբակցությունը ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար:

«Այդ թվում՝ հաշվի ենք առել Արթուր Սարգսյանի բացակայությունը՝ տնային կալանքով պայմանավորված: Ավելացնեմ նաև, որ դուք մեր 3 թեկնածուներին որևէ կողմ թեկնածություն չտվեցիք, թեև նրանք առավել քան արժանի էին»,- հայտարարեց Մանավազյանը: 

Արամ Վարդևանյանի կենսագրությունը՝ այստեղ:

Հիշեցնենք՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Վարդևանյանը մասնակցում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով:

Ավելի վաղ ԱԺ նախագահի տեղակալների պաշտոններում ընտրվել էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Վահագն Ալեքսանյանն ու Հայկ Կոնջորյանը։



Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն


Բիզնես


Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դպրոցի, Աբովյան, Զաքարյան, Հերացու, Բանակի փողոցների, Վարդանանց փողոցի թիվ 122 բազմաբնակարան շենքի, ինչպես նաև Կուրթան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա»-ից։



Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ներկա է գտնվել 4-րդ տարին անընդմեջ անցկացվող Բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությանը։

Բանակային խաղերը մեկնարկել են Դիլիջան քաղաքի ՀՀ պաշտպանության նախարարության և «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի մարզաբազաներում՝ օգոստոսի 2-ին: Խաղերին մասնակցել են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության և Պետական պահպանության ծառայությունների, Պետական եկամուտների, Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեների թիմերը: Վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերի նպատակն է մասսայականացնել ռազմակիրառական մարզաձևերը, բարձրացնել ֆիզիկական պատրաստվածության դերն ու նշանակությունը, ինչպես նաև ձևավորել մարզական առողջ մրցակցային մթնոլորտ և ամրապնդել համագործակցությունը խաղերին մասնակցող ուժային կառույցների միջև։

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը շնորհավորել է բանակային հերթական խաղերի անցկացման առիթով: Նիկոլ Փաշինյանը բանակային խաղերի անցկացումը կարևորել է այն հանգամանքով, որ ծառայության և աշխատանքի մեջ նոր հարթություններ են ստեղծվում, որտեղ համապատասխան մարմինների ներկայացուցիչները ստանում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններ. «Կարծում եմ, որ հենց այսօր՝ պարգևատրման արարողությունը դա ցույց տվեց։ Մեր գործընկերներից մի քանիսին պատվո հարթակին տեսանք ավելի քան մեկ անգամ, սա չի կարող պատահական լինել, սա ինչ-որ բան նշանակում է: Եվ հաստատ նշանակում է, որ այդ մարդիկ առավել մեծ ջանք են գործադրում և առավել կենտրոնացած են իրենց աշխատանքի և ծառայության մեջ»:

Վարչապետի խոսքով՝ այս հարթակը նաև ազդակ է տալիս, թե տարբեր ծառայություններում գործերի ընթացքն ինչ վիճակում է, ինչպես նաև մրցակցության որոշակի տարր է ստեղծում կազմակերպությունների ներսում, այդ թվում՝ գերատեսչությունների միջև: Երկրի ղեկավարը բանակային խաղերի անցկացումը կարևորել է նաև ծառայողների համար սոցիալական շփման նոր հարթակ, ինչպես նաև ուրախության և բերկրանքի առիթներ ստեղծելու առումով. «Կարծում ենք, որ սոցիալական կապերի ամրապնդումը կարևոր է պետության ամրապնդման համար, որովհետև, մանավանդ ժամանակակից կյանքում, աշխատանքն ավելի ու ավելի մեծ ժամանակ է տանում, կյանքի տեմպը մեծացել է, և հաճախ հնարավոր չի լինում սոցիալական շփման նոր հնարավորություններ ունենալ: Եվ ես հույս ունեմ, որ այս ժամանակաշրջանը, որ խաղերի մասնակիցներն անցկացնում են այստեղ, նաև նրանց որոշակի հնարավորություն է տալիս կտրվելու աշխատանքից»:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնել իրենց գործադրած ջանքի համար: «Հայաստանի Հանրապետությունը գնահատում, կարևորում է այդ անհատական ջանքի գործադրումը, և այսօր այդ գործադրված անհատական ջանքը գնահատված է, ինչը, կարծում եմ, պակաս կարևոր չէ։ Շնորհակալություն եմ հայտնում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն արդեն 4-րդ անգամ խաղերը կազմակերպելու համար, Պաշտպանության նախարարությանը, որ աջակցում է խաղերի անցկացմանը, Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանին, որ հյուրընկալում է այս խաղերը, և նաև բոլոր մասնակից գերատեսչությունների ղեկավարներին, ովքեր քաջալերում են իրենց աշխատողներին, ծառայողներին, որ այսպիսի մասնակցություն ունենան»,— ասել է վարչապետը:

Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բոլորին նաև օգոստոսի 8-ի առիթով և նշել. «Սա մի առիթ է, որը նոր էջ է բացել մեր պետության համար: Կարծում եմ՝ այն նոր հնարավորություններ և նոր հեռանկարներ է բացել մեր պետության համար: Ես համոզված եմ, որ բոլորս ունենք ուժ, կամք, վճռականություն և պատրաստ ենք լրացնել մեր իմացությունը, գիտելիքները և հմտությունները՝ այդ հնարավորություններն առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու համար»:

Վարչապետ Փաշինյանը հանձնել է ընդհանուր թիմային հաշվարկով մրցանակակիր թիմերի 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցների պարգևները:

Իրավապահ մարմինների միջև թիմային հաշվարկով մրցանակակիր թիմերի 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցներին պարգևները հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազքի մրցանակակիր թիմերի 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցներին պարգևները հանձնել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

Հրաձգություն «ՊՄ» ատրճանակով մարզաձևի կանանց 3-րդ, 2-րդ, 1-ին և տղամարդկանց 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցներին պարգևները հանձնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Հրաձգություն «ԴԴ» հրացանով մարզաձևի կանանց 3-րդ, 2-րդ, 1-ին և տղամարդկանց 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցներին պարգևները հանձնել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

1-ին տեղը զբաղեցրած մասնակցին հատուկ մրցանակը հանձնել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տնօրեն Ալեքսանդր Մանուչարյանը։

Հրաձգություն «ԱԿ 103» ինքնաձիգով մարզաձևի կանանց 3-րդ, 2-րդ, 1-ին և տղամարդկանց 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցներին պարգևները հանձնել է ԱԱԾ պետի տեղակալ Դավիթ Սանամյանը։

Ռազմամարզական կողմնորոշում մարզաձևի կանանց 3-րդ, 2-րդ, 1-ին և տղամարդկանց 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցներին պարգևները հանձնել է ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանը։

Ռազմականացված կրոսավազք մարզաձևի կանանց 3-րդ, 2-րդ, 1-ին և տղամարդկանց 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցներին պարգևները հանձնել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Ռազմամարզական քառամարտ մարզաձևի կանանց 3-րդ, 2-րդ, 1-ին և տղամարդկանց 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցներին պարգևները հանձնել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։

Կազմակերպիչ կառույցներին շնորհակալագրեր և հուշանվերներ է հանձնել ԳՇ պետի տեղակալ Արթուր Երոյանը։

Ռազմամարզական քառամարտ, ռազմականացված կրոսավազք, ռազմամարզական կողմնորոշում, հրաձգություն «ԱԿ 103» ինքնաձիգով, հրաձգություն «ՊՄ» ատրճանակով, հրաձգություն «ԴԴ» հրացանով մրցաձևերում ընդհանուր հաշվարկով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվել են համապատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով և դրամական պարգևներով` 1-ին տեղ՝ 1 մլն ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500 հազար ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 300 հազար ՀՀ դրամ, իսկ 1-ին տեղ գրաված թիմը՝ նաև գավաթով: Ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազքի մրցանակակիր թիմի անդամները պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևներով. 1-ին տեղ՝ 300 հազար ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 200 հազար ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 150 հազար ՀՀ դրամ: Ընդհանուր հաշվարկով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերի ղեկավարները պարգևատրվել են դրամական պարգևներով. 1-ին տեղ՝ 700 հազար ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500 հազար ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 300 հազար ՀՀ դրամ: Իրավապահ մարմինների միջև թիմային հաշվարկի արդյունքում մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվել են համապատասխան կարգի հավաստագրերով, հուշանվերով և գավաթով:


Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում


Բիզնես


«Գազպրոմ Արմենիայից» հայտնում են նաև, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, պլանային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի Նոր թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։