Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվություն չի նկատվում

ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև ապրիլի 8-ին ձեռք բերված երկշաբաթյա զինադադարի մասին համաձայնությունից վեց ժամ անց Հորմուզի նեղուցում իրավիճակը մնում է լարված, չկա նավագնացության ակտիվություն։ CNN-ը, հղում անելով փորձագետների կարծիքներին, հաղորդում է, որ կենսականորեն կարևոր ջրային այս ուղիով անցումը վերսկսելուց առաջ նավերը դրական ազդակների կարիք ունեն։

«Հրադադարն անհրաժեշտ առաջին քայլ է, բայց դա չի նշանակում, որ առևտրային նավագնացությունը նեղուցում անմիջապես կվերադառնա բնականոն հուն», – ամերիկյան հեռուստաալիքին ասել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին սպա և նավագնացության փորձագետ Չարլի Բրաունը։ Նա հավելել է, որ նախքան նավեր նեղուց ուղարկելը նավատերերը սպասում են ծովային անվտանգության ծառայություններից պաշտոնական խորհրդատվության։ Եթե առաջին նավերը Հորմուզի նեղուցով իրենց անցումը հաջողությամբ ավարտեն, դա կլինի «իրական ազդանշան», մյուսները կհետևեն նրանց, ասել է Բրաունը։

Մինչդեռ, ծովային ընկերությունները զգուշավոր են և սպասում են Իրանի զինված ուժերի հետ համակարգմանը։

ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի համաձայնագիրը ներառում է առաջարկ, որը թույլ է տալիս Իրանին և Օմանին տարանցիկ վճարներ գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար, հաղորդում է Associated Press-ը։

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն երկու շաբաթով կդադարեցնի «Իրանի վրա հարձակումները»՝ պայմանով, որ նույն ժամանակահատվածում կապահովվի նավերի անարգել անցում Հորմուզի նեղուցով։

Պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. կասեցվել է «Առդելիկատես» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրական գործունեության առանձին գործառույթը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Առդելիկատես» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրությունում (ք. Երևան) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ առկա արտադրատեսակներից։ Ըստ հետազոտության արդյունքների՝ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

 

Այսպես՝ «Խոզի ֆիլե եփած-ապխտած»՝ արտադրված 16․03․2026 թ., «Վետչինա տնական, եփած երշիկային արտադրանք մսային պաղեցված մթերք»՝ արտադրված 16․03․2026 թ., «Եփած երշիկ բժշկական»՝ արտադրված 16․03․2026 թ., «Կիսաապխտած երշիկ Գյումրի»՝ արտադրված 13․03․2026 թ., արտադրատեսակները նատրիումի նիտրիտ վերահաշվարկված ըստ NaNO2-ի ցուցանիշով չեն համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

 

Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:

 

Արտադրողին տրվել է նշված խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին:

 

Վերահսկող մարմինը սահմանել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված կարևոր որոշումը


Քաղաքականություն


Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված կարևոր որոշումը՝ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։ Այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ X-ի էջում գրառում կատարելով:

 

«Նաև բարձր ենք գնահատում միջնորդական ջանքերը, այդ թվում՝ Պակիստանի, և հաստատապես հավատում ենք, որ դիվանագիտությունը պետք է գերակայի բոլոր չլուծված հարցերը կարգավորելու և Մերձավոր Արևելքում խաղաղությունը պահպանելու համար»,- նշել է վարչապետը։



Զբոսաշրջային կլաստերի թագն ու պսակը միանշանակ Բջնիի ամրոցն է


Հայաստան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բջնիում է: Նա դրական է գնահատել վերականգնված ճանապարհների որակը: Ըստ նրա՝ Արա գյուղից Քարաշամբ և Քարաշամբից Արզական տանող ճանապարհները վատը չեն, և անզեն աչքով նկատելի է՝ զբոսաշրջային ներդրումների հնարավորություն է ստեղծվել ճանապարհների նորոգման արդյունքում:

Փաշինյանը նաև հիշեցրեց, որ Կառավարության 2025 թվականի որոշմամբ բացվել են Բջնիի ամրոցի պարիսպները, ամրոցի տարածքում լուսավորություն է անցկացվել, նաև դեպի ամրոց տանող ճանապարհն է վերականգնվել:

«Զբոսաշրջային կլաստերի թագն ու պսակը միանշանակ Բջնիի ամրոցն է»,- ասաց Փաշինյանը, ապա հորդորեց՝ նրանք, ովքեր չեն եղել Բջնիում, անպայման այցելել:



ԱԱՀ-ի հաշվարկման նոր կարգ՝ ոսկեգործության և ադամանդագործության ոլորտների խթանման համար. նախագիծ


Բիզնես


Նախագծի նպատակը ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման կանոնների վերանայումն է՝ ոսկեգործության ոլորտի զարգացման համար նպաստավոր հարկային միջավայր ձևավորելու ակնկալիքով: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 8-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագիծը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Առաջարկվում է սահմանել, որ ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրեր արտադրողի կողմից արտադրված՝ ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ  անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի  և տվյալ իրի արտադրության համար օգտագործված ոսկու և թանկարժեք քարերի ձեռք բերման գնի դրական տարբերությունը, բայց ոչ պակաս, քան օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի 10 տոկոսը:

Ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի առևտրական գործունեությամբ զբաղվող անձանց կողմից ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի և տվյալ իրի ձեռք բերման գնի (ներառյալ՝ ԱԱՀ-ն) դրական տարբերությունը: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն, որ առաջարկվող կարգավորումների կիրառության պարագայում հաճախ կլինեն իրավիճակներ, երբ պետական բյուջե վճարվող ԱԱՀ-ի գումարներն ավելի փոքր են, քան հաշվանցվող ԱԱՀ-ի գումարները (որի պարագայում վերջնարդյունքում կձևավորվեն պետական բյուջեից վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարներ)՝ նախագծով առաջարկվում է նաև ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի առևտրական գործունեությամբ զբաղվող անձանց մասով սահմանափակել ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքներին վերագրվող ձեռքբերումների մասով մատակարարի կողմից դուրս գրված հարկային հաշվում կամ մաքսային հայտարարագրում կամ ներմուծման հարկային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարների հաշվանցման իրավունքը:

«Մենք համոզված ենք, որ այս փոփոխությունները մեծապես նպաստելու են այս ոլորտների զարգացմանը,  քանի որ առաջարկը ստացել ենք ոսկեգործության և ադամանդագործության ոլորտի մեր տնտեսավարող սուբյեկտներից՝ որպես հավաքական առաջարկ»,- ասել է փոխնախարարը: Նա հավելել է, որ նախագիծը քննարկված է ոլորտի տնտեսվարողների կողմից և շատ սպասված է:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին, այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:



Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Արման Սահակյանը


Հայաստան


Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի խումբ անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,- հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

1lurer.am-ի տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկը Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանն է։



Գլխավոր դատախազը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր


Քաղաքականություն


Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակությանը:

Աննա Վարդապետյանը ողջունել է Դեյվիդ Ալենին ՀՀ գլխավոր դատախազությունում, բարձր է գնահատել մի շարք ուղղություններով Հայաստանում ԱՄՆ դեսպանության հետ փոխգործակցությունն ու ընդգծել, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ՀՀ դատախազության վստահելի գործընկերն է. այդ մասին են վկայում 2025 թվականին ամերիկյան կողմի ներկայացուցիչների հետ ՀՀ դատախազության ներկայացուցիչների հանդիպումների հաճախականությունն ու արդյունավետությունը։

ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը արդյունավետ է գնահատել ՀՀ դատախազության հետ փոխգործակցությունը և ՀՀ գլխավոր դատախազի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են քրեական վարույթների շրջանակում իրավական օգնությանը, հանձնումներին և այլն:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ թեմաների, անդրադարձ է կատարվել Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակներում Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմինների միջև արդյունավետ համագործակցության արդյունքում՝ ԱՄՆ իրավասու դատարանի որոշմամբ հաստատված՝ հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան վաճառքից ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու ընթացքին և ժամկետներին:



Գլխավոր դատախազը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր


Քաղաքականություն


Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակությանը:

Աննա Վարդապետյանը ողջունել է Դեյվիդ Ալենին ՀՀ գլխավոր դատախազությունում, բարձր է գնահատել մի շարք ուղղություններով Հայաստանում ԱՄՆ դեսպանության հետ փոխգործակցությունն ու ընդգծել, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ՀՀ դատախազության վստահելի գործընկերն է. այդ մասին են վկայում 2025 թվականին ամերիկյան կողմի ներկայացուցիչների հետ ՀՀ դատախազության ներկայացուցիչների հանդիպումների հաճախականությունն ու արդյունավետությունը։

ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը արդյունավետ է գնահատել ՀՀ դատախազության հետ փոխգործակցությունը և ՀՀ գլխավոր դատախազի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են քրեական վարույթների շրջանակում իրավական օգնությանը, հանձնումներին և այլն:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ թեմաների, անդրադարձ է կատարվել Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակներում Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմինների միջև արդյունավետ համագործակցության արդյունքում՝ ԱՄՆ իրավասու դատարանի որոշմամբ հաստատված՝ հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան վաճառքից ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու ընթացքին և ժամկետներին:



Հօգուտ Դիլիջան համայնքի՝ կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ


Հայաստան


Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հուլիսի 10-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի՝ 1368 քմ մակերեսով հողամասի՝ 2008 թվականի օգոստոսի 18-ին տեղի ունեցած աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով: Դատարանը 2026 թվականի մարտի 31-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը:

Նկատի ունենալով, որ առկա է հողամասը վերադարձնելու անհնարինություն, որպես պայմանագրի անվավերության հետևանք՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հողամասը ձեռք բերող ֆիզիկական անձից հօգուտ Դիլիջան համայնքի՝ կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ (հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ ձեռքբերման պահի դրությամբ):



«Մեկ առողջություն». Հայաստանը պատրաստ է համագործակցել միջազգային բոլոր գործընկերների հետ


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Լիոնում մասնակցում է Ֆրանսիայի կառավարության կողմից կազմակերպված բարձր մակարդակի «Մեկ առողջություն» միջազգային գագաթնաժողովին: Միջազգային փորձի փոխանակմանն ու ջանքերի մեկտեղմանն ուղղված գագաթնաժողովի նպատակն է խթանել մարդու, կենդանիների և էկոհամակարգերի առողջության փոխկապակցվածությունը:

 

«Կենսաբազմազանության պաշտպանությունը մեր ապագայի կայունության և առողջության հիմնարար նախապայմանն է։ Առողջությունն ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ է, և մեր պարտքն է ներկա և ապագա սերունդների համար ապահովել կայուն և անվտանգ միջավայր։ Հայաստանը պատրաստ է համագործակցել միջազգային բոլոր գործընկերների հետ՝ այս սկզբունքները վերածելու չափելի և գլոբալ արդյունքների»,- ելույթում նշել է Անահիտ Ավանեսյանը: Նախարարը ներկայացրել է հանրային առողջության ոլորտում Հայաստանի մոտեցումներն ու իրականացվող բարեփոխումները:

 

Գագաթնաժողովին քննարկվել է կենսաբազմազանության պաշտպանության, հակամանրէային դիմադրության, կայուն սննդային համակարգերի զարգացմանն ուղղված աշխատանքների անհրաժեշտությունը: Գագաթնաժողովի շրջանակում նախարարը մասնակցել է երկկողմ և բազմակողմ ձևաչափով մի շարք հանդիպումների, որոնք կնպաստեն համագործակցության նոր հնարավորությունների ձևավորմանն ու ընդլայնմանը։

 

«Մեկ առողջություն» խորագրով գագաթնաժողովը բացառիկ հնարավորություն է վերաձևակերպելու գլոբալ ինստիտուցիոնալ համակարգերը և ձևավորելու միասնական «մեկ առողջության» մշակույթ։ Հայաստանն այս հարթակը դիտարկում է որպես գործողություններին ուղղված բազմակողմ համագործակցության կարևոր խթան և լիովին հանձնառու է այս օրակարգին: