«Դալան Ֆեստ»-ը կարող է դառնալ ամենամյա ռոք-փառատոն Գյումրիում


Գյումրիում անցկացված «Դալան Ֆեստ» ռոք-փառատոնը կարող է դառնալ ամենամյա։ Կազմակերպիչների և Գյումրիի քաղաքապետարանի գնահատմամբ՝ փառատոնը հետաքրքրություն է առաջացրել ինչպես քաղաքի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում։

Եռօրյա փառատոնի ընթացքում Գյումրին վերածվել էր ռոք երաժշտության կենտրոնի. քաղաքի պատմական դալանները՝ կամարները, դարձել էին բացօթյա բեմեր, որտեղ ելույթ էին ունենում ռոք խմբեր։

««Մանուկյան» ընկերության նախաձեռնությամբ և Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ անցկացված փառատոնը հնարավորություն է տվել վերականգնելու քաղաքում ձևավորված երաժշտական ավանդույթներից մեկը։

Դատելով ընդհանուր պատկերից՝ կարելի է արձանագրել, որ այս փառատոնը հետաքրքրություն ունի ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար։ Մեզ համար շատ կարևոր հանգամանք էր նաև այն, որ մասնակից խմբերը նշում էին՝ իրենց երաժշտական ձևավորման գործում մեծ ազդեցություն է ունեցել «Բամբիռ» ռոք խումբը, և իրենք կարևորում էին այն փաստը, որ այսօր քաղաքում վերականգնվում է կամարի տակ երգելու ավանդույթը»,-«Արմենպրես»-ի թղթակցին ասել է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։

Նրա խոսքով՝ փառատոնին ավագ սերնդի և երիտասարդ ռոքասերների ակտիվ մասնակցությունն ու խանդավառությունը հիմք են տալիս մտածելու, որ այն պետք է դառնա ամենամյա։

«Կազմակերպիչներն անելու են ամեն բան, որպեսզի փառատոնը ստանա իր «քաղաքացիությունը» Գյումրիում, և ամեն տարի կազմակերպվի ռոքասերների ու ռոք խմբերի հանդիպումը»,-ասել է Թովմասյանը։

Գյումրիում ռոք երաժշտության և կամարների տակ հավաքվելու ավանդույթը ձևավորվել է դեռևս 1970-ականներին։ Այդ տարիներին քաղաքում ձևավորված «Բամբիռ» ռոք խումբը երաժշտասերների հետ հավաքվում էր կամարների տակ և նվագում-երգում։ Խումբն ունի նաև «Կամարի տակ» երգը, որը հենց այդ միջավայրում միասին երգելու հրավեր է։

«Սա ոչ միայն փառատոնի կազմակերպում է, այլև ավանդույթի վերականգնում։ «Բամբիռ»-ի՝ կամարների տակ երգելու ավանդույթը փոխանցվում է նոր երաժիշտներին։ Շենքերի կամարաձև մուտքերում կրկին ռոք երաժշտություն է հնչում, ինչպես 70-ականների Լենինականում»,-նշել է Լիլիթ Թովմասյանը։

Նրա խոսքով՝ նման փառատոները հնարավորություն են տալիս երաժշտությունը դուրս բերել դահլիճներից, քաղաքի բնակիչներին և հյուրերին պարգևել հետաքրքիր ու տարբերվող երեկոներ։ Դրանք նաև հարթակ են երիտասարդ ստեղծագործողների համար և նպաստում են արվեստի ու մշակույթի միջավայրի ձևավորմանը։

«Ինձ համար կարևոր արձանագրում էր այն, որ հատկապես փառատոնի բացման ժամանակ, երբ բեմին էին URU և «Կանգուն» բենդերը, հանդիսականը նրանց հետ հավասար երգում էր։ Սա գալիս է ապացուցելու, որ այս երիտասարդ բենդերը սիրված են ռոքասերների կողմից»,-ասել է Թովմասյանը։

«Դալան Ֆեստ»-ի շրջանակում քաղաքի պատմական դալանները վերածվել էին բացօթյա բեմերի։ Փառատոնի ընթացքում ելույթ են ունեցել «Կանգուն», URU, TIEZERK և KOUCHI BLUES ռոք խմբերը։

Կազմակերպիչների խոսքով՝ նախատեսվում է շարունակել աշխատանքը, որպեսզի «Դալան Ֆեստ»-ը դառնա Գյումրիում ամենամյա ռոք երաժշտական միջոցառում։




Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին և հետդարձի ճանապարհ չի տեսնում. Սարգիս Խանդանյան

Հայաստանն արդեն մի քանի տարի է` սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և հետդարձի ճանապարհ չի տեսնում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը, որում նա նշել էր, որ  ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել կազմակերպության նոյեմբերի 11-ի գագաթնաժողովում։

«Որևէ պատճառ կամ հանգամանք չկա, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մասնակցությունը ՀԱՊԿ-ում։ Գիտեք, որոնք են եղել այն խնդիրները, որոնց բերումով Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը, և այդ խնդիրները չեն լուծվել մինչ օրս։ Մենք չենք տեսել նույնիսկ որևէ քաղաքական մակարդակի հայտարարություն, որը կդատապարտեր 2022-2023 թվականներին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ տեղի ունեցածը»,- ասաց Խանդանյանը՝ նկատի ունենալով Ադրբեջանի կողմից այդ ընթացքում պարբերաբար իրականացվող հարձակումները ՀՀ ինքնիշխան տարածքների վրա։

Հայաստանը 2024 թվականի փետրվարից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտնել էր France 24-ին տված հարցազրույցում՝ շեշտելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։

Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույց


Մշակույթ


Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է: Օրվա կապակցությամբ Երևանի 12 վարչական շրջաններում, ՀՀ շուրջ 90 համայնքներում, ինչպես նաև ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում, որը 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքն է, նախատեսվում է իրականացնել տարաբնույթ միջոցառումներ:

Երիտասարդության միջազգային օրն այս տարի անցկացվում է «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ» կարգախոսով։ Օրվա շրջանակում նախատեսվում են սպորտային տարբեր արշավներ, թեմատիկ քննարկումներ, պանելային հանդիպումներ, խաղ-վիկտորինաներ, ֆիլմերի դիտումներ, թատերական ներկայացումներ, համերգային երեկոներ և այլն:

2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում տեղի կունենան.

«Ապագա առաջնորդներ. երիտասարդություն, նորարարություն, մշակութային ժառանգություն» խորագրով ֆորում
Երիտասարդ նկարիչների համատեղ ցուցահանդեսի բացում
«Լեռների և գետերի միջև» կոմիքսների շարքի ներկայացում և փորձարկում
Տաղավարային ցուցադրություն երիտասարդական տարբեր թեմաներով
Նշենք, որ տոնը նշվում է՝ համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ 1999 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունած բանաձևի:



Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով․Զելենսկի


Աշխարհ


Երեքշաբթի գիշերը Զապորոժիեի ուղղությամբ հարվածի ժամանակ ռուս զինվորականները, ի թիվս այլ միջոցների, կիրառել են նաեւ հյուսիսկորեական հրթիռներ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Քաղաքին հարվածել են հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով, «Ցիրկոններով» եւ ԿԱԲ-երով։ Դաժան հարձակում էր, որը ծրագրված էր այնպես, որ առավելագույն վնաս հասցվեր հենց քաղաքացիական ենթակառուցվածքներին»,- գրել է Զելենսկին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էին Զապորոժիեի մարզի իշխանությունները, երեքշաբթի գիշերը ռուս զինվորականները համակցված հարված են հասցրել Զապորոժիեին, որի հետեւանքով վեց մարդ զոհվել է, եւս 19-ը՝ վիրավորվել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Զապորոժիեում խոցվել է «Զապորոժստալ» մետալուրգիական կոմբինատը, որը «թերթավոր գլանվածքի առաջատար արտադրող է, որն օգտագործվում է պաշտպանական կառույցների, ամրաշինական մոդուլների, ռազմական տեխնիկայի զրահի եւ զրահաբաճկոնների թիթեղների պատրաստման համար»։



ՌԴ-ում արգելել են միակ հակապատերազմական կուսակցության մասնակցությունն ընտրություններին


Հարեվաններ


Ռուսաստանի Գերագույն դատարանը որոշել է չեղարկել Պետդումայի ընտրությունում «Յաբլոկո» կուսակցության գրանցումը: Արտասահմանում ռուսական ընդդիմության աջակցությունը վայելող կուսակցությունը ընտրությունից հանելու հայցով դատարան էր դիմել կրեմլամետ «Ռոդինա» կուսակցությունը: Դատարանը բավարարել է հայցը:

Դատախազը նշել է, որ հայցադիմումը բավարարելու հիմք են կուսակցության կողմից մտավոր սեփականության մասին օրենսդրության խախտումները:  

«Յաբլոկո»-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ կբողոքարկեն որոշումը:



Ավստրալիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին


Աշխարհ


Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ավստրալիայի Կառավարության և ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 2026 թվականի հունիսի 7-ի Հայաստանի խորհրդարանական ընտրություններում արձանագրած հաջողության առիթով։

Ավստրալիան ողջունում է հայ ժողովրդի մասնակցությունը ժողովրդավարական գործընթացին և ճանաչում է այս ընտրությունների նշանակությունը Հայաստանի ապագայի համար։

Ավստրալիան բարձր է գնահատում Ադրբեջանի հետ համապարփակ և կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռք բերված պատմական առաջընթացը։ Ես խրախուսում եմ շարունակական ջանքերը՝ ստորագրված և վավերացված համաձայնագրի հասնելու համար։

Նաև ողջունում եմ Հայաստանի շարունակական ջանքերն ուղղված բարեփոխումներին և միջազգային գործընկերների հետ համագործակցությանը՝ ի նպաստ տնտեսական բարգավաճման, ժողովրդավարական կառավարման և ինքնիշխանության։

Ավստրալիան գնահատում է Հայաստանի հետ հարաբերությունները, որոնք հարստացել են Ավստրալիայի հայ համայնքի և մեր բազմամշակութային հասարակությունում նրա ներդրման շնորհիվ։ Ես անհամբեր սպասում եմ մեր երկրների միջև համագործակցության ամրապնդմանն առաջիկա տարիներին։

Մաղթում եմ հաջողություններ Ձեզ և Ձեր Կառավարությանը՝ կարևոր աշխատանքում»։



Դամասկոսի դատարանը հեռակա կարգով մահապատժի է դատապարտել Բաշար Ասադին


Աշխարհ


Դամասկոսի քրեական դատարանը հեռակա կարգով մահապատժի է դատապարտել Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին՝ նրան մեղավոր ճանաչելով դիտավորյալ սպանության, խոշտանգումների, կամայական կալանավորումների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեջ։ Այս մասին հայտնում է պետական SANA գործակալությունը։

Դամասկոսի չորրորդ քրեական դատարանի դատավոր Ալ-Արյանը հայտարարել է, որ վկաների ցուցմունքները հաստատել են Ասադի դերը որպես «ամենաբարձր մակարդակով որոշում կայացնողի», ով հանցագործությունները կատարելու համար օգտագործել է պետական հաստատությունները։

Դատարանը Ասադին մեղավոր է ճանաչել բազմաթիվ անձանց, այդ թվում՝ երեխաների դիտավորյալ սպանության, խոշտանգումների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեջ՝ նշանակելով հեռակա մահապատիժ։



Լարվածություն և բախումներ Սիրիայի հյուսիս-արևելքում


Աշխարհ


Սիրիայի հյուսիս-արևելյան մի շարք շրջաններում՝ Հասաքայում, Ղամիշլիում և Քոբանիում, սրվել են լարվածությունն ու բախումները ներքին անվտանգության ուժերի և ցուցարարների միջև։

Ըստ պետական «ՍԱՆԱ» գործակալության՝ Կոբանիում երիտասարդների խմբի հարձակման հետևանքով բողոքի ակցիաներ են սկսվել, իսկ Հասաքայում ցուցարարները գրոհել են անվտանգության ուժերի շտաբը և իջեցրել Սիրիայի դրոշը։

Անվտանգության ուժերի տվյալներով՝ անկարգությունների հետևանքով վիրավորվել է 19 աշխատակից, ձերբակալվել է 7 կասկածյալ։ Իրավիճակը վերահսկելու և կարգուկանոնը պահպանելու նպատակով իրավապահները խստացրել են վերահսկողությունը և ուժեղացրել ներկայությունը տարածաշրջանում։



Կապանի Բաղաբերդ թաղամասում բեռնատարի և երթուղայինի բախման հետևանքով 7 անձի վիճակը բավարար է


Ավտո


Կապանի Բաղաբերդ թաղամասում «ՀՈՎՈ» մակնիշի բեռնատարի և Սյունիք գյուղ-Կապան քաղաք երթուղու բախման հետևանքով 7 անձի առողջական վիճակը գնահատվում է բավարար. Radar Armenia-ն տեղեկացավ առողջապահության նախարարությունից։

«Անցնում են համապատասխան հետազոտություններ և առաջիկայում դուրս կգրվեն։ Կյանքին սպառնացող դեպքեր չունենք»,-նշեցին նախարարությունից։



Էնդրիկը չի հեռանա «արքայական» ակումբից


Սպորտ


Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Էնդրիկը ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի հեռանա «արքայական» ակումբից։ Այս մասին X-ի իր էջում հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։


Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբի ղեկավարությունը և թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն միաձայն որոշում են կայացրել պահել 20-ամյա բրազիլացուն և նրան խաղաժամանակ տրամադրել 2026/2027 մրցաշրջանում։


Պորտուգալացի մասնագետը հավատում է երիտասարդ հարձակվողին և ցանկանում է, որ նա թիմում մնա առնվազն մինչև հունվար։ Իր մասին որոշման վերաբերյալ ակումբն արդեն տեղեկացրել է անձամբ ֆուտբոլիստին և նրա ներկայացուցիչներին: Նոր մրցաշրջանում Էնդրիկը հանդես կգա 9 համարի մարզաշապիկով։


Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի առաջին հատվածում Էնդրիկը չէր կարողանում տեղ զբաղեցնել «Ռեալի» հիմնական կազմում, ինչի պատճառով 2025/2026 մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրեց ֆրանսիական «Լիոնում»։

Այնտեղ բրազիլացին կարողացավ լավագույնս դրսևորել իրեն՝ բոլոր մրցաշարերում անցկացրած 21 խաղում դառնալով 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆրանսիայում ցուցադրած վստահ խաղի շնորհիվ նա համոզեց Կառլո Անչելոտիին վերադարձնել իրեն Բրազիլիայի ազգային հավաքական։


Էնդրիկի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառ։ Transfermarkt հեղինակավոր պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։

armsport.am