Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է


Տեսանյութեր


Օգոստոսի 10-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած կինը հայտնել էր, որ ականատես է եղել, թե ինչպես է մի երիտասարդ դանակահարում շանը։

Ահազանգով մեկնած Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները  պարզել են, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Շիրակի փողոցում գտնվող զբոսայգում երիտասարդը դանակով հարվածել է տարածքում գտնվող շներից մեկին։

Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նրա ինքնությունը․ Երևանի 29-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։



Մեկնարկում է «ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնը


Սպիտակում և Երևանում օգոստոսի 21–28-ը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը կիրականացնի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը, որը տարիներ շարունակ Հայաստանի մշակութային կյանքի ամենասպասված իրադարձություններից մեկն է։

Փառատոնը մեկ հարթակում միավորում է թատրոնը, կինոն, երաժշտությունը, լուսանկարչությունը և ստեղծագործական-կրթական ծրագրերը՝ ստեղծելով մշակութային երկխոսության և նորարար գաղափարների տարածք։ Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 21-ին Սպիտակի քաղաքային զբոսայգում։ Բացման գլխավոր իրադարձությունը կլինի Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական անսամբլի «Տիրուհիները» թատերականացված պարային ներկայացումը։

Ներկայացման հեղինակն ու բեմադրիչը Արայիկ Գևորգյանն է, իսկ անսամբլի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը՝ Արմեն Ներսիսյանը։ «Տիրուհիները» ներկայացումը հանդիսատեսին կներկայացնի հայոց պատմության հինգ նշանավոր թագուհիների՝ Զարուհու, Սաթենիկի, Փառանձեմի, Խոսրովանույշի և Կեռանի կերպարները։ Պատմական, երաժշտական և պարային արտահայտչամիջոցների համադրությամբ ներկայացվում են նրանց ուժը, իմաստությունը, անձնազոհությունն ու հայկական պետականության և ազգային ինքնության պահպանման գործում ունեցած բացառիկ դերը։ Բեմադրությունը ազգային մշակութային ժառանգության ժամանակակից մեկնաբանություն է, որն ավանդույթն ու նորարարությունը միավորում է մեկ ամբողջական արվեստային փորձառության մեջ։

«ՖՐԵՍԿՈ» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանն ընդգծում է՝ տասներեքերորդ տարին է, ինչ «ՖՐԵՍԿՈ»-ն ստեղծում է յուրահատուկ հանդիպման վայր, որտեղ արվեստը խոսում է համամարդկային արժեքների, հիշողության, ինքնության և հավասարության մասին. «Այս տարի ևս ձևավորել ենք բազմաժանր ծրագիր, որը կհետաքրքրի տարբեր տարիքի և նախասիրությունների հանդիսատեսին։ Ուրախ ենք, որ «ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնը կրկին միավորում է արվեստագետներին և հանդիսատեսին՝ ստեղծելով բաց երկխոսության, նոր բացահայտումների և մշակութային համագործակցության հարթակ։ Վստահ եմ, որ յուրաքանչյուր մասնակից այս օրերին կգտնի իրեն ոգեշնչող, հուզող և հիշարժան փորձառություն»։

Կազմակերպիչների խոսքով՝ փառատոնի բացումը «Տիրուհիները» ներկայացմամբ խորհրդանշական ընտրություն է։ Հայոց պատմության նշանավոր թագուհիների կերպարների միջոցով կարևորվում է հայ կնոջ ուժը, արժանապատվությունը, իմաստությունն ու նրա անգնահատելի ներդրումը ազգային ինքնության, պետականության և մշակույթի ձևավորման ու պահպանման գործում։

Փառատոնի ութօրյա ծրագրում ընդգրկված են համերգներ, միջազգային ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ, վարպետության դասեր, թատերական ներկայացումներ և ստեղծագործական հանդիպումներ, որոնք հնարավորություն կտան արվեստագետներին և հանդիսատեսին բացահայտել ժամանակակից արվեստի բազմազան ուղղությունները։

Այս տարվա ծրագրի կարևորագույն իրադարձություններից է «Բացառիկ համերգ տոտալ մթության մեջ» նախագիծը։ Առաջին անգամ Հայաստանում հանդիսատեսը հնարավորություն կունենա ամբողջությամբ հրաժարվել տեսողական ընկալումից և երաժշտությունը զգալ մյուս բոլոր զգայարաններով։ Սա պարզապես համերգ չէ, այլ յուրօրինակ զգայական փորձառություն, որը վերաիմաստավորում է երաժշտության ընկալման սահմանները։

Փառատոնի շրջանակում տեղի կունենա փորձի փոխանակման հանդիպում չեխական «Մեկ աշխարհ» մարդու իրավունքների միջազգային կինոփառատոնի ներկայացուցիչ Աննա Սկոչդոպոլովայի հետ։ Բանախոսը կներկայացնի «Արհեստական բանականությունը ներառականության ապահովման գործիք․ էթիկա, կինո և մշակութային փառատոներ» թեման՝ անդրադառնալով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանն ու էթիկական նորմերին մշակութային ոլորտում։

Ֆրեսկոյի շրջանակում օգոստոսի 23-ին Սպիտակում և օգոստոսի 24-ին Երևանում կանցկացվեն իսրայելցի լուսանկարիչ Դ. Բրիկմանի վարպետության դասը, ինչպես նաև հանրահայտ «Մանկական ոչ մանկական հարցեր» հաղորդման հիման վրա հանդիպում հանդիսատեսի հետ։ Միջոցառումը կմիավորի լուսանկարչությամբ հետաքրքրվողներին՝ փորձի փոխանակման և մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով։ Բացի այդ, օգոստոսի 24-ին Երևանում վարպետության դասով հանդես կգա նաև ճանաչված վրացի լուսանկարիչ Յուրի Մեչիտովը։

Սպիտակում նախատեսված է նաև հագեցած համերգային ծրագիր՝ սիրված «Էթնո Քոլորս» (Ethno Colors) խմբի մասնակցությամբ։

Փառատոնի ընթացքում կցուցադրվի 12 երկրի 30 ֆիլմ․ դրանք մոտիվացնող աշխատանքներ են, որոնք անդրադառնում են կարևոր սոցիալական խնդիրների, մարդասիրական արժեքներին և ներառականությանը։

Ֆրեսկո միջազգային ձառատոնը կեզրափակվի օգոստոսի 28-ին Վանաձորում՝ Գյումրու երիտասարդական թատրոնի «Պարուհին» ներկայացմամբ։


«Դալան Ֆեստ»-ը կարող է դառնալ ամենամյա ռոք-փառատոն Գյումրիում


Գյումրիում անցկացված «Դալան Ֆեստ» ռոք-փառատոնը կարող է դառնալ ամենամյա։ Կազմակերպիչների և Գյումրիի քաղաքապետարանի գնահատմամբ՝ փառատոնը հետաքրքրություն է առաջացրել ինչպես քաղաքի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում։

Եռօրյա փառատոնի ընթացքում Գյումրին վերածվել էր ռոք երաժշտության կենտրոնի. քաղաքի պատմական դալանները՝ կամարները, դարձել էին բացօթյա բեմեր, որտեղ ելույթ էին ունենում ռոք խմբեր։

««Մանուկյան» ընկերության նախաձեռնությամբ և Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ անցկացված փառատոնը հնարավորություն է տվել վերականգնելու քաղաքում ձևավորված երաժշտական ավանդույթներից մեկը։

Դատելով ընդհանուր պատկերից՝ կարելի է արձանագրել, որ այս փառատոնը հետաքրքրություն ունի ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար։ Մեզ համար շատ կարևոր հանգամանք էր նաև այն, որ մասնակից խմբերը նշում էին՝ իրենց երաժշտական ձևավորման գործում մեծ ազդեցություն է ունեցել «Բամբիռ» ռոք խումբը, և իրենք կարևորում էին այն փաստը, որ այսօր քաղաքում վերականգնվում է կամարի տակ երգելու ավանդույթը»,-«Արմենպրես»-ի թղթակցին ասել է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։

Նրա խոսքով՝ փառատոնին ավագ սերնդի և երիտասարդ ռոքասերների ակտիվ մասնակցությունն ու խանդավառությունը հիմք են տալիս մտածելու, որ այն պետք է դառնա ամենամյա։

«Կազմակերպիչներն անելու են ամեն բան, որպեսզի փառատոնը ստանա իր «քաղաքացիությունը» Գյումրիում, և ամեն տարի կազմակերպվի ռոքասերների ու ռոք խմբերի հանդիպումը»,-ասել է Թովմասյանը։

Գյումրիում ռոք երաժշտության և կամարների տակ հավաքվելու ավանդույթը ձևավորվել է դեռևս 1970-ականներին։ Այդ տարիներին քաղաքում ձևավորված «Բամբիռ» ռոք խումբը երաժշտասերների հետ հավաքվում էր կամարների տակ և նվագում-երգում։ Խումբն ունի նաև «Կամարի տակ» երգը, որը հենց այդ միջավայրում միասին երգելու հրավեր է։

«Սա ոչ միայն փառատոնի կազմակերպում է, այլև ավանդույթի վերականգնում։ «Բամբիռ»-ի՝ կամարների տակ երգելու ավանդույթը փոխանցվում է նոր երաժիշտներին։ Շենքերի կամարաձև մուտքերում կրկին ռոք երաժշտություն է հնչում, ինչպես 70-ականների Լենինականում»,-նշել է Լիլիթ Թովմասյանը։

Նրա խոսքով՝ նման փառատոները հնարավորություն են տալիս երաժշտությունը դուրս բերել դահլիճներից, քաղաքի բնակիչներին և հյուրերին պարգևել հետաքրքիր ու տարբերվող երեկոներ։ Դրանք նաև հարթակ են երիտասարդ ստեղծագործողների համար և նպաստում են արվեստի ու մշակույթի միջավայրի ձևավորմանը։

«Ինձ համար կարևոր արձանագրում էր այն, որ հատկապես փառատոնի բացման ժամանակ, երբ բեմին էին URU և «Կանգուն» բենդերը, հանդիսականը նրանց հետ հավասար երգում էր։ Սա գալիս է ապացուցելու, որ այս երիտասարդ բենդերը սիրված են ռոքասերների կողմից»,-ասել է Թովմասյանը։

«Դալան Ֆեստ»-ի շրջանակում քաղաքի պատմական դալանները վերածվել էին բացօթյա բեմերի։ Փառատոնի ընթացքում ելույթ են ունեցել «Կանգուն», URU, TIEZERK և KOUCHI BLUES ռոք խմբերը։

Կազմակերպիչների խոսքով՝ նախատեսվում է շարունակել աշխատանքը, որպեսզի «Դալան Ֆեստ»-ը դառնա Գյումրիում ամենամյա ռոք երաժշտական միջոցառում։




Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին և հետդարձի ճանապարհ չի տեսնում. Սարգիս Խանդանյան

Հայաստանն արդեն մի քանի տարի է` սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և հետդարձի ճանապարհ չի տեսնում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը, որում նա նշել էր, որ  ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել կազմակերպության նոյեմբերի 11-ի գագաթնաժողովում։

«Որևէ պատճառ կամ հանգամանք չկա, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մասնակցությունը ՀԱՊԿ-ում։ Գիտեք, որոնք են եղել այն խնդիրները, որոնց բերումով Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը, և այդ խնդիրները չեն լուծվել մինչ օրս։ Մենք չենք տեսել նույնիսկ որևէ քաղաքական մակարդակի հայտարարություն, որը կդատապարտեր 2022-2023 թվականներին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ տեղի ունեցածը»,- ասաց Խանդանյանը՝ նկատի ունենալով Ադրբեջանի կողմից այդ ընթացքում պարբերաբար իրականացվող հարձակումները ՀՀ ինքնիշխան տարածքների վրա։

Հայաստանը 2024 թվականի փետրվարից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտնել էր France 24-ին տված հարցազրույցում՝ շեշտելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։

Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույց


Մշակույթ


Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է: Օրվա կապակցությամբ Երևանի 12 վարչական շրջաններում, ՀՀ շուրջ 90 համայնքներում, ինչպես նաև ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում, որը 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքն է, նախատեսվում է իրականացնել տարաբնույթ միջոցառումներ:

Երիտասարդության միջազգային օրն այս տարի անցկացվում է «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ» կարգախոսով։ Օրվա շրջանակում նախատեսվում են սպորտային տարբեր արշավներ, թեմատիկ քննարկումներ, պանելային հանդիպումներ, խաղ-վիկտորինաներ, ֆիլմերի դիտումներ, թատերական ներկայացումներ, համերգային երեկոներ և այլն:

2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում տեղի կունենան.

«Ապագա առաջնորդներ. երիտասարդություն, նորարարություն, մշակութային ժառանգություն» խորագրով ֆորում
Երիտասարդ նկարիչների համատեղ ցուցահանդեսի բացում
«Լեռների և գետերի միջև» կոմիքսների շարքի ներկայացում և փորձարկում
Տաղավարային ցուցադրություն երիտասարդական տարբեր թեմաներով
Նշենք, որ տոնը նշվում է՝ համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ 1999 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունած բանաձևի:



Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով․Զելենսկի


Աշխարհ


Երեքշաբթի գիշերը Զապորոժիեի ուղղությամբ հարվածի ժամանակ ռուս զինվորականները, ի թիվս այլ միջոցների, կիրառել են նաեւ հյուսիսկորեական հրթիռներ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Քաղաքին հարվածել են հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով, «Ցիրկոններով» եւ ԿԱԲ-երով։ Դաժան հարձակում էր, որը ծրագրված էր այնպես, որ առավելագույն վնաս հասցվեր հենց քաղաքացիական ենթակառուցվածքներին»,- գրել է Զելենսկին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էին Զապորոժիեի մարզի իշխանությունները, երեքշաբթի գիշերը ռուս զինվորականները համակցված հարված են հասցրել Զապորոժիեին, որի հետեւանքով վեց մարդ զոհվել է, եւս 19-ը՝ վիրավորվել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Զապորոժիեում խոցվել է «Զապորոժստալ» մետալուրգիական կոմբինատը, որը «թերթավոր գլանվածքի առաջատար արտադրող է, որն օգտագործվում է պաշտպանական կառույցների, ամրաշինական մոդուլների, ռազմական տեխնիկայի զրահի եւ զրահաբաճկոնների թիթեղների պատրաստման համար»։



ՌԴ-ում արգելել են միակ հակապատերազմական կուսակցության մասնակցությունն ընտրություններին


Հարեվաններ


Ռուսաստանի Գերագույն դատարանը որոշել է չեղարկել Պետդումայի ընտրությունում «Յաբլոկո» կուսակցության գրանցումը: Արտասահմանում ռուսական ընդդիմության աջակցությունը վայելող կուսակցությունը ընտրությունից հանելու հայցով դատարան էր դիմել կրեմլամետ «Ռոդինա» կուսակցությունը: Դատարանը բավարարել է հայցը:

Դատախազը նշել է, որ հայցադիմումը բավարարելու հիմք են կուսակցության կողմից մտավոր սեփականության մասին օրենսդրության խախտումները:  

«Յաբլոկո»-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ կբողոքարկեն որոշումը:



Ավստրալիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին


Աշխարհ


Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ավստրալիայի Կառավարության և ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 2026 թվականի հունիսի 7-ի Հայաստանի խորհրդարանական ընտրություններում արձանագրած հաջողության առիթով։

Ավստրալիան ողջունում է հայ ժողովրդի մասնակցությունը ժողովրդավարական գործընթացին և ճանաչում է այս ընտրությունների նշանակությունը Հայաստանի ապագայի համար։

Ավստրալիան բարձր է գնահատում Ադրբեջանի հետ համապարփակ և կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռք բերված պատմական առաջընթացը։ Ես խրախուսում եմ շարունակական ջանքերը՝ ստորագրված և վավերացված համաձայնագրի հասնելու համար։

Նաև ողջունում եմ Հայաստանի շարունակական ջանքերն ուղղված բարեփոխումներին և միջազգային գործընկերների հետ համագործակցությանը՝ ի նպաստ տնտեսական բարգավաճման, ժողովրդավարական կառավարման և ինքնիշխանության։

Ավստրալիան գնահատում է Հայաստանի հետ հարաբերությունները, որոնք հարստացել են Ավստրալիայի հայ համայնքի և մեր բազմամշակութային հասարակությունում նրա ներդրման շնորհիվ։ Ես անհամբեր սպասում եմ մեր երկրների միջև համագործակցության ամրապնդմանն առաջիկա տարիներին։

Մաղթում եմ հաջողություններ Ձեզ և Ձեր Կառավարությանը՝ կարևոր աշխատանքում»։



Դամասկոսի դատարանը հեռակա կարգով մահապատժի է դատապարտել Բաշար Ասադին


Աշխարհ


Դամասկոսի քրեական դատարանը հեռակա կարգով մահապատժի է դատապարտել Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին՝ նրան մեղավոր ճանաչելով դիտավորյալ սպանության, խոշտանգումների, կամայական կալանավորումների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեջ։ Այս մասին հայտնում է պետական SANA գործակալությունը։

Դամասկոսի չորրորդ քրեական դատարանի դատավոր Ալ-Արյանը հայտարարել է, որ վկաների ցուցմունքները հաստատել են Ասադի դերը որպես «ամենաբարձր մակարդակով որոշում կայացնողի», ով հանցագործությունները կատարելու համար օգտագործել է պետական հաստատությունները։

Դատարանը Ասադին մեղավոր է ճանաչել բազմաթիվ անձանց, այդ թվում՝ երեխաների դիտավորյալ սպանության, խոշտանգումների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեջ՝ նշանակելով հեռակա մահապատիժ։



Լարվածություն և բախումներ Սիրիայի հյուսիս-արևելքում


Աշխարհ


Սիրիայի հյուսիս-արևելյան մի շարք շրջաններում՝ Հասաքայում, Ղամիշլիում և Քոբանիում, սրվել են լարվածությունն ու բախումները ներքին անվտանգության ուժերի և ցուցարարների միջև։

Ըստ պետական «ՍԱՆԱ» գործակալության՝ Կոբանիում երիտասարդների խմբի հարձակման հետևանքով բողոքի ակցիաներ են սկսվել, իսկ Հասաքայում ցուցարարները գրոհել են անվտանգության ուժերի շտաբը և իջեցրել Սիրիայի դրոշը։

Անվտանգության ուժերի տվյալներով՝ անկարգությունների հետևանքով վիրավորվել է 19 աշխատակից, ձերբակալվել է 7 կասկածյալ։ Իրավիճակը վերահսկելու և կարգուկանոնը պահպանելու նպատակով իրավապահները խստացրել են վերահսկողությունը և ուժեղացրել ներկայությունը տարածաշրջանում։