Կապանի Բաղաբերդ թաղամասում բեռնատարի և երթուղայինի բախման հետևանքով 7 անձի վիճակը բավարար է


Ավտո


Կապանի Բաղաբերդ թաղամասում «ՀՈՎՈ» մակնիշի բեռնատարի և Սյունիք գյուղ-Կապան քաղաք երթուղու բախման հետևանքով 7 անձի առողջական վիճակը գնահատվում է բավարար. Radar Armenia-ն տեղեկացավ առողջապահության նախարարությունից։

«Անցնում են համապատասխան հետազոտություններ և առաջիկայում դուրս կգրվեն։ Կյանքին սպառնացող դեպքեր չունենք»,-նշեցին նախարարությունից։



Էնդրիկը չի հեռանա «արքայական» ակումբից


Սպորտ


Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Էնդրիկը ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի հեռանա «արքայական» ակումբից։ Այս մասին X-ի իր էջում հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։


Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբի ղեկավարությունը և թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն միաձայն որոշում են կայացրել պահել 20-ամյա բրազիլացուն և նրան խաղաժամանակ տրամադրել 2026/2027 մրցաշրջանում։


Պորտուգալացի մասնագետը հավատում է երիտասարդ հարձակվողին և ցանկանում է, որ նա թիմում մնա առնվազն մինչև հունվար։ Իր մասին որոշման վերաբերյալ ակումբն արդեն տեղեկացրել է անձամբ ֆուտբոլիստին և նրա ներկայացուցիչներին: Նոր մրցաշրջանում Էնդրիկը հանդես կգա 9 համարի մարզաշապիկով։


Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի առաջին հատվածում Էնդրիկը չէր կարողանում տեղ զբաղեցնել «Ռեալի» հիմնական կազմում, ինչի պատճառով 2025/2026 մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրեց ֆրանսիական «Լիոնում»։

Այնտեղ բրազիլացին կարողացավ լավագույնս դրսևորել իրեն՝ բոլոր մրցաշարերում անցկացրած 21 խաղում դառնալով 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆրանսիայում ցուցադրած վստահ խաղի շնորհիվ նա համոզեց Կառլո Անչելոտիին վերադարձնել իրեն Բրազիլիայի ազգային հավաքական։


Էնդրիկի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառ։ Transfermarkt հեղինակավոր պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։

armsport.am



Կասեցվել է «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը


Բիզնես


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից վերահսկողություն է իրականացվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գործող՝ անհատ ձեռնարկատեր Արփինե Իսախանյանին պատկանող ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասում, որը գործում է «Բուրջուա» ապրանքանիշով։

Վերահսկողության ընթացքում արտադրամասում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, որոնց հիմքով արտադրական գործունեությունը կասեցվել է։

Մասնավորապես, արտադրամասում չեն բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, ինչպես նաև մաքուր և աղտոտված գույքի խաչաձևվող հոսքերը։

Չեն իրականացվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ սպասարկումն ու ընթացիկ վերանորոգումը, ինչպես նաև արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների դեմ պայքարի աշխատանքները։

Խախտումներ են արձանագրվել նաև արտադրական տարածքի հատակների, պատերի և դռների մակերևույթների մասով։ Դրանք պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից։

Առաստաղները չեն ապահովել անհրաժեշտ պայմաններ՝ կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը կանխարգելելու համար, ինչպես նաև նպաստել են խոնավության խտացմանը։

Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաներն ու բեռնարկղերը պատրաստված չեն եղել հիգիենիկ պահանջներին համապատասխան նյութերից և չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում։

Բացի այդ, արտադրամասը անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով ապահովված չի եղել։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տնտեսավարողին տվել է հայտնաբերված խախտումները վերացնելու պարտադիր կատարման հանձնարարականներ և սահմանել համապատասխան ժամկետ։




Պետաիրավական հանձնաժողովի առանցքային անելիքներից մեկը պետք է լինի նոր Սահմանադրության քննարկումների կազմակերպումը. Ջուլհակյան


Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արուսյակ Ջուլհակյանը հանձնաժողովի առաջիկա առանցքային անելիքներից մեկը համարում է նոր Սահմանադրության վերաբերյալ քննարկումների կազմակերպումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ջուլհակյանն այս մասին ասել է Ազգային ժողովում իր թեկնածության քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում են պետության և քաղաքական համակարգի կազմակերպմանը, սահմանադրաիրավական և ընտրական համակարգերին, քաղաքական կուսակցությունների գործունեությանը, դատական իշխանությանը, իրավապահ համակարգին, ինչպես նաև քրեական, վարչական և քաղաքացիական օրենսդրությանը վերաբերող հարցերը։

«Ինձ համար այս հանձնաժողովը պարզապես օրենքների նախագծեր քննարկող մարմին չէ։ Հանձնաժողովն այն հարթակն է, որտեղ ձևավորվում է պետության իրավական ճարտարապետությունը, ամրապնդվում են ժողովրդավարական ինստիտուտները և ստեղծվում են այն իրավական երաշխիքները, որոնց վրա կառուցվում է քաղաքացիների վստահությունը պետության նկատմամբ»,- ասել է Ջուլհակյանը։

Նա հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններից առանձնացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումները՝ նշելով, որ, չնայած կատարված աշխատանքին, շարունակում են առկա մնալ դատական վարույթների տևողության, դատարանների ծանրաբեռնվածության և դատական ակտերի կանխատեսելիության հետ կապված խնդիրներ։

Մյուս կարևոր ուղղությունը, ըստ Ջուլհակյանի, կոռուպցիայի դեմ պայքարն է։ Նրա խոսքով՝ քաղաքական կամքն արդյունավետ հակակոռուպցիոն պայքարի անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է։

Նա նշել է, որ հանձնաժողովի առաջնահերթություններից պետք է լինեն հակակոռուպցիոն մարմինների գործունեության մշտադիտարկումը, օրենքների կիրառման արդյունավետության գնահատումը և անհրաժեշտության դեպքում արագ օրենսդրական փոփոխությունների նախաձեռնումը։

Ջուլհակյանն անդրադարձել է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքին՝ այն համարելով վերջին տարիներին ընդունված կարևորագույն օրենքներից մեկը։

«Այն արդեն գործում է և տալիս է իր արդյունքները, թեպետ դանդաղ»,- ասել է նա՝ նշելով, որ օրենքի կիրառման ընթացքում վերհանված խնդիրներն ու Սահմանադրական դատարանի դիրքորոշումները հասցեագրվել են, և համապատասխան փոփոխություններն առաջիկայում կներկայացվեն Ազգային ժողովին։

Անդրադառնալով նոր Սահմանադրությանը՝ Ջուլհակյանն ընդգծել է, որ ժողովրդավարական լեգիտիմությունը պետք է ստանա ամբողջական սահմանադրական արտահայտություն։

«Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որի հեղինակն իրականում ժողովուրդն է, Սահմանադրություն, որի նկատմամբ հանրային վստահությունն այլևս կասկածի տակ չի դրվի, Սահմանադրություն, որը կդառնա ոչ թե քաղաքական ուժերից որևէ մեկի, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընդհանուր համաձայնության փաստաթուղթը»,- հայտարարել է նա։

Նրա խոսքով՝ նոր Սահմանադրությունը պետք է ամրապնդի մարդու արժանապատվությունը՝ որպես սահմանադրական կարգի առանցքային արժեք, ավելի հստակ սահմանի պետական իշխանության սահմանները, ապահովի հակակշիռների և զսպումների արդյունավետ համակարգ, ինչպես նաև պետական կառավարման կայունությունն ու ժողովրդավարական վերահսկողությունը։

Ջուլհակյանը հանձնաժողովի մյուս առաջնահերթությունների թվում նշել է դատական իշխանության անկախության ամրապնդումը, արդարադատության մատչելիության բարձրացումը, օրենսդրության որակի բարելավումը և արդեն ընդունված օրենքների նկատմամբ հետօրենսդրական վերահսկողության իրականացումը։

Նա վստահեցրել է, որ ընտրվելու դեպքում պատրաստ է համագործակցել խորհրդարանական բոլոր խմբակցությունների և պատգամավորների հետ՝ անկախ նրանց քաղաքական դիրքորոշումներից։

«Իրավական պետության կայացումը վեր է կուսակցական շահերից»,- եզրափակել է Ջուլհակյանը։


Կան ոլորտներ, որտեղ Ուկրաինան և Սաուդյան Արաբիան կարող են ամրապնդել միմյանց կարողությունները. Զելենսկի


Հարեվաններ


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատերազմի ընթացքում առաջին անգամ Ռուսաստանը չի կարողանում կռվել առանց Հյուսիսային Կորեայից մատակարարումների։ Նա նշել է, որ խորքային հարված են հասցրել Սիբիրում նավթավերամշակման օբյեկտի և շարունակելու են հեռահար հարվածները:

Զելենսկին նաև տեղեկացրել է, որ զրուցել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ:

«Ամեն օր կապի մեջ ենք Ուկրաինայի ընկերների և գործընկերների հետ՝ ապահովելու երկրի անվտանգությունը։ Կան ոլորտներ, որտեղ Ուկրաինան և Սաուդյան Արաբիան կարող են ամրապնդել միմյանց կարողությունները»,- մանրամասնել է Զելենսկին, հավելել՝ առաջիկայում ԱԹՍ-ների ոլորտում նոր քայլեր կձեռնարկվեն:



Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն


Ավտո


Օգոստոսի 11-ին՝ ժամը 10.33-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապանի Բաղաբերդ թաղամասում «ՀՈՎՈ» մակնիշի բեռնատարը բախվել է կայանված վիճակում գտնվող՝ Սյունիք գյուղ-Կապան քաղաք երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի տրանսպորտային միջոցին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ։

Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 անձ։ Նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

Դեպքի հանգամանքները պարզվում են։



Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ


Հարեվաններ


ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
 
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ:
 
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր:
 
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և վերջին զարգացումների վերաբերյալ։



Թրամփը գաղտնի լքել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Թուրքիայում՝ մահափորձի սպառնալիքի պատճառով

«Հակառակ հրապարակային հայտարարությունների՝ Թրամփը գաղտնի մեկնել է Թուրքիայից՝ լքելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը իրանական սպառնալիքի ֆոնին։

Սպիտակ տունը հայտարարել էր, որ նախագահը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հեռանալիս եղել է Air Force One-ի վրա։ Իրականում նրա մեկնումը մանրակրկիտ ծրագրված էր, որպեսզի թաքցվի նրա տեղաշարժը», — գրում է թերթը։

Թրամփը Անկարա էր ժամանել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Կատարի կողմից տրամադրված վերջերս վերանորոգված ինքնաթիռով, սակայն երկրից մեկնելու համար անսպասելիորեն օգտվել է ավելի հին Air Force One-ից, ինչը հարցեր է առաջացրել նոր ինքնաթիռի անվտանգության վերաբերյալ։

Լրագրողները, որոնք կարծում էին, թե Թրամփի հետ միասին ուղևորվում են հին նախագահական Air Force One-ով, որն իրականում օգտագործվել էր որպես խայծ, հայտնել են, որ իրենց խորհուրդ էր տրվել փակ պահել մամուլի խցիկի վարագույրները։

Երբ ավելի ուշ լրագրողները հարցրել են Թրամփին, թե ինչու էին թռիչքի ընթացքում ստիպված պահել վարագույրները փակ, նա պատասխանել է, որ դա այն պատճառով էր, որ նրանք «հավանաբար վտանգավոր չվերթով էին թռչում»։

Թրամփին տեղափոխող C-32A ինքնաթիռը թռել է Մեծ Բրիտանիա և ժամանել մոտավորապես 22:20-ին, մինչդեռ ավելի հին Air Force One-ը և ԶԼՄ-ների ներկայացուցիչները հասել են մի քանի րոպե ուշ։ Միևնույն ժամանակ անհայտ է, թե ինչպես են Թրամփին C-32A-ից կրկին տեղափոխել ավելի հին Air Force One։

Յակուտիայում մոլեգնող անտառային հրդեհների ընդգրկած մակերեսը հասել է գրեթե 1 միլիոն հեկտարի


Հարեվաններ


Ռուսաստանի Յակուտիայում մոլեգնող անտառային հրդեհների ընդգրկած մակերեսը հասել է գրեթե 1 միլիոն հեկտարի, հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Օգոստոսի 11-ի առավոտվա դրությամբ տարածաշրջանում գրանցված է 73 անտառային հրդեհ 11 շրջանում։ Կրակի ընդգրկած ընդհանուր մակերեսը հասել է 982 774,5 հեկտարի։ Ընդ որում, ակտիվ այրման մակերեսը կազմում է 1 474,2 հեկտար։ Անցած օրը գործող հրդեհների թիվը մնացել է նախկին մակարդակում. վերացվել է երկու օջախ, միաժամանակ բռնկվել է երկու նորը։ Ընդ որում, հրդեհների ընդհանուր մակերեսն ավելացել է 13 535,5 հեկտարով», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հրդեհների մարմանը և իրադրության մշտական վերահսկողությանը մասնակցում են 594 մարդ և 72 միավոր տեխնիկա։ Այս պահին բնակավայրերի և տնտեսական օբյեկտների համար սպառնալիք չկա, բնակավայրերում ծուխ չի արձանագրվել: Հաղորդվում է, որ հակահրդեհային պաշտպանության բոլոր կանխարգելիչ միջոցառումները կատարված են, բոլոր բնակավայրերը գտնվում են հրշեջ պահպանության ստորաբաժանումների պաշտպանության ներքո:



Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի


Հայաստան


«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 11-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Վահրամաբերդ բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։