Կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Արզնի գյուղի ջրամատակարարումը


Հայաստան


«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային  աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 16-ին՝ ժամը 09:00-19:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Արզնի գյուղի ջրամատակարարումը:

 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:



Անհրաժեշտ է խուսափել «ագրեսիվ արկածներից»


Քաղաքականություն


Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Չինաստան կատարած այցից և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ բանակցություններից հետո Պեկինում հանդես է եկել մամուլի ասուլիսով։ Լավրովը երկու երկների միջև հարաբերությունները բնութագրել է որպես ցանկացած փորձության դիմակայող, կայուն և ամուր։ Նշվել է նաև, որ այս տարվա առաջին կեսին նախատեսվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Չինաստան։

Լավրովը Մերձավոր Արևելքը և Պարսից ծոցի տարածաշրջանը բնութագրել է որպես լուրջ ճգնաժամային հանգույց, որի կարգավորումը չափազանց բարդ է լինելու։ Նա նշել է, որ տարածաշրջանի երկրները գիտակցում են՝ Թեհրանը չէր հարվածի իրենց տարածքում գտնվող ամերիկյան օբյեկտներին, եթե ինքն առաջինը հարձակման չդիմեր։

Մոսկվան և Պեկինը համակարծիք են, որ պաղեստինյան հարցը՝ ներառյալ Գազայի հատվածը և Արևմտյան ափը, չպետք է դուրս մղվեն միջազգային օրակարգից։ Լավրովը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է խուսափել այնպիսի «ագրեսիվ արկածներից», որոնք այսօր նկատվում են տարածաշրջանում։

Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը չի շարունակի ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում, որոնք վնաս են հասցնում նույնիսկ իր դաշնակիցներին, և ընդգծել է Վաշինգտոնի ու Թեհրանի միջև բանակցությունների շարունակման կարևորությունը։

Բացի այդ, նշել է, որ էներգետիկ ճգնաժամի պայմաններում Ռուսաստանը կարող է լրացնել ռեսուրսների պակասը՝ ինչպես Չինաստանի, այնպես էլ այլ շահագրգիռ երկրների համար։ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է զարգացնել հարաբերությունները Իրանի հետ՝ միջազգային իրավունքի շրջանակներում։ Նա վերահաստատել է Իրանի իրավունքը՝ խաղաղ նպատակներով ուրան հարստացնելու, և նշել, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել այդ գործընթացի հետ կապված հարցերի կարգավորմանը։

Միևնույն ժամանակ ընդգծվել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) չի արձանագրել տվյալներ, որոնք կվկայեն հարստացված ուրանի ռազմական նպատակներով օգտագործման մասին։



Ներկայացվել է ՀՀ-ԱՄՆ համագործակցության օրակարգը


Քաղաքականություն


Դիտարկվել է RAND-ի կողմից ՀՀ-ԱՄՆ ոլորտային համագործակցությունների շուրջ հետազոտություններ իրականացնելու հնարավորությունը: ԱՄՆ հեղինակավոր RAND կորպորացիայի Վաշինգտոնի գրասենյակում դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է կլոր սեղան քննարկման՝ RAND կորպորացիայի հետազոտողների և RAND հանրային քաղաքականության դպրոցի ուսանողների ներգրավմամբ, հայտնում են դեսպանությունից։

Դեսպանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ համագործակցության օրակարգը՝ անդրադառնալով ստորագրված հուշագրերին, մանրամասների՝ արհեստական բանականությանը, կիսահաղորդիչներին, էներգետիկ անվտանգությանը վերաբերելի։

Դիտարկվել է RAND կորպորացիայի կողմից ՀՀ-ԱՄՆ ոլորտային համագործակցությունների շուրջ հետազոտություններ իրականացնելու հնարավորությունը։ Դեսպանը խոսել է նաև երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարների և բազմոլորտ հնարավորությունների մասին, պատասխանել ներկաների հարցերին, լսել նրանց տեսակետները։

Ավելի վաղ դեսպան Մկրտչյանը բանախոսությամբ հանդես էր եկել նաև RAND կորպորացիայի կենտրոնակայանում։



Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը մոտ է ավարտին


Աշխարհ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ Իրանի հետ պատերազմը «մոտ է ավարտին»։

Հեռուստաընկերության կողմից առցանց հրապարակված հարցազրույցի ժամանակ Թրամփին ուղղակիորեն հարցրել են՝ արդյո՞ք պատերազմն արդեն ավարտվել է։ «Կարծում եմ՝ այն մոտ է ավարտին, այո», – պատասխանել է նա։ «Ես այն շատ մոտ եմ համարում ավարտին»։



Անդրադարձ է կատարվել ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարի կարևորությանը


Աշխարհ


Ապրիլի 14-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ հաստատված սերտ, կայուն և արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով  ԵԽ ծրագրերի կարևոր դերակատարությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման գործում։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, ազգային փոքրամասնությունների, զինված ուժերում իրավունքների պաշտպանության, սոցիալական իրավունքներին, առողջության պահպանման իրավունքին և մի շարք այլ ոլորտներին առնչվող։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է ՄԻՊ-ին առընթեր գործող խորհուրդների կարևորությունը, որոնցում ներգրավված են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

 

Անդրադարձ է կատարվել նաև ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարի կարևորությանը` հատկապես խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Պաշտպանը մտահոգություն է հայտնել տարբեր հիմքերով խտրական և ատելության խոսքի տարածման առնչությամբ՝ նշելով, որ նման երևույթները հատկապես ակտիվանում են նախընտրական ժամանակահատվածում և պետք է պատշաճ հասցեավորվեն։ 

 

Անդրադարձ է կատարվել նաև «Խտրականության կանխարգելման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծին և ոլորտում առկա մարտահրավերներին։ Պաշտպանը կարևորել է օրենքի շուտափույթ ընդունման ու ՄԻՊ հաստատության ինստիտուցիոնալ հզորացման անհրաժեշտությունը՝ ընդգծելով այդ նպատակով պետության կողմից բավարար մարդկային, տեխնիկական և ֆինանսական ռեսուրսների տրամադրման կարևորությունը՝ մանդատը լիարժեքորեն իրականացնելու նպատակով։

 

Հանդիպման ավարտին կողմերը բարձր են գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի աշխատակազմի և Եվրոպայի Խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցությունը և նախանշել  են փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությունները։

 



«Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգողը ձերբակալվել է․ ՔԿ


Հայաստան


«Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վ․Ս․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով):

1lurer.am-ին այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Վերջինս ձերբակալվել է:



Անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի օրակարգային հարցերին


Քաղաքականություն


Ապրիլի 14-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման ակտիվ դինամիկան։ 

Արարատ Միրզոյանը և Անդրիուս Կուբիլիուսը մտքեր են փոխանակել վերջին շրջանում զարգացող՝ անվտանգային ու պաշտպանական ոլորտում փոխգործակցության հեռանկարների շուրջ։ Երկուստեք ընդգծվել է, որ ժողովրդավարական բարեփոխումների կյանքի կոչման գործում ՀՀ արձանագրած նշանակալի առաջընթացը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի ընդունումը համագործակցության նոր տեսլական և հնարավորություններ են ձևավորել։

Անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք բարձրաստիճան միջոցառումների, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի օրակարգային հարցերի։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵՄ հանձնակատարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված աշխատանքները։

https://www.youtube.com/watch?v=fQpsIvsUAIA



Հանդիպում Ֆրանսիայի եվրոպական հարցերով լիազոր նախարարի և Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ


Հայաստան


Ապրիլի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել է եռակողմ հանդիպում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի և Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ  Օդրա Պլեպիտեի մասնակցությամբ:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-Լիտվա երկկողմ  օրակարգի առանձին հարցերի, ապատեղեկատվության դեմ պայքարին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի շրջանակներում համագործակցությանը: Ֆրանսիայի և Լիտվայի ներկայացուցիչները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանի եվրոպական ձգտումներին:

Զրուցակիցները նաև քննարկել են առաջիկայում Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: Ֆրանսիացի և լիտվացի զրուցակիցներն իրենց պատրաստակամությունն են վերահաստատել՝ աջակցելու Հայաստանին՝ գագաթնաժողովը լավագույնս անցկացնելու հարցում:     

Տարածաշրջանային զարգացումների համատեքստում՝ նախարարի տեղակալ Կոստանյանը զրուցակիցներին է ներկայացրել վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում Հարավային Կովկասում տեղի ունեցող դրական զարգացումները` անդրադառնալով Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներին:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: