Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Չինաստան կատարած այցից և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ բանակցություններից հետո Պեկինում հանդես է եկել մամուլի ասուլիսով։ Լավրովը երկու երկների միջև հարաբերությունները բնութագրել է որպես ցանկացած փորձության դիմակայող, կայուն և ամուր։ Նշվել է նաև, որ այս տարվա առաջին կեսին նախատեսվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Չինաստան։
Լավրովը Մերձավոր Արևելքը և Պարսից ծոցի տարածաշրջանը բնութագրել է որպես լուրջ ճգնաժամային հանգույց, որի կարգավորումը չափազանց բարդ է լինելու։ Նա նշել է, որ տարածաշրջանի երկրները գիտակցում են՝ Թեհրանը չէր հարվածի իրենց տարածքում գտնվող ամերիկյան օբյեկտներին, եթե ինքն առաջինը հարձակման չդիմեր։
Մոսկվան և Պեկինը համակարծիք են, որ պաղեստինյան հարցը՝ ներառյալ Գազայի հատվածը և Արևմտյան ափը, չպետք է դուրս մղվեն միջազգային օրակարգից։ Լավրովը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է խուսափել այնպիսի «ագրեսիվ արկածներից», որոնք այսօր նկատվում են տարածաշրջանում։
Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը չի շարունակի ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում, որոնք վնաս են հասցնում նույնիսկ իր դաշնակիցներին, և ընդգծել է Վաշինգտոնի ու Թեհրանի միջև բանակցությունների շարունակման կարևորությունը։
Բացի այդ, նշել է, որ էներգետիկ ճգնաժամի պայմաններում Ռուսաստանը կարող է լրացնել ռեսուրսների պակասը՝ ինչպես Չինաստանի, այնպես էլ այլ շահագրգիռ երկրների համար։ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է զարգացնել հարաբերությունները Իրանի հետ՝ միջազգային իրավունքի շրջանակներում։ Նա վերահաստատել է Իրանի իրավունքը՝ խաղաղ նպատակներով ուրան հարստացնելու, և նշել, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել այդ գործընթացի հետ կապված հարցերի կարգավորմանը։
Միևնույն ժամանակ ընդգծվել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) չի արձանագրել տվյալներ, որոնք կվկայեն հարստացված ուրանի ռազմական նպատակներով օգտագործման մասին։