Թրամփը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թրամփը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ «Ինտերֆաքսի փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ օրը հայտնել է թուրքական TRT հեռուստաալիքը։

Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու դիվանագիտական ​​ջանքերի ակտիվացումը դրական արդյունքներ կտա։

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման վերաբերյալ։

Իսպանական նավի գանձերի մեջ հայտնաբերված կողպեքը բացել են նավաբեկությունից 443 տարի անց

Գիտնականները վերծանել են Ուելսի ափերի մոտ՝ նավաբեկության վայրում հայտնաբերված 400-ամյա կողպեքի քառանիշ ծածկագիրը։ Ինչպես հայտնում է BBC News-ը, դրանում օգնել է համակարգչային տոմոգրաֆիան, որը թույլ է տվել ուսումնասիրել հնամենի կողպեքի ներքին մեխանիզմը։

Գանձ որոնող Փիթեր Հյուզը արույրե կողպեքը հայտնաբերել է 1999 թվականին՝ Պորտ Թոլբոթ քաղաքի մոտ գտնվող Մորֆա լողափում։ Պարզվել է, որ գտածոն իսպանական Ann Francis նավի գանձերի մի մասն է։ Իսպանիայից վերադառնալիս նավը 1583 թվականի դեկտեմբերի 28-ին հայտնվել էր փոթորկի մեջ։ Դրա բեռը մի քանի դար թաքնված է եղել ավազի տակ։

Հյուզը հարյուրավոր հնագիտական առարկաներ է գտել, այդ թվում՝ իսպանական արծաթե մետաղադրամներ և դրանք կշռելու համար նախատեսված հատուկ կշռաքարեր։ Հնարավոր է՝ կողպեքը պաշտպանել է այդ արժեքավոր իրերը կամ փակել փաստաթղթեր, գործվածքներ և չպահպանված այլ իրեր պարունակող սնդուկը։

Ուելսի ափերի մոտ հայտնաբերված 400-ամյա արույրե կողպեքը

Գանձ որոնողը շուրջ 20 տարի փորձել է ինքնուրույն գտնել ճիշտ համակցությունը, սակայն՝ ապարդյուն։ Ուելսի ազգային թանգարանի և Քարդիֆի համալսարանի մասնագետները միկրոհամակարգչային տոմոգրաֆիայի միջոցով սկանավորել են կողպեքը և պարզել ծածկագիրը՝ ANCE։

Կողպեքն ունի չորս պտտվող օղակ, որոնցից յուրաքանչյուրի վրա վեց տառ կա։ Դրանք տալիս են 1296 հնարավոր համակցություն։ Լրացուցիչ բարդություն էին ստեղծում կողպեքի ծայրերում գտնվող անշարժ տառերը, որոնք կարող էին շփոթեցնել այն բացել փորձողներին։

Քարդիֆի համալսարանի հետազոտող Դևիդ Ուիլյամսը խոստովանել է, որ սկզբում կասկածում էր փորձի հաջողությանը։ Սակայն մի քանի փորձից հետո մասնագետներին հաջողվել է տեսնել կողպեքի ներքին կառուցվածքը և գտնել ծածկագիրը։

Թանգարանի հավաքածուների պատասխանատուների խոսքով՝ գտածոն արտասովոր լավ է պահպանվել և մինչ օրս աշխատում է այնպես, ինչպես մի քանի դար առաջ։ Հնագիտական առարկաների հավաքածուն Ուելսի ազգային թանգարանին է փոխանցվել 2017 թվականին, իսկ 2026 թվականի հուլիսից այն ցուցադրվում է Սուոնսիի առափնյա զբոսավայրում գտնվող թանգարանում։

Թրամփը UFC-ի նախագահին առաջարկել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ UFC-ի նախագահ Դանա Ուայթին առաջարկել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը։

«Ուրախ եմ հայտնել, որ մեծն Դանա Ուայթին՝ կատաղի մարտիկին և ռազմիկին, առաջարկվել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնը»,- գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում։

«Թրամփը կշարունակի առաջնորդվել իր ինտուիցիայով և անձնական հարաբերություններով»․ Գարիկ Քեռյան

«Թրամփը կշարունակի առաջնորդվել իր ինտուիցիայով և անձնական հարաբերություններով»․ Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ Քոնգրեսի միջանկյալ ընտրություններում պարտությունը պարտադիր չէ, որ ամերիկացի նախագահներին զրկի արտաքին քաղաքականության ոլորտում կարևոր որոշումներ ընդունելու հնարավորությունից։
     Հունվարին դեմոկրատները վերահսկողություն կստանան Քոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ մեծամասնությունը խլելով նախագահ Դոնալդ Թրամփի Հանրապետական կուսակցությունից։ Դա կթուլացնի նրա ներքաղաքական դիրքերը Սպիտակ տանը պաշտոնավարման վերջին երկու տարիների ընթացքում։ Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ նույնիսկ միջանկյալ ընտրություններում լուրջ պարտություններից հետո ԱՄՆ նախագահները հաճախ ընդունել են պատերազմին և խաղաղությանը վերաբերող ճակատագրական որոշումներ։
     Վերջին տասնամյակների ընթացքում ամերիկացի նախագահների մեծ մասը միջանկյալ ընտրությունների արդյունքում կորցրել է Կոնգրեսում իր կուսակցության տեղերի մի մասը։ Օրինակ, 1994 թ., նախագահ Բիլ Քլինթոնի կառավարման ժամանակ, դեմոկրատները կորցրին վերահսկողությունը Քոնգրեսի երկու պալատների նկատմամբ։ Սակայն արդեն մեկ տարի անց Քլինթոնին հաջողվեց հասնել Դեյթոնի համաձայնագրերի ստորագրմանը, որոնք ավարտեցին պատերազմը Բոսնիայում։
     2014 թ., Բարաք Օբամայի նախագահության օրոք դեմոկրատների պարտությունից հետո, հանրապետականները լիակատար վերահսկողություն ստացան Կոնգրեսի նկատմամբ։ Մեկ տարի անց Օբաման, չնայած հանրապետականների դիմադրությանը, կնքեց Իրանի հետ միջուկային համաձայնագիրը։
     Պատմությունը ցույց է տալիս, որ նույնիսկ միջանկյալ ընտրություններում ջախջախիչ պարտություններից հետո նախագահները կարող են օգտագործել իրենց պահպանած լիազորությունները՝ արտաքին քաղաքական նպատակներին հասնելու և ազգային անվտանգության ոլորտում հաջողություններ գրանցելու համար, իսկ երբեմն նույնիսկ նպաստել աշխարհի տարբեր հատվածներում խաղաղության հաստատմանը: 1986 թվականին հանրապետական նախագահ Ռոնալդ Ռեյգանը նույնպես ականատես եղավ, թե ինչպես դեմոկրատները վերահսկողություն ստացան Կոնգրեսի նկատմամբ։ Սակայն արդեն մեկ տարի անց Ռեյգանը և Խորհրդային Միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովը ստորագրեցին միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագիրը։
     2006 թվականին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը կորցրեց վերահսկողությունը Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ Իրաքում ԱՄՆ-ի կրած մեծ կորուստների պատճառով դեմոկրատների հնչեցրած քննադատությունից հետո։ Մի քանի շաբաթ անց Բուշը հրամայեց ավելացնել ամերիկյան ռազմական զորախմբի թվաքանակն այդ երկրում։
     Ժամանակակից նախագահների մեծ մասը նույնպես ամերիկյան զինված ուժերն ուղարկել է ռազմական հակամարտությունների՝ առանց Կոնգրեսի համաձայնության: Վերջին օրինակներից մեկը այս տարի Իրանի վարչակարգի դեմ իրականացված գործողությունն էր։
     «Զսպումների և հակակշիռների համակարգի մի մասն արդեն փաստացի չի գործում, քանի որ նախագահական իշխանությունը մեծապես իր ձեռքն է վերցրել Քոնգրեսի լիազորությունները։ Անկախ նրանից, թե հաջորդ տարի դեմոկրատներն ինչպիսի փորձեր կձեռնարկեն Թրամփին սահմանափակելու համար, մասնագետների կարծիքով արտաքին քաղաքականության ոլորտում նա կշարունակի առաջնորդվել առաջին հերթին սեփական ինտուիցիայով և համաշխարհային առաջնորդների հետ անձնական հարաբերություններով»։

Թրամփը նշել է այն պայմանը, որի դեպքում կարող էր կես տարի չվիրավորել դեմոկրատներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS News-ի «60 Minutes» հաղորդման հարցազրույցում հայտարարել է, որ առանց դժվարության կարող է վեց ամիս զերծ մնալ դեմոկրատների հասցեին վիրավորանքներից, եթե դա օգնի համաձայնագրի կնքմանը։

CBS News-ի լրագրող Ռոս Դաութեթը Թրամփին հարցրել է Տեխասից վերջերս ընտրված դեմոկրատ սենատոր Ջեյմս Թալարիկոյի՝ ներգաղթի հարցերում նրա հետ համագործակցելու պատրաստակամության մասին։ Նախագահը նշել է, որ Դեմոկրատական կուսակցության այլ ներկայացուցիչներ նույնպես ցանկություն են հայտնել աշխատել իր հետ։

Թրամփը խոստովանել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Թալարիկոյին անվանել է «Թալաֆրիկ» (Talafreako), իսկ բազմաթիվ դեմոկրատների՝ «հիմարոկրատներ» (Dumbocrats)։

Այն հարցին, թե արդյոք կարող է կես տարի զերծ մնալ վիրավորանքներից՝ հանուն պայմանավորվածության հասնելու, նախագահը պատասխանել է. «Շատ հեշտ»։

Թրամփի այս մեկնաբանությունները հնչել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, որոնց արդյունքում, ըստ նյութում մեջբերված NBC News-ի կանխատեսումների, դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում ստացել են 259 տեղ՝ զգալիորեն ավելի, քան մեծամասնության համար անհրաժեշտ 218-ը։

Սենատի ընտրություններում դեմոկրատները հաղթանակ են տարել նաև Հարավային Կարոլինայում, Տեխասում, Մենում և Օհայոյում՝ իրենց համար մեծամասնություն ապահովելով Կոնգրեսի վերին պալատում։

Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և թաց ձյուն

Հանրապետության տարածքում նոյեմբերի 8-ին, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ամբողջ հանրապետությունում, 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 8-ին և 9-ին լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 10-12-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 8-ին և 9-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-ի և 9-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի՝ 3-5, նոյեմբերի 8-10-ի գիշերը՝ 9-11 աստիճանով:

Նոյեմբերի 8-ի ցերեկը Շիրակում՝ 1600մ, Լոռի-Տավուշում՝ 800մ, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտում՝ 1800մ, Գեղարքունիքում՝ 2000մ, Վայոց ձորում և Սյունիքում՝ 1800մ և ավելի բարձրություններում սպասվում է ձյուն։

Նոյեմբերի 8-ի երեկոյան և լույս 9-ի գիշերը արդեն հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։ Նոյեմբերի 8-ի ուշ երեկոյան և 9-ի գիշերը ձյուն է սպասվում նաև Երևանի բարձրադիր գոտում։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով։

Երևանում նոյեմբերի 8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 8-ի երեկոյան և 9-ի գիշերը բարձրադիր գոտում սպասվում է թաց ձյուն։ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Իսրայելի նախագահը Գադի Այզենկոտին կհանձնարարի ձևավորել նոր կառավարություն

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը «Յաշար» կուսակցության նախագահ Գադի Այզենկոտին կհանձնարարի ձևավորել նոր կառավարություն, հայտնել է The Times of Israel-ը։

Մանդատի հանձնման արարողությունը տեղի կունենա վաղը՝ տեղի ժամանակով ժամը 17:00-ին, հայտնել է նախագահի գրասենյակը։

Նախագահի նստավայրի տվյալներով՝ Հերցոգն իր որոշման մասին արդեն տեղեկացրել է Այզենկոտին և գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Մինչ այդ պետության ղեկավարը լրացուցիչ խորհրդակցություններ է անցկացրել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, այդ թվում՝ երկու մրցակիցների հետ։

Կնեսետի նոր կազմի բոլոր 120 պատգամավորներին ներկայացնող կուսակցությունների պատվիրակությունների հետ խորհրդակցությունների ընթացքում Այզենկոտի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին արտահայտվել է 67 պատգամավոր։ Նեթանյահուն ստացել է 46 պատգամավորի աջակցությունը։ Եվս մեկ կուսակցություն՝ յոթ մանդատ ունեցող «Թորայի հրեականությունը», չի երաշխավորել թեկնածուներից որևէ մեկին։

Մանդատը պաշտոնապես ստանալուց հետո Այզենկոտը կունենա 28 օր՝ կառավարություն ձևավորելու համար։ Անհրաժեշտության դեպքում Հերցոգը կկարողանա այդ ժամկետը երկարաձգել ևս 14 օրով։

Կառավարություն ձևավորելու համար Այզենկոտը պետք է համաձայնության հասնի մյուս կուսակցությունների հետ և ապահովի Կնեսետի մեծամասնության աջակցությունը։

«Նման կառավարությամբ Իսրայելը չի գոյատևի». Նեթանյահուն դեմ է արտահայտվել արաբական կուսակցությունների հետ կոալիցիային

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդդիմադիր «Փոփոխությունների դաշինքին» կոչ է արել ազգային միասնության կառավարություն ձևավորել իր հեռացող կոալիցիայի կուսակցությունների հետ միասին, հայտնել է The Times of Israel-ը։

Միաժամանակ, նա զգուշացրել է, որ արաբական կուսակցությունների աջակցությանը հենվող կառավարությունը կարող է երկիրը հասցնել աղետի։ Այդ կուսակցությունները նա անվանել է ահաբեկչության աջակիցներ։

«Նման կառավարությամբ Իսրայելը պարզապես չի գոյատևի», — հայտարարել է Նեթանյահուն տեսաուղերձում։

Վարչապետը կոչ է արել նոր կոալիցիայում ընդգրկել իր քաղաքական ճամբարի բոլոր կուսակցությունները, այդ թվում՝ «Լիկուդը», ծայրահեղ ազգայնական «Կրոնական սիոնիզմ» և «Օցմա Յեհուդիտ» խմբակցությունները, ինչպես նաև ծայրահեղ ուղղափառ կուսակցությունները։ Միաժամանակ, նա չի հստակեցրել, թե ով պետք է գլխավորի նման կառավարությունը։

Նեթանյահուն պնդում է, որ ՀԱՄԱՍ-ի կողմնակիցների աջակցությունից կախված կառավարությունը չի կարողանա պայքարել այդ շարժման դեմ և պաշտպանել Գազայի հատվածում և Լիբանանում գործող իսրայելցի զինծառայողներին։ Նա նաև զգուշացրել է քաղաքացիական բախումների վտանգի մասին՝ հայտարարելով, որ Եվրոպայում տեղի ունեցող անկարգությունները, որոնք նա կապում է իսլամիստների հետ, կարող են կրկնվել Իսրայելում։

«Ես կոչ եմ անում ձևավորել ազգային միասնության կառավարություն, որում կընդգրկվեն ազգային ճամբարի բոլոր կուսակցությունները և բոլոր սիոնիստական կուսակցությունները, որոնք ցանկանում են պաշտպանել մեր երկիրը՝ հրեա ժողովրդի միակ պետությունը», — ասել է վարչապետը։ Նրա խոսքով՝ նման կառավարությունը պետք է վերացնի Իրանից բխող միջուկային սպառնալիքը և ամրապնդի հասարակության միասնությունը։

Հայտարարությունը հնչել է հոկտեմբերի 27-ի ընտրություններից հետո նոր կառավարության ձևավորման շուրջ բանակցությունների ֆոնին։ Նեթանյահուի կոալիցիան կորցրել է մեծամասնությունը՝ Կնեսետի 120 տեղերից ստանալով 53-ը։ «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտի գլխավորած չորս կուսակցություններից կազմված «Փոփոխությունների դաշինքը» ստացել է 48 տեղ։ Արաբական երկու կուսակցությունները՝ ՌԱԱՄ-ը և «Միացյալ ցուցակը», ընդհանուր առմամբ ունեն 19 մանդատ և աջակցում են վարչապետի պաշտոնում Այզենկոտի թեկնածությանը։

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը պետք է քաղաքական գործիչներից մեկին հանձնարարի կառավարություն ձևավորել։ Ակնկալվում է, որ առաջին հնարավորությունը կտրվի Այզենկոտին, որը բացառում է Նեթանյահուի հետ համագործակցությունը, սակայն պատրաստ է բանակցել մյուս կուսակցությունների հետ մի շարք պայմանների պահպանման դեպքում։ Դրանց թվում են Իսրայելը որպես հրեական և ժողովրդավարական պետություն ճանաչելը և բոլոր քաղաքացիների համար պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ազգային ծառայությունը։

Մինչդեռ «Մեր տունը Իսրայելն է» կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանը հրաժարվել է ծայրահեղ ուղղափառ կուսակցությունների հետ համագործակցության նկատմամբ իր նախկին կտրականապես մերժողական դիրքորոշումից և հայտարարել բանակում նրանց ծառայության հարցում փոխզիջումների պատրաստակամության մասին։

Լեհաստանի ներքին գործերի նախարարը հայտարարել է Կրակովում զանգվածային հրաձգության մեջ կասկածվողի արմատական հայացքների մասին

Կրակովի կենտրոնում զանգվածային հրաձգության մեջ կասկածվողն արմատական հայացքներ է ունեցել և, ենթադրաբար, տարված է եղել ծայրահեղ աջ գաղափարախոսություններով։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի նախարար Մարչին Կերվինսկին, փոխանցել է RMF 24-ը։

Վերջին տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, ևս 16-ը վիրավորվել է, այդ թվում՝ կրակողը։

«Ամեն ինչ վկայում է այն մասին, որ նա տարված է եղել ծայրահեղ աջ գաղափարախոսություններով, թեև դա դեռ պետք է ստուգել», — ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ հարձակվողը գործել է միայնակ։ Իրավապահ մարմինները շարունակում են պարզել հանցագործության դրդապատճառները և ստուգում են՝ արդյոք կասկածյալը կարող էր գործել որևէ մեկի ազդեցության տակ կամ այլ անձանց աջակցությամբ։

Լեհաստանի իշխանությունների տվյալներով՝ զոհերի թվում օտարերկրյա մեկ քաղաքացի, տուժածների թվում՝ հինգ օտարերկրացի կա։ Վիրավորներին տեղափոխել են Կրակովի վեց հիվանդանոց, երկուսին արդեն դուրս են գրել։

Տասներեք մարդ ստացել է կյանքին անմիջական վտանգ սպառնացող վնասվածքներ։

Տուժածների թվում երկու ոստիկան կա։ Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր․ նա ստացել է երեք հրազենային վիրավորում։ 12 տուժածի վիճակը ծանր է։

Հարձակվողը նույնպես վիրավորվել է ոստիկանների կրակոցներից, գտնվում է հիվանդանոցում և կրկնակի վիրահատության է ենթարկվել։

Կերվինսկին հայտնել է, որ ոստիկանության օպերատիվ գործողություններն օգնել են կանխել զոհերի թվի հետագա աճը։ Նրա խոսքով՝ ոստիկանները հարձակվողի ուղղությամբ առաջին կրակոցներն արձակել են հրաձգության մասին հաղորդումը ստանալուց երեք րոպե անց։ Կասկածյալի ավտոմեքենայում մեծ քանակությամբ զենք է հայտնաբերվել․ նախնական տվյալներով՝ նա կրակել է ավտոմատ զենքից։

Կասկածյալը 24 տարեկան է, ծնունդով Օստրովեց Սվենտոկշիսկի քաղաքից։ Քննչական գործողությունները շարունակվում են։

«Կան մարդիկ, որոնց համար սուտը սեփական նպատակներին համապատասխանեցնելու մշտական գործիք է»․ Սենոր Հասրաթյան

«Կան մարդիկ, որոնց համար սուտը սեփական նպատակներին համապատասխանեցնելու մշտական գործիք է»․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բանական մարդը, երբ ստում է, սովորաբար գիտակցում է, որ շեղվում է իրականությունից։ Այդ գիտակցումն առաջացնում է ներքին անհարմարություն, վախ կամ գոնե որոշակի ամոթի զգացում։
     Սակայն կան մարդիկ, որոնց համար սուտն այլևս ոչ թե իրականությունը թաքցնելու բացառիկ միջոց է, այլ իրականությունը սեփական նպատակներին համապատասխանեցնելու մշտական գործիք։
     Նրանք չեն փորձում համոզիչ բացատրել, թե ինչու են երեկ մի բան ասել, իսկ այսօր՝ դրա հակառակը։ Նրանց համար կարևոր է, թե վերջին ասվածը որքանով է ծառայում իրենց նպատակին։
     Իսկ նպատակը պարզ է և ձգող. նրանք արդեն այնտեղ են, իսկ մեզ տանում են»։