Թրամփը նշել է այն պայմանը, որի դեպքում կարող էր կես տարի չվիրավորել դեմոկրատներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS News-ի «60 Minutes» հաղորդման հարցազրույցում հայտարարել է, որ առանց դժվարության կարող է վեց ամիս զերծ մնալ դեմոկրատների հասցեին վիրավորանքներից, եթե դա օգնի համաձայնագրի կնքմանը։

CBS News-ի լրագրող Ռոս Դաութեթը Թրամփին հարցրել է Տեխասից վերջերս ընտրված դեմոկրատ սենատոր Ջեյմս Թալարիկոյի՝ ներգաղթի հարցերում նրա հետ համագործակցելու պատրաստակամության մասին։ Նախագահը նշել է, որ Դեմոկրատական կուսակցության այլ ներկայացուցիչներ նույնպես ցանկություն են հայտնել աշխատել իր հետ։

Թրամփը խոստովանել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Թալարիկոյին անվանել է «Թալաֆրիկ» (Talafreako), իսկ բազմաթիվ դեմոկրատների՝ «հիմարոկրատներ» (Dumbocrats)։

Այն հարցին, թե արդյոք կարող է կես տարի զերծ մնալ վիրավորանքներից՝ հանուն պայմանավորվածության հասնելու, նախագահը պատասխանել է. «Շատ հեշտ»։

Թրամփի այս մեկնաբանությունները հնչել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, որոնց արդյունքում, ըստ նյութում մեջբերված NBC News-ի կանխատեսումների, դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում ստացել են 259 տեղ՝ զգալիորեն ավելի, քան մեծամասնության համար անհրաժեշտ 218-ը։

Սենատի ընտրություններում դեմոկրատները հաղթանակ են տարել նաև Հարավային Կարոլինայում, Տեխասում, Մենում և Օհայոյում՝ իրենց համար մեծամասնություն ապահովելով Կոնգրեսի վերին պալատում։

Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և թաց ձյուն

Հանրապետության տարածքում նոյեմբերի 8-ին, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ամբողջ հանրապետությունում, 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 8-ին և 9-ին լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 10-12-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 8-ին և 9-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-ի և 9-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի՝ 3-5, նոյեմբերի 8-10-ի գիշերը՝ 9-11 աստիճանով:

Նոյեմբերի 8-ի ցերեկը Շիրակում՝ 1600մ, Լոռի-Տավուշում՝ 800մ, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտում՝ 1800մ, Գեղարքունիքում՝ 2000մ, Վայոց ձորում և Սյունիքում՝ 1800մ և ավելի բարձրություններում սպասվում է ձյուն։

Նոյեմբերի 8-ի երեկոյան և լույս 9-ի գիշերը արդեն հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։ Նոյեմբերի 8-ի ուշ երեկոյան և 9-ի գիշերը ձյուն է սպասվում նաև Երևանի բարձրադիր գոտում։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով։

Երևանում նոյեմբերի 8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 8-ի երեկոյան և 9-ի գիշերը բարձրադիր գոտում սպասվում է թաց ձյուն։ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Իսրայելի նախագահը Գադի Այզենկոտին կհանձնարարի ձևավորել նոր կառավարություն

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը «Յաշար» կուսակցության նախագահ Գադի Այզենկոտին կհանձնարարի ձևավորել նոր կառավարություն, հայտնել է The Times of Israel-ը։

Մանդատի հանձնման արարողությունը տեղի կունենա վաղը՝ տեղի ժամանակով ժամը 17:00-ին, հայտնել է նախագահի գրասենյակը։

Նախագահի նստավայրի տվյալներով՝ Հերցոգն իր որոշման մասին արդեն տեղեկացրել է Այզենկոտին և գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Մինչ այդ պետության ղեկավարը լրացուցիչ խորհրդակցություններ է անցկացրել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, այդ թվում՝ երկու մրցակիցների հետ։

Կնեսետի նոր կազմի բոլոր 120 պատգամավորներին ներկայացնող կուսակցությունների պատվիրակությունների հետ խորհրդակցությունների ընթացքում Այզենկոտի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին արտահայտվել է 67 պատգամավոր։ Նեթանյահուն ստացել է 46 պատգամավորի աջակցությունը։ Եվս մեկ կուսակցություն՝ յոթ մանդատ ունեցող «Թորայի հրեականությունը», չի երաշխավորել թեկնածուներից որևէ մեկին։

Մանդատը պաշտոնապես ստանալուց հետո Այզենկոտը կունենա 28 օր՝ կառավարություն ձևավորելու համար։ Անհրաժեշտության դեպքում Հերցոգը կկարողանա այդ ժամկետը երկարաձգել ևս 14 օրով։

Կառավարություն ձևավորելու համար Այզենկոտը պետք է համաձայնության հասնի մյուս կուսակցությունների հետ և ապահովի Կնեսետի մեծամասնության աջակցությունը։

«Նման կառավարությամբ Իսրայելը չի գոյատևի». Նեթանյահուն դեմ է արտահայտվել արաբական կուսակցությունների հետ կոալիցիային

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդդիմադիր «Փոփոխությունների դաշինքին» կոչ է արել ազգային միասնության կառավարություն ձևավորել իր հեռացող կոալիցիայի կուսակցությունների հետ միասին, հայտնել է The Times of Israel-ը։

Միաժամանակ, նա զգուշացրել է, որ արաբական կուսակցությունների աջակցությանը հենվող կառավարությունը կարող է երկիրը հասցնել աղետի։ Այդ կուսակցությունները նա անվանել է ահաբեկչության աջակիցներ։

«Նման կառավարությամբ Իսրայելը պարզապես չի գոյատևի», — հայտարարել է Նեթանյահուն տեսաուղերձում։

Վարչապետը կոչ է արել նոր կոալիցիայում ընդգրկել իր քաղաքական ճամբարի բոլոր կուսակցությունները, այդ թվում՝ «Լիկուդը», ծայրահեղ ազգայնական «Կրոնական սիոնիզմ» և «Օցմա Յեհուդիտ» խմբակցությունները, ինչպես նաև ծայրահեղ ուղղափառ կուսակցությունները։ Միաժամանակ, նա չի հստակեցրել, թե ով պետք է գլխավորի նման կառավարությունը։

Նեթանյահուն պնդում է, որ ՀԱՄԱՍ-ի կողմնակիցների աջակցությունից կախված կառավարությունը չի կարողանա պայքարել այդ շարժման դեմ և պաշտպանել Գազայի հատվածում և Լիբանանում գործող իսրայելցի զինծառայողներին։ Նա նաև զգուշացրել է քաղաքացիական բախումների վտանգի մասին՝ հայտարարելով, որ Եվրոպայում տեղի ունեցող անկարգությունները, որոնք նա կապում է իսլամիստների հետ, կարող են կրկնվել Իսրայելում։

«Ես կոչ եմ անում ձևավորել ազգային միասնության կառավարություն, որում կընդգրկվեն ազգային ճամբարի բոլոր կուսակցությունները և բոլոր սիոնիստական կուսակցությունները, որոնք ցանկանում են պաշտպանել մեր երկիրը՝ հրեա ժողովրդի միակ պետությունը», — ասել է վարչապետը։ Նրա խոսքով՝ նման կառավարությունը պետք է վերացնի Իրանից բխող միջուկային սպառնալիքը և ամրապնդի հասարակության միասնությունը։

Հայտարարությունը հնչել է հոկտեմբերի 27-ի ընտրություններից հետո նոր կառավարության ձևավորման շուրջ բանակցությունների ֆոնին։ Նեթանյահուի կոալիցիան կորցրել է մեծամասնությունը՝ Կնեսետի 120 տեղերից ստանալով 53-ը։ «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտի գլխավորած չորս կուսակցություններից կազմված «Փոփոխությունների դաշինքը» ստացել է 48 տեղ։ Արաբական երկու կուսակցությունները՝ ՌԱԱՄ-ը և «Միացյալ ցուցակը», ընդհանուր առմամբ ունեն 19 մանդատ և աջակցում են վարչապետի պաշտոնում Այզենկոտի թեկնածությանը։

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը պետք է քաղաքական գործիչներից մեկին հանձնարարի կառավարություն ձևավորել։ Ակնկալվում է, որ առաջին հնարավորությունը կտրվի Այզենկոտին, որը բացառում է Նեթանյահուի հետ համագործակցությունը, սակայն պատրաստ է բանակցել մյուս կուսակցությունների հետ մի շարք պայմանների պահպանման դեպքում։ Դրանց թվում են Իսրայելը որպես հրեական և ժողովրդավարական պետություն ճանաչելը և բոլոր քաղաքացիների համար պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ազգային ծառայությունը։

Մինչդեռ «Մեր տունը Իսրայելն է» կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանը հրաժարվել է ծայրահեղ ուղղափառ կուսակցությունների հետ համագործակցության նկատմամբ իր նախկին կտրականապես մերժողական դիրքորոշումից և հայտարարել բանակում նրանց ծառայության հարցում փոխզիջումների պատրաստակամության մասին։

Լեհաստանի ներքին գործերի նախարարը հայտարարել է Կրակովում զանգվածային հրաձգության մեջ կասկածվողի արմատական հայացքների մասին

Կրակովի կենտրոնում զանգվածային հրաձգության մեջ կասկածվողն արմատական հայացքներ է ունեցել և, ենթադրաբար, տարված է եղել ծայրահեղ աջ գաղափարախոսություններով։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի նախարար Մարչին Կերվինսկին, փոխանցել է RMF 24-ը։

Վերջին տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, ևս 16-ը վիրավորվել է, այդ թվում՝ կրակողը։

«Ամեն ինչ վկայում է այն մասին, որ նա տարված է եղել ծայրահեղ աջ գաղափարախոսություններով, թեև դա դեռ պետք է ստուգել», — ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ հարձակվողը գործել է միայնակ։ Իրավապահ մարմինները շարունակում են պարզել հանցագործության դրդապատճառները և ստուգում են՝ արդյոք կասկածյալը կարող էր գործել որևէ մեկի ազդեցության տակ կամ այլ անձանց աջակցությամբ։

Լեհաստանի իշխանությունների տվյալներով՝ զոհերի թվում օտարերկրյա մեկ քաղաքացի, տուժածների թվում՝ հինգ օտարերկրացի կա։ Վիրավորներին տեղափոխել են Կրակովի վեց հիվանդանոց, երկուսին արդեն դուրս են գրել։

Տասներեք մարդ ստացել է կյանքին անմիջական վտանգ սպառնացող վնասվածքներ։

Տուժածների թվում երկու ոստիկան կա։ Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր․ նա ստացել է երեք հրազենային վիրավորում։ 12 տուժածի վիճակը ծանր է։

Հարձակվողը նույնպես վիրավորվել է ոստիկանների կրակոցներից, գտնվում է հիվանդանոցում և կրկնակի վիրահատության է ենթարկվել։

Կերվինսկին հայտնել է, որ ոստիկանության օպերատիվ գործողություններն օգնել են կանխել զոհերի թվի հետագա աճը։ Նրա խոսքով՝ ոստիկանները հարձակվողի ուղղությամբ առաջին կրակոցներն արձակել են հրաձգության մասին հաղորդումը ստանալուց երեք րոպե անց։ Կասկածյալի ավտոմեքենայում մեծ քանակությամբ զենք է հայտնաբերվել․ նախնական տվյալներով՝ նա կրակել է ավտոմատ զենքից։

Կասկածյալը 24 տարեկան է, ծնունդով Օստրովեց Սվենտոկշիսկի քաղաքից։ Քննչական գործողությունները շարունակվում են։

«Կան մարդիկ, որոնց համար սուտը սեփական նպատակներին համապատասխանեցնելու մշտական գործիք է»․ Սենոր Հասրաթյան

«Կան մարդիկ, որոնց համար սուտը սեփական նպատակներին համապատասխանեցնելու մշտական գործիք է»․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բանական մարդը, երբ ստում է, սովորաբար գիտակցում է, որ շեղվում է իրականությունից։ Այդ գիտակցումն առաջացնում է ներքին անհարմարություն, վախ կամ գոնե որոշակի ամոթի զգացում։
     Սակայն կան մարդիկ, որոնց համար սուտն այլևս ոչ թե իրականությունը թաքցնելու բացառիկ միջոց է, այլ իրականությունը սեփական նպատակներին համապատասխանեցնելու մշտական գործիք։
     Նրանք չեն փորձում համոզիչ բացատրել, թե ինչու են երեկ մի բան ասել, իսկ այսօր՝ դրա հակառակը։ Նրանց համար կարևոր է, թե վերջին ասվածը որքանով է ծառայում իրենց նպատակին։
     Իսկ նպատակը պարզ է և ձգող. նրանք արդեն այնտեղ են, իսկ մեզ տանում են»։

Նորվեգիայում ձերբակալել են թագուհու որդու բնակարան ներխուժած տղամարդուն

Նորվեգիայում ձերբակալել են մի տղամարդու, որը, ենթադրաբար, ապօրինի մուտք է գործել թագուհի Մետտե-Մարիտի որդու՝ Մարիուս Բորգ Հյոյբիի բնակարան և հրել նրան, հայտնել է NTB-ն՝ վկայակոչելով թագավորական ընտանիքի անվտանգության համար պատասխանատու ծառայությանը։

Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ վաղ առավոտյան Օսլոյից ոչ հեռու գտնվող Սկաուգում կալվածքում, որտեղ գտնվում է թագավորական նստավայրը։

Se og Hør ամսագրի տվյալներով՝ տղամարդը նախ ոտքերով հարվածել է Հյոյբիի բնակարանի դռանը և թակել այն։ Լսելով աղմուկը՝ 29-ամյա Հյոյբին, որն այդ պահին երաժշտություն էր լսում և նկարում, բացել է դուռը, որից հետո անծանոթը ուժով ներխուժել է ներս։

Հյոյբիին հաջողվել է ինքնուրույն անկոչ հյուրին դուրս հանել բնակարանից։ Այնուհետև նա ոստիկանություն է կանչել, որը կարճ ժամանակ անց ձերբակալել է տղամարդուն։ Ավելի ուշ ձերբակալվածին ազատ են արձակել։

Միջադեպի պահին թագավոր Հոկոն VIII-ը  և թագուհի Մետտե-Մարիտը գտնվել են կալվածքի գլխավոր շենքում՝ բնակարանից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Միջադեպը կարող է նոր հարցեր առաջացնել թագավորական ընտանիքի անվտանգության ապահովման վերաբերյալ, նշել է Se og Hør-ը։

«Մարիուսի համար տհաճ ու վախեցնող էր այն, որ ինչ-որ մեկը եկել էր իր տուն, որտեղ նա պետք է իրեն անվտանգ զգալու հնարավորություն ունենա», — NTB գործակալությանը հայտնել է Հյոյբիի փաստաբան Ալեքսանդր Գրեկերը։

Նրա խոսքով՝ այժմ իր պաշտպանյալն իրեն լավ է զգում և երախտապարտ է ոստիկանությանը արագ արձագանքելու համար։

Հյոյբին հուլիսի կեսերից տնային կալանքի տակ է՝ էլեկտրոնային ապարանջանով, իսկ մինչ այդ՝ փետրվարից, կալանավորված էր։ Վերջերս այս խափանման միջոցի վերացմանը հասնելու փորձն անհաջողությամբ է ավարտվել։

Ավելի վաղ Հյոյբին դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման մի շարք մեղադրանքներով, այդ թվում՝ երկու բռնաբարության համար։ Նա բողոքարկել է դատավճիռը։ Վերաքննիչ բողոքի քննությունը պետք է սկսվի փետրվարին։ Դատավարության շրջանակում կրկին կքննվեն նաև նախկին զուգընկերուհու բռնաբարության և ընտանեկան բռնության մեղադրանքները։

«Միսիան անիրականալի է․ Ալիևը Փաշինյանի հետ խաղաղության համաձայնագիր չի ստորագրելու»․ Ոսկան Սարգսյան

«Միսիան անիրականալի է․ Ալիևը Փաշինյանի հետ խաղաղության համաձայնագիր չի ստորագրելու»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միսիան անիրականալի է․ Նիկոլ Փաշինյանը «Ռեստարտ» հիմնադրամի պանելային քննարկմանը հայտարարել է․ «Իմ ամենամեծ խնդիրը, որը պետք է լուծեմ երիտասարդության համար, դա խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է։ Հայաստանի Հանրապետությունը՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով, եթե պատկերավոր ասեմ, այդ վիճակում երկիրը պետք է հանձնեմ երիտասարդությանը»։ Միսիան անիրականալի է; Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանի հետ խաղաղության համաձայնագիր չի ստորագրելու, այլ շարունակելու է նոր զիջումներ պահանջել և ստանալ Փաշինյանից։ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ինքը չի ազատելու ՀՀ-ում օկուպացրած տարածքները»։

Հունաստանում ձերբակալել են ինքնաթիռում անկարգություններ հրահրած իսրայելցու

Հունաստանում ձերբակալել են Իսրայելի 39-ամյա քաղաքացու, որը խախտել է կարգը Բուդապեշտից Սալոնիկ թռչող ինքնաթիռում, հայտնել է Kathimerini-ն։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ թռիչքի ընթացքում տղամարդը բազմիցս վեր է կացել տեղից, բացել ուղեբեռի վերևի դարակները և անտեսել անձնակազմի պահանջները։ Վայրէջքից առաջ նա նաև հրաժարվել է ամրացնել անվտանգության գոտին։

Բացի այդ, ուղևորն էլեկտրոնային ծխախոտ է օգտագործել՝ խախտելով կարգը և սպառնալիք ստեղծելով թռիչքի անվտանգության համար, հայտնել են ոստիկանությունից։

Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Սալոնիկի «Մակեդոնիա» օդանավակայանում, որտեղ իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են տղամարդուն։

Նրան մեղադրանքներ են առաջադրվել օդանավի անվտանգությանը սպառնալիք ստեղծելու, հասարակական կարգը խախտելու և ինքնաթիռի հրամանատարի կարգադրություններին չենթարկվելու համար։

Հետաքրքիր է, ըստ Փաշինյանի, ի՞նչ կլինի, եթե Հայաստանը չփոխի իր սահմանադրությունը․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․

Ըստ Փաշինյանի, «Ալիևն անձնական զրույցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է [սահմանադրության փոփոխության] հարցի ներքին բնույթը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում»: Բայցայնպես․ «Ադրբեջանցիները սահմանադրական առկա դրույթների պայմաններում պատրաստ չեն և չեն ցանկանում Հայաստանի Հանրապետության հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել և այն վավերացնել»։

Այսինքն. «Եթե ուզում եք համաձայնագիրը ստորագրենք, սահմանադրությունը փոխեք, բայց դե դա Հայաստանի ներքին գործն է»։ Դա այլ կերպ քան վերջնագիր չես կարող դիտել։ 1939 թվականի սեպտեմբերի 3-ին անգլիացիներն ու ֆրանսիացիները գերմանացիներին «առաջարկեցին» մինչև առավոտյան ժամը 11-ին տեղեկացնել, որ վերջիններս պատրաստ են զորքերը դուրս բերել Լեհաստանից։ Իհարկե, դա գերմանացիների ներքին գործն է, բայց դե եթե նրանք բրիտանական «առաջարկն» անտեսեն, պատերազմ կսկսի:

Հետաքրքիր է, ըստ Փաշինյանի ի՞նչ կլինի, եթե Հայաստանը չփոխի իր սահմանադրությունը։ Պատերազմ թե՞ ստատուս քվոյի պահպանում։ Դե, ըստ ՔՊ-ի, պատերազմ չի լինի, որովհետև ԹՐԻՓՓը կա, սահմանին եվրադիտորդները կան։ Ստատուս քվոն, ըստ ՔՊ-ի, փաստացի խաղաղությունն է, սահմաններին չեն կրակում։ Ուստի ինչու՞ են շտապում։ Հայաստանի ներքին կյանքը կարգավորելու համար Հայաստանի Անկախության հռչակագիրը խոչնդոտ չէ։

Ուղղակի մնաց պարզենք, ինչ ի նկատի ուներ Փաշինյանը, երբ հայտարարում էր, որ եթե իրենք ընտրությունների արդյունքում սահմանադրական մեծամասնություն չստանան, որ կարողանան հանրաքվեի դնեն սահմանադրության նոր տեքստը, պատերազմ կսկսի։ Ո՞վ էր պատրաստվում Հայայստանի դեմ պատերազմել և ինչու՞։ Լաբուբու՞ն։

P.S. Չմոռանանք, որ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ մեր սահմանադրության փոփոխությունն Ադրբեջանը համարել էր «խաղաղության համաձայնագիրը» ստորագրելու նախապայման․․․․

https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Farthur.khachatryan%2Fposts%2Fpfbid0sD5fgc9o8MgQucCy7gAgy6fiqcULvG1dhgSYMXf66JXsjo6MGYMKrWxLfU29BG8jl&show_text=true&width=500