Գորիսում «Պանիր Չանախ»-ի արտադրությունը կասեցվել է․ հայտնաբերվել են խախտումներ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրում անհատ ձեռնարկատեր Արփինե Օրդյանին պատկանող կաթնամթերքի վերամշակման արտադրամասում վերահսկողություն են իրականացրել և նմուշներ վերցրել առկա արտադրատեսակներից։

 

ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ լաբորատոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ «Պանիր Չանախ» արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ-ի (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի վերամշակման արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

ԱԺ նախագահը և Կատարի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է ՀՀ-ում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Սալեմ Սաադ ալ Սուլայթինին։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

 

Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

 

Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների առկա բարձր մակարդակի առնչությամբ և արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել։ Ընդգծվել են միջխորհրդարանական համագործակցության շարունակական խորացումն ու փոխայցերի կարևորությունը։

 

Անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին և զարգացումներին։

 

Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ․ Նիկոլ Փաշինյան

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Դիլիջանում ընթացող «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031» թեմայով աշխատաժողովին հանդես եկա ելույթով»,- նշել է նա:

 

Ելույթում վարչապետը մասնավորապես նշել է.

 

«Ջրային ոլորտի մասին խոսելիս մենք պետք է մի քանի արձանագրումներ անենք.

 

1. Այսօր ՀՀ-ում չկա գեթ մեկ բնակավայր, որը խմելու ջրի հետ կապված էական և շոշափելի խնդիրներ չունի:

2. Այսօր ՀՀ-ում չկա գեթ մեկ բնակավայր, որը ոռոգման ջրի հետ կապված էական և շոշափելի խնդիրներ չունի:

3. Այսօր Հայաստանում վարելահողերի և այգիների, տնկարկների միայն փոքր մասն է, որ հասանելիություն ունի ոռոգմանը, այսինքն, ըստ էության, մեր վարելահողերի մեծ մասը ընդհանրապես ոռոգմանը հասանելիություն չունի: Այն հատվածում, որտեղ կա ոռոգում, առանձին անդրադարձի թեմա են ոռոգման տեխնոլոգիաները և որակը: Եթե 21-րդ դարի չափանիշներով նայենք՝ այն ջրաքանակը, որ անհրաժեշտ է տասնյակ հեկտարներով այգիներ ոռոգելու համար, այդ ջրաքանակը մենք օգտագործում ենք մի քանի հեկտար այգի ոռոգելու համար: Սա է պրոբլեմի հաջորդ կարևորագույն հատվածը:

4. Մենք այսօր հանրապետությունում տեսնում ենք հազարավոր հեկտարներով ամայի հողատարածքներ, ակնհայտ է, որ այդտեղ կարող են լինել հազարավոր հեկտարներով այգիներ, որտեղ կարելի է ստանալ տասնյակ հազարավոր տոննաներով բերք, բայց մենք այդ խնդիրը ի վիճակի չենք լուծել:

5. Հաջորդ գլոբալ պրոբլեմը, որի հետ մենք առնչվում ենք, օգտագործված ջրի մաքրումը ոչ թե կանոն է, այլ՝ կանոնից հիմնականում բացառություն, և ակնհայտ է նաև, որ ջրի օգտագործման այսպիսի որակը որևէ կերպ չի կարող ընդունելի լինել, որովհետև այն իր հետ բերում է հետևանքներ:

6. Հաջորդ արձանագրումը, որ մենք պետք է անենք. մեր երկրում ձևավորվում է ավելի քան անհրաժեշտ ջրային ռեսուրս, որ մենք կարողանանք խնդիրները լուծել, և մեր այսօրվա քննարկման առանցքային խնդիրներից մեկը հետևյալն է, թե ինչպես, ինչ ճանապարհային քարտեզով մենք կարող ենք այսօրվա արձանագրված կետից հասնել այն տեղը, երբ որ ջուրը հասանելի լինի ՀՀ այն բոլոր հատվածներում, որտեղ նրա հասանելիությունը՝ ա) անհրաժեշտ է. խոսքը բնակավայրերի մասին է և խմելու ջրի հասանելիության լիարժեք և շուրջօրյա ռեժիմն ապահովելու մասին է: բ) Ոռոգման ջրի հասանալիությունը բոլոր բնակավայրերում. սա քաղաքային կյանքի և բնակավայրերի կյանքի կազմակերպման շատ էական հատված է: գ) Ջրի հասանալիությունը բոլոր այն տեղերում, որտեղ ջրի հասանալիությունը կարող  է ձևավորել ավելացված արժեք, և սրանից բխում են երկու գլոբալ մարտահրավերներ և խնդիրներ. դրանցից երկուսն էլ ուղղակի կամ անուղղակի արձանագրված են Կառավարության ծրագրում կամ Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինում:

Առաջին խնդիրը հետևյալն է՝ մենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն: 

Հաջորդը՝ բնապահպանական և առողջապահական բազմաթիվ խնդիրներ, որոնց հետ մենք այսօր առերեսվում ենք, կապված են այս երևույթի հետ, որ ՀՀ-ում օգտագործված ջրի մաքրումը կանոն չէ, ավելի շատ բացառություն է կանոնից:

Երրորդ գլոբալ խնդիրը, որ մենք պետք է քննարկենք, հետևյալն է՝ ՀՀ-ում ձևավորվող ջրային պաշարները ինչպե՞ս կուտակել, և ո՞րն է կուտակման առավել արդյունավետ ձևը, և դրա արդյունքում ոռոգման և այլ նպատակով օգտագործում:

Ջրի ցանկացած տեղաշարժ 21-րդ դարում փորձ է արվում օգտագործել՝ ներառյալ էներգետիկ նպատակով, որովհետև ջուրը նաև էներգետիկ մեծ պոտենցիալ ունի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Վերահաստատում եմ Ձեզ հետ սերտորեն աշխատելու իմ հանձնառությունը․ Թունիսի արտգործնախարարը՝ Միրզոյանին

Թունիսի արտաքին գործերի, միգրացիայի և արտերկրում բնակվող թունիսցիների հարցերով նախարար Մոհամեդ Ալի Նաֆթին վերանշանակման առթիվ շնորհավորել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին։

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից։

Շնորհավորական ուղերձում Նաֆթին Միրզոյանին մաղթել է հաջողություններ՝ նոր կառավարության կազմում իր պարտականությունների իրականացման գործում։ «Օգտվելով այս հնարավորությունից՝ վերահաստատում եմ Ձեզ հետ սերտորեն աշխատելու իմ հանձնառությունը՝ մեր երկրների միջև բարեկամության և համագործակցության կապերն առավել ամրապնդելու, ինչպես նաև դրանք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներում ընդլայնելու ուղղությամբ՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասվում է ուղերձում։

Թունիսի արտաքին գործերի նախարարն Արարատ Միրզոյանին հաջողություններ է մաղթել և հայտնել իր բարձր հարգանքն ու գնահատանքը։

Կոտայքում «Նիսսան»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կոտրել դրանք. կա վիրավոր

Սեպտեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արտյոմ Ա.-ն իր վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և կոտրել դրանք։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Արմինե Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն։

Վարորդը դեպքի վայրում պարեկներին հայտնել է, որ վթարի մեղավորը եղել է Renault մակնիշի կցորդիչով բեռնատարի վարորդը, որը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Պարեկները պարզել են, որ բեռնատարը, որը նույնպես գտնվում է դեպքի վայրում, վարել է Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Արիս Հ.-ն։

Դատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Կարեն Դերենիկի Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 14 անշարժ գույք, որոնցից 9-ը գտնվում են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում,
  • Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 1 անշարժ գույքի գնման իրավունք,
  • 8 տրանսպորտային միջոց,
  • 10 իրավաբանական անձանցում մասնակցություն,
  • 105 միլիոն 171 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
  • 124 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի

Երևան քաղաքում սեպտեմբերի 4-5-ը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 6-ի երեկոյան, 7-ի գիշերը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 4-ին և 6-ին՝ կեսօրից հետո, 5-ին և 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևելյան և արևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-21 /վրկ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ը կնվազի 5-8 աստիճանով։

 

Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ

Սեպտեմբերի 10-13-ը Երևանում անցկացվելիք Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 26-րդ միջազգային մրցաշարի կազմակերպման և անցկացման նպատակով Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային Կառավարության որոշմամբ կհատկացվի ավելի քան 25 մլն դրամ: 

Մրցաշարը նվիրված է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին։ 

Միջազգային մրցաշարին ակնկալվում է շուրջ 15 երկրի 181 ներկայացուցչի մասնակցություն։ Մրցաշարի անցկացումը կնպաստի ազատ ոճի ըմբշամարտի զարգացմանն ու մասսայականացմանը, ինչպես նաև Հայաստանի մարզական հեղինակության բարձրացմանը։

Մրցաշարի կազմակերպման համար անհրաժեշտ գումարը նախատեսվում է ապահովել ԿԳՄՍ նախարարությանը 2026 թվականի պետական բյուջեով արդեն հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով։

Վահագն Խաչատուրյանը և Տոմիո Օկամուրան քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնման հնարավորությունները

Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրայի և Պատգամավորների պալատի ղեկավարության հետ։

Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրան ողջունել է Հանրապետության նախագահին և շնորհակալություն հայտնել պաշտոնական այցի և հանդիպման հնարավորության համար։ Նա ընդգծել է, որ Հանրապետության նախագահի պաշտոնական այցը նոր խթան կհաղորդի Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների և բարեկամական կապերի հետագա զարգացմանը։

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և գնահատանքի խոսքերի համար՝ ընդգծելով, որ Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորվել են բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ, որոնց զարգացման գործում կարևոր դեր ունի նաև խորհրդարանական համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում կարևորվել է խորհրդարանական դիվանագիտության հետագա զարգացումը, երկու երկրների խորհրդարանների միջև ակտիվ շփումների և փոխայցելությունների խթանումը։ Ընդգծվել է նաև միջազգային խորհրդարանական կառույցների, ինչպես նաև Եվրոպական միության շրջանակներում փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնման հնարավորությունները։ Այս համատեքստում կարևորվել է համագործակցության խորացումը տնտեսության, զբոսաշրջության, գիտության, սպորտի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։

Հանրապետության նախագահը և Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահն անդրադարձել են նաև ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և դրանց պաշտպանության կարևորությանը՝ ընդգծելով ժողովրդավարական արժեքների, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ շարունակական համագործակցության անհրաժեշտությունը։

Հանդիպմանը կողմերը վերահաստատել են Հայաստանի և Չեխիայի միջև բարեկամական հարաբերությունների հետագա խորացման և համագործակցության նոր ուղղությունների ձևավորման պատրաստակամությունը։

Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել Պալատի պատվո հյուրերի մատյանում։

Բաթումիում 2 զբոսանավ է բախվել. կա 5 տուժած

Վրաստանի Բաթումի քաղաքում բախվել է 2 զբոսանավ, որի հետևանքով վիրավորվել է 5 մարդ։

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ին։ Վթարի պահին նավակներից մեկը քարշ է տվել պարաշյուտային զբոսանավ։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ շտապօգնության անձնակազմը տուժածներին տեղափոխել է հիվանդանոց։

Բժիշկները կյանքին սպառնացող վնասվածքներ չեն հայտնաբերել, տեղում աշխատում են փրկարարական և այլ ծառայություններ։