ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին

2026 թվականի պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների հաջող ավարտից հետո՝ սեպտեմբերի 1-ին, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին։ Այս մասին գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Վերանորոգման ընթացքում իրականացվել են շուրջ 20 կարևոր միջոցառում՝ ուղղված էներգաբլոկի հուսալիության, անվտանգության և արդյունավետ շահագործման բարձրացմանը։

Վերանորոգման աշխատանքները տևել են 153 օր` գրաֆիկին համապատասխան։

Ներկայում էներգաբլոկը գործում է բնականոն ռեժիմով, հզորության աստիճանական բարձրացումն իրականացվում է սահմանված տեխնոլոգիական պահանջներին համապատասխան»։

Նիդեռլանդները Նյու Յորքից և Օտտավայից Լոնդոն են տեղափոխել պահուստային 86 տոննա ոսկին

Նիդեռլանդների Կենտրոնական բանկը չորեքշաբթի հայտնել է, որ Հյուսիսային Ամերիկայից դուրս է բերել միլիարդավոր դոլարների իր ոսկու պաշարների մի մասը։ Բանկն ինքն այս քայլն անվանել է գլոբալ քաղաքական անկայունության ֆոնին տեղի ունեցող «ճգնաժամի նախապատրաստություն», հայտնում է Associated Press-ը։

Նրա տվյալներով՝ մարտից օգոստոս ընկած ժամանակահատվածում Նյու Յորքում և Օտտավայում պահվող շուրջ 313 տոննա ընդհանուր ծավալից մոտ 86 մետրիկ տոննա ոսկի է տեղափոխվել Լոնդոն։ Մինչ տեղափոխումը Նյու Յորքում էր գտնվում նիդեռլանդական ոսկու 31,3%-ը, իսկ Օտտավայում՝ 19,7%-ը։ Տեղափոխությունից հետո այդ քաղաքներից յուրաքանչյուրին բաժին է ընկնում 18,5%-ը, նշել է բանկը։

Ընդհանուր առմամբ բանկին է պատկանում 612,4 մետրիկ տոննա ոսկի, որը 2025 թվականի վերջի դրությամբ գնահատվում էր 72,2 միլիարդ եվրո (մոտ 83,6 միլիարդ դոլար)։

«Այս տեղափոխության շնորհիվ մենք բարձրացրել ենք մեր ոսկու պաշարների իրացվելիությունը, — գրավոր մեկնաբանության մեջ հայտարարել է բանկի ղեկավար Օլաֆ Սլեյպենը։ — Հույս ունենք, որ դրանք օգտագործելու կարիք երբեք չի լինի, սակայն մենք պետք է ամրապնդենք մեր դիմակայունությունն ու պատրաստվածությունը»։

Ավելի քան 27 մետրիկ տոննա ոսկին «ֆիզիկապես տեղափոխվել է» ԱՄՆ-ից և Կանադայից դեպի նիդեռլանդական բանկի՝ խիստ հսկվող պահոց, որը գտնվում է երկրի կենտրոնական հատվածի Զեյստ քաղաքի մոտակայքում տեղակայված ռազմաբազայում։ Ընդ որում՝ բանկը չի հստակեցրել, թե հատկապես ինչ եղանակով են ձուլակտորները հատել Ատլանտյան օվկիանոսը։ Համադրելի ծավալի ոսկին այնուհետև Զեյստից ուղարկվել է Լոնդոն։

Տեղափոխության մնացած մասն իրականացվել է այլ կերպ․ մոտ 59 մետրիկ տոննա ոսկին վաճառվել է Նյու Յորքում, իսկ ստացված հասույթով ոսկին էլ գնվել է Լոնդոնում։

Նիդեռլանդների բանկը, որը հայտնի է DNB հապավմամբ, պարզաբանել է, որ Անգլիայի բանկում պահվող ոսկին «պետք է համապատասխանի ժամանակակից միջազգային առևտրային ստանդարտներին, համարվում է աշխարհում ամենասպառվողը (իրացվելին) և այդ պատճառով ճգնաժամային իրավիճակում ամենամատչելին կլինի DNB-ի համար։ Նյու Յորքում և Օտտավայում գտնվող պաշարները նման պայմաններում հնարավոր չէ գործի դնել նույնքան արագ ու ուղղակիորեն»։

Թրամփը մտադիր է պահանջել Ուկրաինային տրամադրված զինամթերքի գումարը

Ջո Բայդենի վարչակազմն Ուկրաինային անհատույց տրամադրել է շատ ավելի մեծ քանակությամբ զինամթերք, քան ԱՄՆ-ն օգտագործել է Իրանի հետ պատերազմի ընթացքում. հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Բացի այդ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ Բայդենի վարչակազմն Ուկրաինային անհատույց տրամադրել է շատ ավելի մեծ քանակությամբ զինամթերք, քան մենք օգտագործել ենք Իրանում։ Ուկրաինային և ՆԱՏՕ-ին անհատույց տրամադրվել է հարյուրավոր միլիարդավոր դոլարների զինամթերք, որի դիմաց Եվրոպան կվճարեր, եթե միայն նրանից պահանջեինք, մենք կպահանջենք այդ գումարը, թեկուզ որոշակի ուշացումով»,- գրել է պետության ղեկավարը Truth Social-ում։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Բայդենը Կիևին 300 միլիարդ դոլարի զինամթերք է տրամադրել։

Լեհաստանը եռամսյա սահմանափակումներ է մտցնում արևելյան սահմանի մոտ իրականացվող թռիչքների համար

Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հայտարարել է երկրի արևելյան հատվածում թռիչքների նոր սահմանափակում մտցնելու մասին՝ պետության անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված։

EP R134 սահմանափակման գոտին գործելու է 2026 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 9-ը՝ շուրջօրյա ռեժիմով։ Այն տարածվում է գետնի մակերևույթից մինչև FL95 էշելոնը (մոտ 3 կմ բարձրություն)։ Սահմանափակումը չի ազդի մեծ բարձրությունների վրա թռիչքներ իրականացնող ուղևորատար ինքնաթիռների վրա։

Նոր գոտին կփոխարինի գործող EP R131 սահմանափակմանը։ Գիշերային ժամերին EP R134-ում օդանավերի շարժն ամբողջությամբ կարգելվի․ բացառություն կկազմեն ռազմական ինքնաթիռները, ինչպես նաև Դեպուլտիչե-Կրուլևսկե օդանավակայանի և Օդային գործողությունների կենտրոնի (Օդային բաղադրիչի հրամանատարության) միջև համաձայնեցված թռիչքներն ու վայրէջքները։

Ցերեկային ժամերին թռիչքները նույնպես կարգելվեն, բացառությամբ, մասնավորապես, ռազմական օդանավերի, թռիչքի հաստատված պլան ունեցող և անհրաժեշտ կապի ու ռադիոլոկացիոն նույնականացմանմիջոցներով հագեցած մարդատար ինքնաթիռների, ինչպես նաև հատուկ նշանակության օդանավերի՝ որոնողափրկարարական, բժշկական և այլ արտակարգ գործողությունների համար։

Առանձին թռիչքներ կարող են թույլատրվել Օդային գործողությունների կենտրոնի հետ համաձայնեցնելուց հետո։ Սա վերաբերում է պետական ավիացիային, սանիտարական ավիացիային, մարդկանց ու կենդանիների փրկության, արտակարգ իրավիճակների հետևանքների լիկվիդացման, ինչպես նաև կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության ու վերահսկման գործողություններին։

Լեհ զինվորականներն ընդգծել են, որ նախատեսված բացառությունների տակ չընկնող օդանավի մուտքը R ակտիվ գոտի հանդիսանում է օդային հաղորդակցության մասին օրենսդրության խախտում։

Սահմանափակումները մտցվել են Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարության հարցումով։ Համապատասխան որոշումը Լեհաստանի աէրոնավիգացիոն ծառայությունների գործակալության կողմից հրապարակվել է NOTAM-ի տեսքով։