Բժիշկներին հաջողվել է 9 ամսական երեխայի կոկորդից «Լեգո»-ն հանել․ միացվել է արհեստական շնչառության սարք

Ապրիլի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում հարազատների ուղեկցությամբ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն է տեղափոխվել 9 ամսական երեխա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, երեխան եղել է ծայրահեղ ծանր վիճակում, բժիշկները կարողացել են նրա կոկորդում մնացած «Լեգո» խաղալիքը դուրս բերել, ինչից հետո երեխային միացվել է արհեստական շնչառության սարք և ռեանիմոբիլով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Դեպքի մասին արդեն տեղեկությունը փոխանցվել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին։

Կարապետյանի հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ կատարվում է նախաքննություն:

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, տելեգրամյան ալիքներում նոր ձայնագրություն է տարածվել, որում կարծես երկու անձինք քննարկում են Սամվել Կարապետյանի համար կազմակերպվող հանրահավաք գնալու համար սնունդով ապահովելու հարցերը: 

Ըստ խոսակցության՝ այն ներառում է 2 կարկանդակ (պերաշկի) և մեկ շիշ Կոկա-Կոլա կամ ջուր, 3000 դրամ (հավանաբար յուրաքանչյուր անձին): 

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՆԳՆ-ից հայտնել էինք, որ քրեական ոստիկանության ծառայողները հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու կասկածանքով ձերբակալել են մեկ անձի։ Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Քննչական կոմիտե։

Արմեն Աշոտյանի «կանդալված» հիշողությունն ու բարոյականությունը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը օգտվելով այն հանգամանքից, որ
փոխվել է իր խափանման միջոցը, ներս ու դուրս անելու հնարավարություն ունի,  որոշել է ընդդիմադիր «ֆորմի» մեջ մնալու, 2018-ի
հեղափոխության խորացող տրավման հաղթահարելու և վերջապես պարապուրդը լցնելու համար «բողոքի
միջոցառումների ծրագիր» «բզբզալ»։ Կարճ ասած՝ «հարամել» Հայաստանում առաջիկայում անցկացվելիք
ԵՄ գագաթնաժողովը, որը, ինչպես ինքն է ասել նախօրեին կայացած ասուլիսում, Նիկոլ Փաշինյանը որոշել է վերածել
«նախընտրական քեֆի»։ Դե, իսկ այդ գագաթնաժողովի մասնակիցներն էլ, ըստ Աշոտյանի բուժման
ենթակա երևակայության, հատուկ են որոշել Երևանում անցկացնել այս կարևոր միջոցառումը,
որպեսզի իրենց սատարումը հայտնեն Հայաստանի «դավաճանական ռեժիմին»։  Խոխմա է, չէ՞։

Եվ որպեսզի ՀՀԿ-ն՝ իր չունեցած ռեյտինգով,  ունեցած տիեզերածավալ անտիռեյտինգով,  հարամի այդ «տոնը»՝ «քեֆը», Սերժ Սարգսյանի տեղակալն
առաջարկում է իր ընդդիմադիր գործընկերներին միջոցառումների շարք իրականացնել՝ «կանդալ»
(ձեռնաշղթա) «բրենդի» ներքո։  «Նիկոլն ամեն
ինչ անելու է, որ իր, կոպիտ ասած, քեֆը չհարամվի, և եվրոպական առաջնորդները չառերեսվեն
մեր իրական Հայաստանի, ոչ թե Նիկոլի  իրական
Հայաստանի, խնդիրների, ցավերի և դժգոհության հետ։ Այն առաջարկը, որ մենք անում ենք,
հակաեվրոպական չէ, այն պրոեվրոպական է, որովհետև մեր առաջարկության հիմքում ընկած են
իրական արժեքները եվրոպական, ինչպիսին են ազատությունը, արժանապատվությունը, մարդու
իրավունքները,  օրենքի գերակայությունը, դեմոկրատիան,
քաղաքական հետապնդումների բացակայությունը, ազատ մամուլը, այն ամենը, ինչ ոտնահարված
է այսօր Հայաստանում»,- ազդարարել է Արմեն Աշոտյանը՝ ստիպելով իր ասուլիսին հետևած
(եթե, իհարկե, այդպիսիք եղել են) եվրաչինովնիկներին անզուսպ ծիծաղել։ 

Աշոտյանն, արդ,  առաջարկել
է միասնական պայքարի խորհրդանիշ ընտրել ձեռնաշղթաների պատկերը, որն էլ, ըստ նրա երևակայության,
խորհրդանշում է այսօրվա Հայաստանը՝ «կանդալված մարդ, կանդալված ազգ, կանդալված պետություն։
Եվ մեր կոչն իրենց շատ պարզ է՝ դադարեք երկդիմիությունը, կանգնեք ժողովրդավարության
կողքին։ Սա ժողովրդավարական արժեքների և հայկական իրականության մեկտեղման սիմվոլիկա
է, որ մենք առաջարկում ենք։ ՀՀԿ-ն առաջարկում է բոլոր այն ակցիաները, որոնք իրականացվելու
են այդ օրերին, իրականացվեն միասնական այս բրենդի տակ»,-առաջարկել է հուզական՝ ակնհայտորեն  անկայուն վիճակում գտնվող Աշոտյանը։ Պարզվում է՝  ՀՀԿ-ն  մշակել
է «քեֆահարամության» գործողությունների ծրագիր, որպեսզի օգտագործի եվրոպական հանրույթի՝
այստեղ գտնվելու փաստը՝ բարձրաձայնելու  երկու
բլոկ խնդիրներ՝ «Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակը, այն է՝ ժողովրդավարության
բացակայությունը, և Արցախ՝ իր բոլոր բխող խնդիրներով»։ 

 Աշոտյանի հիշողությունը,
ինչու չէ՝ նաև բարոյականությունը, ակնհայտորեն «կանդալված» են, այլապես ներկայիս՝ հետհեղափոխական,
եթե կուզեք՝ հետՀՀԿ-ական  Հայաստանի ժողովրդավարության
վիճակն ախտորոշելուց առաջ կհիշեր, թե ի՜նչ դաժանությամբ ու հետևողականությամբ էին բռնաբարվում
ժողովրդավարական ինստիտուտները՝ արդարադատությունից մինչև խոսքի ազատություն, ինչպես
էր իշխանությունը մոնոպոլացվում, ինչպես էր 
հալածվում  քաղաքական այլակարծությունը։
 Ի
 դեպ, երբ Աշոտյանի համար այլևս սիրելի դարձած  «քաղբանտարկյալ» տերմինը  գործածվում էր  ՀՀԿ-ի կառավարման տարիներին  կալանավորված ու ապօրինի քրեական հետապնդման ենթարկված  քաղգործիչների
վերաբերյալ, նախկին իշխող ուժի ներկայացուցիչն ու նրա  գործընկերները միանգամից խաչակնքում էին ու չքմեղի
դեմքով հայտարարում՝ ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ։ Եվ սա այն դեպքում, երբ նույն
եվրոպական կառույցները, նույն ԵԽԽՎ-ն, ի դեպ, մասնավորապես «Մարտի 1»-ի ողբերգությունից
հետո ընդունած իր բանաձևերում  բաց տեքստով նշում էր ՀՀ-ում քաղաքական հետապնդման
ենթարկվողների մասին։ Այդ բանաձևերից
 մեկում (1609),  օրինակ,
նշվում է. «Վեհաժողովը դատապարտում է բազմաթիվ անձանց, այդ թվում՝ ընդդիմության
ավելի քան հարյուր համախոհների և խորհրդարանի երեք անդամների ձերբակալումը և շարունակվող
կալանավորումն այնպիսի մեղադրանքների հիման վրա, որոնց մի մասը առերևույթ արհեստական
է և պայմանավորված քաղաքական շարժառիթներով: Սա նշանակում է իշխանությունների կողմից
ընդդիմության փաստացի հետապնդում»:  



 Իսկ ահա   գործող իշխանության օրոք չենք հիշում, որ միջազգային
որևէ կառույց իր որևէ բանաձևում հիշատակեր ՀՀ-ում քաղբանտարկյալների գոյության մասին
կամ, ասենք, արձանագրեր ՀՀ-ում ժողովրդավարության ինստիտուտների հետընթացի մասին։ Այս
հանգամանքն է, որ ստիպում է «Եվրոպական ժողովրդական կուսակցության»-ն անդամակցող
ՀՀԿ-ին հոգեխանգարմունքի,
կներեք բառի համար՝ քաղաքական «լոմկայի» մեջ ընկնել և ուշադրություն գրավելու համար
քաղաքական «ստրիպտիզներ» բեմադրել, այդ թվում՝ միջազգային կառույցների դռների առաջ։
Այդօրինակ ակցիաներից մեկի ժամանակ՝
ԵՄ պատվիրակության շենքի առջև,  հիշենք,  մի քանի տարի առաջ Արմեն Աշոտյանը անպատվել էր ՀՀ-ում
ԵՄ դեսպանին, այն նույն ԵՄ-ի, որից այսօր քաղաքական ուշադրություն և աջակցություն է
խնդրում։ 
«ԵՄ-ն այստեղ դեսպան է նշանակում մարդկանց, որոնց հետո թոշակի է ուղարկում: Ո՛չ
նախորդ դեսպանն էր մի բան, ո՛չ էս մի դեսպանն է մի բան: ԵՄ հարգելի գործընկերներ, դադարեք
Հայաստանում «սպիսատ» անել ձեր դիվանագիտական անորակ կադրերին»,- խրոխտ ազդարարել էր
ՀՀԿ փոխնախագահն ու մասնավորապես հավելել. «Տիկին դեսպան, Ձեզ քանիցս փորձել եմ կարգի
հրավիրել, Ձեր աչքերը բացել՝ միամտաբար մտածելով, որ Դուք տեղյակ չեք: Չէ՛, Դուք շատ
լավ էլ տեղյակ եք: Ոչ միայն տեղյակ եք, այլ նաև անհայրենիք սրիկաների բերանը լեզու
եք դնում»: ՀՀ-ում ԵՄ «սպիսատ» արած դեսպանն այդ օրերին, հիշեցնենք, պատկառելի
տարիք ու փորձ ունեցող Անդրեա Վիկտորինն էր։  

Միով բանիվ նկատենք՝ Աշոտյանի երեկվա ասուլիսում
հնչած ձևակերպումները՝ մասնավորապես ժողովրդավարության մասով, մեր մեջ խղճահարություն
հարուցեցին ՀՀԿ-ական գործչի հանդեպ։ Մեզ թվաց, որ քրեական հետապնդման ենթարկվող ու
իր մասով դատավճռին սպասող պարոն Աշոտյանը կալանավայրում գտնվելու շրջանում վարակվել
է մի հիվանդությամբ, որը «պացիենտի» մոտ հալյուցինացիաներ է առաջացնում, խցանում ադեկվատությունը,
ստիպում խառնել տեղն ու ժամանակը, ասենք՝ ներկա ժամանակով խոսել, բայց նկարագրել  ոչ վաղ անցյալի՝ նախքան 2018 թվականը եղած գաղջ,
քստմնելի իրավիճակն ու մթնոլորտը։  Իզուր չէ,
որ ՀՀ ընտրողը  2018-ին «սպիսատ» արեց այս կուսակցությանը
երկրի կառավարումից, կուսակցություն, որը սեփական նախաձեռնությամբ «սպիսատ» եղավ
2026-ի հունիսի ԱԺ ընտրությունների պայքարից՝ խայտառակության «ռուբիկոնը» երկրորդ անգամ
չանցնելու վախից։ 

Հ. Մ.

  

 

 

Հայաստանի բարձր տեխնոլոգիական օրակարգը համահունչ է Hannover Messe-ի տեսլականին․ քննարկվել է հնարավոր համագործակցությունը

«Էնթերփրայզ Արմենիա»-ի գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ միասին, հանդիպել են Hannover Messe-ի ղեկավարության ներկայացուցիչներ Մարկո Զիբերտի և Հոլգեր Ֆայստի հետ՝ քննարկելու Հայաստանի հնարավոր մասնակցությունն ու համագործակցությունը այս գլոբալ հարթակի շրջանակում։ Այս մասին հայտնում է «Էնթերփրայզ Արմենիա»-ն։

«Քննարկումների ընթացքում առանձնացվել է Հայաստանի արագընթաց անցումը դեպի կանաչ տեխնոլոգիաներ և խորքային տեխնոլոգիաների վրա հիմնված արտադրություն, ինչը համակարգային փոփոխություն է, որը վերափոխում է երկրի արդյունաբերական դիմագիծը և գրավում միջազգային գործընկերների ուշադրությունը։

Հայաստանի բարձր տեխնոլոգիական օրակարգը լիովին համահունչ է Hannover Messe-ի տեսլականին և զարգացման ուղղություններին՝ դարձնելով այս համագործակցությունը ոչ միայն արդիական։

Հայկական ընկերությունների և տեխնոլոգիաների համար Hannover Messe-ը հանդիսանում է համաշխարհային շուկաներ դուրս գալու հզոր հարթակ՝ մի վայր, որտեղ Հայաստանի արդյունաբերական հավակնությունները կարող են հանդիպել աշխարհի առաջատար որոշում կայացնողների, նորարարների և ներդրողների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Քննարկվել են դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների ենթակառուցվածքային ֆինանսավորման մարտահրավերների հաղթահարման ուղիները

Ապրիլի 22-ին Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) Զարգացմանն ուղղված ֆինանսավորման վերանայման ֆորումի շրջանակներում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը՝ Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող երկրների բարձր ներկայացուցչի գրասենյակի հետ համատեղ, կազմակերպել է «Closing the Financing Gap: The Infrastructure Investment and Financing Facility for Landlocked Developing Countries» խորագրով հարակից միջոցառում։ Միջոցառումը վարել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Պարույր Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։

 

Միջոցառումը համախմբե է անդամ պետությունների, միջազգային ֆինանսական հաստատությունների, բազմակողմ զարգացման բանկերի և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին՝ քննարկելու դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների ենթակառուցվածքային ֆինանսավորման մարտահրավերների հաղթահարման ուղիները, այդ թվում՝ Սևիլիայի համաձայնության 33(b) պարբերության իրականացման համատեքստում։

 

«Քննարկումները կենտրոնացան դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների առջև ծառացած կառուցվածքային սահմանափակումների վրա՝ ներառյալ բարձր տրանսպորտային ծախսերը, ենթակառուցվածքային բացերը և ֆինանսավորման սահմանափակ հասանելիությունը, ինչպես նաև ընդգծվեց սահմանանց համակարգված համագործակցության, ծրագրերի նախապատրաստման կարողությունների և ռիսկերի համատեղ կիսման մեխանիզմների ուժեղացման անհրաժեշտությունը։

 

Մասնակիցները կարծիքներ փոխանակեցին ենթակառուցվածքների ներդրումային և ֆինանսավորման հնարավոր հարթակի (IIFF) ձևավորման և հավելյալ արժեքի վերաբերյալ՝ ներառյալ դրա դերը պետական և մասնավոր ներդրումների մոբիլիզացման, կլիմայական կայունության ապահովման և կայուն ու ներդրումային առումով կենսունակ ծրագրային փաթեթների զարգացման գործում։

 

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռաբաբ Ֆատիման, ինչպես նաև ՄԱԿ Առևտրի և զարգացման համաժողովի գործող գլխավոր քարտուղար Պեդրո Մորենոն։ Քննարկմանը մասնակցեցին դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների, բազմակողմ զարգացման բանկերի և գործընկեր հաստատությունների բարձր մակարդակի ներկայացուցիչներ՝ նպաստելով ինտերակտիվ և բովանդակային քննարկմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Քննարկվել են դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների ենթակառուցվածքային ֆինանսավորման մարտահրավերների հաղթահարման ուղիները

Քննարկվել են դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների ենթակառուցվածքային ֆինանսավորման մարտահրավերների հաղթահարման ուղիները

Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած

Ապրիլի 22-ին՝ ժամը 22։26-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեպար բնակավայրի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը․ կա տուժած։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը՝ մոտ 50 մետր: 

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և քաղաքացիների ու պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ վարորդին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։

 

Վարչապետը ծանոթացել է Արագածոտնի և Շիրակի մարզերում իրականացված ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արագածոտնի և Շիրակի մարզերում իրականացված ծրագրերին:

Նիկոլ Փաշինյանի այցը մեկնարկել է Արագածոտնի մարզից: Երկրի ղեկավարի առաջին կանգառը եղել է Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի մանկապարտեզում, որտեղ իրականացվել են վերակառուցման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 371 մլն 137 հազար դրամ: Վերակառուցված մանկապարտեզը նախատեսված է 100 երեխայի համար։

Ապարան համայնքում վարչապետն այցելել է Երնջատափ բնակավայրի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոց, որտեղ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 248 մլն 286 հազար դրամ: Վերանորոգվել է դպրոցի մասնաշենքը և իրականացվել է տարածքի բարեկարգում։

Ալագյազ համայնքում Նիկոլ Փաշինյանն այցելել է Ալագյազ բնակավայրի մանկապարտեզ, ծանոթացել նախակրթարանի նորակառույց շենքի շինարարական աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 912 մլն 767 հազար դրամ, որից համայնքի մասնաբաժինը կազմել է 11 մլն 559 հազար դրամ, մյուս մասը հատկացրել է Կառավարությունը։ Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է մեկհարկանի 1290 քմ ընդհանուր մակերեսով 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի նոր շենք, բարեկարգվել է բակը, տեղադրվել է 21 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան։

Աշտարակ համայնքում վարչապետին ներկայացվել են Տ-1-25,/Մ-3/ (Աշտարակ) – Փարպի – Ղազարավան տեղական նշանակության ավտոճանապարհի 11,5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 716 մլն դրամ:

Աշտարակ համայնքում երկրի ղեկավարն այցելել է նաև Արագածոտն բնակավայրում մասնավոր հատվածի կողմից հիմնված 10 հա ինտենսիվ այգի, որտեղ աճեցվում է դեղձ և կեռաս: Այգու հիմնումն իրականացվել է «ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2026 թվականների» ծրագրի աջակցությամբ: Պետության կողմից մասնավորին փոխհատուցվել է 120 մլն 417 հազար դրամ: ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում ձեռք է բերվել շուրջ 324 մլն 908 հազար դրամ ընդհանուր արժեքով գյուղատնտեսական տեխնիկա: Սուբսիդավորված գումարի չափը կազմել է 94 մլն 757 հազար դրամ:

Երկրի ղեկավարի հաջորդ կանգառը եղել է Թալին համայնքում, որտեղ կառուցվել է Արագածավան բնակավայրի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 2 մլրդ 462 մլն 750 հազար դրամ: ՀՀ Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում Թալին համայնքի Արագածավան բնակավայրն ունի նորակառույց դպրոց՝ նախատեսված 432 աշակերտի համար։

Դպրոցում վարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով, շնորհավորել բոլորին կրթական հաստատության կառուցման առիթով, արձանագրել, որ դպրոցներ այցելությունները դառնում են էներգիայի վերականգնման ուղղություն, որովհետև շինարարության և ընդհանուր աշխատանքի որակի հետ կապված անընդհատ առաջընթաց է նկատվում: «Այս մասով ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին՝ փոխվարչապետի գլխավորությամբ, ովքեր իրականացնում են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» նախագիծը, որը Հայաստանի համար հեղափոխական նշանակություն ունեցող նախագիծ է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ սա մեգա նախագիծ է և այն լինելու է շարունակական:

Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ ինչպես բոլոր նման առիթներով, ցանկանում է կրկին ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, թե ինչպես են ստեղծվում այս դպրոցները, մանկապարտեզները։ «Ես նորից ուզում եմ վերադառնալ նույն թեմային, ինչի մասին գրեթե ամենուր վերջերս խոսում ենք և ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, հարկեր վճարող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր տնտեսվարողներին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր գնումներ իրականացնելիս անպայման չեն մոռանում իրենց հետ վերցնել հսկիչ դրամարկղային կտրոն: Շատ կարևոր է, որ այս ընկալումն այսօրվանից մեր երեխաների գիտակցության մեջ ամրապնդվի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն իր խոսքում ընդգծել է, որ չնայած երեխաների կրթության համար ապահովվում է ֆիզիկական անհրաժեշտ պայմաններ, նաև կարևոր է որակյալ կրթության ապահովումը և այս համատեքստում քաջալերել ուսուցիչներին, որ նրանք անպայման անցնեն ատեստավորում: Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ հաջորդիվ մշակվել է բանաձև, որով արդեն ատեստավորված ուսուցիչները նոր ատեստավորման հնարավորություն կունենան և նրանց աշխատավարձը շատ ավելի բարձր կլինի. «Մենք շարունակաբար քաջալերում ենք մեր սիրելի ուսուցիչներին, որ գնան և վերցնեն, պարզեն իրենք ձեռքը և վերցնեն Կառավարության կողմից բարձրացված աշխատավարձերը»։

Ամփոփելով խոսքը՝ երկրի ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է որակյալ կրթության կարևորությունը և նշել. «Հետևաբար՝ «Պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը» բանաձևն ամբողջությամբ կենտրոնացած է այս դպրոցում և նմանատիպ դպրոցներում և ընդհանրապես՝ մեր կրթական համակարգում»։

Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Շիրակի մարզ: Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Արթիկ համայնքի 9 հա ելակի և 14 հա հատապտղի ջերմատանը։ Այն ևս մասնավորի կողմից հիմնվել է Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման պետական աջակցության ծրագրի շրջանակում: Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 20 մլն 500 հազար դրամ ընդհանուր արժեքով 2 սարքավորում՝ ինքնագնաց ավտոմատ սրսկիչ, ինքնագնաց ջերմոցային պլատֆորմ բույսերի ուլտրամանուշակագույն ճառագայթման միջոցով բույսերի պաշտպանության համար։ Կառավարության կողմից սուբսիդավորված գումարի չափը կազմել է 600 հազար դրամ: Ներդրումային ծրագրի շրջանակում ջերմատան կառուցման նպատակով կիրառվել է ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների նկատմամբ ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունը։ Ծրագրի վարկային բաղադրիչով ներգրավվել է 25 մլն դրամ վարկային միջոց։ Սուբսիդավորված գումարի չափը կազմել է շուրջ 16 մլն 742 հազար դրամ։

Հաջորդիվ երկրի ղեկավարն այցելել է Ախուրյան բնակավայրի Երիտասարդական կենտրոն, որտեղ դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 26 մլն դրամ: Պետական բյուջեից հատկացվել է արժեքի 65,2 %՝ 16 մլն 947 հազար դրամ: Կենտրոնն ընդգրկված է եղել ՀՀ Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրով մինչև 2026թ. ավարտը նախատեսված 25 երիտասարդական կենտրոնների ցանկում: Ծրագրի իրականացման արդյունքում վերանորոգվել է համայնքի կողմից հատկացված շինության 230 քմ մակերեսով տարածք, կահավորվել՝ գույքով և տեխնիկայով: Տարեկան կտրվածքով կենտրոնի ծառայություններից օգտվել են առնվազն 246 երիտասարդ՝ դրամաշնորհային հայտով պարտավորված ծրագրային ուղղություններով։ 2026թ. հունվարի 1-ից սկսած ապրիլի 15-ի դրությամբ գրանցվել են 2284 այցելուներ:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Գյումրի համայնքի թիվ 41 հիմնական դպրոց, որտեղ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 543 մլն 672 հազար դրամ: ՀՀ Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում Գյումրի համայնքն ունի վերանորոգված դպրոց՝ նախատեսված 710 աշակերտի համար։

Վարչապետի վերջին կանգառը եղել է Ախուրյան համայնքի Քեթի բնակավայրի նորակառույց կրթահամալիրում: Նիկոլ Փաշինյանը շրջել է կրթահամալիրում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 557 մլն 482 հազար դրամ։ Կրթահամալիրը նախատեսված է 140 աշակերտի, իսկ նախակրթարանը՝ 40 երեխայի համար։

Կրթահամալիրում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, շնորհավորել բոլորին բացման առիթով: Երկրի ղեկավարը նշել է, որ այս դպրոցն այսօրինակ երկրորդ կրթահամալիրն է, որ բացվում է հանրապետությունում, որը նախատեսված է ավելի քան մեկ բնակավայրի աշակերտների համար, կոնկրետ այս դեպքում՝ Քեթի, Փոքրաշեն և Հովունի բնակավայրերի աշակերտների համար: Այս համատեքստում, վարչապետն անդրադարձել է այն քննարկումներին, որ նման դպրոցների բացումը նպաստում է գյուղերի դատարկմանը: Հակադարձելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հենց գյուղերի դատարկման խնդիրը լուծելուն է ուղղված նման կրթահամալիրների բացումը, քանի որ դրանք ապահովում են երեխաների՝ պատշաճ ֆիզիկական միջավայրում ժամանակակից կրթություն ստանալու հնարավորություն. «Կարևոր է, որ դպրոցում լինի պատշաճ միջավայր, նորմալ ճաշարան, նորմալ բեմ, դպրոցում պետք է լինեն լաբորատորիաներ, լաբորատոր սարքեր: Կրթության համար ամենակարևորը կրթական միջավայրն է: Սա մեր մոտեցումն է»:

Երկրի ղեկավարն իր խոսքում անդրադարձել է նաև աշակերտների տեղափոխման համար անհրաժեշտ տրանսպորտային ծառայությունների մատուցման կամ տրանսպորտային ծախսերի փոխհատուցման հարցին, ընդգծել, որ Կառավարությունն այս ուղղությամբ նույնպես քայլեր է ձեռնարկում:

Դիմելով աշակերտներին՝ վարչապետն ընդգծել է. «Սիրելի երեխաներ, ես համոզված եմ, որ դպրոցը ձեզ դուր կգա: Այստեղ կրթական միջավայր է, այստեղ մարզական միջավայր է, այստեղ ստեղծագործական միջավայր է: Տեսեք, դուք բասկետբոլի շատ լավ հրապարակ ունեք, վոլեյբոլի հրապարակ ունեք, ֆուտբոլի շատ լավ դաշտ ունեք, հեծանիվներ ունեք, թենիսի սեղան ունեք, գնդակներ ունեք, լաբորատոր սարքեր ունեք և լավ ուսուցիչներ ունեք: Ամեն ինչ առկա է, որպեսզի լավ սովորեք՝ ձեր հետագա լավ կյանքն ապահովելու համար»։

Այս կրթահամալիրում ելույթի ժամանակ ևս Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկեր վճարող բոլոր քաղաքացիներին, ընդգծել, որ հենց նրանց շնորհիվ են կառուցվում նման դպրոցներ:

Ամփոփելով խոսքը՝ երկրի ղեկավարն ասել է. «Շնորհավորում եմ բոլորիս և մաղթում եմ ձեզ լավ կյանք այս դպրոցում, որովհետև այս դպրոցն ապրելու տեղ է, կյանքի տեղ է, իսկ կյանքի անբաժանելի ուղեկիցը սովորելն է: Ինչքան ապրում ենք և մեր կյանքը զուգորդում, զուգակցում սովորելով, այնքան մեր կյանքն ավելի լավն է դառնում որպես անհատ, որպես հանրություն, որպես պետություն, որպես ժողովուրդ և որպես քաղաքացի»։

Կանխատեսվում է նորմայից ցածր ջերմաստիճան

Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը ապրիլի 27-ից մայիսի 4-ը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

 

Կանխատեսումները՝ ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF)։