«Հրապարակ» օրաթերթը գրում է. Շրջակա միջավայրի նախարարությունը COP17-ի կազմակերպչական աշխատանքների շրջանակներում նախապատրաստական, կազմակերպչական եւ այլ աշխատանքներում նշանակալի ներդրում ունենալու համար որոշ անձանց պարգեւատրել է «COP17» արծաթե հուշադրամով։
Այդ հուշադրամը հոկտեմբերի 5-ին ՀՀ կենտրոնական բանկն էր շրջանառության մեջ դրել՝ նվիրված ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին: Հուշադրամի անվանական արժեքը 1000 դրամ է, մետաղը՝ 925 հարգի արծաթ, քաշը՝ 33,6 գ։ Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում:
Թողարկվել է 300 հատ։ Մեզ հետ զրույցում ԿԲ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ հուշադրամը թողարկվել է միայն ներկայացուցչական նպատակներով` վաճառքի չի հանվել։ Ո՞ր կառույցի պատվերով են թողարկվել հուշադրամները։ Արձագանքեցին՝ ՀՀ կառավարության եւ Կենտրոնական բանկի համատեղ նախաձեռնությունն է։ Հուշադրամի արժեքը, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, 59 հազար դրամ է։ Այսինքն՝ միայն 17.7 մլն դրամ ծախսվել է 300 հուշադրամի համար։