«Թրամփի երթուղի» նախագիծը Հայաստանում ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ․ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
«Անկեղծ ասած՝ հայ-ամերիկյան նախաձեռնության վերաբերյալ դեռևս ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ։ Չէ՞ որ չի հրապարակվել նախագծի նպատակային ցուցանիշներից ոչ մեկը՝ կառուցման չափորոշիչների և ժամկետների, համապատասխան ենթակառուցվածքների օգտագործման, բեռնափոխադրումների հեռանկարների վերաբերյալ։ Սրանցից ոչինչ հստակեցված չէ»,- ճեպազրույցում ասել է Զախարովան՝ պատասխանելով TRIPP նախագծի մեկնարկի մասին հարցին։
Նրա խոսքով՝ «Թրամփի երթուղին» շատ առումներով կրկնօրինակում է այն, ինչ մշակվել էր Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում։ Սակայն Երևանը 2023 թվականին սառեցրեց իր մասնակցությունն այդ խմբում։
Դիվանագետը նշել է, որ TRIPP-ն արդեն քննադատության է արժանացել, մասնավորապես՝ իրանցի գործընկերների կողմից, որոնք ասում են, որ Իրանի հյուսիսային սահմանին ամերիկյան ռազմական ուժերի ցանկացած ֆիզիկական ներկայություն անընդունելի է։
«Մենք սկզբունքորեն կարևոր ենք համարում, որ նախագծի իրականացման ընթացքում չանտեսվեն մեր երկրի և Իրանի շահերը։ Այս նախագիծը չպետք է նոր բաժանարար գծեր ստեղծի տարածաշրջանում։ Հակառակ դեպքում՝ այս տրանսպորտային և լոգիստիկ նախաձեռնությունը պարզապես դատապարտված է ձախողման», – եզրափակել է Զախարովան։