COP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները


Հարեվաններ


Անթալիայում ընթացող՝ կլիմայի փոփոխությանը նվիրված COP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Մասուդ Փեզեշքիանը։

Կողմերը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները, երկկողմ հարաբերությունները։ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը պետք է անհապաղ ավարտվի։ Նա հորդորել է դիվանագիտությանը հնարավորություն տալ։

Ավելի վաղ COP31-ի առաջնորդների գագաթնաժողովում Փեզեշքիանը հայտարարել էր, որ Իրանը փոխհատուցում է պահանջում ամերիկա-իսրայելական հարվածների պատճառած բնապահպանական վնասի համար։



Մինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլին


Հայաստան


Գործադիրը հավանություն է տվել «Գնման պայմանագրում փոփոխություն կատարելուն թույլտվություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին։

ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող կենտրոնացված գնումների շրջանակներում 2026-2028 թվականների բյուջետային հայտերով նախատեսվել է մինչև 28 տարեկան՝ շաքարային դիաբետով բուժառուներին անվճար կամ արտոնյալ պայմաններով ապահովման նպատակով ձեռք բերել երկարատև ազդեցության ինսուլիններ։ Այդ նպատակով նախարարության և «Մ.Լ.Ն. Ֆարմ» ՍՊԸ-ի միջև 19.08.2025 թ. կնքվել է N ԷԱՃԱՊՁԲ-2026/1-1 գնման պայմանագիրը, որի 2-րդ չափաբաժնով նախատեսված է եղել «Լեվեմիր» (ինսուլին դետեմիր) տեսակի երկարատև ազդեցության ինսուլինի ձեռքբերումը, սակայն «Նովո Նորդիսկ» (Novo Nordisk) դեղագործական ընկերության պաշտոնական հայտարարության համաձայն՝ արտադրական գլոբալ հզորությունների վերաբաշխման պատճառով ամբողջ աշխարհում ամբողջությամբ դադարեցվում է «Լեվեմիր» (ինսուլին դետեմիր) դեղի արտադրությունն ու մատակարարումը։ Ստեղծված իրավիճակում անհնարին է դառնում կնքված պայմանագրի շրջանակներում տվյալ ապրանքատեսակի հետագա մատակարարումը Հայաստանի Հանրապետություն։

Հաշվի առնելով նշված դեղամիջոցի կենսական նշանակությունը թիրախային խմբի՝ մինչև 28 տարեկան երեխաների և երիտասարդների կյանքի որակի և առողջության պահպանման համար՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել գնումների պլանը և բյուջետային հատկացումների շրջանակներում ապահովել անցումը նույն արտադրողի ավելի նոր, առավել արդյունավետ և շուկայում կայուն հասանելիություն ունեցող նոր սերնդի «Ինսուլին դեգլուդեկ» («Տրեսիբա»/Tresiba) դեղին։ Նոր սերնդի «Ինսուլին դեգլուդեկ» (Tresiba) դեղի միավորի շուկայական արժեքը տարբերվում է դադարեցված «Լեվեմիր» դեղի գնից։ Որոշման ընդունմամբ ՀՀ առողջապահության նախարարությունը կնքված N ԷԱՃԱՊՁԲ-2026/1-1 պայմանագրում կկատարի համապատասխան փոփոխություն՝ 2-րդ՝ «Ինսուլին երկարատև ներարկման լուծույթ 100 ՄՄ/մլ 3 մլ» չափաբաժնի համար սահմանելով միավորի նոր գին՝ 7,680 ՀՀ դրամ՝ գործող 5,475.69 ՀՀ դրամ միավորի գնի փոխարեն։

Կլինիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ «Տրեսիբայի» օրական դեղաչափը միջինում 20-30%-ով պակաս է, քան «Լեվեմիրի» օրական դեղաչափը։ Թեև «Տրեսիբայի» մեկ գրիչ-ներարկչի նախնական գինն ավելի բարձր է (7,680 ՀՀ դրամ), դրա ծախսվող ընդհանուր քանակը 30 տոկոսով պակասում է, ինչը երկարաժամկետ կտրվածքով կոմպենսացնում է գնային տարբերությունը և տնտեսապես ձեռնտու է պետական բյուջեին։



Այս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի է


Հարեվաններ


Հայաստանը չի կարող միանալ Եվրոպական միությանը՝ միաժամանակ մնալով Եվրասիական տնտեսական միության կազմում. այս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ 

«Եվրոպական միությանն անդամակցելը, այդ կառույցին միանալու ձգտումը կամ անդամակցության գործընթացի մեկնարկն անհամատեղելի են Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հետ։ Բոլոր ղեկավարներն էլ բաց և անկեղծ խոսում են այդ մասին. պետք է ընտրություն կատարել։ Հուսով եմ, որ դա կլինի հենց հայ ժողովրդի կատարած ընտրությունը։

Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության կայունությանը, ապա Հայաստանի իշխանությունների կայացրած ցանկացած որոշում որևէ ազդեցություն չի ունենա կառույցի կայունության վրա։ ԵԱՏՄ-ն ապացուցել է իր արդյունավետությունն ու փոխշահավետությունը։ ԵԱՏՄ-ի հետ գործակցելու հարցում այլ պետությունների հետաքրքրությունը մշտապես աճում է»,- ասել է ռուս պաշտոնյան։

Վալենտինա Մատվիենկոն նաև հայտարարել է, որ Հայաստանը շատ բան կկորցնի, եթե որոշի դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)։ «Ի վերջո, ՀԱՊԿ-ում անդամակցությունը պահպանել-չպահպանելը Հայաստանի իրավասությունն է։ Սակայն կարծում եմ, որ եթե ընտրվի վերջին տարբերակը, Հայաստանը շատ բան կկորցնի»,- ասել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը։



Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. Փաշինյան


Քաղաքականություն


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման արդյունքները։ Այս մասին վարչապետը խոսել է թուրքական «TRT World»-ի լրագրողի հետ Անթալիայում կայացած միջոցառման շրջանակում։

«Շատ դրական հանդիպում ունեցանք նախագահ Էրդողանի հետ, դրական երկխոսություն, և սպասում ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմանը։ Այժմ պետք է վերանորոգենք մեր երկրների միջև երկաթուղին և վերաբացենք այն։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է վարչապետը։ 



Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվի


Բիզնես


Կառավարությունը հավանություն է տվել «2026 թ. օգոստոսի 12-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հայաստան՝ Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն. Ծրագրի իրականացման աջակցություն» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։

Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման նպատակով կնքված համաձայնագրերով նախատեսվում է ՀՀ-ին հատկացնել շուրջ 45.0 մլն եվրո, որից վարկային միջոցներ՝ 39.0 մլն եվրո (2 տրանշով) և դրամաշնորհային միջոցներ՝ 6.0 մլն եվրո։

Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի ստեղծումն ու գործարկումը հնարավորություն կտան արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին մատուցել ժամանակակից, բարձրակարգ և միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով՝ էականորեն բարելավելով սպասարկման որակը և գործընթացների արագությունը։

Միաժամանակ նշված կենտրոնը կապահովի մաքսային հսկողության և վարչարարության իրականացման համար անհրաժեշտ բարձր արդյունավետություն, թափանցիկություն և կանխատեսելիություն՝ նպաստելով ռիսկերի նվազեցմանը և մաքսային հսկողության դյուրացմանը։



«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան

«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անհուսալի վարկերի ճգնաժամի հաղթահարման միջազգային փորձը ցույց է տալիս, որ տույժ-տուգանքների ներումը և վարկային ամնիստիան լայնորեն կիրառվող գործիքներ են հատկապես այն երկրներում, որտեղ առկա է բնակչության բարձր պարտքային բեռ և սոցիալական լարվածություն։
     1. Միջազգային հիմնական մոդելները
     Տույժ-տուգանքների և չաշխատող տոկոսների ամբողջական/մասնակի ներում
     Փորձը (Վրաստան, Ռումինիա, Արևելյան Եվրոպա). Բանկերը և վարկային կազմակերպությունները հաճախ իրականացնում են ծրագրեր, որտեղ վարկառուին առաջարկվում է վճարել միայն մայր գումարը (կամ մայր գումարի մի մասը), իսկ կուտակված տույժերը, տուգանքները և ապառք տոկոսներն ամբողջությամբ զիջվում են։
     Արդյունքը. Բանկերը հետ են ստանում դուրս գրված/անհույս պորտֆելի իրական դրամական միջոցները, իսկ քաղաքացիներն ազատվում են անվերջ աճող պարտքերից։
     Պետական-բանկային համատեղ ծրագրեր (Պետական աջակցությամբ ամնիստիա)
     Վրաստանի փորձը (2018 թ.). Պետության և մասնավոր հիմնադրամի/բանկերի համագործակցությամբ ավելի քան 600,000 քաղաքացու (չաշխատող սպառողական վարկեր ունեցողների) պարտքերը զրոյացվեցին։ Ծրագիրը թիրախավորել էր մինչև 2,000 լարի (մոտ 700 USD) փոքր անապահով պարտքերը, որոնք ժամկետանց էին 1 տարուց ավելի։
     Արդյունքը. Հարյուր հազարավոր քաղաքացիներ դուրս եկան «սև ցուցակներից» և վերադարձան օրինական աշխատաշուկա ու բանկային համակարգ։
     Ֆիզիկական անձանց սնանկության պարզեցված (արտադատական) մոդել
     Գերմանիայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի փորձը. Փոքր անապահով պարտքեր ունեցող քաղաքացիների համար գործում է անվճար կամ էժան արտադատական սնանկացման մեխանիզմ։ Եթե քաղաքացին չունի գույք և եկամուտ, որոշակի ժամկետ լրանալուց հետո (օրինակ՝ 1–3 տարի) պարտքերը օրենքի ուժով չեղարկվում են։
     2. Կիրառելիությունը Հայաստանում և առաջնահերթ քայլերը
     Հայաստանի իրականությունում 420,000 անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար ամենաարդյունավետն է երկաստիճան համակարգված մոտեցումը․
     Օրենսդրական և հարկային խրախուսում բանկերին/ՎԿ-ներին
     Անհրաժեշտ է հարկային արտոնություններ սահմանել այն ֆինանսական կազմակերպությունների համար, որոնք ներում են անհուսալի վարկառուների տույժերը, տուգանքներն ու ապառքները (որպեսզի ներված գումարը չդիտվի որպես բանկի հարկվող եկամուտ կամ լրացուցիչ պարտավորություն)։
     Տույժ-տուգանքների զրոյացում և մայր գումարի մարման ճկուն ժամանակացույց
     Սպառողական և գյուղատնտեսական փոքր ու միջին վարկերի (մինչև 1.5–2 մլն դրամ) համար կիրառել տույժերի/տուգանքների 100% ներում՝ պայմանով, որ վարկառուն ստանձնում է մայր գումարի մարումը 36–60 ամիսների ընթացքում՝ առանց լրացուցիչ տոկոսների։
     Վարկային պատմության («սև ցուցակների») մաքրում
     Ամնիստիայի ենթարկված կամ պարտավորությունները վերանայված կարգով մարած քաղաքացիների վարկային ռեգիստրի (ԱՔՌԱ) պատմությունը պետք է թարմացվի) վերականգնվի, որպեսզի նրանք կարողանան դուրս գալ ստվերային տնտեսությունից»։

Նուրմագոմեդովը դաժան ծեծի է ենթարկել վրացի հայտնի մարզիկին (լուսանկար)


UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի զարմիկը՝ Ուսման Նուրմագոմեդովը, ձերբակալվել է Աբու Դաբիում UFC-ի նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի հետ ծեծկռոտքից հե…

Ֆլորիդայի ափերի մոտ խորտակել են լեգենդար նավը՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար

Ժամանակին աշխարհի ամենաարագընթաց մարդատար նավը, որն իր երկարությամբ գերազանցում էր «Տիտանիկ» նավին և հարյուրավոր անգամներ հատել էր Ատլանտյան օվկիանոսը, կդառնա աշխարհի ամենամեծ արհեստական օվկիանոսային խութը։ Այդ նպատակով այն միտումնավոր խորտակել են Ֆլորիդայի ափերի մոտ․ գրում է BBC-ն։

SS United States նավը գրեթե 30 տարի կանգնած է եղել Ֆիլադելֆիայի նավամատույցում, որից հետո այն տեղափոխել են Ֆլորիդա։ Այժմ այն կծառայի որպես տուն ծովային բնակիչների համար և կդառնա ստորջրյա տեսարժան վայր սուզորդների համար։

Ակտիվիստները փորձել են հասնել նավի պահպանմանն ու այն թանգարանի վերածելուն։ Նախքան նավը ձեռք կբերվեր Ֆլորիդայի քաղաքային իշխանությունների կողմից, դիտարկվել է մի քանի առաջարկ. բացի թանգարանից, առաջարկվում էր այն օգտագործել որպես «լողացող» հյուրանոց։ Սակայն առաջարկներից ոչ մեկն ի վերջո կյանքի չի կոչվել։

Պարեկները մեքենաների ապակիների լուսաթափանցելիության խախտման 198 արձանագրություն են կազմել

Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության վերաբերյալ սահմանված պահանջների պահպանումը ճանապարհային երթևեկության անվտանգության կարևոր բաղադրիչներից է։

Նման իրավախախտումների կանխարգելումն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը մշտապես ՆԳՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում են։

Այդ նպատակով Պարեկային ծառայությունը հանրապետության ողջ տարածքում իրականացրել է ուժեղացված ծառայություն և հայտնաբերել սահմանված պահանջների խախտմամբ մգեցված դիմային և կողային ապակիներով տրանսպորտային միջոցներ։

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ կազմվել է 198 վարչական իրավախախտման արձանագրություն։

Իրավախախտումների կանխարգելմանը, վարորդների կարգապահության բարձրացմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը միտված միջոցառումները կրում են շարունակական բնույթ։

Դիտել տեսանյութը

ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «TRIPP»-ի հիմնադրման վերաբերյալ օրինագիծը

ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության հիմնադրման համար օրենքի նախագիծը։

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծն ընդունվեց 64 կողմ ձայնով։

Ընդդիմադիր խմբակցությունները նիստին չեն մասնակցում։