Նոր հաջողություն Անաստասիա Դեմուրչյանի համար

Բուլղարիայում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Ռուսաստանը ներկայացնող հայազգի Անաստասիա Դեմուրչյանը մինչև 80 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ։

Անաստասիան ծնվել է Ռուսաստանի Անապա քաղաքում, նրա հայրը հայ է:

2023 թվականին նա նվաճել է բռնցքամարտի կանանց աշխարհի չեմպիոնի տիտղոսը, իսկ 2026 թվականին դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն:

Անաստասիան սպորտի վաստակավոր վարպետ է։

Վթարային ջրանջատում Սիսիան քաղաքում | Top-News.am


Հայաստան


Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 12:00-17:00-ն, կդադարեցվի ք. Սիսիան, Աղայանի, Տիգրան Մեծի, Գ. Առուստամյանի, Գայի թաղ. 3-6 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:



Միքայել Մինասյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազություն

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին պատկանող գույքի օրինականությունն ուսումնասիրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում։

Այժմ Միքայել Մինասյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու ուսումնասիրութան արդյունքում կազմված ամփոփագրին, հավաքված նյութերին, այդ թվում՝ ուսումնասիրության հիմքում դրված քրեական վարույթի վերաբերելի նյութերին՝ ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:

Մինասյանը և նրան փոխկապակցված շուրջ 10 անձ դատախազություն պետք է ներկայանան մինչև հոկտեմբերի 9-ը։

Գոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր

Ճապոնիայի Նագոյա քաղաքում ավարտին մոտեցող 2026 թվականի Ասիական խաղերում Բահրեյնը ներկայացնող հայ ծանրորդ Գոռ Մինասյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ տղամարդկանց գերծանր (+110 կգ) քաշային կարգում։

31-ամյա Մինասյանը երկամարտում գրանցեց 440 կգ արդյունք և բարձրացավ պատվո հարթակի երրորդ աստիճանին՝ բրոնզ նվաճելով բարձրակարգ և լարված մրցակցության պայմաններում։ Պոկում վարժությունում Գոռը հաջողությամբ բարձրացրեց 205 կգ ծանրաձողը՝ ձախողելով հաջորդ երկու մոտեցումները 211 կգ քաշով։ Հրում վարժությունում ծանրորդը հաջողեց երկրորդ մոտեցումը՝ գլխավերևում պահելով 235 կգ, սակայն վերջին փորձի ժամանակ 246 կգ քաշն այս անգամ չենթարկվեց նրան:

Ոսկե մեդալը նվաճեց Իրանի ներկայացուցիչ Ալի Դավուդին՝ երկամարտի 466 կգ արդյունքով (206+260)։ Պոկում վարժությունից հետո առաջատարն իրաքցի Ալի Ամմար Ռուբաիավին էր, որը ֆանտաստիկ՝ 219 կգ արդյունք էր գրանցել՝ Դավուդիին գերազանցելով 13 կգ-ով։

Սակայն հրում վարժությունում իրանցի ծանրորդը բարձրացրեց 260 կգ, և քանի որ Ռուբաիավին բավարարվեց միայն 246 կգ-ով, Դավուդին ընդամենը 1 կգ-ի առավելությամբ (466 կգ ընդդեմ 465 կգ-ի) խլեց Ասիական խաղերի չեմպիոնի տիտղոսը։

Հայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորությունները


Աշխարհ


Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանը մասնակցել և բացման խոսքով է հանդես եկել գենդերի, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսությանը՝ «COP17-ին ընդառաջ գենդերային առանձնահատկություններին արձագանքող կենսաբազմազանության կառավարման առաջխաղացումը Հայաստանում» խորագրով։ Այդ մասին հայտնում են նախարարությունից:

Քննարկմանը մասնակցել են աշխատանքի և բարեկեցության նախարարության, Շրջակա միջավայրի նախարարության, Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանն իր ելույթում կարևորել է գենդերային հավասարության սկզբունքների ինտեգրումը տարբեր ոլորտների քաղաքականություններում, ինչպես նաև կանանց հավասար մասնակցության և առաջնորդության ապահովումը բնական ռեսուրսների կառավարման, կենսաբազմազանության պահպանության և որոշումների կայացման գործընթացներում։

Երկխոսության ընթացքում քննարկվել են կենսաբազմազանության կառավարման գործընթացներում գենդերային հավասարության ապահովման հնարավորությունները, առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման գործնական լուծումները։

Պետական և միջազգային գործընկերներն իրենց ելույթներում կարևորել են ՀՀ-ում գենդերային քաղաքականության ռազմավարությունը՝ որպես գենդերային խզվածքի հաղթահարման և հանրային կյանքի տարբեր ոլորոտներում կանանց առաջխաղացման առացնքային մեխանիզմ:

Քննարկումն ուղղված էր պետական կառույցների, քաղաքացիական հասարակության, համայնքների և միջազգային գործընկերների համագործակցության ամրապնդմանը՝ COP17-ին ընդառաջ կենսաբազմազանության կառավարման առավել ներառական և գենդերազգայուն քաղաքականությունների իրականացման նպատակով:



Չինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ

Չինաստանը և Ռուսաստանը կխորացնեն համապարփակ ռազմավարական համագործակցությունը և կկատարելագործեն գլոբալ կառավարման համակարգը։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը՝ մեկնաբանելով երկու պետությունների դիվանագիտական հարաբերությունների 77-ամյակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Վստահ ենք, որ երկու պետությունների ղեկավարների ղեկավարությամբ Չինաստանը և Ռուսաստանը կհետևեն դիվանագիտական հարաբերությունների հաստատման սկզբնական սկզբունքներին, կխորացնեն համակողմանի ռազմավարական համագործակցությունը, իրենց երկրների զարգացմանն ու վերածննդին նպաստելը կդիտարկեն որպես կարևոր առաքելություն, իսկ գլոբալ կառավարման բարեփոխումն ու կատարելագործումը՝ որպես մեեր տերությունների պատասխանատվություն, անընդհատ կբացեն ավելի ու ավելի լայն հեռանկարներ երկու երկրների միջև հարաբերությունների [զարգացման] համար», – ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ։

Ինչպես հստակեցրել է դիվանագետը, 77 տարվա ընթացքում Պեկինն ու Մոսկվան ավելի են ամրապնդել հավերժական բարիդրացիության և բարեկամության սկզբունքները։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է ՉԺՀ-ի և Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հաջող զարգացումը, որոնք առաջ են մղում փոխշահավետ համագործակցությունը հանուն համատեղ բարգավաճման։

Նրա խոսքով՝ սա նոր տիպի միջազգային հարաբերությունների նմուշ է։ Գո Ցզյակունը հիշեցրել է, որ այս տարվա մայիսին և օգոստոսին ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկու անգամ հանդիպել են (Պեկինում և Բիշքեկում)՝ երկու պետությունների միջև փոխգործակցությունը դուրս բերելով ավելի բարձր որակի և արագացված զարգացման նոր փուլ։

Նշենք, որ 1949 թվականի հոկտեմբերի 1-ին Պեկինի Տյանանմեն հրապարակում չինական հեղափոխության առաջնորդ Մաо Ցզեդունը (1893-1976) հանդիսավոր կերպով հռչակեց ՉԺՀ-ի ստեղծումը։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 2-ին, ԽՍՀՄ-ը ժողովրդական հանրապետության հետ հաստատեց դիվանագիտական հարաբերություններ։

Արզնիի ձորի ճանապարհին կատարվում են հողային, հենապատերի կառուցման և այլ աշխատանքներ


Ավտո


ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանն այցելել են Կոտայքի և Լոռու մարզերի մի շարք ճանապարհաշինական տեղամասեր՝ շինարարական, նախագծող և տեխհսկողություն իրականացնող ընկերությունների ղեկավարների ուղեկցությամբ դիտարկելով կատարված և ընթացիկ աշխատանքները։ Այդ մասին հայտնում են «Ճանապահային դեպարտամենտ» հիմնադրամից:

Արզնիի ձորի 6.7 կմ ճանապարհին կատարվում են հողային, հենապատերի կառուցման և այլ աշխատանքներ։ Եղվարդ-Արագյուղ-Հարթավան մոտ 12.5կմ ճանապարհին տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկը։ Քարաձորի, Ղուրսալ-Նոր Խաչակապ ճանապարհներին, Պուշկինյան լեռնանցքում (13.3կմ) ընթացքի մեջ է արհեստական կառույցների, հողային պաստառի կառուցումը։ Մեծավան տանող 8.5կմ երկարությամբ ճանապարհին նույնպես աշխատանքները թևակոխել են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման փուլ։

Շինհրապարակներում շինարարների, նախագծողների, տեխհսկողների հետ քննարկումների առանցքում եղել են մի շարք ընթացիկ հարցեր, առկա խնդիրների լուծմանն ուղղված անհրաժեշտ քայլերն ու սահմանված ժամկետներում որակյալ արդյունքի ապահովումը։ Քննարկվել են նաև նախագծային լուծումներին, շինարարական նյութերին առնչվող խնդիրներ։

Նման այցեր, հանդիպումներ շինարարների հետ տեղի են ունենում պարբերաբար։ Շինհրապարակներում աշխատանքների ընթացքի նկատմամբ հետևողական վերահսկողությունն ու սերտ գործակցությունը շինարարների հետ կարևոր նշանակություն ունի ճանապարհաշինական ծրագրերի արդյունավետ իրականացման համար։




Հեռախոսների ներմուծման մասին խնդրահարույց օրենքի նախագիծը հետաձգվում է

Հեռախոսների ներմուծման մասին խնդրահարույց օրենքի նախագիծը հետաձգում ենք: Այս մասին տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ԲՏԱԱԲ նախարար Դավիթ Թադևոսյանը:

«Հետաձգում ենք, որովհետև անհրաժեշտ է ավելի կիրառելի, չափելի և տեխնիկապես ավելի հստակ ուրվագծված եզրույթներ նախատեսել օրենքի նախագծում ֆիսկալ խնդրի լուծման համար։ Անշուշտ համոզված եմ, մյուս տարբերակը, որը կներկայացնենք, էապես ավելի հստակ կլինի կիրառել այն խնդրի լուծման համար, որը օրենքը կոչված է լուծելու, իսկ եթե երկու բառով բովանդակային մասով ներկայացնեմ, ապա խոսքը գնում է նոր կազմակերպության ստեղծման մասին՝ վերկազմակերպական առաքելությամբ, այսինքն տելեկոմ օպերատորների միջոցով և մասնակցությամբ ստեղծվում է նոր կազմակերպություն, որը արդեն կկառավարի իմեյների նույնականացման յուրաքանչյուր բջջային հեռախոսի համար ունիկալ 15 նիշանոց թվերի շտեմարանը։

Կկարողանանք իդենտիֆիկացնել սպիտակ՝ օրինական ճանապարհով ներգրված և օգտագործվող հեռախոսի համարները, համապատասխան սանկցիաներ կիրառել այն բջջային հեռախոսների նկատմամբ, որոնք չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված չափանիշներին: Իհարկե, հստակեցումների կարիք կա, տեխնիկական առումով եզրույթների կարգավորման, և ինչպես ասացի, կփորձենք քննարկման ու ընդունման համար հնարավորինս արագ՝ մինչև 2 ամիս ժամկետում պատրաստ նախագիծ ներկայացնել»,- նշել է Թադևոսյանը:

Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին

Դուբայից Թել Ավիվ չվերթ իրականացնող էմիրաթական Flydubai ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը առևանգման մասին ազդանշան է տվել։ Այդ մասին հայտնել է իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը, հաղորոդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա տեղեկությունների՝ օդաչուները փոխանցել են 7700 կոդը, որը ազդարարում է ինքնաթիռում արտակարգ իրավիճակի մասին, այնուհետև փոխանցվել է 7500 կոդը, որը հայտնում է ինքնաթիռի առևանգման մասին։ Դրանից հետո կապն ինքնաթիռի հետ կորել է։

Ինչպես հաղորդում է 12-րդ ալիքը, ինքնաթիռում գտնվում է շուրջ 180 ուղևոր, նրան արգելվել է վայրէջք կատարել Իսրայելում, այն շրջադարձ է կատարել Հորդանանի երկնքում և վերաուղղվել Սաուդյան Արաբիա։ Այժմ, հեռուստաալիքի տվյալներով, ինքնաթիռի որսման համար ուղարկվել են ռազմական կործանիչներ, այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Մարոկկոյի նոր վարչապետը կին է

Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ VI-ը Ֆաթիմա Էզահրա Էլ Մանսուրիին նշանակել է Մարոկկոյի առաջին կին վարչապետ։ Սա այն բանից հետո, երբ Մանսուրիի լիբերալ-կենտրոնամետ կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում։

Թագավորական պալատն իր հայտարարության մեջ նշել է, որ միապետը Էլ Մանսուրիին հանձնարարել է ձևավորել նոր կառավարություն:
Էլ Մանսուրիի «Անկեղծություն և արդիականություն» (PAM) կուսակցությունը ստեղծվել է 2008 թվականին թագավորի խորհրդականի կողմից և այդ ժամանից ի վեր դիրքավորվել է որպես հակակշիռ իսլամիստական «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (PJD)՝ հանդես գալով սոցիալական արդիականացման և աշխարհիկ հայացքների օգտին:

Մարոկկոն սահմանադրական միապետություն է, որտեղ թագավորը պահպանում է լայն լիազորություններ արտաքին քաղաքականության, պաշտպանության և այլ առանցքային ոլորտների նկատմամբ:

Մարոկկոյի սահմանադրության համաձայն՝ թագավորը կառավարության ղեկավարին նշանակում է Ներկայացուցիչների պալատում ամենաշատ տեղեր ստացած քաղաքական կուսակցությունից:

PAM-ը, որն հեռացող կոալիցիայի երկրորդ խոշորագույն անդամն էր, բարձրացել է առաջին հորիզոնական, ինչին նպաստել է Մարոկկոյի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար և կառավարության բյուջեի կրկնակի կառավարիչ Ֆուզի Լեկջայի ներգրավումը, ով կուսակցությանն էր միացել քվեարկությունից շաբաթներ առաջ:

Էլ Մանսուրին՝ մասնագիտությամբ իրավաբան է, նա հեռացող կառավարությունում զբաղեցնում էր բնակարանաշինության նախարարի պաշտոնը և հանդիսանում էր Մարակեշի քաղաքապետը։ Նա կգլխավորի կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ բանակցությունները և կաբինետի անդամների ցուցակը կներկայացնի թագավորի հաստատմանը: