Սկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարը

Պորտուգալիայի ազգային հավաքականի լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերջնականապես գժտվել է գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի հետ և սկանդալով լքել է ազգային ընտրանու ճամբարը։ Այս մասին գրում է armsport.am-ը։

Ինչպես հաղորդում է Marca-ն, 41-ամյա ֆուտբոլիստն օգտվել է իր մասնավոր ինքնաթիռից և մեկնել Մադրիդ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել Ռոնալդուի և Ժեզուշի միջև ծագած կոնֆլիկտի մասին։ Պատճառն այն էր, որ աստղային ֆուտբոլիստն Ազգերի լիգայի շրջանակում Նորվեգիայի դեմ կայացած խաղն ամբողջությամբ անցկացրել էր պահեստայինների նստարանին։

Թեև պորտուգալացի մասնագետը հերքել էր ֆուտբոլիստի հետ լարվածության առկայությունը, սակայն վերջերս ակնարկել էր, որ Ռոնալդուն Դանիայի դեմ առաջիկա հանդիպմանը ևս կմնա պահեստայինների թվում։ Ըստ աղբյուրի՝ հենց այդ հայտարարությունից հետո է Կրիշտիանուն որոշում կայացրել հեռանալ հավաքականի տեղակայման վայրից։

Որոշում եմ կայացրել լքել հավաքականի ճամբարը։ Ժամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը այն պատճառների մասին, որոնք ինձ դրդեցին հեռանալ ազգային թիմից, որին ես միշտ նվիրված եմ եղել: Հիմա ժամանակն է հաջողություն մաղթել Պորտուգալիային և իմ բոլոր թիմակիցներին՝ առանց բացառության, գրել է Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն:

Նշենք, որ Ռոնալդուի և գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի միջև կոնֆլիկտը ծագել էր այն բանից հետո, երբ Ազգերի լիգայի շրջանակում Նորվեգիայի դեմ կայացած խաղում Ռոնալդուն ողջ հանդիպումն անցկացրել էր պահեստայինների նստարանին։

ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներ

ՎՏԲ–Հայաստան Բանկի կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված պրոդուկտների շարքում ներկայացված են երեք ավանդներ՝ միջոցների տեղաբաշխման տարբեր պայմաններով։ Այս լուծումներն ընկերություններին հնարավորություն են տալիս ընտրել ժամանակավորապես ազատ իրացվելիության կառավարման առավել հարմար ձևաչափ՝ հաշվի առնելով իրենց ֆինանսական խնդիրներն ու բիզնեսի կարիքները։

Կորպորատիվ հաճախորդներին հասանելի են «Դասական բիզնես», «Ունիվերսալ բիզնես» և «Համալրվող բիզնես» ավանդները։ Միջոցների տեղաբաշխումը հնարավոր է ՀՀ դրամով, ռուսական ռուբլով և եվրոյով։

«Դասական բիզնես» ավանդը հարմար է այն ընկերությունների համար, որոնք պատրաստ են ժամանակավոր ազատ միջոցները տեղաբաշխել որոշակի ժամկետով և չեն նախատեսում համալրել կամ հանել գումարներ մինչև ավանդի ժամկետի ավարտը։

Եթե բիզնեսի համար կարևոր է միջոցների կառավարման ճկունությունը, ապա համապատասխան լուծում կարող է հանդիսանալ «Ունիվերսալ բիզնես» ավանդը։ Այն հնարավորություն է տալիս եկամուտ ստանալ տեղաբաշխված միջոցներից՝ պահպանելով դրանք կառավարելու հնարավորությունը՝ ընթացիկ ֆինանսական խնդիրներին համապատասխան։

Ընկերություններին, որոնք նախատեսում են աստիճանաբար ավելացնել տեղաբաշխված միջոցների ծավալը, առաջարկվում է «Համալրվող բիզնես» ավանդը։ Վերջինս հնարավորություն է տալիս կատարել անսահմանափակ թվով համալրումներ։

«Կորպորատիվ հաճախորդների համար կարևոր է ոչ միայն պահպանել իրացվելիությունը, այլև արդյունավետ օգտագործել ազատ դրամական միջոցները։ ՎՏԲ-Հայաստան Բանկի ավանդային լուծումներն ընկերություններին հնարավորություն են տալիս ընտրել համապատասխան գործիք՝ կախված նրանից՝ նախատեսում են արդյոք որոշակի գումար տեղաբաշխել ֆիքսված ժամկետով, թե ցանկանում են պահպանել միջոցների կառավարման լրացուցիչ ճկունություն», – նշել  է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի- Տնօրինության նախագահի տեղակալ Եվգենի Մոտովիլովը։

Բոլոր երեք ավանդների համար միջոցների տեղաբաշխման նվազագույն գումարը կազմում է 200 հազար ՀՀ դրամ, 400 եվրո կամ 20 հազար ՌԴ ռուբլի։ Տեղաբաշխման ժամկետը՝ 30-ից մինչև 730 օր։ Տոկոսադրույքը կախված է ավանդի արժույթից և տոկոսները ստանալու ընտրված եղանակից՝ ամսական կամ ժամկետի ավարտին։

Առավելագույն տոկոսադրույքը կազմում է տարեկան 9,7%՝ ՀՀ դրամով միջոցները տեղաբաշխելու և տոկոսները ժամկետի վերջում ստանալու դեպքում (տարեկան եկամտաբերություն՝ 9,27%)։

Ավանդների մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում, Բանկի ցանկացած մասնաճյուղում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87 87 հեռախոսահամարով։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

Նոր Ուղի բնակավայրում բախվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա վիրավոր

Սեպտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Նոր Ուղի բնակավայրում բախվել են Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Մանե Մ․-ի վարած «BMW» մակնիշի և…

Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, վերջերս արտառոց դեպք է տեղի ունեցել Երասխ գյուղի դպրոցում։ Դասապրոցեսի ժամանակ 14-ամյա աշակերտուհու հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել է հարվածներ հասցնել դստերը։ Ծեծին միջամտել են ուսուցիչները եւ տնօրենի հետ դուրս են հանել ծնողին։

Մեզ հետ զրույցում դպրոցի տնօրեն Մարո Չավուշյանն ասաց, որ ծեծը տեղի է ունեցել ընտանեկան հարցերի շուրջ․ «Դպրոցը որեւէ կապ չունի միջադեպի ու դրա պատճառների հետ։ Միջադեպից հետո ես ահազանգել եմ ոստիկանություն, ինչից հետո իրավապահները ժամանել են դպրոց»։

Չավուշյանը նշեց նաեւ․ «Երեխան հաջորդ օրվանից հաճախել է դպրոց, իրեն լավ է զգում»։ Միջադեպի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայրը ներգրավվել է որպես մեղադրյալ, խափանման միջոցը` բնակավայրից բացակայելու արգելք»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ծառուկյանի հետ կապված անձանց խուզարկության ժամանակ առգրավվել են հյուրերի իրերը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուշագրավ իրավիճակ՝ Գագիկ Ծառուկյանի հետ առնչություն ունեցող և այս օրերին կալանավորված անձանց քրեական գործերով։ Մասնավորապես, նախաքննական մարմինը, երբ քրեական վարույթի շրջանակներում մտել է տարբեր անձանց տուն խուզարկության, վերոնշյալ անձանց տանը հյուրեր են եղել, ու արդյունքում իրավապահները առգրավել են հյուրերի հեռախոսներն ու մեքենան։

Ասել է, թե նախաքննական մարմինը հաշվի չի առել որևէ հանգամանք, ու քրեական վարույթի հետ առնչություն չունեցող անձանց իրերը ևս առգրավվել են։

Հայտնել էինք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն այս օրերին ակտիվ գործընթաց է սկսել Գագիկ Ծառուկյանի հետ առնչություն ունեցող և կալանքի տակ գտնվող անձանց գործերով։

Մասնավորապես, մոտենում է Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում կալանավորված մի շարք անձանց խափանման միջոցների ժամկետների ավարտը, և, մեր տեղեկություններով, նախաքննական մարմինը գործընթաց է սկսել նրանց կալանքի ժամկետները երկարաձգելու մասով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Վարչապետի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, հայտնում են կառավարությունից։ ԱԽ նիստին մասնակցել են նախագահը, պաշտպանության…

«Դիխլոֆոս»-ի միջադեպից հետո միրգ-բանջարեղեն չգնելը լուծում չէ․ ի՞նչ պետք է անի քաղաքացին՝ «լայֆհակ» Պիպոյանից

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նմուշառված մրգերում միջատասպան նյութերի մնացորդներ է հայտնաբերել։ Սակայն կառույցը չի նշել, թե կոնկրետ որ մրգերում և ինչ քանակությամբ են դրանք հայտնաբերվել։

ABC Media-ի հետ զրույցում ՍԱՏՄ-ից հայտնել են, որ սոցցանցերում տարածված տեսանյութում օգտագործվող միջոցը կոչվում է «Դիխլոֆոս», սակայն դրա բաղադրության մեջ դիխլոֆոս նյութ չկա։ Նմուշներում հայտնաբերվել են ցիպերմետրին և պերմետրին միջատասպան նյութերի մնացորդներ։ Տեսչական մարմնի փոխանցմամբ՝ դրանց քանակը չի գերազանցել թույլատրելի սահմանները, սակայն կոնկրետ ցուցանիշներ չեն ներկայացվել։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում քննադատեց վերահսկողական մարմնի՝ արդյունքների հրապարակման ձևը։ Նրա խոսքով՝ հաղորդագրությունից հնարավոր չէ հասկանալ՝ որ մթերքն է ստուգվել, ինչ նյութեր են հայտնաբերվել և ինչ քանակությամբ։

«Այդ ո՞ր մրգերն են, միջատասպան ի՞նչ նյութեր են հայտնաբերվել, ի՞նչ անել ՍԱՏՄ-ի այս հաղորդագրությունից հետո։ Գնացել են ուշ, նմուշառել են չգիտեմ՝ ինչ, ստուգել են չգիտեմ՝ ինչը, հայտնաբերել են չգիտենք՝ ինչ և ինչքան․․․Իրենց հայտարարությունն ունեցել է մի նպատակ՝ հարգելի հայրենակիցներ, մի՛ ասեք, որ մենք չենք աշխատում»,- ասաց Պիպոյանը։

Նրա խոսքով՝ ՍԱՏՄ-ի մոնիթորինգի տվյալները ցույց են տալիս, որ իրավիճակը տարեցտարի վատանում է, սակայն դա չի հանգեցնում էական փոփոխությունների։

Իսկ ի՞նչ պետք է անի քաղաքացին։ Միրգ-բանջարեղենից հրաժարվելը լուծում չէ։ Սոցիալական ցանցերում մարդիկ քննարկում են մթերքն աղով, սոդայով կամ այլ միջոցներով լվանալու տարբերակներ։ Բաբկեն Պիպոյանը մի լայֆհակ է ասում․ առաջարկում է բազմազան դարձնել օրական սննդի զամբյուղը։

«Լոլիկը մի թունաքիմիկատով է մշակվում, սմբուկը՝ այլ թունաքիմիկատով։ Այստեղ հնարավոր է՝ տարբեր ազդող նյութերով թունաքիմիկատներ օգտագործած լինեն։ Երբ դու օգտագործում ես լոլիկը 100 գրամ, սմբուկը 100 գրամ և 100 գրամ էլ պայմանական արդեն վարունգը, նոսրացած ես ստանում, քո օրգանիզմի համար դոզան ռիսկ չպարունակող է դառնում։ Եթե օգտագործում ես միայն, օրինակ, 500 գրամ լոլիկ, արդեն ռիսկ է։ Բայց էլի ռիսկերից չենք կարող խոսել, որովհետև լիազոր մարմինը չի տվել այն տեղեկությունը, որ պետք է ուղղված լիներ սպառողին»,- ասաց Պիպոյանը։

Միրգ-բանջարեղեն չգնելու տարբերակը լուծում չէ։ Սակայն սպառողը չպետք է ստիպված լինի ինքնուրույն պարզել՝ իր գնած մթերքի վրա ինչ նյութ է օգտագործվել, և արդյոք այն վտանգավոր է։

Այս դեպքում ՍԱՏՄ-ն պնդում է, որ հայտնաբերված մնացորդների քանակը թույլատրելի սահմաններում է, բայց չի հրապարակում կոնկրետ մթերքների և նյութերի վերաբերյալ ամբողջական տվյալները։ Վերահսկողության արդյունքների հրապարակայնացումը ոչ միայն տվյալ խանութի, այլև սպառողների վստահության հարց է։

Անի Աբաղյան

Երկարաձգվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի հոկտեմբերի 11-ը:

Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է կամավոր ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։ Գործընթացն իրականացվում է՝ համաձայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի 596-Ն որոշման դրույթների:

Կամավոր ատեստավորման հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցված լինել և ունենալ հաշիվ my.emis.am հարթակում: Եթե դիմողը դեռևս չունի հաշիվ, ապա գրանցվելու համար կարող է օգտվել ուղեցույցից, որից հետո անհրաժեշտ է մուտք գործել my.emis.am համակարգ այն մուտքային տվյալներով, որով անձը գրանցվել է։

Դպրոցներում արդեն իսկ աշխատող ուսուցիչներն ունեն իրենց հաշիվները կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (my.emis.am)։ Ուսուցիչների օգտանունը նույնն է, ինչ իրենց կողմից օգտագործվող էլեկտրոնային մատյանի օգտանունը, այսինքն՝ նույն էլեկտրոնային հասցեն, որն ուսուցիչը օգտագործում է էլեկտրոնային մատյան մուտք գործելիս։ Եթե ուսուցիչը մոռացել է օգտանունը կամ գաղտնաբառը, կարող է դիմել դպրոցի տեղեկատվական համակարգերի կառավարման մասնագետին (օպերատորին)։
Կամավոր ատեստավորման հայտ կարող են ներկայացնել՝
· դպրոցում դասավանդող ուսուցիչները,
· մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ուսուցիչները,
· «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին համապատասխանող մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչ չաշխատող, ինչպես նաև տվյալ առարկայի հարակից մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձինք,
· նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում հանրակրթական առարկաներ դասավանդող մասնագետները,
· «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցրած բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժները, որոնք համապատասխան փաստաթղթերի հետ պետք է ներբեռնեն կրթությունը հավաստող փաստաթուղթ, հանրակրթական ուսումնական հաստատությունում մինչև 2023 թ․ ուսուցչի պաշտոն զբաղեցնելու փաստը հավաստող տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում), աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին իրավական ակտի պատճենները,
· «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետով սահմանված անձինք (տվյալ առարկայի հարակից մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցողները)՝ ներկայացնելով նաև բուհի տեղեկանքը՝ կրեդիտների մասին։
Հայտերի լրացման մանրամասները՝ կից ուղեցույցներում․
https://support.emis.am/article/945
https://support.emis.am/article/956

Հայտարարությամբ նշված ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում:
Կամավոր ատեստավորումն ըստ առարկաների իրականացվում է էլեկտրոնային թեստավորման եղանակով՝ 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների համար:

5-12-րդ դասարաններում դասավանդվող «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն» և «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են միայն «Հայոց լեզու» առարկայից, «Մայրենի լեզու (քրդերեն)» և «Մայրենի լեզու և գրականություն (քրդերեն)» առարկաներ դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են միայն «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկայից, «Հայաստանի պատմություն» և «Համաշխարհային պատմություն» դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Պատմություն» առարկայից, «Աշխարհագրություն» և «Հայաստանի աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Աշխարհագրություն» առարկայից, «Ինֆորմատիկա» և «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Ինֆորմատիկա» և (տարրական դասարանից սկսած) «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկաներից, իսկ «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաները ներառվելու են մեկ թեստում:

1-4-րդ դասարաններում դասավանդող դասվարները թեստավորվում են մեկ միասնական թեստով, որում ներառված են հարցեր «Մայրենի», «Մաթեմատիկա» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաներից:

5-12-րդ դասարաններում դասավանդվող «Մայրենի», «Հայոց լեզու», «Հայաստանի պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքը և աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն», «Բնագիտություն» («Բնություն»), «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» («Հայաստանի աշխարհագրություն»), «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Ինֆորմատիկա» (տարրական դասարանից սկսած՝ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն»), «Հասարակագիտություն», «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», «Շախմատ» առարկաների ուսուցիչների, դասվարների ատեստավորումն իրականացվում է էլեկտրոնային թեստավորման եղանակով։ «Ասորերեն լեզու», «Եզդիերեն», «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկաների ուսուցիչների և խմբակավարների ատեստավորումն իրականացվում է թղթային եղանակով:

«Բնագիտություն» («Բնություն»), «Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքը և աշխարհը» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորման համար ընտրում են կրթության իրենց որակավորմանը համապատասխան առարկան:

Ե՛վ հայերենով, և՛ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում դասավանդելու դեպքում դասվարի թեստը կազմվում է միայն հայերենով:
Ռուսերենով ուսուցմամբ դասարաններում դասավանդող դասվարի համար թեստը կարող է կազմվել ռուսերենով: Ուսումնական հաստատությունում նախարարության կողմից երաշխավորված դպրոցական բաղադրիչով առարկաներ դասավանդող ուսուցիչը կարող է ատեստավորվել տվյալ բնագավառի՝ ատեստավորման ցանկում ընդգրկված առարկաներից որևէ մեկով՝ իր ընտրությամբ:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Երևանում Ֆիզիկայի ինստիտուտի խաչմերուկում բախվել են Dongfeng–ը և Changan–ը

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:00-ի սահմաններում Հալաբյան փողոցում բախվել են «Dongfeng» և «Changan» մակնիշի ավտոմեքենաները,…

Կայացել է Անվտանգությայ խորհրդի նիստ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը․ հայտնում են ԱԽ գրասենյակից։

«Բացի ԱԽ անդամներից` նիստին մասնակցել են նաեւ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նիստի ընթացքում քննարկվել են Անվտանգության խորհրդի իրավասությանը վերաբերող հարցեր»,- ասված է հայտարարության մեջ։