ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ նաև Հաստատություն):

Այցի ընթացքում ուսումնասիրվել են Հաստատության շենքային, սանիտարահիգիենիկ պայմանները, խնամքի, բժշկական օգնության, սննդի տրամադրման հետ կապված հարցերը, Հաստատության աշխատակազմի և շահառուների միջև հարաբերությունները, նրանց իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը, փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափորոշիչներին:

Հաստատությունում արձանագրված խնդիրները, հիմնականում, համակարգային են։

Մասնավորապես՝

• հաստատությանը հատկացված ոչ բավարար տարածքի պատճառով պահպանված չէին բնակելի մակերեսի համար նախատեսված պահանջները, ինչով պայմանավորված` ննջասենյակներում առկա էին իրար միացված կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ, ապահովված չէր շահառուների համար անհրաժեշտ անձնական տարածքը։ Միաժամանակ, սանհանգույցների և լոգարանների կառուցվածքային առանձնահատկություններով պայմանավորված՝ ապահովված չէին շահառուների անձնական հիգիենայի պահանջներն առանձնացված պայմաններում բավարարելու համար անհրաժեշտ պայմանները։

• հաստատության ֆիզիկական միջավայրը չէր համապատասխանում համընդհանուր դիզայնի սկզբունքներին, առկա էր խելամիտ հարմարեցումների ապահովման անհրաժեշտություն։

Վերոնշյալ և արձանագրված այլ խնդիրները Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները քննարկել են հաստատության տնօրինության հետ:

Խնդիրներն արտացոլող փաստաթուղթը` դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:

Այցի ընթացքում Հաստատության տնօրինությունը և անձնակազմն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Միաժամանակ, այցի ընթացքում քննարկումների և արձանագրված հարցերի շրջանակում կարևորվել է դրանց լուծման ուղղությամբ հետագա աշխատանքների շարունակականությունը։

Մարդու իրավունքների պաշտպանը, որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձ, հատուկ ընդգծում է պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու, կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և համակարգված մոտեցում որդեգրելու անհրաժեշտությունը:

ԱՄՆ պատժամիջոցներ` ռուսական և չինական ընկերությունների նկատմամբ. Reuters


Բիզնես


Reuters-ը հաղորդում է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել 13 անձի և ընկերության նկատմամբ, այդ թվում՝ ռուսական, չինական, հոնկոնգյան և պակիստանյան, որոնք, Վաշինգտոնի տվյալներով, օգնել են Իրանին զենք և զենքի բաղադրիչներ ձեռք բերել։ Սահմանափակումների տակ հայտնված ռուսական ընկերություններն են MG-Flot LLC-ն, որը գործում է Կասպից ծովում, և A.S. Yakovlev Design Bureau-ն, որը մշակում է ինքնաթիռներ, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր։

ԱՄՆ ֆինանսների նախարարության և պետ​​​​քարտուղարության հայտարարած պատժամիջոցներն ուղղված են տնտեսապես մեկուսացնելու Իսլամական Հանրապետությանը և ստիպելու նրան բանակցություններ վարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև պատերազմի ավարտի վերաբերյալ։

Իր հերթին, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը շեշտում է, որ պատժամիջոցները նպատակ ունեն թուլացնել զենքի ստեղծման ծրագրերը վերականգնելու Թեհրանի հնարավորությունները և մեծացնել Իրանի գնումների ջանքերին աջակցողների ծախսերը։

Օգոստոսին NBC News-ը, հղում անելով «Եվրոպայից ստացված կառավարության փաստաթղթին», իր կայքում հաղորդել էր, որ Ռուսաստանը Կասպից ծովի միջոցով Իրանին մատակարարում է անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ, զինամթերք և պայթուցիկ նյութեր, որոնք կօգնեն Թեհրանին համալրել ԱՄՆ-Իսրայելական պատերազմի ընթացքում վնասված զենքի պաշարները։



Սկեսուրի կողմից պարբերաբար նվաստացումների հետևանքով կինն ինքնասպան է եղել

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Շ.-ն հանդիսանալով Մ.Ք.-ի մերձավոր ազգականը՝ ամուսնու մայրը, համատեղ բնակության ընթացքում պարբերաբար նվաստացրել է Մ.Ք.-ին, ինչի հետևանքով վերջինս գտնվելով լարված և խիստ ընկճված հոգեվիճակում, 2024 թվականի նոյեմբերի 27-ին տանը կից անասնագոմում պարանով առաստաղից կախվելու միջոցով կատարել է ինքնասպանություն:

Ա.Շ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ինքնասպանության հասցնելը): 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Հին նմուշի անձնագիրը վավեր կմնա մինչև ժամկետի ավարտը


Հայաստան


«Պարտադի՞ր է արդյոք փոխել հին նմուշի անձնագիրը կամ նույնականացման քարտը, եթե դրանք ժամկետի մեջ են։

Հարգելի’ քաղաքացիներ, հին փաստաթղթերը շարունակելու են մնալ վավեր մինչև նոր օրենքի ուժի մեջ մտնելը տրամադրված անձնագրերը և նույնականացման քարտերը պահպանելու են իրենց իրավական ուժը մինչև դրանցում նշված վավերականության ժամկետի ավարտը։ Հետևաբար, փաստաթղթերը անհապաղ փոխարինելու պարտադրանք չկա։

Այդուհանդերձ, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նոյեմբերի 1-ից հետո, եթե որոշեք փոխարինել Ձեր հին նմուշի փաստաթուղթը կորցնելու կամ վնասելու պատճառով, անկախ անձնագրի վավերականության ժամկետից, դուք արդեն պետք է դիմեք նոր նմուշի կենսաչափական փաստաթուղթ ստանալու համար։

Իսկ ե՞րբ է հին փաստաթուղթը կորցնելու իրավական ուժը։ Եթե դիմեք և ստանաք նոր կենսաչափական փաստաթուղթ, հին փաստաթուղթն ավտոմատ կերպով կճանաչվի անվավեր, իսկ գործող վիզաների համար անհանգստանալու կարիք չկա։

Անձնագիրը կդակվի աշխատակցի կողմից և նոր փաստաթղթի հետ միասին կվերադարձվի Ձեզ»։



Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ով


Հայաստան


Միասնական սոցիալական ծառայությունից հայտնում են, որ աշխատանքային կենսաթոշակի նշանակման նպատակով Ձեր կողմից ներկայացված դիմումների հիման վրա կայացված որոշումները այսուհետ կուղարկվեն ինքնաշխատ եղանակով՝ դիմումում նշված հեռախոսահամարին SMS հաղորդագրության միջոցով։

Որոշմանը ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել SMS հաղորդագրության մեջ նշված հղումով և բացել ծանուցագիրը։

Ծանուցագիրը պարունակում է տեղեկատվություն՝
• կենսաթոշակի նշանակման ժամկետի և չափի,
• հաշվարկված աշխատանքային ստաժի,
• կամ կենսաթոշակ նշանակելը մերժելու պատճառների վերաբերյալ։

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 114 հեռախոսահամարով, գրավոր դիմել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին կամ այցելել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։



Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման համար ներկայացրել է յոթօրյա ծրագիր


Հարեվաններ


Իրանը միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման համար ներկայացրել է յոթօրյա ծրագիր։ Այս մասին հաղորդում է Իրանի պետական լրատվական գործակալությունը՝ IRNA-ն։

Թեհրանի առաջարկով՝ նախ պետք է վերականգնվի նավարկությունը Հորմուզի նեղուցով և դադարեցվի ռազմական ու տնտեսական ճնշումը, որից հետո հնարավոր կլինի անցնել միջուկային հարցի շուրջ բանակցություններին։

Իրանական կողմի մոտեցմամբ՝ այս պայմանների կատարումից հետո հնարավոր կլինի յոթ օրվա ընթացքում վերականգնել նավարկությունը և սկսել բանակցությունները։

Վաշինգտոնը, սակայն, պնդում է, որ նախ Իրանը պետք է միջուկային ոլորտում կոնկրետ զիջումների գնա, որից հետո հնարավոր կլինի քննարկել պատժամիջոցների մեղմացումը։

Այսպիսով, կողմերի հիմնական տարաձայնությունն այժմ վերաբերում է ոչ այնքան զիջումների ծավալին, որքան այն հարցին, թե ով պետք է կատարի առաջին քայլը։

Դոնալդ Թրամփի մոտեցմամբ՝ Իրանի առաջարկի ընդունումը կարող է այնպիսի տպավորություն ստեղծել, թե ԱՄՆ-ը, ռազմական ծախսերից և պատժամիջոցների կիրառումից հետո, ստիպված է եղել տնտեսական զիջումների գնալ՝ Հորմուզի նեղուցով նավարկությունը վերականգնելու համար։

Վաշինգտոնը ցանկանում է համաձայնություն, որը կներկայացվի ոչ թե Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նախկին համաձայնագրի՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) նոր տարբերակ, այլ ավելի խիստ պայմաններով փաստաթուղթ, որի շրջանակում Իրանը նախ կընդունի միջուկային ոլորտում չափելի սահմանափակումներ, իսկ դրանից հետո կստանա պատժամիջոցների մեղմացում։



Պատրիարք Կիրիլը շնորհավորել է արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանին


Հարեվաններ


Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանին՝ եպիսկոպոսական ձեռնադրության 25-ամյակի առթիվ։

Շնորհավորական ուղերձում Կիրիլը նշել է, որ երիտասարդ տարիներին հոգևոր ծառայության ուղին ընտրելուց հետո Եզրաս Ներսիսյանը կրթություն է ստացել Գևորգյան հոգևոր ճեմարանում և Սանկտ Պետերբուրգի հոգևոր ակադեմիայում։

«Այդ ժամանակից ի վեր Ձեր ծառայությունն անքակտելիորեն կապված է մեր երկրի հետ, որտեղ Ձեզ վիճակված էր լինել Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի հովիվը, այնուհետև՝ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը»,– նշված է ուղերձում։



Flydubai-ի օդաչուներից մեկը Օմանի քաղաքացի է եղել. CNN


Աշխարհ


Իսրայելցի երկու պաշտոնյաների տվյալներով՝ Դուբայից Թել Ավիվ ուղևորվող Flydubai-ի FZ1073 չվերթի օդաչուներից մեկը Օմանի քաղաքացի է եղել, հայտնում է CNN-ը։

Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Օմանի քաղաքացին եղել է երկրորդ օդաչուն և, ըստ նախնական տեղեկությունների, հենց նա է հարձակվել մյուս օդաչուի վրա՝ ինքնաթիռում տեղի ունեցած բռնի միջադեպի ընթացքում։

CNN-ը նշում է, որ Օմանն ու Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ չունեն։ Այս պահին պարզ չէ, թե ինչպես է Օմանի քաղաքացին ստացել Իսրայել թռչելու թույլտվություն։



Կալինինգրադի շրջափակման դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջուկային հարված հասցնել


Հարեվաններ


«Ռուսաստանը պատրաստ կլինի օգտագործել իր ամբողջ զինանոցը, այդ թվում՝ միջուկային զենքը, իր տարածքը պաշտպանելու համար, եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն մեկուսացնել Կալինինգրադի մարզը երկրի մնացած մասից», – ասված է Իռլանդիայում Ռուսաստանի դեսպանատան կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Ռուսաստանը «չունի որևէ ծրագիր, որևէ պատճառ և, ամենակարևորը՝ որևէ իրական դրդապատճառ Եվրոպայի հետ հարաբերությունները սրելու համար», – ասվում է դեսպանատան փաստաթղթում։ Կրեմլը կարծում է, որ «ռուսական սպառնալիքի» մասին հայտարարությունները նախատեսված են պաշտպանական ծախսերի ավելացման, «Եվրոպայի լայնածավալ ռազմականացման» և Ուկրաինային ֆինանսական, ռազմական և քաղաքական շարունակական օգնության արդարացման համար։

Միևնույն ժամանակ, Մոսկվան պնդում է, որ Արևմուտքն «իրական սպառնալիք» է ներկայացնում Ռուսաստանի ազգային անվտանգությանը։ Այս թեզը հաստատվում է ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվության ուժեղացմամբ  «Ռուսաստանի ամբողջ արևմտյան սահմանի երկայնքով», ինչպես նաև մի շարք երկրների միացումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությանը, որը թույլ է տալիս ֆրանսիական միջուկային զենք տեղակայել անդամ պետությունների տարածքում՝ «այսինքն՝ Ռուսաստանի շեմին»։

Սեպտեմբերի 29-ին ՆԱՏՕ-ի խոսնակ Ալիսոն Հարթն ասել է, որ ՆԱՏՕ-ն «զուտ պաշտպանական դաշինք» է, և նրա գործողություններից ոչ մեկը «վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի որևէ մասի համար»։

«Մենք խստորեն դատապարտում ենք ուժի կիրառման սպառնալիքը, ներառյալ՝ ցանկացած անպատասխանատու միջուկային հռետորաբանություն», – ասել է նա գրավոր մեկնաբանության մեջ: «Մենք կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել իր չհրահրված պատերազմն Ուկրաինայում»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն էլ, սեպտեմբերի 29-ին Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Ռուսաստանը շարունակում է ՆԱՏՕ-ի դեմ իր թշնամական գործողությունների անխոհեմ արշավը»։ «Նրանք փորձում են թուլացնել մեր վճռականությունը և դադարեցնել մեր աջակցությունն Ուկրաինային: Բայց դա նրանց չի հաջողվի», – ընդգծել է Ռյուտեն: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքով՝ կազմակերպությունը մտադիր է «Ուկրաինայի համար անել ավելին»:



ԱՄՆ-ն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերի


Աշխարհ


Միացյալ Նահանգներն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում պայմանավորվածություններից անցնում են գործնական քայլերի՝ առաջ մղելով ԱՄՆ-Հայաստան կարևորագույն հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացումը։ Այդ մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջում:

«ԱՄՆ պետքարտուղարության տնտեսական, էներգետիկ և գործարար հարցերի բյուրոյի էներգետիկ մատակարարման շղթաների գրասենյակի տնօրեն Փոլ Հյուպերը հանդիպեց Հայաստանի կառավարության, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի կարիքներին ու հնարավորություններին ծանոթանալու և ԱՄՆ տեխնիկական աջակցության հնարավոր ուղղությունները քննարկելու նպատակով։

Միասին մենք ձևավորում ենք կարևորագույն հանքանյութերի հուսալի և դիվերսիֆիկացված մատակարարման շղթաներ՝ նպաստելով բարեկեցությանը և ամրապնդելով ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերությունը»,- նշված է գրառման մեջ։