5-6 ամսվա ձայնագրություն և շինծու մեղադրանք. Մամիկոն Ասլանյանը՝ Արթուր Օհանյանի կալանավորման մասին

Վանաձոր համայնքի ավագանու անդամ, «Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանի կալանավորման գործով Oragir.News -ը զրուցել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մամիկոն Ասլանյան» դաշինքի առաջնորդ Մամիկոն Ասլանյանի հետ։

Պատգամավորը հայտնեց, որ անձամբ է հետևել դատական գործընթացին և ներկա է եղել դատարանում մինչև ուշ գիշեր, երբ դատավորը կայացրել է մեկ ամսով կալանավորելու որոշումը։ Ասլանյանը մանրամասներ ներկայացրեց նաև քրեական վարույթի հիմքում ընկած ենթադրյալ ապացույցի վերաբերյալ։

«Արթուր Օհանյանը երկար տարիներ ավագանու անդամ է եղել, իմ գլխավորած դաշինքի անդամ, խմբակցության ղեկավար։ Դասախոս, գիտնական, երբևէ չարատավորված, շատ օրինապաշտ, նորմալ կյանքով ապրող անձնավորություն է, ով ներգրավված է եղել նաև ընտրություններում՝ «Հայաստան» դաշինքի ցուցակում որպես պատգամավորի թեկնածու։ Դա 5-6 ամիս առաջվա մի ձայնագրություն է շրջանառվում։ Ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ երկու հոգի զրուցում են, ու հայտնում են, թե իբր Արթուր Օհանյանն ասել է՝ եթե լավ անցնեն ընտրությունները, ձեզ (թե քեզ) չգիտեմ ինչ գործ կտան, թե ինչ կտանք։ Ու դա դիտվել է որպես ընտրակաշառքի խոստում։ Արթուրին էդ հիմքով են կալանավորել»,- նշեց Մամիկոն Ասլանյանը։

Պատգամավորի պնդմամբ՝ տեղի ունեցածը զուրկ է իրավական որևէ հիմնավորումից և հետապնդում է բացառապես քաղաքական նպատակներ։ Անդրադառնալով այն հարցին, թե որն է այս ամենի իրական շարժառիթը, Ասլանյանը հայտարարեց, որ այն ուղղակիորեն կապված է Վանաձորում սպասվող քաղաքական զարգացումների հետ։

«Հերթական շինծու մեղադրանքն է, քաղաքական հետապնդման ենթարկելու դրություն, ուրիշ ոչինչ։ Իրական նպատակն այն է, որ, կարծում եմ, Վանաձորում առաջիկայում ընտրություններ են, և բոլոր ակտիվ մարդկանց նկատմամբ, ովքեր ունեն հեղինակություն և չեն գտնվում իշխանության հովանավորության կամ նրանց բարեհաճության տիրույթում, կիրառվում են տարբեր պարտադրանքի միջոցներ»։

Հիշեցնենք, որ Արթուր Օհանյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 2-ին, իսկ հոկտեմբերի 3-ին դատարանը բավարարել է նրան մեկ ամսով կալանավորելու միջնորդությունը։


Հասմիկ Մովսիսյան

Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես

Այսօր առավոտյան Երևանի Տերյան փողոցում վթարվել է 400 մմ տրամագծով թուջե խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես: Այդ մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը:

«Վթարի մասին ահազանգը ստանալուց անմիջապես հետո «Վեոլիա Ջուր» ընկերության «Կենտրոն» շահագործման տեղամասի մասնագետները մեկնել են վթարի վայր:

Այս պահին ընթանում են վթարի վերացման աշխատանքները»,- ասված է հաղորդագրությունում:

Ջրանջատումներ Գեղարքունիքի մի շարք համայնքներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 5-ին ժամը 11:00-ից մինչև հոկտեմբերի 6-ը ժամը 07:00-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝

Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի

Երևանում հոկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ, 5-7-ին` երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 3-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 5-7-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հոկտեմբերի 3-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով։

Արտառոց դեպք՝ Տավուշում. ծնողը պնդում է, որ դպրոցի ուսուցիչն ու փոխտնօրենը ֆիզիկական բռնության են ենթարկել իր երեխային

Սեպտեմբերի 23-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժին է դիմել Տավուշի մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 43-ամյա Ա․ Խ․-ն և հայտնել, որ իր որդին՝ 13-ամյա Է․ Խ․-ն, սեպտեմբերի 22-ին դպրոցում գնացել է դասասենյակ, որպեսզի մասնակցի մաթեմատիկայի դասաժամին, սակայն դասասենյակի դուռը բաց թողնելու պատճառաբանությամբ նույն դպրոցի ուսուցիչ՝ Տավուշի մարզի բնակիչ 64-ամյա Հ․ Մ․-ն, հարձակվել է երեխայի վրա, գոռգոռացել, տետրով հարվածել գլխին, ապտակել և հրելով գցել սեղանի վրա, որից վերջինս աջ աչքի շրջանում այտուց է ստացել և լացելով նստել է նստարանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխայի մայրը ոստիկաններին հայտնել է, որ դասաժամի ավարտից հետո Է․ Խ․-ն դուրս է եկել դպրոցից և հետ է վերադարձել միայն 6-րդ դասաժամի ավարտին, որպեսզի դասասենյակից վերցնի պայուսակը։ Այդ ընթացքում ներս է մտել նույն դպրոցի փոխտնօրեն, Տավուշի մարզի բնակիչ 56-ամյա Գ․ Ա․-ն, ով հանդիսանում է Հ․ Մ․-ի կինը, գոռգոռացել, անպատվել՝ ասելով, որ ինչ լինում է, աղջկա նման պատմում է ծնողներին, և վերջինիս ապտակել, հրելով տարել է իր աշխատասենյակ, որտեղ անկյուն է կանգնեցրել՝ նշելով, որ դա նրա տեղն է, և պետք չէ նրա սովորելը, այլ պետք է ամեն օր այդպես կանգնած մնա։ Ըստ ծնողի՝ երեխան մեկ դասաժամ անցկացրել է փոխտնօրեն Գ․ Ա․-ի սենյակում՝ անկյուն կանգնած վիճակում, որից հետո վերցրել է պայուսակը և վերադարձել տուն։

Դեպքի փաստով ոստիկանության տարածքային բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության տարածքային քննչական բաժին, որտեղ ՀՀ քր. օր. 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կարմիր գծերի տուգանքների 80%-ը մարդիկ վճարում են հարկադիրով. փորձագետը բացահայտում է «խարդախ շղթան»

Երևանում կարմիր գծերի սակագների կտրուկ թանկացումից բացի, վարորդները բախվել են մեկ այլ՝ շատ ավելի լուրջ համակարգային խնդրի։ Տուգանքների պատշաճ ծանուցման համակարգն այնքան անմխիթար վիճակում է, որ քաղաքացիները հաճախ իրենց խախտումների մասին տեղեկանում են միայն այն ժամանակ, երբ բանկային հաշիվների վրա կալանք է դրվում։

Ոլորտի փորձագետ Արտակ Խաչատուրովը Oragir.News-ի հետ զրույցում բացահայտում է «Հայփոստ»-ՀԿԱԾ-Քաղաքապետարան շղթայի խնդիրներն ու «ծանուցումների աբսուրդը»։

Բանախոսն անդրադառնում է պետական մակարդակով ընդունված այն որոշմանը, որով փորձում են քաղաքացիներին անցկացնել էլեկտրոնային ծանուցումների (զեղչերի խոստումով), քանի որ ավանդական թղթային նամակների համակարգը ձախողվել է։

Սակայն իրական պատկերը, ըստ փորձագետի, մնում է աղետալի, հատկապես՝ կարմիր գծերի տուգանքների մասով, որտեղ թանկացումներից բացի ոչ մի դրական փոփոխություն չի եղել։

Խաչատուրովը բացահայտում է, որ այս վատ կազմակերպված աշխատանքի պատճառով քաղաքացիները տուգանքների մասին իմանում են միայն այն ժամանակ, երբ հաշիվների վրա կալանք է դրվում։

Ամփոփելով քաղաքապետարանի գործունեությունը՝ Արտակ Խաչատուրովը փաստում է, որ զարգացման ոչ մի ռազմավարություն չկա, կա միայն բյուջեն լցնելու մոլուցք։

Մանրամասները՝ տեսանյութում։


Հասմիկ Մովսիսյան

«Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի «Տառերի պուրակ»-ի հարևանությամբ բախվել են «Lexus» և «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Հանրապետական շտապօգնության կայանի Աշտարակի շտապօգնության բժշիկների հերթապահ խմբերը տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հոկտեմբերի 6-ին նշում է Սուրբ Թեկղի, Վառվառա և Պեղագեա կույսերի հիշատակության տոնը:

Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ ձևավորված բարի ավանդույթի համաձայն, այդ օրը Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա կույսի Մասունքը, կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 10:30:

Սուրբ Մասունքը Ծաղկեվանքում կլինի մինչև ժամը 14:00:

ՄԻՊ-ն այցելել է Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ հոկտեմբերի 3-ին այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Տեղում ուսումնասիրվել են Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում տեղի ունեցած դեպքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի բժշկական օգնության ու սպասարկման իրավունքի ապահովմանն առնչվող հարցերը։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ից։

Անի Ավետիսյանի, նրա երեխաների իրավունքների և տվյալ դեպքի հետ կապված իրավունքներին վերաբերելի բոլոր հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո և հասցեավորվելու են ըստ իրավասության։

Պաշտպանը կարևորում է դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում բազմակողմանի, օբյեկտիվ և պատշաճ քննության իրականացումը։ Նշված դեպքով իրականացվում է ազատությունից զրկված անձի իրավունքների ապահովման մշտադիտակում։

Մարդու իրավունքների պաշտպանն առանցքային է համարում բոլոր գործընթացների շրջանակներում մարդու իրավունքների չափանիշների պահպանումը: