Որքան է էլեկտրոմոբիլների չօգտագործված քվոտան. Պապոյանը թվեր է հայտնել

Հոկտեմբերի 3-ի դրությամբ էլեկտրոմոբիլների չօգտագործված քվոտայի մասին տեղեկություններ է հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Ֆիզանձինք և ոչ դիլերներ՝ 839 հատ (16 հազար 500 հատից), դիլերներ՝ 940 հատ (3500 հատից)»,- գրել է Պապոյանը: 

Կայացել է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը

Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հանդիպումը․ նրանք բանակցություններ են վարել․ Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև երկրի ղեկավար բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Կանխվել է սպանություն, որը նախապատրաստել էր տնային կալանքում գտնվող քրեական հեղինակությունը

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները կանխել են սպանություն, որը նախապատրաստել էր տնային կալանքում գտնվող, քրեական հեղինակություն համարվող անձը:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ հավելելով, որ կան ձերբակալվածներ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել են լեռնահետախուզական և հանքարդյունաբերական աշխատանքներ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում գտնվող չշահագործվող հանքախորշերից Վարդենիս քաղաքի բնակիչներ Լ.Ա.-ն, Կ.Մ.-ն և Հ.Մ.-ն ձեռքի հորատման գործիքների միջոցով ապօրինի իրականացրել են լեռնահետախուզական և հանքարդյունահանման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

«Դեպքի վայրում՝ խմելու ջրի ակունքից որոշակի հեռավորության վրա, հայտնաբերվել և առգրավվել են հագուստ, տարբեր շինարարական գործիքներ, պայթուցիկ նյութեր, պարկերով լցված հանքաքարեր:

Քրեական վարույթով կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ քննիչի միջնորդությունների հիման վրա հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Կ.Մ.-ի, Հ.Մ.-ի և Լ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով (ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) և 383-րդ հոդվածի 1-ին մասով (ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելը):

Նրանցից մեկը կալանավորվել է:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում:

Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այց կկատարի Իրան

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այց կկատարի Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Այդ մասն հայտնում են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից:

Հոկտեմբերի 5-ին նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա իր գործընկերոջ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի, ինչպես նաև երկրի ղեկավար բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Այցի օրակարգում են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային թեմաներ:

«Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիրի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվել. զինդատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրվել է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Քասախի կիրճ հանգստի գոտում գտնվող` «Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիրի և դրան կից 2,56 հա հողամասի օտարման գործընթացի իրավաչափությունը։ Այս մասին հայտնում է գլխավոր դաըախազությունը։

«Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի զեկուցմամբ, առանց սահմանված կարգով իրականացված գույքի գնահատման՝ ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 18-ի թիվ 337-Ա որոշմամբ, թույլատրվել է պետական սեփականություն հանդիսացող հանգստի գոտու շենքերն ու շինություններն ուղղակի վաճառքի եղանակով օտարել ֆիզիկական անձին՝ վաճառքի գինը սահմանելով 500 հազար ԱՄՆ դոլար։ Մինչդեռ, նույն գույքը դեռևս 1997 թվականին գնահատվել է 500 հազար ԱՄՆ դոլար, որից հետո համալիրն ընդլայնվել, կառուցապատվել և բարեկարգվել է։ Դեռ ավելին, օտարումից շուրջ մեկ տարի անց՝ 2005 թվականի ապրիլի 26-ի անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրով, նույն գույքի լիկվիդացիոն արժեքը սահմանվել է 700 հազար ԱՄՆ դոլար։

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ առանց իրավական և պայմանագրային հիմքի ֆիզիկական անձի անվամբ գրանցվել է 2,56 հա հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը, որը հետագայում հիմք է հանդիսացել 115 միլիոն 814 հազար 400 դրամ կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ վերջինիս կողմից անհատույց սեփականության իրավունքի ձեռքբերման համար:

Դատախազը, պետական շահերի պաշտպանության լիազորություններն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Զինվորական դատախազության կողմից պետության շահերի պաշտպանության հայց է ներկայացվել դատարան, որն ընդունվել է վարույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կրթությունը մեր երկրի ապագան ձևավորող ամենակարևոր ոլորտներից է, և այդ առաքելության առանցքում ուսուցիչն է․ Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասվում է․

«Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնում ձեր ամենօրյա նվիրված ու պատասխանատու աշխատանքի համար։

Կրթությունը մեր երկրի ապագան ձևավորող ամենակարևոր ոլորտներից է, և այդ առաքելության առանցքում ուսուցիչն է։ Վերջին տարիներին կրթական համակարգում իրականացվում են լայնածավալ բարեփոխումներ՝ նպատակ ունենալով ստեղծել ավելի որակյալ, ժամանակակից և աշակերտակենտրոն կրթական միջավայր։ Այս փոփոխությունների իրական ուժը դուք եք՝ ամեն օր դասարան մտնող, գիտելիք փոխանցող, մտածողություն ձևավորող և երեխաների հետաքրքրասիրությունը խթանող ուսուցիչները։ Ձեր աշխատանքն է այն փոփոխությունը, որը կրթական ծրագրերից ու փաստաթղթերից տեղափոխվում է դասարան և դառնում իրականություն։

Այսօր աշխարհը փոխվում է մեծ արագությամբ, և ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում։ Մեզ անհրաժեշտ է կրթություն, որը ոչ միայն գիտելիք է փոխանցում, այլև ձևավորում է մտածող, ինքնուրույն, հմտություններով զինված և փոփոխություններին պատրաստ մարդ։

Պետությունը շարունակելու է ներդրումներ կատարել դպրոցների բարելավման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և աշխատանքի խրախուսման ուղղությամբ։ Մենք նաև հանձնառու ենք ստեղծելու և զարգացնելու սոցիալական ապահովության այնպիսի մեխանիզմներ, որոնք կուժեղացնեն ուսուցչի սոցիալական պաշտպանվածությունը և հնարավորություն կտան նրան ավելի վստահ, արժանապատիվ ու արդյունավետ աշխատել։ Այս ճանապարհը պահանջում է ժամանակ, հետևողականություն և միասնական ջանք, բայց մեր նպատակը հստակ է՝ ունենալ կրթական համակարգ, որտեղ ուսուցիչը գնահատված է, աշակերտն իր հնարավորությունները լիարժեք բացահայտելու հնարավորություն ունի, իսկ դպրոցը երկրի զարգացման կարևորագույն հենարանն է։

Սիրելի՛ ուսուցիչներ, ձեր աշխատանքը ներդրում է, որի արդյունքը մենք տեսնելու ենք ոչ միայն այսօր, այլև տարիներ անց՝ մեր երեխաների ձեռքբերումներում, նրանց ընտրություններում և մեր երկրի ապագայի մեջ։ Թող յուրաքանչյուր դասարան, յուրաքանչյուր աշակերտ և յուրաքանչյուր հաջողություն ձեզ հիշեցնի, թե որքան կարևոր է ձեր կատարած աշխատանքը»։

Չեն ենթարկվել «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից կրակել են․ պարեկային 2 ծառայող տեղափոխվել է ԲԿ, կան ձերբակալվածներ

Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ ձերբակալվել են պարեկների ազդանշանին չենթարկվելու և հրազեն գործի դնելու մեջ կասկածվող 2 անձ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 1:35-ի սահմաններում, Պարեկային ծառայության կարգախմբերից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզում պարեկները հայտնաբերել են իրավախախտ վարորդի, որը, վարելով «Հյունդայի» մեքենան, չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից հրազենով կրակոցներ է արձակվել, ինչի հետևանքով պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Ծառայողներից մեկը՝ ստանալով բուժօգնություն, դուրս է գրվել բժշկական կենտրոնից։ Նախնական տվյալներով՝ ծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:

ՆԳՆ ոստիկանության տարբեր ծառայությունների համագործակցված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող 2 անձ և նշված «Հյունդայի» մեքենան:

Ըստ նախնական տվյալների՝ «Հյունդայիում» գտնված վարորդն ու ուղևորը, որոնք Կոտայքի մարզի բնակիչներ են, եղել են ոչ սթափ վիճակում:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, այդ թվում հանցագործության գործիք՝ հրազենը հայտնաբերելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դպրոցական նոր ավտոբուսով Ակնաղբյուրից ուղևորվեցինք Լուսաձորի նորակառույց դպրոց. Փաշինյան

Դպրոցական նոր ավտոբուսով Ակնաղբյուրից ուղևորվեցինք Լուսաձորի նորակառույց դպրոց. Փաշինյան

Հաղարծնի վանքում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

04.10.2026, 11:29

Հասարակություն, Վերջին Լուրեր

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և նրանց լիարժեք մասնակցության ապահովման ուղղությամբ աշխատանքը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. վարչապետ