Երևանում առաջիկա օրերին փակ կլինեն մի շարք փողոցներ

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ առաջիկա օրերին փակ կլինեն մի շարք փողոցներ:

«Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 24:00-ն երթևեկության համար փակ կլինեն Հյուսիսային պողոտային հարող Պուշկինի և Տերյան փողոցները, ինչպես նաև Թումանյան – Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Արամի և Աբովյան խաչմերուկի հատվածը՝ ժամը 10:00-ից մինչև 20:00-ը:

TRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համատեքստում. Վահան Կոստանյան

Հոկտեմբերի 6-ին ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է «Կապակցվածություն և ենթակառուցվածքներ. կառուցելով Հայաստանի հաջորդ տասնամյակը» խորագրով պանելային քննարկմանը, որը կայացել է ՀՀ Կառավարության և ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի կազմակերպած՝ Հայաստան-Միացյալ Թագավորություն գործարար համաժողովի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

ԱԳՄԱ նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ Հարավային Կովկասում և դրանից անդին ստեղծվող տնտեսական լայն հնարավորությունները և միջազգային գործընկերների հետ փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները:

Վահան Կոստանյանն անդրադարձել է ԹՐԻՓՓ նախագծի կյանքի կոչման ընթացքին՝ ընդգծելով դրա կարևորությունը տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համատեքստում։

Իրազեկվածություն, դիմակայունություն և անվտանգություն․ Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփում է սեպտեմբերին իրականացրած միջոցառումները

ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփել է սեպտեմբեր ամսին իրականացրած միջոցառումները, որոնք ուղղված էին անձնակազմի մասնագիտական կատարելագործմանը, բնակչության իրազեկվածության ո

Հայաստանը՝ 2026-ի աշխարհի առաջատար ժառանգության ուղղության հավակնորդ

Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են՝ Հայաստանը առաջադրվել է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» հեղինակավոր անվանակարգում՝ հնարավորություն ստանալով արժանանալու միջազգային զբոսաշրջության ոլորտի ամենաբարձր ճանաչումներից մեկին։

Հայաստանի հարուստ պատմությունը, մշակութային ժառանգությունն ու հազարամյակների պատմություն ունեցող ավանդույթներն այսօր ևս մեկ անգամ ներկայացված են համաշխարհային զբոսաշրջային հարթակում։

Քվեարկությունը բաց է մինչև հոկտեմբերի 30-ը։

«Քվեարկե՛ք Հայաստանի օգտին՝ անցնելով հետևյալ հղումով՝
https://www.worldtravelawards.com/vote»,- նշվում է հաղորդագրությունում:

Գեղարքունիքի քրեական ոստիկաններն առգրավվել են երեք կիլոգրամից ավելի մարիխուանա (տեսանյութ)


Տեսանյութեր


Հոկտեմբերի 1-ին Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Ազգային անվտանգության ծառայության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վարդենիս քաղաքի երկու բնակիչ մեկնել են Սյունքի մարզ՝ մաքսանենգ ճանապարհով ներկրված առանձնապես խոշոր չափի մարիխուանա ձեռք բերելու:

Տեղեկությունն իրացվեց Գեղարքունիքի մարզի պարեկների հետ։ Հոկտեմբերի 2-ին՝ գիշերը ժամը 1-ին, Մարտունի-Գետափ ավտոճանապարհին կանգնեցվեց «Ջիպ Կոմպաս» մակնիշի մեքենան, սակայն Վարդենիսի բնակիչները մեքենայով դիմեցին փախուստի։ 

Գեղհովիտ գյուղում փախուստն ավարտվեց․ մաքսանենգ ճանապարհով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և իրացնելու կասկածանքով նրանք ձերբակալվեցին ու տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին, իսկ մեքենան կնիքվեց պահպանվող հատուկ տարածքում։  

49-ամյա վարդենիսցի ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայով լցված գլանակ։

Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում, դատարանի որոշման հիման վրա, կատարվեցին խուզարկություններ։ 35-ամյա տղամարդու «Ջիպ Կոմպաս» մակնիշի մեքենայում հայտնաբերվեց երեք փաթեթ՝ 3 կիլոգրամ 200 գրամ մարիխուանայով, իսկ նրա տանը՝ մարիխուանայով լցված գլանակ, 356 փամփուշտ և ինքնաձիգի երեք պահեստատուփ։ 49-ամյա տղամարդու բնակության վայրում հայտնաբերվեց շուրջ 130 գրամ մարիխուանա և կանեփի երեք ցողուն։

Երկուսն էլ կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է։



Սեպտեմբերին զբոսաշրջիկների հոսքը Հայաստան աճել է 27 տոկոսով

2026 թվականի սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ, ինչը շուրջ 27 %-ով ավելի է, քան նախորդ տարվա սեպտեմբերի ցուցանիշը, և շուրջ 28 %-ով ավելի՝ 2026 թվականի օգոստոսի համեմատ։

Սա այս տարվա ինը ամիսների ամենաբարձր ամսական ցուցանիշն է։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Ընդհանուր առմամբ, 2026 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 1 757 349 զբոսաշրջիկ։

Մարդկային ճակատագրերի վերաբերյալ տեղեկատվությունը չպետք է կախված լինի քաղաքական պայմաններից. Ալիև


Հարեվաններ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի պարզումը շարունակում է մնալ պետության ուշադրության կենտրոնում։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը ակնկալում է, որ Հայաստանը կտրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, ինչպես նաև զանգվածային և անհատական գերեզմանների վերաբերյալ առկա տեղեկությունները։

«Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական ​​թաղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև ապահովի հասանելիությունը համապատասխան արխիվներին և նպաստի ականատեսների վկայությունների հավաքագրմանը։ Մարդկային կյանքերին առնչվող տեղեկատվությունը չպետք է դառնա քաղաքական պայմանավորվածությունների առարկա»,- ասել է նա։

Ալիևը նշել է, որ Երևանը պետք է նաև պայմաններ ստեղծի համապատասխան արխիվների բացման և վկայությունների հավաքագրման համար։ Նրա խոսքով՝ նման քայլերը ոչ միայն իրավական և հումանիտար պարտավորություն են, այլև կարող են նպաստել խաղաղության ամրապնդմանն ու փոխվստահության ձևավորմանը։ Նա ընդգծել է, որ մարդկանց ճակատագրերին վերաբերող տեղեկությունները չպետք է դառնան քաղաքական պայմանների առարկա։



Պատրաստ ենք աջակցել Հայաստանին ԵՄ-ին ավելի մերձենալու ճանապարհին. Մարթա Կոս

Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Եվրախորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել Հայաստանին, քանի որ այն ավելի է մոտենում դաշինքին։

Կոսը նշել է, որ անդամակցության նախապատրաստման գործընթացին ԵՄ մոտեցումը կոչված է թեկնածու երկրներին հստակ ազդանշան տալու. Բրյուսելը պատրաստ է սեփական պարտավորություններով ամրապնդել նրանց առաջընթացը:

«Անդամակցության նախապատրաստական այս գործընթացի շրջանակում մենք չենք խոսում աջակցության հատուկ փաթեթների մասին։ Սա մեծ ճանապարհային քարտեզ է հենց Եվրոպական միության համար՝ նախապատրաստվելու և թեկնածու երկրներին ազդանշան տալու, որ մենք պատրաստ ենք, եթե նրանք հաղթահարեն, մենք էլ կհաղթահարենք»,- ասել է նա՝ հավելելով. «Մենք աջակցում ենք նաև Հայաստանին»:

Նա հայտնել է, որ Հայաստանն ընդգրկված է իր պատասխանատվության ոլորտում՝ որպես Արևելյան գործընկերության հարցերով հանձնակատար։ «Երկիրն իսկապես շարժվում է դեպի Եվրոպական միություն»:

Կոսը կարևորել է Հայաստանի հետ ԵՄ համագործակցությունը վիզային ռեժիմի ազատականացման հարցում՝ ընդգծելով, որ Հայաստանը ներկայումս միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն բանակցում է նման գործընթացի շուրջ:

Նա նաև մատնանշել է ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը առևտրի դիվերսիֆիկացման հարցում, հատկապես՝ Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումներից հետո։

«Մենք մեծ աջակցություն ենք ցուցաբերում, քանի որ Ռուսաստանն արգելել է ձեր երկրից ներմուծումը»,- ասել է Կոսը։

Նրա խոսքով՝ ԵՄ անդամ պետությունների և Եվրախորհրդարանի աջակցությամբ Միությունն ընդունել է առևտրային ինքնավար միջոցառումներ, որոնք թույլ են տալիս Հայաստանին իր արտադրանքի մոտ 80%-ն արտահանել ԵՄ՝ առանց մաքսատուրքերի։

Կոսը նաև նշել է Հայաստանի տնտեսական զարգացմանն ուղղված առանձին փաթեթի մասին. «Եվ, իհարկե, գոյություն ունի հատուկ փաթեթ՝ երկրի տնտեսական զարգացման համար»:

Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում Հակակոռուպցիոն դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում արգելանք է կիրառվել պարտապան Գ․Ծ․-ին պատկանող շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի, 33 տրանսպորտային միջոցի և 27 տարբեր ընկերություններում առկա բաժնեմասերի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված 40 իրավաբանական կազմակերպությունների բաժնեմասերի և բաժնետոմսերի, ինչպես նաև վերջիններիս պատկանող գույքերի նկատմամբ։

Այդ մասին հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:
Արգելանք է կիրառվել նաև Քննչական կոմիտեի կողմից Գ․Ծ․-ի առանձնատանը խուզարկության արդյունքում հայտնաբերված խոշոր չափի դրամական միջոցների և թանկարժեք զարդերի վրա։

Պարտապանին նաև պարտավորեցվել է չկատարել որևէ գործողություն՝ հայտնաբերված և արգելադրված գույքերի ապօրինի տնօրինման ուղղությամբ։

Մեկ այլ կատարողական վարույթի շրջանակում վարույթն իրականացնող հարկադիր կատարողի գործողությունների արդյունքում պարտապան Գ․Ծ․-ին պատկանող՝ Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող անշարժ գույքի և շինությունների նկատմամբ արգելվել է կատարել սեփականատիրոջ փոփոխություն, ինչպես նաև նշված գույքի փաստացի վիճակը վատթարացնող ապօրինի որևէ գործողություն։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից միաձայն ընդունվել է Հայաստանի հեղինակած բանաձևը


Հոկտեմբերի 6-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից միաձայն ընդունվել է Հայաստանի հեղինակած՝ «Թվային տեխնոլոգիաների համատեքստում կանանց և աղջիկների իրավունքների խթանման և պաշտպանության նպատակով միջազգային համագործակցության ամրապնդումը» խորագրով բանաձևը։ Այս մասին հայտնում է ԱԳՆն։

Այն ՄԻԽ-ում ներկայացվել է միջտարածաշրջանային խմբի՝ Հայաստանի, Էստոնիայի, Ռուանդայի, Ուրուգվայի, Սենեգալի, Շվեդիայի և Ղազախստանի կողմից։

Բանաձևն անդրադառնում է մարդու իրավունքների համատեքստում թվային տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության ընձեռած հնարավորություններին, ինչպես նաև դրանց հետ կապված մարտահրավերներին։ Համադրելով երեք առանցքային ուղղություն՝ տեխնոլոգիաների հասանելիությունը, դրանց զարգացման և կառավարման գործընթացներում կանանց և աղջիկների լիարժեք մասնակցությունն ու տեխնոլոգիաներից բխող ռիսկերից պաշտպանությունը` բանաձևը նպատակաուղղված է անդրադառնալու գենդերային թվային խզումներին, այդ թվում՝ տեխնոլոգիական հմտությունների բացերին, խթանելու կանանց և աղջիկների մասնակցությունը թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության կառավարման գործընթացներում, ինչպես նաև արձագանքելու ի հայտ եկող ռիսկերին, այդ թվում՝ խտրականության և ալգորիթմային կողմնակալության ու տվյալների ներկայացուցչականության հետ կապված խնդիրներին։

Բանաձևի առանցքային բաղադրիչներից է միջազգային համագործակցության խթանումը՝ հաշվի առնելով տեխնոլոգիաների անդրսահմանային բնույթը և դրանց արդյունավետ կառավարմանն ուղղված բազմակողմ համագործակցության ամրապնդման կարևորությունը: Բանաձևով խրախուսվում են գիտելիքների և փորձի փոխանակումը, կարողությունների զարգացումը, ինչպես նաև առկա և ի հայտ եկող մարտահրավերներին համատեղ արձագանքը։ Բանաձևով ձևավորվում է միջազգային համագործակցության համապարփակ նոր շրջանակ՝ փոխկապակցելով մարդու իրավունքներն ու գենդերային հավասարությունը գիտության ու տեխնոլոգիաների հետ:

Բանաձևը ներկայացնելիս Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանն անդրադարձել է թվային փոխակերպման ընձեռած հնարավորություններին՝ նշելով, որ տեխնոլոգիաների և արհեստական բանականության խտրական նախագծումը, ոչ ներկայացուցչական տվյալներն ու ալգորիթմային կողմնակալությունը միջոց են հանդիսանում առկա անհավասարությունները վերարտադրելու և խորացնելու համար։ Դեսպան Տոլմաջյանն ընդգծել է տեխնոլոգիաների շարունակական և սրընթաց զարգացմանը զուգահեռ կանանց և աղջիկների իրավունքները հավաքական ջանքերի կենտրոնում պահելու կարևորությունը:

Այս նոր բանաձևը, որը համահեղինակել են ՄԱԿ-ի տարածաշրջանային բոլոր խմբերը ներկայացնող շուրջ հինգ տասնյակ պետություններ, ներկայացվել է որպես բազմակողմ հարթակներում գենդերային հավասարության խթանման նպատակով տեխնոլոգիաների և նորարարության առաջմղման ուղղությամբ Հայաստանի հետևողական ջանքերի շարունակություն։

Այն արտացոլում է նաև թվային փոխակերպման պայմաններում գենդերային հավասարության խթանման ուղղությամբ Հայաստանի ամուր հանձնառությունը՝ հաշվի առնելով տեխնոլոգիական ոլորտում կանանց բարձր ներկայացվածությունը, որը զգալիորեն գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը։

Նախաձեռնության ներկայացումը Մարդու իրավունքների խորհրդում տեղի է ունենում հատկապես կարևոր ժամանակահատվածում, երբ արհեստական բանականության սրընթաց զարգացումն առավել հրատապ է դարձնում տեխնոլոգիաների, հավասարության և մարդու իրավունքների փոխկապակցվածության շուրջ արդյունավետ միջազգային համագործակցության ամրապնդումը։