Սեպտեմբերին զբոսաշրջիկների հոսքը Հայաստան աճել է 27 տոկոսով

2026 թվականի սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ, ինչը շուրջ 27 %-ով ավելի է, քան նախորդ տարվա սեպտեմբերի ցուցանիշը, և շուրջ 28 %-ով ավելի՝ 2026 թվականի օգոստոսի համեմատ։

Սա այս տարվա ինը ամիսների ամենաբարձր ամսական ցուցանիշն է։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Ընդհանուր առմամբ, 2026 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 1 757 349 զբոսաշրջիկ։

Մարդկային ճակատագրերի վերաբերյալ տեղեկատվությունը չպետք է կախված լինի քաղաքական պայմաններից. Ալիև


Հարեվաններ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի պարզումը շարունակում է մնալ պետության ուշադրության կենտրոնում։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը ակնկալում է, որ Հայաստանը կտրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, ինչպես նաև զանգվածային և անհատական գերեզմանների վերաբերյալ առկա տեղեկությունները։

«Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական ​​թաղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև ապահովի հասանելիությունը համապատասխան արխիվներին և նպաստի ականատեսների վկայությունների հավաքագրմանը։ Մարդկային կյանքերին առնչվող տեղեկատվությունը չպետք է դառնա քաղաքական պայմանավորվածությունների առարկա»,- ասել է նա։

Ալիևը նշել է, որ Երևանը պետք է նաև պայմաններ ստեղծի համապատասխան արխիվների բացման և վկայությունների հավաքագրման համար։ Նրա խոսքով՝ նման քայլերը ոչ միայն իրավական և հումանիտար պարտավորություն են, այլև կարող են նպաստել խաղաղության ամրապնդմանն ու փոխվստահության ձևավորմանը։ Նա ընդգծել է, որ մարդկանց ճակատագրերին վերաբերող տեղեկությունները չպետք է դառնան քաղաքական պայմանների առարկա։



Պատրաստ ենք աջակցել Հայաստանին ԵՄ-ին ավելի մերձենալու ճանապարհին. Մարթա Կոս

Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Եվրախորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել Հայաստանին, քանի որ այն ավելի է մոտենում դաշինքին։

Կոսը նշել է, որ անդամակցության նախապատրաստման գործընթացին ԵՄ մոտեցումը կոչված է թեկնածու երկրներին հստակ ազդանշան տալու. Բրյուսելը պատրաստ է սեփական պարտավորություններով ամրապնդել նրանց առաջընթացը:

«Անդամակցության նախապատրաստական այս գործընթացի շրջանակում մենք չենք խոսում աջակցության հատուկ փաթեթների մասին։ Սա մեծ ճանապարհային քարտեզ է հենց Եվրոպական միության համար՝ նախապատրաստվելու և թեկնածու երկրներին ազդանշան տալու, որ մենք պատրաստ ենք, եթե նրանք հաղթահարեն, մենք էլ կհաղթահարենք»,- ասել է նա՝ հավելելով. «Մենք աջակցում ենք նաև Հայաստանին»:

Նա հայտնել է, որ Հայաստանն ընդգրկված է իր պատասխանատվության ոլորտում՝ որպես Արևելյան գործընկերության հարցերով հանձնակատար։ «Երկիրն իսկապես շարժվում է դեպի Եվրոպական միություն»:

Կոսը կարևորել է Հայաստանի հետ ԵՄ համագործակցությունը վիզային ռեժիմի ազատականացման հարցում՝ ընդգծելով, որ Հայաստանը ներկայումս միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն բանակցում է նման գործընթացի շուրջ:

Նա նաև մատնանշել է ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը առևտրի դիվերսիֆիկացման հարցում, հատկապես՝ Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումներից հետո։

«Մենք մեծ աջակցություն ենք ցուցաբերում, քանի որ Ռուսաստանն արգելել է ձեր երկրից ներմուծումը»,- ասել է Կոսը։

Նրա խոսքով՝ ԵՄ անդամ պետությունների և Եվրախորհրդարանի աջակցությամբ Միությունն ընդունել է առևտրային ինքնավար միջոցառումներ, որոնք թույլ են տալիս Հայաստանին իր արտադրանքի մոտ 80%-ն արտահանել ԵՄ՝ առանց մաքսատուրքերի։

Կոսը նաև նշել է Հայաստանի տնտեսական զարգացմանն ուղղված առանձին փաթեթի մասին. «Եվ, իհարկե, գոյություն ունի հատուկ փաթեթ՝ երկրի տնտեսական զարգացման համար»:

Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում Հակակոռուպցիոն դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում արգելանք է կիրառվել պարտապան Գ․Ծ․-ին պատկանող շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի, 33 տրանսպորտային միջոցի և 27 տարբեր ընկերություններում առկա բաժնեմասերի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված 40 իրավաբանական կազմակերպությունների բաժնեմասերի և բաժնետոմսերի, ինչպես նաև վերջիններիս պատկանող գույքերի նկատմամբ։

Այդ մասին հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:
Արգելանք է կիրառվել նաև Քննչական կոմիտեի կողմից Գ․Ծ․-ի առանձնատանը խուզարկության արդյունքում հայտնաբերված խոշոր չափի դրամական միջոցների և թանկարժեք զարդերի վրա։

Պարտապանին նաև պարտավորեցվել է չկատարել որևէ գործողություն՝ հայտնաբերված և արգելադրված գույքերի ապօրինի տնօրինման ուղղությամբ։

Մեկ այլ կատարողական վարույթի շրջանակում վարույթն իրականացնող հարկադիր կատարողի գործողությունների արդյունքում պարտապան Գ․Ծ․-ին պատկանող՝ Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող անշարժ գույքի և շինությունների նկատմամբ արգելվել է կատարել սեփականատիրոջ փոփոխություն, ինչպես նաև նշված գույքի փաստացի վիճակը վատթարացնող ապօրինի որևէ գործողություն։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից միաձայն ընդունվել է Հայաստանի հեղինակած բանաձևը


Հոկտեմբերի 6-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից միաձայն ընդունվել է Հայաստանի հեղինակած՝ «Թվային տեխնոլոգիաների համատեքստում կանանց և աղջիկների իրավունքների խթանման և պաշտպանության նպատակով միջազգային համագործակցության ամրապնդումը» խորագրով բանաձևը։ Այս մասին հայտնում է ԱԳՆն։

Այն ՄԻԽ-ում ներկայացվել է միջտարածաշրջանային խմբի՝ Հայաստանի, Էստոնիայի, Ռուանդայի, Ուրուգվայի, Սենեգալի, Շվեդիայի և Ղազախստանի կողմից։

Բանաձևն անդրադառնում է մարդու իրավունքների համատեքստում թվային տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության ընձեռած հնարավորություններին, ինչպես նաև դրանց հետ կապված մարտահրավերներին։ Համադրելով երեք առանցքային ուղղություն՝ տեխնոլոգիաների հասանելիությունը, դրանց զարգացման և կառավարման գործընթացներում կանանց և աղջիկների լիարժեք մասնակցությունն ու տեխնոլոգիաներից բխող ռիսկերից պաշտպանությունը` բանաձևը նպատակաուղղված է անդրադառնալու գենդերային թվային խզումներին, այդ թվում՝ տեխնոլոգիական հմտությունների բացերին, խթանելու կանանց և աղջիկների մասնակցությունը թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության կառավարման գործընթացներում, ինչպես նաև արձագանքելու ի հայտ եկող ռիսկերին, այդ թվում՝ խտրականության և ալգորիթմային կողմնակալության ու տվյալների ներկայացուցչականության հետ կապված խնդիրներին։

Բանաձևի առանցքային բաղադրիչներից է միջազգային համագործակցության խթանումը՝ հաշվի առնելով տեխնոլոգիաների անդրսահմանային բնույթը և դրանց արդյունավետ կառավարմանն ուղղված բազմակողմ համագործակցության ամրապնդման կարևորությունը: Բանաձևով խրախուսվում են գիտելիքների և փորձի փոխանակումը, կարողությունների զարգացումը, ինչպես նաև առկա և ի հայտ եկող մարտահրավերներին համատեղ արձագանքը։ Բանաձևով ձևավորվում է միջազգային համագործակցության համապարփակ նոր շրջանակ՝ փոխկապակցելով մարդու իրավունքներն ու գենդերային հավասարությունը գիտության ու տեխնոլոգիաների հետ:

Բանաձևը ներկայացնելիս Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանն անդրադարձել է թվային փոխակերպման ընձեռած հնարավորություններին՝ նշելով, որ տեխնոլոգիաների և արհեստական բանականության խտրական նախագծումը, ոչ ներկայացուցչական տվյալներն ու ալգորիթմային կողմնակալությունը միջոց են հանդիսանում առկա անհավասարությունները վերարտադրելու և խորացնելու համար։ Դեսպան Տոլմաջյանն ընդգծել է տեխնոլոգիաների շարունակական և սրընթաց զարգացմանը զուգահեռ կանանց և աղջիկների իրավունքները հավաքական ջանքերի կենտրոնում պահելու կարևորությունը:

Այս նոր բանաձևը, որը համահեղինակել են ՄԱԿ-ի տարածաշրջանային բոլոր խմբերը ներկայացնող շուրջ հինգ տասնյակ պետություններ, ներկայացվել է որպես բազմակողմ հարթակներում գենդերային հավասարության խթանման նպատակով տեխնոլոգիաների և նորարարության առաջմղման ուղղությամբ Հայաստանի հետևողական ջանքերի շարունակություն։

Այն արտացոլում է նաև թվային փոխակերպման պայմաններում գենդերային հավասարության խթանման ուղղությամբ Հայաստանի ամուր հանձնառությունը՝ հաշվի առնելով տեխնոլոգիական ոլորտում կանանց բարձր ներկայացվածությունը, որը զգալիորեն գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը։

Նախաձեռնության ներկայացումը Մարդու իրավունքների խորհրդում տեղի է ունենում հատկապես կարևոր ժամանակահատվածում, երբ արհեստական բանականության սրընթաց զարգացումն առավել հրատապ է դարձնում տեխնոլոգիաների, հավասարության և մարդու իրավունքների փոխկապակցվածության շուրջ արդյունավետ միջազգային համագործակցության ամրապնդումը։


Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ

Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Չորս տարի է՝ ես առավոտից երեկո՝ առանց հոգնելու, առանց հետքայլ անելու, փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ։ Ու դա պետք է կանխել քաղաքական, դիվանագիտական, տեղեկատվական գործիքներով։ Այդ չորս տարվա ընթացքում իշխանական տարբեր խմբեր բազմիցս թիրախավորել են ինձ, թե իբր չկա տենց բան։

Հիմա թե՛ իրենք են ասում, որ սա ազգային անվտանգության խնդիր է, թե՛ իրենց հարող ալիքներն են սկսել «նկատել» Ադրբեջանի պաշտոնյաներից հնչող վտանգավոր տեքստերը։

Ի գիտություն ասեմ՝ վերջերս Բաքվի քարոզչական աղբյուրներից մեկը հոդվածով անդրադարձել էր իմ հոդվածին, որտեղ ես փաստերով ապացուցում եմ այդ զավթողականությունը։ Իրենց պատասխան հոդվածում որևէ փաստարկ չկար այն մասին, որ իմ պնդումը սխալ է, հակառակը՝ ապացուցեցին այդ նյութով, որ ես ճիշտ եմ:

Եվս մեկ անգամ համոզված ասում եմ՝ սա կարելի է դարձնել Ալիևի մեծագույն գլխացավանքը, ուղղակի որպես առաջին քայլ պետք է այս վտանգը կոչել իր անունով՝ ԶԱՎԹՈՂԱԿԱՆ ծրագիր։

Ինձ մոտ հարց է առաջանում՝ եթե չորս տարի վատնել եք միայն նրա վրա, որ հասկանաք, որ սա ազգային անվտանգության խնդիր է, ապա քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել»,-գրել է նա:

Անշարժ գույքի շուկան օգոստոսին. Երևանը առաջատարն է, Կենտրոնը՝ ամենաթանկը


Բիզնես


Հայաստանի անշարժ գույքի շուկան օգոստոսին նկատելիորեն աշխույժ է եղել, թեև հուլիսի համեմատ գործարքների թիվը փոքր-ինչ նվազել է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ նախորդ ամիս գրանցվել է անշարժ գույքի 23 741 գործարք (հուլիսին՝ 25 529): Չնայած այս չնչին դանդաղեցմանը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակտիվությունն էապես աճել է. 2025-ի օգոստոսին արձանագրվել էր ընդամենը 18 780 գործարք։

Ինչ են գնել ու վաճառել

Օգոստոսյան գործարքներից ավելի քան 6 600-ը առուվաճառքներ են եղել։ Ամենամեծ պահանջարկը, ինչպես միշտ, բազմաբնակարան շենքերի բնակարաններինն է (2 690 գործարք): Գնորդների հետաքրքրության կենտրոնում են եղել նաև հողատարածքները (2 418 գործարք), որոնցից ավելի քան կեսը գյուղատնտեսական նշանակության հողեր են։

Զուգահեռաբար աճել է հիփոթեքային շուկան. գրանցված 3 663 գրավադրումներից 1 308-ը բաժին է ընկել հիփոթեքներին՝ հուլիսի համեմատ արձանագրելով փոքր աճ։

Աշխարհագրությունը. մայրաքաղաքն ու մերձակա մարզերը

Գործարքների թվով անվիճելի առաջատարը Երևանն է (7 173 գործարք):Իսկ  մարզերից համեմատաբար ավելի աշխուժ են  մայրաքաղաքին հարակիցները՝ այսպես Կոտայքում 4 955 գործարք, Արարատում՝ 1 983, Արմավիրում՝ 1 931, իսկ Արագածոտնում՝  1 489։

Բնակարանների գները Երևանում. 1 քմ-ի ռեկորդներն ու մատչելի տարբերակները

Մայրաքաղաքում բնակարանների գնային պատկերը խիստ տարբերվում է՝ կախված վարչական շրջանից.

Այսպես, ամենաթանկը շարունակում է լինել Կենտրոնում բնակարան ձեռք բերելը, այստեղ 1 քառակուսի մետրի միջին շուկայական գինը հասել է 993 000 դրամի։  Երկրորդ տեղում Արաբկիրն է (735 700 դրամ), որին հաջորդում են Դավթաշենը (598 000 դրամ), Նորք-Մարաշը (580 500 դրամ) և Քանաքեռ-Զեյթունը (566 000 դրամ)։

 

Ամենամատչելի տարբերակը Նուբարաշենում է, որտեղ 1 քմ-ի միջին գինը կազմում է 286 000 դրամ։

 

Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ Երևանի անշարժ գույքի շուկայում գնային խզումը շարունակում է խորանալ. Կենտրոնի և Նուբարաշենի միջև 1 քմ-ի գնային տարբերությունը հասնում է ավելի քան 3.5 անգամի։ Սա ցույց է տալիս, որ գնորդների համար կենտրոնական հատվածներում բնակարան ձեռք բերելն ավելի է դժվարանում, ինչն էլ ստիպում է պահանջարկն աստիճանաբար տեղափոխել դեպի մայրաքաղաքի ծայրամասերն ու հարակից մարզերը:




Ծառուկյանի շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույք, 33 մեքենա և 40 կազմակերպության բաժնեմաս արգելանքի տակ է առնվել

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում Հակակոռուպցիոն դատարանի տված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում արգելանք է կիրառվել պարտապան Գ․ Ծ․-ին պատկանող շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի, 33 տրանսպորտային միջոցի և 27 տարբեր ընկերություններում առկա բաժնեմասերի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված 40 իրավաբանական կազմակերպությունների բաժնեմասերի և բաժնետոմսերի, ինչպես նաև վերջիններիս պատկանող գույքերի նկատմամբ։

917.jpg (93 KB)

Այս մասին տեղեկացնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:

919.jpg (130 KB)

Արգելանք է կիրառվել նաև Քննչական կոմիտեի՝ Գ․ Ծ․-ի առանձնատանը խուզարկության արդյունքում հայտնաբերած խոշոր չափի դրամական միջոցների և թանկարժեք զարդերի վրա։

918.jpg (126 KB)

Պարտապանին նաև պարտավորեցվել է չկատարել որևէ գործողություն հայտնաբերված և արգելադրված գույքերի ապօրինի տնօրինման ուղղությամբ։

920.jpg (127 KB)

Մեկ այլ կատարողական վարույթի շրջանակում վարույթն իրականացնող հարկադիր կատարողի գործողությունների արդյունքում պարտապան Գ․ Ծ․-ին պատկանող, Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող անշարժ գույքի և շինությունների նկատմամբ արգելվել է կատարել սեփականատիրոջ փոփոխություն, ինչպես նաև նշված գույքի փաստացի վիճակը վատթարացնող ապօրինի որևէ գործողություն։

Հայաստանում քաղաքացու անձնական տվյալների պաշտպանությունն իսկապես սարսափելի վիճակում է․ Վարդանյան

Լրատվականներից մեկը հայտնում է, որ Երևանյան ռեստորաններից մեկի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում։ Հրավիրում եմ բոլոր պատկան մարմինների ուշադրությունը այս դեպքին։ Այս մասին հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Եթե սա իրականույթյուն է, ապա այդ քայլը պետք է ունենա հստակ քրեաիրավական հետևանք։

Հայաստանում քաղաքացու անձնական տվյալների պաշտպանությունն իսկապես սարսափելի վիճակում է, իսկ այս դեպքը ահազանգ է ոլորտի բարձիթողության վերաբերյալ։

Եթե պետական մարմիններն ու իշխանական թերթերը լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակում ԱԺ միջանցքներից, օդանավակայանից, քաղաքացիների տան սանհանգույցներից, երևի մյուսներն էլ մտածում են, ինչի իրենք էլ չեն կարող իրենց միջոցներով տեսանկարահանել մարդկանց ու օգտագործել այդ նյութերն ինչպես կցանկանան։

Առանց չափազանցության սա հանրային անվտանգության հարց է, թիրախում էլի կանանց մի շարք իրավունքների կոպիտ ոտնահարման հերթական դեպքն է։

Ներքին գործերի նախարարություն, Արդարադատության նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Քննչական կոմիտե, Դատախազություն դուք պարտավոր եք արձագանքել այս դեպքին։

Հ. Գ․ գրառման նպատակը ոչ թե ռեստորանին թիրախավորելն, այլ դեպքի վրա ուշադրություն հրավիրելն է»,- գրել է Վարդանյանը։

Բոլորս անհամբեր սպասում ենք նոյեմբերյան հանդիպումներին


Սպորտ


Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն Ազգերի լիգայի C2 խմբի 4-րդ տուրի՝ Չեռնոգորիայի ընտրանու հետ ոչ-ոքիից (0:0) հետո գրառում է կատարել սոցցանցերում։ 

«Հպարտ եմ մեր հավաքականով և ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին՝ այս նվիրումի, պայքարի և հավատի համար: Մենք դեռ կառուցման ու ձևավորման փուլում ենք։ Մեր թիմում շատ են երիտասարդ, հաղթանակների ծարավ տղաները, որոնցից շատերը դեռ մեծ փորձ չունեն։ Բայց մի բան արդեն հաստատ է՝ նրանցից յուրաքանչյուրը պատրաստ է մինչև վերջ պայքարել, ամբողջ ուժը տալ և ամեն ինչ անել մեր ազգային հավաքականի ու մեր երկրի համար: Մենք հավատում ենք մեր ճանապարհին, հավատում ենք միմյանց և գիտենք, որ դեռ շատ աշխատանք ունենք անելու: Բոլորս անհամբեր սպասում ենք նոյեմբերյան հանդիպումներին: Առջևում ամենահետաքրքիրն է եվ ամենադժվարը»,- գրել է Թիկնիզյանը։




Հայաստանի ազգային ընտրանին վաստակած 4 միավորով ընթանում է Ազգերի լիգայի C2 խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում։ Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի նոյեմբերի 12-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալելով Կիպրոսի հավաքականին։