Սոցփաթեթը դադարում է գործել․ ի՞նչ է փոխվելու 2027-ից


2027 թվականի հունվարի 1-ից դադարելու է սոցիալական փաթեթի գործող ծրագիրը։ Տարիներ շարունակ այն պետական համակարգում աշխատող տարբեր խմբերի համար առողջապահական և կրթական մի շարք հնարավորություններ էր ապահովում, սակայն ժամանակի ընթացքում ծրագիրը, ըստ պատասխանատուների, աստիճանաբար սպառել է իրեն։ Դրա առանձին բաղադրիչները առաջիկայում ներառվելու են այլ գործող համակարգերում։

Առողջապահական բաղադրիչի հիմնական փոփոխությունը կապված է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի հետ։ 2026 թվականի հունվարի 1-ից ներդրված համակարգը միավորում է տարբեր ոլորտների աշխատողների և քաղաքացիների խմբեր, իսկ 2027 թվականից նախատեսվում է ընդլայնել դրա շրջանակը։ Սոցփաթեթի առողջապահական բաղադրիչն այդ համակարգում ներառվելու է, և նախկինում սոցփաթեթի շահառուների համար նախատեսված ֆինանսական միջոցները ևս ուղղվելու են առողջության ապահովագրության համակարգին։

Առողջության ապահովագրության հիմնադրամի տնօրենի ԺՊ Հայկ Բաբայանի ներկայացմամբ՝ այդ փոփոխության արդյունքում ընդլայնվելու է քաղաքացիներին հասանելի բժշկական ծառայությունների և հետազոտությունների շրջանակը։ Այսինքն՝ սոցփաթեթի առողջապահական բաղադրիչի դադարեցումը չի նշանակելու, որ քաղաքացին զրկվում է առողջապահական հնարավորություններից․ փոխվում է այն համակարգը, որի միջոցով դրանք հասանելի են դառնալու։

Միաժամանակ փոփոխություն է առաջանալու նաև կանխարգելիչ հետազոտությունների հարցում։ Սոցփաթեթի գործող համակարգում քաղաքացին հնարավորություն ուներ տարեկան որոշակի ստուգումներ անցնել նաև այն դեպքում, երբ առողջական գանգատներ չուներ։ Համընդհանուր առողջության ապահովագրության գործող փուլում այդ հնարավորությունը դեռ ամբողջությամբ նույն ձևով չի պահպանվում։ Պատասխանատուների փոխանցմամբ՝ համակարգի ամբողջական ներդրումից հետո՝ 2029 թվականից, նախատեսվում է նաև քաղաքացիների համար տարեկան կանխարգելիչ ստուգումների հնարավորություն։

Սոցփաթեթի մյուս կարևոր ուղղություններից մեկը կրթական բաղադրիչն էր։ Կրթության ոլորտում վերջին տարիներին ներդրվել են այլ մեխանիզմներ, այդ թվում՝ կամավոր ատեստավորման համակարգը։ Դրա արդյունքում շուրջ 9500 ուսուցիչ արդեն ստանում է ատեստավորման արդյունքով սահմանված բարձրացված լրավճար։

ԿԳՄՍ նախարարությունում այժմ քննարկվում է նաև ուսուցիչների համար լրավճարների դրույքաչափերի բարձրացման հնարավորությունը։ Միաժամանակ նախարարությունը նախաձեռնել է «Ուսուցչի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծ, որով նախատեսվում է սահմանել ուսուցիչների սոցիալական մի շարք երաշխիքներ։

Այսպիսով, սոցփաթեթի կրթական բաղադրիչի ավարտը չի դիտարկվում որպես ուսուցիչների համար նախկին հնարավորությունների պարզապես վերացում․ ոլորտում սոցիալական աջակցության այլ մեխանիզմներ են ձևավորվում։

Փոփոխությունների ֆոնին քաղաքացիների շրջանում առանձին հարց է առաջանում նաև արդեն կուտակված գումարների վերաբերյալ։ Մասնավորապես՝ արդյոք սոցփաթեթի դադարեցման դեպքում քաղաքացիների հաշիվներում տարիների ընթացքում կուտակված միջոցները կզրոյանա՞ն։

Աշխատանքի և բարեկեցության նախարարության աշխատանքային իրավունքի քաղաքականության վարչության պետի պարտականությունները կատարող Լուսինե Հարությունյանի փոխանցմամբ՝ այդ գումարները չեն կորչելու։ Դրանք շարունակելու են մնալ քաղաքացիների հաշիվներում և կարող են օգտագործվել սոցփաթեթի շրջանակում նախատեսված համապատասխան ծառայությունների համար, այդ թվում՝ ուսման վարձի, հիփոթեքային վճարների և ծրագրով նախատեսված այլ ուղղություններով։

Այսպիսով, 2027 թվականի հունվարի 1-ից փոփոխությունը սոցփաթեթի ամբողջական «զրոյացում» չէ։ Փոխվում է դրա գործողության տրամաբանությունը․ առողջապահական բաղադրիչը տեղափոխվում է համընդհանուր ապահովագրության համակարգ, իսկ կրթության ոլորտում նախկին մեխանիզմներին զուգահեռ զարգացվում են այլ սոցիալական և մասնագիտական աջակցության գործիքներ։ Միաժամանակ արդեն կուտակված սոցփաթեթի միջոցները պահպանվելու են քաղաքացիների հաշիվներում։

Շողեր Ղլիջյան

 

 



Հավաքականի մարզաշապիկն ու համազգեստը կրել եմ դեռ 15 տարեկանից


Սպորտ


Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է իր հնարավոր հրաժարականի մասին խոսակցություններին։


Հարցին, թե արդյոք հավաքականում աշխատելու այս մեկ տարվա ծանր օրերի ընթացքում երբևէ մտածել է հրաժարական տալու մասին, մարզիչը պատասխանել է. «Այդ հույսով էլ մնացեք, ես նոր եմ սկսել։ Եթե կան մարդիկ, որոնք նման հույս ունեն, թող կտրեն այդ հույսները։ Ես ո՛չ լեգեոներ մարզիչ եմ, ո՛չ էլ այստեղ եմ եկել գումար վաստակելու։ Հավաքականի մարզաշապիկն ու համազգեստը կրել եմ դեռ 15 տարեկանից. դա մեծ պատասխանատվություն է և իմ կյանքն է։ Ես այստեղ անելու գործ ունեմ, իսկ իմ գործը նոր է միայն սկսվում»,- պատասխանել է Մելիքյանը։

Հայաստանի ազգային ընտրանին վաստակած 4 միավորով զբաղեցնում է Ազգերի լիգայի C2 խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։ Մեր թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 12-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալելով Կիպրոսի հավաքականին։

 



Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն


Աշխարհ


Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին ավելի մոտենալու գործընթացում։ Եվրոպական խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը:

«Մենք պատրաստ ենք, և եթե նրանք կատարում են իրենց պարտավորությունները, մենք նույնպես կատարում ենք մերը: Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն: Այս պահին այն միակ երկիրն է, որի հետ մենք վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններ ենք վարում »,- ասել է Կոսը։



ՊԵԿ նախկին պաշտոնյայից պահանջում են հօգուտ պետության բռնագանձել 450 միլիոն դրամի գույք

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած Արմեն Լիպարիտի Մանուկյանից (Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի դստեր ամուսին) և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

1.  3 անշարժ գույք, որից 2-ը՝ Երևան քաղաքում, 1-ը՝ Կոտայքի մարզում.
2.  1 տրանսպորտային միջոց.
3.  2 իրավաբանական անձում մասնակցություն.
4.  211 միլիոն 795 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
5.  236 միլիոն 633 հազար դրամ՝ որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Հոկտեմբերի 9-ին Երևանի մի շարք փողոցներ երթևեկության համար փակ կլինեն


Հայաստան


«Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 24:00-ն, երթևեկության համար փակ կլինեն Հյուսիսային պողոտային հարող Պուշկինի և Տերյան փողոցները, ինչպես նաև Թումանյան – Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Արամի և Աբովյան խաչմերուկի հատվածը՝ ժամը 10:00-ից մինչև 20:00-ն:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:




Oragir.News-ի անդրադարձից հետո փոշու տարածումը սահմանափակվել է

Օրեր առաջ Տիգրան Մեծի պողոտայում Oragir.News-ն արձանագրել էր մի վիճաբանություն քաղաքացու և շինարարական աշխատանքներ իրականացնող աշխատակցի միջև։

Վեճի պատճառն այն էր, որ շինհրապարակում անվտանգության մի շարք նորմեր չէին պահպանվում, և փոշին լցվում էր մայթով անցնող անցորդների վրա։ Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ականատես եղանք, որ Oragir.News-ի անդրադարձից հետո խնդիրը լուծում է ստացել, շինարարության այդ հատվածը մեկուսացվել է պաշտպանիչ կտորով, և փոշին չի լցվում քաղաքացիների վրա։

Տեսանյութ:

Գերմանիայի արտաքին հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալներ փոխանցել Ադրբեջանին. DW

Գերմանիայի արտաքին հետախուզության նախկին ղեկավարն, ըստ Der Spiegel-ի, կարող էր տվյալներ փոխանցել Ադրբեջանին։

Այս մասին հայտնում է DW-ն:

Քննիչները կարծում են, որ Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (BND) նախկին ղեկավար Աուգուստ Հաննինգը պաշտոնը թողնելուց հետո վերլուծական զեկույցներ է պատրաստել «օտարերկրյա հետախուզական ծառայության անվտանգության կառույցի աշխատակցի» համար, գրում է Der Spiegel-ը։ Պարբերականի տվյալներով՝ այդ անձը կարող էր լինել ադրբեջանական հետախուզության սպա։

Պետական ծառայությունից հեռանալուց հետո Հաննինգը տեղափոխվել է մասնավոր ոլորտ և աշխատել որպես խորհրդատու ու լոբբիստ։ Նրա զբաղեցրած պաշտոններից մեկը եղել է Գերմանա-ադրբեջանական ֆորումի վարչության անդամի պաշտոնը։ Աուգուստ Հաննինգը Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայությունը ղեկավարել է 1998-2005 թվականներին։ Դրանից առաջ՝ 1980-ականների երկրորդ կեսին, նա աշխատել է Արևելյան Բեռլինում՝ ԳԴՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության մշտական ներկայացուցչությունում։

Այնտեղ Հաննինգը, մասնավորապես, զբաղվել է այն քաղաքացիների «գնումով» կամ ազատ արձակման կազմակերպմամբ, ովքեր ցանկանում էին ԳԴՀ-ից փախչել ԳՖՀ։ Գերմանիայի վերամիավորումից հետո Հաննինգը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Բոննի կառավարությունում և համակարգել է հատուկ ծառայությունների գործունեությունը։ 2000 թվականի մարտին Հաննինգը անձամբ մեկնել է Չեչնիա, որտեղ այդ ժամանակ պատերազմ էր ընթանում։ Լրատվամիջոցները գրել էին, որ այդ այցի թույլտվությունը տվել էր անձամբ Վլադիմիր Պուտինը։

2005 թվականի փետրվարին BND-ի ղեկավարը նկատվել էր Ռուսաստանի դեսպանատանը՝ Ունտեր-դեն-Լինդեն պողոտայում կազմակերպված նորաձևության ցուցադրության հյուրերի թվում, որտեղ մասնակցում էին ռուս մոդելներ։ 2021 թվականին Հաննինգը Լոնդոնի դատարանին գրավոր ցուցմունք է տվել՝ ի պաշտպանություն Օլեգ Դերիպասկայի՝ նրա և ռուսաստանցի մեկ այլ օլիգարխի՝ Միխայիլ Չյորնիի միջև դատական գործընթացի շրջանակում։ Իսկ 2016 թվականին Բեռլինում մասնակցել է «Քաղաքակրթությունների երկխոսություն» հիմնադրամի կազմակերպած համաժողովին։ Հիմնադրամը ղեկավարում էր «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախկին ղեկավար Վլադիմիր Յակունինը։ 2019 թվականին Հաննինգը հայտնվել էր լատվիական բանկի սնանկության շուրջ ծագած սկանդալի կենտրոնում։

Բանկը պատկանում էր ռուս-բրիտանացի գործարար Գրիգորի Գուսելնիկովին։ BND-ի նախկին ղեկավարը այդ բանկի վերահսկիչ խորհրդի անդամ էր։ 2021 թվականին Լատվիայում Հաննինգի և այլ անձանց դեմ ավելի քան 30 միլիոն եվրոյի հայց էր ներկայացվել՝ բանկի պարտատերերին վճարումներ կատարելու նպատակով։ BND-ի նախկին ղեկավարը կարող էր կորցնել անշարժ գույքն ու ընկերություններում ունեցած բաժնեմասերը։ Նրա կենսաթոշակի մի մասը սառեցվել էր։ Հաննինգի ձերբակալության մասին՝ լրտեսության կասկածանքով, ավելի վաղ հայտնել էր Գերմանիայի Դաշնային գլխավոր դատախազությունը։

Դրա տվյալներով՝ BND-ի նախկին ղեկավարը, մասնավորապես, կասկածվում է պետական դավաճանության փորձի և այլ երկրի օգտին գաղտնի հետախուզական գործունեություն իրականացնելու մեջ։ Մեղավոր ճանաչվելու դեպքում Հաննինգին կարող է սպառնալ վեց ամսից մինչև 10 տարվա ազատազրկում։

ՈւսանողականFest` հարթակ Հայաստանի բոլոր բուհերի ուսանողների համար


Հայաստան


Արդեն հինգերորդ տարին անընդմեջ «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամի «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագիրն իրականացնում է «ՈւսանողականFest»-ը՝ ստեղծելով հարթակ Հայաստանի բոլոր բուհերի ուսանողների համար՝ զարգանալու, նոր կապեր ստեղծելու, տարբեր ոլորտների մասնագետների փորձին ծանոթանալու և նրանց հետ անմիջական երկխոսություն ունենալու համար։

Այս տարի «ՈւսանողականFest 2026»-ը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին՝ Արմենիա Մարիոթ հյուրանոցում, և ակնկալվում է մեկ հարկի տակ համախմբել ավելի քան 500 ուսանողի։

Ֆեսթի առանցքում իրական պատմություններն են՝ մասնագիտական ճանապարհի, հաջողությունների, դժվարությունների, կարևոր որոշումների ու դրանցից քաղած դասերի մասին։ Մասնակիցները հնարավորություն կունենան ոչ միայն լսելու տարբեր ոլորտներում կայացած խոսնակներին, այլև ուղղելու իրենց հարցերը և անմիջականորեն հաղորդակցվելու նրանց հետ։

Այս տարվա խոսնակներն են՝

  • Լարիսա Հովհաննիսյան՝ «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամի և «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադիր,
  • Ռուբեն Եսայան՝ ժամանակակից գրող, բլոգեր և սցենարիստ,
  • Անի Խաչիկյան՝ դերասանուհի,
  • Դավիթ Տոնոյան՝ բժիշկ-ուրոլոգ, անդրոլոգ։

Խոսնակները ուսանողների հետ կկիսվեն իրենց մասնագիտական և անձնական ճանապարհի պատմություններով՝ ներկայացնելով ոչ միայն հաջողությունները, այլև դրանց հետևում եղած դժվարությունները, ձախողումները, կարևոր շրջադարձերն ու մարտահրավերները հաղթահարելու փորձը։

«ՈւսանողականFest»-ի նպատակն է երիտասարդներին հնարավորություն տալ հանդիպելու տարբեր մասնագիտական ուղիներ ընտրած մարդկանց, բացահայտելու նոր հեռանկարներ և ստանալու այն հարցերի պատասխանները, որոնք կարող են կարևոր լինել սեփական կրթական ու մասնագիտական ճանապարհը կառուցելիս։

Հինգերորդ տարին շարունակ «ՈւսանողականFest»-ը միավորում է տարբեր բուհերի և մասնագիտությունների ուսանողներին՝ ձևավորելով միջավայր, որտեղ հնարավոր է սովորել ոչ միայն հաջողության պատմություններից, այլև դրանց հասնելու ճանապարհից։ Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է պարզապես լրացնել հայտ:



Կայացավ «Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական երաժշտական արվեստի փառատոնը (տեսանյութ)

Կայացավ «Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական երաժշտական արվեստի փառատոնը: Փառատոնի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։ Այն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ։

 

Բացօթյա համերգի ընթացքում զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներն ու պատանիները հնարավորություն ունեցան մեկ բեմից հանդես գալ հայ և արտասահմանյան հանրահայտ երգիչների ու երաժշտական խմբերի հետ։

Վարդաձորի դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել

Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում։

2026 թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդման համաձայն՝ սեպտեմբերի 30-ին Վարդաձորի միջնակարգ դպրոցի ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ցուցափայտով հարվածել է աշակերտուհուն, որից հետո, երբ երեխան փախել է միջանցք, ուսուցչուհին դուրս է եկել և ձեռքով հարվածելով անչափահասին՝ քաշելով տարել է դասասենյակ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քննիչի կողմից ուսուցչուհու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, որը բավարարվել է:

Նրա նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։