Մենք կարող ենք հեշտությամբ վաղն առավոտյան լրահոսում գտնել մի վերնագիր հայ-թուրքական սահմանի բացման մասին. Միրզոյան

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վարշավայի անվտանգության ֆորումում հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հասունացել է։

«Մենք կարող ենք հեշտությամբ վաղն առավոտյան լրահոսում գտնել մի վերնագիր հայ-թուրքական սահմանի բացման մասին: Մենք կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ։ Սահմանը դեռ փակ է, բայց կարծում եմ՝ գործընթացը բավականին հասունացել է»,- ասել է Միրզոյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններին՝ Միրզոյանը հայտարարել է, որ խաղաղությունն արդեն հաստատված է։

Նրա խոսքով՝ Հայաստանը նպատակ ունի բարելավել հարաբերությունները հարևան երկրների հետ՝ անկախ այլ հանգամանքներից։ Նա ընդգծել է, որ այդ գործընթացը որևէ կերպ պայմանավորված չէ Հայաստանի եվրոպական ձգտումներով։

Միևնույն ժամանակ, Միրզոյանի գնահատմամբ՝ եթե Հայաստանը նպատակ ունի դառնալ Եվրամիության լիիրավ անդամ, ապա հարևանների հետ խնդիրներն ու հակամարտությունները կարող են վնասել այդ գործընթացին։

Գերլարված վիճակ՝ Շինարարների փողոցում․ կրպակներ են քանդում

Լարված իրավիճակ՝ Երևանի Շինարարների փողոցում։ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ՝ ծանր տեխնիկայով ապամոնտաժվում են առևտրի կրպակներն ու խանութները։

Առևտրականները պնդում են՝ ապամոնտաժումն ապօրինի է, և խախտում է իրենց սեփականության իրավունքը։

Իսկ քաղաքապետարանը հայտարարում է, որ գործընթացն ուղղված է ապօրինի շինությունների վերացմանն ու տարածքի բարեկարգմանը:

Նախօրեին քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով ապամոնտաժման թեմային, ասել էր, որ հանրային շահը միշտ գերակա է մասնավոր շահից։

«Շինարարների փողոցի մայթերը, այո՛, պետք է ազատվեն բոլոր կրպակներից, և այդ ամբողջ տարածքը պետք է վերադարձվի աջափնյակցիներին»,- ասել էր Տիգրան Ավինյանը։

Իսրայելի ավիացիոն իշխանությունները մերժել են Ethiopian Airlines-ի բեռնատար ինքնաթիռի վայրէջքը. Ynet


Աշխարհ


Իսրայելի ավիացիոն իշխանությունները մերժել են Ethiopian Airlines-ի բեռնատար ինքնաթիռի վայրէջքի թույլտվությունն, քանի որ ստացել են տեղեկատվություն, որ օդաչուներից մեկն Ինդոնեզիայի քաղաքացի է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է իսրայելական Ynet լրատվական հարթակը։

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին։ Հարթակի  տվյալներով՝ Ethiopian Airlines-ի բեռնատար ինքնաթիռն Ադիս Աբեբայի օդանավակայանից մեկնում էր Թել Ավիվ։ Վերելքից հետո Իսրայելի ծառայություններն ստացել էին անձնակազմի անդամների ցուցակը և պարզել, որ օդաչուներից մեկն ինդոնեզացի է։ Իսրայելի ավիացիոն կանոնների համաձայն՝ երկրի տարածք թռիչքներ չեն կարող կատարել այն օդաչուները, որոնք Իսրայելի հետ դիվանագիտական ​​հարաբերություններ չունեցող պետությունների քաղաքացիներ են։

Վայրէջքի թույլտվության մերժումից հետո ինքնաթիռը վերադարձել է Եթովպիա՝ նախապես թափելով վառելիքը։ Օդաչուն փոխարինվել է, ինչից հետո ինքնաթիռը կրկին մեկնել է Իսրայել և վայրէջք կատարել Թել Ավիվի օդանավակայանում։

Ինչպես նշում է հարթակը, Flydubai ավիաընկերության ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո Իսրայելի իշխանությունները խստացրել են օդային տարածքի նկատմամբ վերահսկողությունը և սկսել են ավելի հանգամանալից ստուգել երկիր ուղևորվող  ինքնաթիռների անձնակազմի անդամների և ուղևորների ցուցակները։



Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին․ News.am

Թերուս և այդ տարիքում ոչնչում չկայացած մարդկանց արձագանքելը շատ դժվար է, բայց ես մի անգամ արդեն հարցադրում արել եմ, թե արդյոք իրենք իրավաբանական դպրոցի վատ հետևանք են համարում դատախազին, արդարադատության նախարարին, ՆԳ նախարարին, ԲԴԽ նախագահին, ՄԻՊ–ին և այլն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով նախօրեին Հանրային հեռուսատտեսությամբ ՔՊ–ական պատգամավոր Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե իրավապահ համակարգում ներկա վիճակը Ղազինյանի ստեղծած իրավաբանությունն է (Նկատի ունենալով Դավիթ Ղազինյանի հորը՝ Գագիկ Ղազինյանին, ով երկար տարիներ եղել է ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի դեկանը–խմբ)։

«Հիմա այս պարագայում ենթադրյալ դավաճանության մեջ կասկածվող փոքրիկ խմբակի անդամը խոսում է իրավաբական դպրոցից կամ իմ հոր վաստակից։ Ես կարող եմ անգամ ասել հակառակը, որ այսօրվա իրավապահ մարմինների ղեկավարները չեն սերտել Ղազինյանի դասերը։ Սերտելու պարագայում և ձեր նշած սուբյեկտը, և իրենց թիմը ոչ միայն իշխանության չէր լինի, այլ կլիներ ճաղերի հետևում։

Նրանք վերցրել են իրավաբանական դպրոցի վատ կադրերին և նշանակել բարձր պաշտոնների։

Իմ տեղեկատվությամբ՝ արդարադատության նախարարն ու գլխավոր դատախազը նաև դասավանդում են։ Նրանք եթե սերտեին Ղազինյանի դասերը, այս վիճակը չէր լինի։ Իրենք եղածների մեջ ընտրել են այն մարդկանց, որոնք պատրաստ են ծառայելու։ Քաղաքական առումով ասեմ, որ հպարտ եմ իմ հորով։ Պատկերացրեք՝ ինչքան վատ կլիներ իմ և իմ ընտանիքի համար, առավել ևս հորս համար, եթե հանկարծ ձեր նշած սուբյեկտը լավ խոսեր մեր մասին։

Իմ կարծիքով, նա քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է։ Գուցե երազանք է եղել այդտեղ սովորելը։

Եթե չեմ սխալվում, 40–ն անց է, ես կարող եմ իրեն կոչել ընդամենը 8.5 տարեկան, քանի որ այդ տարիքի մարդն ունի ընդամենը 8.5 տարվա կենսագրություն և փորձում է գնահատել իրավաբանական դպրոցը։ Իրենց գործելաոճն է, ստորության գագաթնակետն է, երբ փորձում են իմ ծնողով կամ իմ ընտանիքով մեղմել իմ ընթացքը, որը չի ստացվի։ Փառք Տիրոջը, իմ հայրը գիտի և հասկանում է ամեն ինչ, որևէ պարագայում ինձ թույլ չէր տա, որ ես մեկ մեկր անգամ հետքայլ կատարեմ»,–ասաց նա։

Ո՞նց կարելի էր քաղաքի կենտրոնում նման անշնորհք, անփույթ արձան տեղադրել

Երևանի Շահումյանի անվան պուրակում մայրաքաղաքի ծննդյան 2808–ամյակի միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 10-ին բացվել է հայ թատրոնի և կինոյի մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի արձանը։ Բացման արարողությանը մասնակցել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մհեր Մկրտչյանն այն բացառիկ դերասաններից է, որի ստեղծած կերպարները տասնամյակներ անց շարունակում են ապրել մեր առօրյայում։ Մենք հիշում ենք նրա ֆիլմերի դրվագները, հաճախ օգտագործում նրա հերոսների խոսքերը, և այդ ամենը հարազատ է նաև երիտասարդ սերնդին։ Սա, կարծում եմ, լավագույնս ցույց է տալիս նրա արվեստի արժեքն ու ազդեցությունը», – ասել է Ավինյանը եւ ընդգծել է մեծանուն արվեստագետների ստեղծագործական ժառանգության նշանակությունը մայրաքաղաքի համար։ «Երևանի մշակութային պատմությունը ձևավորել են մարդիկ, որոնց ստեղծագործական ժառանգությունն այսօր էլ մեր քաղաքի ինքնության կարևորագույն մասն է», – նշել է նա։

Չնայած իշխանավորների հիացական գնահատականներին, արվեստագետների շրջանում քննադատության ալիք է բարձրացել արձանի շուրջ, շատերը կարծում են, որ քանդակը միջինից ցածր աշխատանք է, ավելի արժանի գործեր կային, և այլն: Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, որի հեղինակած Պարույր Սևակի արձանը նախորդ տարի մեծ քննադատությունների առիթ էր տվել, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վաստակավոր նկարիչ Տիգրան Արզումանյանի հեղինակած Մհեր Մկրտչյանի արձանին, նկատեց. «Ինձ ուղղակի շատ վշտացնում է այն, որ մեր քաղաքում հայտնվեց ևս մեկ շատ վատ քանդակ: Հասկանում եք: Մհեր Մկրտչյանի քանդակի համար տարիներ առաջ մրցույթ հայտարարեցին, ես էլ էի մասնակցում: Խի էդպիսի՞ գործեր կային մրցույթի ժամանակ: Այս քանդակը խայտառակություն է, դա քանդակ չի, ոչ մի կապ չունի այդ արձանը Մհեր Մկրտչյանի հետ: Քաղաքապետարանը հերթական բլեֆն է անում: Գիտե՞ք ինչն է վիրավորական, որ կոնկուրսի ժամանակ մերժվեցին շատ ավելի արժանի տարբերակներ: Ես հիշում եմ, որ երկու մրցանակ տվեցին տարիներ առաջ, մեկը` ինձ, մյուսը` Արա Շիրազին: Արվեստագետներն իրար մասին սովորաբար վատ են խոսում, բայց ես հարգում էի Արա Շիրազին, նա տաղանդավոր, շնորհքով տղա էր: Ես նրա գործերից մեկը մի անգամ քննադատեցի, բայց հիմա, որ դա համեմատում եմ այս խայտառակության հետ, ուղղակի սարսափում եմ: Ուսանողներս քիչ առաջ ցույց տվեցին,ասացին` ի՞նչ կապ ունի այդ արձանը Մհեր Մկրտչյանի հետ: Հեղինակը` ինքնակոչ Տիգրան Արզումանյանը, որի փեսան Երևանի քաղաքապետարանում բարձր պաշտոն է զբաղեցնում: Փեսայի միջոցով իր գործերն է առաջ տանում: Շան գլուխը այստեղ է թաղված: Ո՞նց կարելի էր քաղաքի կենտրոնում նման անշնորհք, անփույթ արձան տեղադրել: Ֆրունզիկը համաշխարհային դեմք է, գոնե մի փոքր սիմվոլիկա դներ գործի մեջ: Ի վերջո` արձան տեղադրելուց առաջ համապատասխան մասնագետներ են նայում գործը, ո՞վ է նայել Ֆրունզիկի արձանը, ոչ ոք: Որովհետև բոլորը իրար հետ կապված են»:

Qantas-ը փայտոջիլների պատճառով չեղարկել է Հռոմից նախատեսված չվերթը․ SMH

Ավստրալիական «Qantas» ավիաընկերությունը ստիպված է եղել հոկտեմբերի 10-ին չեղարկել Հռոմից Պերթ նախատեսված QF6 չվերթը։ Դեպքը տեղի է ունեցել ինքնաթիռի սրահում մահճակալի…

ԱՄՆ-ն, հավանաբար, չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանը, քանի որ մենք այժմ չենք հասկանում, թե ում հետ գործ ունենք․ Թրամփ

Միացյալ Նահանգները, հավանաբար, չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանը, քանի որ Վաշինգտոնն այժմ չի հասկանում, թե ում հետ գործ ունի․ հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Հանրապետական կուսակցության աջակիցների հետ հանդիպմանը։

«Հնարավոր է՝ մենք չափն անցել ենք ղեկավարության հարցում, որովհետև հիմա արդեն չենք հասկանում, թե ում հետ գործ ունենք, գրո՛ղը տանի», – ասել է նա:

Թրամփը հայտարարել է, որ հիմա ոչ ոք չի ցանկանում զբաղեցնել Իրանի ղեկավարի պաշտոնը։

 

240 գիտնական բաց նամակ է հղել Փաշինյանին ու Ռուբինյանին

240 գիտնական բաց նամակ է հղել Փաշինյանին ու Ռուբինյանին 2027թ․ գիտության բյուջեի վերաբերյալ

240 գիտնական ստորագրել են բաց նամակ 2027 թ․ գիտության բյուջեի վերաբերյալ։

Նամակը ուղղված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Կառավարության անդամներին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին և պատգամավորներին։

«Վերջին տարիներին գիտության պետական ֆինանսավորման աճը, իրականացվող քաղաքականությունը, Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի և Գիտության ոլորտի զարգացման 2026–2030 թվականների ռազմավարական ծրագրի (այսուհետ՝ Ռազմավարություն) ընդունումն աննախադեպ քայլեր են Հայաստանում մրցունակ գիտական համակարգ ձևավորելու ուղղությամբ։ Ռազմավարությունը սահմանում է հստակ և հավակնոտ թիրախներ՝ մինչև 2030 թվականը հետազոտությունների և մշակումների պետական ֆինանսավորումը պետք է հասնի ՀՆԱ-ի 0,75%-ին, իսկ հանրային հատվածում աշխատաժամանակի լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատող հետազոտողների թիվը՝ 3012-ից 6000-ի, ընդ որում՝ արդեն 2027 թվականին՝ 4000-ի։

Այս քաղաքականության առաջին արդյունքներն արդեն տեսանելի են՝ գիտական հրապարակումներում, նոր ենթակառուցվածքներում և հետազոտողների նոր սերնդի ձևավորման մեջ։ Գիտության մեջ ներդրումների լիարժեք արդյունքը տնտեսության զարգացման և պետության կարիքների բավարարման հարցում երևում է տարիներ անց, և մենք դեռ այդ ճանապարհի սկզբում ենք․ առաջին խոշոր բազմամյա դրամաշնորհային ծրագրերն ավարտվում են միայն այս տարի, իսկ մյուսներն ընթացքի մեջ են։ Արդեն կատարված ներդրումների արժեքը մեծապես կախված է նրանից, թե որքան շարունակական կլինեն գիտության զարգացմանն ուղղված քաղաքականությունն ու ֆինանսավորումն առաջիկա տարիներին։

Մինչդեռ 2027 թվականի պետական բյուջեի նախագծում, որին Կառավարությունը հավանություն տվեց հոկտեմբերի 1-ին, գիտության ֆինանսավորումը չի համապատասխանում Ռազմավարության թիրախներին հասնելու համար անհրաժեշտ ներդրումների ծավալին։ «Գիտատեխնոլոգիական գործունեություն» ծրագրի ընդհանուր ֆինանսավորումն աճում է մոտ 5%-ով, իսկ երկու առանցքային ուղղության՝ գիտական դրամաշնորհային և նպատակային ծրագրերի ֆինանսավորումը մնում է անփոփոխ՝ 2026 թվականի մակարդակում։ Քանի որ 2026 թվականին ծրագրի ֆինանսավորումը նվազել էր, նույնիսկ այս աճից հետո այն 2027 թվականին չի հասնում 2025 թվականի մակարդակին (33,9 մլրդ դրամ)։ Այսինքն՝ երեք տարվա կտրվածքով աճ չկա։ Այս պայմաններում անհասկանալի է, թե ինչպես կարելի է արդեն 2027 թվականին հետազոտողների թիվը հասցնել 4000-ի, ձևավորել նոր հետազոտական խմբեր և հայտարարել նոր դրամաշնորհային մրցույթներ։

Առաջիկա տարիներին հետազոտությունների և մշակումների պետական ֆինանսավորումը պետք է զգալիորեն և հետևողականորեն աճի, որպեսզի մինչև 2030 թվականը հասնի ՀՆԱ-ի 0,75%-ին և հիմք ստեղծի ոլորտի շարունակական զարգացման համար։ Եթե 2027 թվականին աճը սահմանափակվի շուրջ 5%-ով՝ անհրաժեշտ առնվազն 35%-ի փոխարեն, ապա հետագա տարիներին պահանջվող աճը պետք է շատ ավելի կտրուկ լինի՝ տարեկան մոտ 50%։ Մեր մտահոգությունը խորացնում է նաև 2026 թվականի փորձը․ բյուջեի լրացուցիչ հավելվածով գիտահետազոտական ծրագրերի և գիտական սարքավորումների համար նախատեսված առնվազն 7 մլրդ դրամը մինչ օրս չի հատկացվել։

Մի շարք մրցույթների գնահատումն արդեն ավարտվել է կամ ավարտման փուլում է։ Դրանց թվում են «Դոկտորական հետազոտությունների աջակցության ծրագիր – 2026», «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում – 2026», «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր – 2026», «PostDoc-Armenia – 2026» և «Նպատակային ծրագրեր – 2027» մրցույթները, որոնց ընդհանուր հաշվով ներկայացվել է ավելի քան 450 նախագիծ։ Այս ծրագրերի մեծ մասի մեկնարկը նախատեսված էր 2026 թվականին, սակայն դրանց ֆինանսավորման և իրականացման ժամկետների վերաբերյալ դեռևս հստակ տեղեկություններ չկան։

Առանձնապես խոցելի են արտերկրից գիտական ներուժի ներգրավմանն ուղղված երեք ծրագիրը։ Ծրագրերին դիմել են արտերկրում աշխատող ավելի քան 100 հետազոտող՝ Հայաստանի գիտական համակարգին հեռավար միանալու կամ իրենց գիտական գործունեությունն այստեղ շարունակելու համար։ Մրցույթներին մասնակցելու համար սահմանված էին գիտական արդյունավետության և համապատասխան որակավորման բարձր չափանիշներ, հետևաբար խոսքը մրցունակ հետազոտողների ներգրավման իրական հնարավորության մասին է։ Այս ծրագրերի մեկնարկի ժամկետներն արդեն անցել են, բայց մինչ օրս հայտնի չէ, թե երբ և ինչ ֆինանսավորմամբ դրանք կիրականացվեն։

Դրամաշնորհային և նպատակային ծրագրերի ֆինանսավորման անփոփոխ մնալը հատկապես խնդրահարույց է։ Այդ միջոցները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են․ 2025 թվականին դրանց կատարողականը գերազանցել է 95%-ը, ինչը համարվում է շատ լավ ցուցանիշ, և նույն պատկերն են ցույց տալիս 2026 թվականի առայժմ հասանելի տվյալները։ Գնաճի պայմաններում անփոփոխ ֆինանսավորումն իրականում նշանակում է հատկացումների կրճատում։ Բացի այդ, այս միջոցների զգալի մասը նախատեսված է ընթացիկ բազմամյա ծրագրերի համար։ Նոր մրցույթներ հնարավոր կլինի ֆինանսավորել միայն ավարտվող ծրագրերից ազատվող գումարներով։ Նման պայմաններում լավագույն դեպքում կպահպանվի հետազոտական խմբերի ներկայիս թիվը։ Մինչդեռ Ռազմավարությունը նախատեսում է այդ թիվն ավելացնել և ներգրավել ավելի շատ երիտասարդ ու Հայաստան վերադարձող գիտնականներ։

Այս որոշումներն ուղղակիորեն ազդելու են նաև Ակադեմիական քաղաքի վրա, որը կրթության և գիտության ոլորտում Կառավարության առանցքային նախագծերից մեկն է և որի շինարարությունը նախատեսվում է սկսել 2027 թվականին։ Ակադեմիական քաղաքի իրական արժեքը կախված կլինի ոչ միայն նոր ենթակառուցվածքներից, այլև այնտեղ աշխատող գիտնականների և դասախոսների ներուժից։ Այդ ներուժը ձևավորվում է հենց հիմա՝ նոր հետազոտական խմբերի, երիտասարդ գիտնականների և արտերկրից ներգրավված մրցունակ հետազոտողների շնորհիվ։ Եթե գիտության զարգացումն այսօր դանդաղի, Ակադեմիական քաղաքը կարող է ունենալ նոր ենթակառուցվածքներ, բայց չունենալ բավարար թվով որակյալ հետազոտողներ և դասախոսներ՝ դրանք լիարժեք օգտագործելու համար։ Բուհերի համար նույնպես դժվար կլինի ապահովել արդիական, գիտահետազոտական հենք ունեցող կրթություն։

Այս համատեքստում լրացուցիչ մտահոգություն է առաջացնում ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի սեպտեմբերի 29-ի հրաժարականը։ Նա իր որոշումը պատճառաբանեց նրանով, որ «առկա միջավայրում» և իրեն հասանելի գործիքներով այլևս չի կարող ապահովել բարեփոխումների համար անհրաժեշտ «տեմպը, հետևողականությունն ու պատասխանատվության մակարդակը»։ Անկախ հրաժարականի պատճառներից՝ 2027 թվականի բյուջետային որոշումների և ոլորտի ղեկավարության փոփոխության համընկնումը պահանջում է հստակ և բաց հաղորդակցություն գիտական համայնքի հետ։ Մեր մտահոգությունը վերաբերում է ոչ թե որևէ անձի, այլ գիտության պետական քաղաքականության շարունակականությանը, կանխատեսելիությանը և ռազմավարական նպատակների իրականացմանը։

Հայաստանի գիտական համակարգը դեռևս զգայուն է քաղաքականության կտրուկ փոփոխությունների և ֆինանսավորման անկանխատեսելիության նկատմամբ։ Չհիմնավորված կամ անկանխատեսելի փոփոխությունները կարող են ոչ միայն թուլացնել արդեն ձևավորված խմբերը և խթանել մասնագետների արտահոսքը, այլև նվազեցնել Հայաստանի գրավչությունն երիտասարդ և վերադարձող գիտնականների համար, խաթարել միջազգային գործընկերների վստահությունը և վնասել երկրի գիտական հեղինակությանը։ Խաթարված վստահությունն ու վնասված հեղինակությունը վերականգնելու համար կարող է պահանջվել շատ ավելի երկար ժամանակ և ավելի մեծ ռեսուրս, քան այսօրվա ձեռքբերումները պահպանելու և Ռազմավարությանը համահունչ զարգացումն ապահովելու համար։

Ուստի կոչ ենք անում Ձեզ 2027 թվականի պետական բյուջեում անհրաժեշտ չափով ավելացնել գիտական դրամաշնորհային և նպատակային ծրագրերի ֆինանսավորումը։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի մեկնարկել արդեն գնահատված նախագծերը և շարունակել ընթացիկ բազմամյա ծրագրերը՝ առանց գիտնականների թիվը կրճատելու։

Ակնկալում ենք նաև, որ Կառավարությունը և գիտության քաղաքականության ու ֆինանսավորման համար պատասխանատու մարմինները գիտական համայնքի հետ բաց և բովանդակալից երկխոսություն կծավալեն։ Կարևոր է հստակ պատասխան ստանալ այն հարցին, թե արդյոք Կառավարության ծրագրով և Ռազմավարությամբ սահմանված նպատակներն ու դրանց հասնելու ճանապարհը մնում են անփոփոխ։ Եթե փոփոխություններ են նախատեսվում, դրանք պետք է նախապես և հրապարակայնորեն ներկայացվեն՝ պատճառների բացատրությամբ և հնարավոր հետևանքների գնահատմամբ։

Գիտության քաղաքականությունը կարող է վերանայվել, բայց յուրաքանչյուր փոփոխություն պետք է հիմնավորվի և քննարկվի գիտական համայնքի հետ։ Մեզանից շատերն իրենց կյանքի ու աշխատանքի կարևոր որոշումները կայացրել են՝ վստահելով այդ քաղաքականությանը։ Այսօրվա որոշումներից է կախված նաև, թե արդյոք երիտասարդ գիտնականներն ու արտերկրում աշխատող հայ և օտարերկրյա հետազոտողները կկապեն իրենց ապագան Հայաստանի հետ։

Մենք ցանկանում ենք մեր գիտելիքը, ժամանակը և ջանքերը շարունակել ներդնել Հայաստանում՝ մրցունակ գիտություն, գիտելիքահեն տնտեսություն և տեխնոլոգիապես ուժեղ երկիր կառուցելու համար, սակայն պետությունն ևս պետք է նույնքան հետևողական լինի իր հանձնառություններում։ Մրցունակ գիտությունը կառուցվում է միայն վստահության, շարունակականության և կանխատեսելիության վրա»,- նշված է նամակում։

Հոգեկան առողջությունը բարեկեցիկ կյանքի կարևորագույն բաղադրիչներից մեկն է (տեսանյութ)

Հոգեկան առողջությունը բարեկեցիկ կյանքի կարևորագույն բաղադրիչներից մեկն է․ դրա պահպանումը պահանջում է արձագանք, աջակցության ծառայությունների հասանելիություն և խարանի հաղթահարում։

 

Հոկտեմբերի 10-ին ամբողջ աշխարհում նշվում էր Հոգեկան առողջության համաշխարհային օրը։ 2026 թվականի համաշխարհային թեման է՝ «Ապրած փորձառություններ. իրական ձայներ, իրական փոփոխություններ»։ Այս համատեքստում Երևանի քաղաքապետարանը մի շարք ծրագրերով ապահովում է հոգեկան առողջության ծառայությունների հասանելիությունն ու զարգացումը։

 

Աջակցությունն ավելի մոտ է, քան թվում է, և այն հասանելի է 0 800 00 900 հեռախոսահամարով՝ հնարավորություն տալով քաղաքացիներին ստանալ մասնագիտացված հուզական աջակցություն և համապատասխան ուղղորդում։

 

Հոգեկան առողջության պահպանումը առողջ և ներառական քաղաքային միջավայրի կարևոր նախապայմանն է։

 

Չկա առողջություն առանց հոգեկան առողջության։

ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ փոխանակվում է հետախուզական տեղեկություններով. ԱՄՆ սենատոր

Միացյալ Նահանգները Ուկրաինայի հետ փոխանակվում են հետախուզական տեղեկություններով: Այս մասին հայտնել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ, հանրապետական Ռոջեր Ուիքերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Դա փաստ է․ Միացյալ Նահանգները հետախուզական տվյալներ են փոխանցում, բայց միևնույն ժամանակ մենք ԱՄՆ-ում շատ հետախուզական տվյալներ ենք ստանում մեր ուկրաինացի բարեկամներից: Ուզում եմ, որ դուք հասկանաք․ սա երկկողմանի երթևեկությամբ փողոց է», – ասել է սենատորը՝ ելույթ ունենալով Վարշավայի անվտանգության ֆորումում:

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան անցյալ գիշերվա պայթյուններից առաջ գործընկերներից հետախուզական տվյալներ չի ստացել: Իր հերթին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան պնդում էր, որ Կիևը շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից: