Ըստ Թրամփի՝ Պուտինը ավելի շատ է ուզում խաղաղություն, քան Զելենսկին

Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի շատ է ձգտում գործարք կնքել Ուկրաինայի հարցով, քան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին նա ասել է Օհայո մեկնելուց առաջ՝ լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ։

«Կարծում եմ, որ Պուտինն իրականում ավելի շատ է ուզում գործարք կնքել, քան Զելենսկին»,- ասել է Դոնալդ Թրամփը։ Նա շեշտել է, որ կողմերը ցանկանում են գործարք կնքել, սակայն չգիտեն թե ինչպես։ Իսկ Միացյալ Նահանգները, ըստ Թրամփի, կստիպի, որ նրանք վերջապես գործարք կնքեն։

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում վերհանված խնդիրները մանրամասն վերլուծվում են․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հոկտեմբերի 13-ին հերթական այցն են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

Դիտարկվել են ազատությունից զրկվածների իրավունքների ապահովման, առողջական վիճակին, անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրման և պատշաճ բժշկական հսկողության ապահովմանն առնչվող հարցերը:

Բարձրացված վերաբերելի հարցերը քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և բժշկական անձնակազմի հետ։

Առանձնազրույցների բովանդակությունը և անձանց բժշկական գաղտնիք կազմող տեղեկությունները ենթակա չեն հրապարակման:

Թեև հացադուլ հայտարարելն անձի իրավունքն է, և ՄԻՊ հաստատությունը հացադուլի վարման պետության պարտավորությունները մշտապես քննարկման առարկա է դարձնում` այդ հանգամանքը նկատի ունենալով, ազատությունից զրկված անձանց ներկայացվել են տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու հնարավոր բացասական հետևանքները նրանց առողջական վիճակի վրա:

Ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:

Այցերի շրջանակում ազատությունից զրկված անձանց ներկայացրած հանգամանքները, ինչպես նաև վերհանված խնդիրները մանրամասն վերլուծվում են, հասցեավորվում իրավասու պետական մարմիններին, իսկ համակարգային խնդիրների վերաբերյալ ներկայացվում են նաև համապատասխան առաջարկներ՝ ոլորտը բարելավելու նպատակով:

Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից խորագրով ժամանակավոր ցուցադրություն


Մշակույթ


Նիկոսիայի Մակարիոս III արքեպիսկոպոսի հիմնադրամի Բյուզանդական թանգարանում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Այն կգործի մինչև 2027 թվականի ապրիլի 9-ը։

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ  կազմակերպված ցուցադրությունն անդրադառնում է Հայաստանի և Կիպրոսի ընդհանուր քրիստոնեական ժառանգությանը, երկու երկրների պատմամշակութային կապերին։

Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված չորս բացառիկ նմուշները՝  18-րդ դարի արծաթե լանջախաչը՝ պահպանված Երևանի Սուրբ Պետրոս և Պողոս եկեղեցուց,  12–13-րդ դարերի Դվինի ջնարակված կավե ափսեն, 10–11-րդ դարերի բրոնզե բուրվառը՝ հայտնաբերված Անիի Գագկաշեն եկեղեցու պեղումների ընթացքում, Կիլիկիայի հայկական թագավորության Լևոն Ա թագավորի (1198–1219) արծաթե կես կրկնադրամը, ներկայացնում են հայկական մշակույթի տարբեր դրսևորումները։

Ցուցադրությունում առանձնահատուկ տեղ ունի Սուրբ Մակարի վանքից ծագող հայկական Ավետարանը, որը Կիպրոսի Հայոց թեմի համաձայնությամբ մշտապես ցուցադրվում է Բյուզանդական թանգարանում և հիմք է հանդիսացել ցուցադրության գաղափարի համար։

Ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի և Մակարիոս III արքեպիսկոպոսի հիմնադրամի Բյուզանդական թանգարանի համագործակցությամբ՝ Կիպրոսում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և Կիպրոսի Հայոց առաջնորդարանի մասնակցությամբ։ Ցուցադրությունն իրականացվում է CDA Group-ի, Arsen Theofanidis LLC-ի, VISA Concord-ի և Կիպրոսում ՀՀ պատվավոր հյուպատոսի աջակցությամբ։



Նույնիսկ եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, Ադրբեջանը հայկական կողմին երբեք հանգիստ չի թողնելու. Կիվիրյան

Պետությունների մոտ կա քաղաքական վարքագիծ. եթե դու մի անգամ հաղթել ես, դա չի նշանակում, որ հանգիստ ապրելու ես. դու պետք է ամեն ինչ անես, որպեսզի դիմացի կողմը չկարողանա…

Անատոլի Կաշպիրովսկուն հուղարկավորել են Ուկրաինայում՝ ծնողների և դստեր կողքին

1980-ականների վերջի առողջության վերաբերյալ հանրահայտ հեռուստատեսային սեանսների մասնակից և հայտնի հոգեթերապևտ Անատոլի Կաշպիրովսկուն հուղարկավորել են Ուկրաինայի Վիննիցայում։ Դրա…

Ինչո՞ւ է թանգարանային նմուշի ծագման վայրի փոխարեն նշվել «անհայտ». Պատմության թանգարանի տնօրենի պարզաբանումը

Հայաստանի պատմության թանգարանում բացված «Առասպելներ, պաշտամունքներ, տիեզերագիտություն․ Բեռլինի թանգարանային կղզուց» ցուցադրության նմուշներից մեկի նկարագրության դաշտում նշված «Անատոլիա, Թուրքիա» ձևակերպումը փոխարինվել է «անհայտ» գրառմամբ։

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն ABC Media-ի հետ զրույցում ասաց, որ նմուշը պատկանում է Բեռլինի նախապատմության և վաղ պատմության թանգարանին, որտեղ այն այդպես է գրանցվել դեռևս 1970-ական թվականներից։

«Մենք՝ Պատմության թանգարանը, մեղք չունենք, որ 1970-ական թվականներից իրենց մոտ այդպես է դա ֆիքսվել»,- ասաց Դավիթ Պողոսյանը։

Նրա խոսքով՝ միջազգային թանգարանային համագործակցության շրջանակում յուրաքանչյուր առարկայի մեկնաբանությունը կազմվում է այն թանգարանի գիտատեղեկատվական նյութերի հիման վրա, որտեղ պահվում է նմուշը։ Երբ հայ հանրության շրջանում «Անատոլիա, Թուրքիա» ձևակերպումը խնդրահարույց է համարվել, Հայաստանի պատմության թանգարանը քննարկել է հարցը գործընկերների հետ։

Հարցին, թե ինչո՞ւ թանգարանը չի առաջարկել «Արևմտյան Հայաստան» ձևակերպումը, եթե նմուշի ծագման վայրի վերաբերյալ հանրային պահանջը հենց դա է, Պողոսյանը հակադարձեց՝ հարցնելով, թե ի՞նչ հիմքով է պնդվում, որ նմուշն անպայման այդտեղից է։ Պատասխան հարց հնչեցրինք․ եթե անհայտ է, ինչո՞ւ նշվեց «Արևելյան Անատոլիա, Թուրքիա»։

Պողոսյանի խոսքով՝ նմուշի ծագման վայրի վերաբերյալ հստակ տվյալներ չեն տրամադրվել, և դրա համար էլ ցուցանակին վերջում նշվել է «անհայտ»։

Տնօրենը, միաժամանակ, ընդունեց, որ տարբեր թանգարանների գիտական մոտեցումները կարող են չհամընկնել հանրության սպասելիքների հետ։ Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում մասնագիտական քննարկումներ պետք է կազմակերպել նաև միջազգային գործընկերների հետ։

Դավիթ Պողոսյանը հայտնեց, որ ցուցահանդեսի շրջանակում նախատեսվում է կուրատորների հետ հանրային դասախոսություն։

«Մեկնաբանություն պահանջողները կարող են մասնակցել այդ քննարկմանը»,- ասաց նա։

Անի Աբաղյան

 

Հերթեր՝ Վինսենտ վան Գոգի Ծաղկած շագանակենիներ կտավը տեսնելու համար


Աշխարհ


Հոնկոնգում հարյուրավոր մարդիկ հերթ են կանգնել՝ Վինսենտ վան Գոգի «Ծաղկած շագանակենիներ» կտավը տեսնելու համար, որը հանրությանը չէր ցուցադրվել ավելի քան 60 տարի։ Նկարը նոյեմբերի 18-ին կվաճառվի Նյու Յորքում Sotheby’s աճուրդում․ արժեքը գնահատվում է շուրջ 180 միլիոն դոլար։

1890 թվականի մայիսին ստեղծված կտավը Վան Գոգի կյանքի վերջին շրջանի կարևոր գործերից է։ Նկարիչն այն ստեղծել է Ֆրանսիայի Օվեր-սյուր-Ուազ գյուղում՝ մահից մոտ երկու ամիս առաջ։

Նկարում պատկերված է ծաղկած հսկայական շագանակենի։ Աճուրդում կտավը կարող է սահմանել Վան Գոգի ստեղծագործությունների վաճառքի նոր ռեկորդ։ Այն վաճառքի կհանվի երկար ժամանակ հանրությանն անհասանելի մնացած 12 ստեղծագործությունից բաղկացած հավաքածուի կազմում։ Հավաքածուում են նաև Պոլ Սեզանի և Կլոդ Մոնեի աշխատանքները։



Մտորումներ՝ Թրամփի «կորիդորին» սպասելիս – Հրապարակ

ԵՄ առաջնորդների՝ այս օրերի պահվածքին պետք է ըմբռնումով մոտենալ: Նրանք դարձել են ուկրաինական մայդանի (գունավոր հեղափոխություն, թավշյա հեղափոխություն) զոհը: Մայդանն ո՞ւմ գործն էր… ԱՄՆ-ի: Մայդանից ո՞վ շահեց… ԱՄՆ-ն: Դե իսկ ամենաշատը տուժեց մայդան արած ժողովուրդը, նրանից հետո՝ Ուկրաինան, ԵՄ-ն, նաեւ՝ ՌԴ-ն: Չոր փաստերը սրանք են: Իսկ եթե իրադարձություններին նայենք ռուս-ուկրաինական հակամարտության ողջ երկայնքով, ապա կտեսնենք, որ այդ հակամարտության շնորհիվ ավարտվեց ռուս-եվրոպական «ջերմացումը»՝ տեղը զիջելով կողմերի միջեւ նոր ու կատաղի հակամարտության: Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը մոռացած՝ Եվրոպան կրկին նետվեց Ռուսաստանի դեմ պայքարի կրակների մեջ՝ չունենալով դրա համար լրջագույն պատճառներ: Կարելի է ասել՝ ԱՄՆ-ի թեթեւ ձեռքով: Իսկ ամենազարմանալին էլ այն էր, որ ամբողջ ԵՄ-ում չգտնվեց մի առաջնորդ, որ մյուսներին բացատրեր մի հասարակ բան, որ Ռուսաստանի հետ ավելի հեշտ է համագործակցել, քան պատերազմել: Մի թեթեւ հույս էր ներշնչում կանցլեր Անգելա Մերկելը, բայց նա էլ ի զորու չեղավ գերմաներեն խոսող Պուտինի հետ իր լավ հարաբերություններով իրավիճակ փոխել:

Ամերիկյան հովերով տարված եվրոպացի երիտասարդ առաջնորդները ռուս-ուկրաինական հակամարտությունն ընդունեցին որպես ռուսական ընդերքին եւ էներգակիրներին հասանելիություն ստանալու լավ առիթ: «Բարեկրթված» Եվրոպան, բնականաբար, Հիտլերի ճանապարհով չգնաց: Պատճառը, թերեւս, «Հիտլեր» չունենալն էր եւ, իհարկե, հակառուսական պատժամիջոցների ամերիկյան «զենքը», որ նրանց կարծիքով պետք է ծնկի բերեր Ռուսաստանին: Ռուս-ուկրաինական հակամարտությունից ավելի քան 10 տարի անց, սակայն, պարզվեց, որ անգլո-ամերիկյան կլանը տակավին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ որդեգրած քաղաքականությունն է վարում, այն է՝ եթե տեսնենք, որ Գերմանիան է հաղթում, կօգնենք Ռուսաստանին (ԽՍՀՄ-ին), իսկ եթե տեսնենք, որ Ռուսաստանն է հաղթում, օգնության կհասնենք Գերմանիային: Ամեն ինչ կախված էր այն բանից, թե պատերազմի որ փուլում ԱՄՆ-ն եւ Անգլիան կհամարեին, որ ուրիշի ձեռքով իրենց շագանակներն արդեն հանել են կրակից:

Հիմա դուք ինչքան ուզում եք ինձ համոզեք, որ Թրամփը Սենատի ընտրություններից վախեցավ ու որոշեց պաշտպանել ամերիկացի հարկատուների շահերը եւ էժան դիզվառելիք գնեց Ռուսաստանից՝ չնայած խիստ պատժամիջոցներին: Չկա այդպիսի բան: Իսկ ո՞ւր է Մեծ Բրիտանիան… Ասես գետնի տակն է անցել: Այդ երկիրը ժամանակին ճողոպրեց ԵՄ-ից, բայց շուտով, երբ Ուկրաինայի հարցերը լուծվեն, եւ ահռելի գումարներ կորցրած ու հասարակական հուզումներից թուլացած ԵՄ-ի գլխին կրկին կախվի Ռուսաստանին միայնակ դիմակայելու վտանգը, կհայտնվի ԱՄՆ-ի կողքին, որ «փրկի» Բեռլինը: Այս իրավիճակում Մակրոնին, Մերցին, Տուսկին եւ ԵՄ մյուս առաջնորդներին, այդ թվում եւ մերձբալթյան երկրների, կարելի է միայն լիքը փող մաղթել, որ կարողանան հնարավորինս շատ անօդաչու թռչող սարքեր գնել Զելենսկու համար եւ շարունակել ռուս-ուկրաինական իմաստազուրկ պատերազմը:

Այդ պատերազմը շուտով կավարտվի: Անգլո-ամերիկյան թերթերն այդ օրը կգրեն, որ Թրամփն այն դադարեցրեց, իսկ ռուսական մամուլը կազդարարի նոր «Մայիսի 9-ի»՝ նոր հաղթանակի օրվա մասին: Իսկ ինչ կգրեն եվրոպական թերթերը՝ դժվար է ասել: Դուք կարծում եք, որ Մակրոնը, Տուսկը կամ Մերցը ինքնասպանությո՞ւն կգործեն՝ Ուկրաինային եւ նրա ժողովրդին պատճառած ահավոր տառապանքների համար: Քավ լիցի: Նրանք դարձյալ կնետվեն հաղթողի գիրկը, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Սա է Եվրոպայի անվտանգության մոդելը:

ՀԳ. Բա Զելենսկի՞ն… Թրամփն ասել է, որ Ուկրաինային նոր առաջնորդ է պետք: Կիսում եմ Թրամփի կարծիքը, բայց ինձ ավելի շատ հուզում է Զելենսկու ճակատագիրը, որը, ի դեպ, 6 ամսով հրադադար է խնդրել՝ նոր ընտրություններ կազմակերպելու համար: Հիշում եմ մեր Զելենսկուն՝ Նիկոլ Փաշինյանին, որ ճիշտ այդքան ժամանակ էր խնդրում իր հարցերը կարգավորելու համար: Փաշինյանի դեպքում Թուրքիան ու Ադրբեջանն ընդառաջ գնացին եւ պահեցին նրան պաշտոնում: Ռուսաստանն արդյոք նույնքան «հանդուրժող» կգտնվի՞ Զելենսկու հանդեպ, որ երբեք Մոսկվա չգնաց ու Պուտինի գիրքը կրծքին սեղմած չնկարվեց: Թրամփը նույնիսկ Զելենսկու դատավճիռն է կարդացել՝ նշելով, որ Զելենսկին ոչ միայն Ուկրաինայի ժողովրդի պարտության սիմվոլն է, այլեւ վտանգ է ներկայացնում ամերիկացի ֆերմերների եւ մյուս հարկատուների համար, որոնք շարունակում են վճարել Զելենսկու «ծախսերը»: Մենք նույնը չէի՞նք ասում Փաշինյանին՝ պարտված ղեկավարը պետք է հեռանա, եւ նոր բանակցող գա՝ ցեխն ընկած մեր էշը ցեխից հանելու համար: Բայց այսօր ի՞նչ գործի ենք… Այո, շարունակում ենք վճարել Փաշինյանի անիմաստ գոյության համար, որ մի յուրատեսակ պատերազմ է՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի վերացման նշմարվող ելքով:

Կլինի՞ Մխիթարյանն այսօր մեկնարկային կազմում, թե ոչ

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, կմեկնարկեն ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի երկրորդ տուրի հանդիպումները։ Եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի շրջանակում այսօր իր հերթական հանդիպումը կանցկացնի նաև Միլանի «Ինտերը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։

Իտալական ակումբը սեփական հարկի տակ կընդունի բելգիական «Բրյուգեին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։ «Ինտերի» համար այս խաղը կարևոր նշանակություն ունի, քանի որ միլանյան թիմը մրցաշարի առաջին տուրում պարտվել է Մադրիդի «Ռեալին» և այժմ ձգտելու է սեփական երկրպագուների ներկայությամբ վաստակել առաջին միավորները։

Մխիթարյանը՝ «Պարմայի» դեմ արդյունավետ խաղում

«Ինտերը» Չեմպիոնների լիգայի հանդիպմանը մոտենում է Իտալիայի առաջնությունում տարած վստահ հաղթանակից հետո։ Հոկտեմբերի 10-ին միլանյան թիմը սեփական հարկի տակ 3։0 հաշվով առավելության է հասել «Պարմայի» նկատմամբ։

Այդ խաղում Հենրիխ Մխիթարյանը բավականին լավ տպավորություն է թողել՝ աչքի ընկնելով ոչ միայն խաղային ակտիվությամբ, այլև գոլային փոխանցմամբ։ Հայ ֆուտբոլիստի մասնակցությամբ «Ինտերը» կարողացել է արդյունավետ գործել հարձակման գծում և մրցակցի նկատմամբ համոզիչ հաղթանակ տանել։

Այդուհանդերձ, «Պարմայի» դեմ խաղում գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն կազմի որոշակի ռոտացիա էր կատարել՝ հանգստի հնարավորություն տալով մի շարք առանցքային ֆուտբոլիստների։ Հետևաբար, այսօր կայանալիք եվրոպական հանդիպման մեկնարկային կազմը հատկապես հետաքրքիր է նաև Մխիթարյանի մասնակցության տեսանկյունից։

Մխիթարյանը կմեկնարկի՞ առաջին րոպեներից

Իտալական և միջազգային մարզական լրատվամիջոցների հրապարակած նախնական կազմերի համաձայն՝ «Բրյուգեի» դեմ խաղում «Ինտերը» պատրաստվում է վերադառնալ ավելի ուժեղացված մեկնարկային կազմին։ Մասնավորապես, Football Italia-ն հոկտեմբերի 13-ի իր նախախաղային հրապարակման մեջ նշում է, որ Լաուտարո Մարտինեսը, Նիկոլո Բարելլան և Ալեսանդրո Բաստոնին, որոնք «Պարմայի» դեմ խաղում մեկնարկային կազմում չէին, վերադառնալու են հիմնական կազմ։

Սակայն Մխիթարյանի՝ մեկնարկային կազմում լինելու հարցը միանշանակ պատասխան չունի։ Թեև հայ կիսապաշտպանը «Պարմայի» դեմ լավ հանդիպում է անցկացրել, գլխավոր մարզիչը կարող է հաշվի առնել նաև ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածությունն ու մարտավարական առաջադրանքները։

Այս պահին պետք է տարբերակել նախնական կանխատեսումները պաշտոնապես հաստատված կազմից․ վերջինս հայտնի է դառնում հանդիպման մեկնարկից առաջ։ Հետևաբար, Մխիթարյանի մեկնարկային կազմ մտնելու կամ պահեստայինների նստարանին մնալու վերաբերյալ վերջնական պատասխանը կտրվի խաղի պաշտոնական հայտացուցակի հրապարակումից հետո։

Հայ երկրպագուների համար, բնականաբար, ամենակարևոր հարցերից մեկը մնում է այն, թե արդյոք Հայաստանի հավաքականի նախկին ավագը հնարավորություն կունենա խաղադաշտ դուրս գալ հենց առաջին րոպեներից։ «Պարմայի» դեմ նրա արդյունավետ խաղը լավ հիմք է տալիս սպասելու, որ Մխիթարյանը կարող է կարևոր դեր ունենալ նաև Չեմպիոնների լիգայում։

Այսօր «Ինտերը» պայքարելու է ոչ միայն հաղթանակի, այլև մրցաշարում իր դիրքերը բարելավելու համար։ Իսկ Մխիթարյանի մասնակցությունը կարող է լրացուցիչ հետաքրքրություն հաղորդել միլանյան ակումբի հերթական եվրոպական մրցավեճին։