Հայաստանի պատմության թանգարանում բացված «Առասպելներ, պաշտամունքներ, տիեզերագիտություն․ Բեռլինի թանգարանային կղզուց» ցուցադրության նմուշներից մեկի նկարագրության դաշտում նշված «Անատոլիա, Թուրքիա» ձևակերպումը փոխարինվել է «անհայտ» գրառմամբ։
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն ABC Media-ի հետ զրույցում ասաց, որ նմուշը պատկանում է Բեռլինի նախապատմության և վաղ պատմության թանգարանին, որտեղ այն այդպես է գրանցվել դեռևս 1970-ական թվականներից։
«Մենք՝ Պատմության թանգարանը, մեղք չունենք, որ 1970-ական թվականներից իրենց մոտ այդպես է դա ֆիքսվել»,- ասաց Դավիթ Պողոսյանը։
Նրա խոսքով՝ միջազգային թանգարանային համագործակցության շրջանակում յուրաքանչյուր առարկայի մեկնաբանությունը կազմվում է այն թանգարանի գիտատեղեկատվական նյութերի հիման վրա, որտեղ պահվում է նմուշը։ Երբ հայ հանրության շրջանում «Անատոլիա, Թուրքիա» ձևակերպումը խնդրահարույց է համարվել, Հայաստանի պատմության թանգարանը քննարկել է հարցը գործընկերների հետ։
Հարցին, թե ինչո՞ւ թանգարանը չի առաջարկել «Արևմտյան Հայաստան» ձևակերպումը, եթե նմուշի ծագման վայրի վերաբերյալ հանրային պահանջը հենց դա է, Պողոսյանը հակադարձեց՝ հարցնելով, թե ի՞նչ հիմքով է պնդվում, որ նմուշն անպայման այդտեղից է։ Պատասխան հարց հնչեցրինք․ եթե անհայտ է, ինչո՞ւ նշվեց «Արևելյան Անատոլիա, Թուրքիա»։
Պողոսյանի խոսքով՝ նմուշի ծագման վայրի վերաբերյալ հստակ տվյալներ չեն տրամադրվել, և դրա համար էլ ցուցանակին վերջում նշվել է «անհայտ»։
Տնօրենը, միաժամանակ, ընդունեց, որ տարբեր թանգարանների գիտական մոտեցումները կարող են չհամընկնել հանրության սպասելիքների հետ։ Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում մասնագիտական քննարկումներ պետք է կազմակերպել նաև միջազգային գործընկերների հետ։
Դավիթ Պողոսյանը հայտնեց, որ ցուցահանդեսի շրջանակում նախատեսվում է կուրատորների հետ հանրային դասախոսություն։
«Մեկնաբանություն պահանջողները կարող են մասնակցել այդ քննարկմանը»,- ասաց նա։
Անի Աբաղյան