ԱՄՆ ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելը ժամանել է Ռուսաստան

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է Ռուսաստան՝ բանակցություններին մասնակցելու նպատակով․ հայտնում է MS NOW հեռուստաալիքը։

Աղբյուրների տվյալներով՝ այցը կտևի երկու օր։ Այդ ընթացքում Պատելը նախատեսում է այցելել Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ։

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ՀԴԲ-ի ղեկավարը Ռուսաստան է այցելում առաջին անգամ՝ 2013 թվականից ի վեր։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ չի կարող մեկնաբանել Պատելի՝ Մոսկվա հնարավոր այցի վերաբերյալ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունները։

Նրա խոսքով՝ նման այցերի մասին գրեթե երբեք նախապես չի հայտարարվում։

Թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ․ ՍԴ

2026 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ, որի օրակարգում ՍԴ նախագահի ընտրության հարցն էր։

Աշխատակարգային նիստում որպես ՍԴ նախագահի թեկնածու առաջադրվել է ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանի թեկնածությունը, իսկ ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանն ինքնաառաջադրվել է։

Գաղտնի քվեարկության արդյունքով թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ։

Օրենքով սահմանված կարգով անցկացվել է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ, որի արդյունքով ևս թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ։

Ուստի` ընտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն։

ԱՄՆ-ն վերացրել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

ԱՄՆ-ն պատժամիջոցների ցուցակներից հանել է Վենեսուելայի Ազգային ասամբլեայի նախագահ Խորխե Ռոդրիգեսի անունը։ Նա երկրի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի եղբայրն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ Արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչության կայքում զետեղված հաղորդագրությունում։

Խորխե Ռոդրիգեսը և նրա քույր Դելսի Ռոդրիգեսը ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ էին հայտնվել 2018 թվականի աշնանը՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությանն աջակցելու համար։ 2026 թվականի ապրիլին ԱՄՆ-ը վերացրել էր Վենեսուելայի ժամանակավոր նախագահի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։

Նախկինում Վենեսուելայի փոխնախագահի պաշտոնը զբաղեցրած Դելսի Ռոդրիգեսը երկրի նախագահի պաշտոնակատար է հռչակվել 2026 թվականի հունվարի 5-ին տեղի ունեցած երդմնակալության արարողությունից հետո։ Միջոցառումը կայացել էր այն բանից հետո, երբ ամերիկացի զինվորականները Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում ձերբակալել ու Միացյալ Նահանգներ էին տեղափոխել այդ երկրի այն ժամանակվա գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին։ Ամերիկյան արդարադատությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն առնչվելու մեղադրանք է ներկայացրել նրան։

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ալեքսանդր Չուբարյանի 95–ամյակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանի 95-ամյակի կապակցությամբ։

«Դուք իրավամբ վայելում եք մեծ հեղինակություն` որպես խոշոր գիտնական, ճանաչված մասնագետ միջազգային հարաբերությունների և ժամանակակից քաղաքական գործընթացների ոլորտում: Հատուկ կնշեմ ընդհանուր պատմության ինստիտուտի տնօրենի և գիտական ղեկավարի պաշտոնում Ձեր բազմաբնույթ կազմակերպչական, լուսավորչական գործունեությունը, Ձեր ներդրումը մեր երկրում հումանիտար գիտությունների զարգացման գործում»,– ասված է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում:

Պուտինը Չուբարյանին մաղթել է քաջառողջություն, ոգու արիություն և ստեղծագործական անսպառ եռանդ։

Հայտնի է ՀՀ հարատևության անկյունաքարը. վրաերթ արած թուրք վարորդը ձերբակալվեց

Oragir.News-ը ներկայացնում է հոկտեմբերի 14-ի ամփոփ լուրերը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Ինչպիսի՞ տեսք պետք է ունենա խաղաղությունը» վերտառությամբ։
«Հայաստանը պետք է ունենա 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածք, սահմանների սահմանազատումը և սահմանագծումը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա պետք է տեղի ունենա այս տրամաբանությամբ, սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն՝ Հայաստանն ու Ադրբեջանը համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն․․․»,- ասել է Փաշինյանը։

Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետ, բրիգադի գեներալ Թաքուր Մայանկ Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
Պատվիրակությանը դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։
Բրիգադի գեներալ Թաքուր Մայանկ Սինհան ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակոըւթյան անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։
Հյուրերը շրջայց են կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում՝ ծանոթանալով մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։

Շիրակի մարզում հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով, որի հետևանքով կին հետիոտն է մահացել, իրավապահները ձերբակալել են բեռնատարի՝ ազգությամբ թուրք վարորդին:
Այս մասին Oragir.News-ը տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեից։ Ինչպես հայտնեցին կոմիտեից՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում էլ վարորդը ձերբակալվել է:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ և Մհեր Մկրտչյան փողոցների խաչմերուկում։ «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարը վրաերթի էր ենթարկել կին հետիոտնի։ Վերջինս ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել էր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի գլխավորած պատվիրակությանը։
Փաշինյանն ընդգծել է, որ հաշվի առնելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունները՝ ՀՀ Կառավարության նպատակն է Հայաստանի երկաթուղիները դարձնել մրցակցային, ինտեգրել հարևան պետությունների և միջազգային երկաթուղային ցանցին։
Անդրադարձ է կատարվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ընթացքում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, կառավարման արդյունավետությանը, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Սահմանադրական դատարանին չհաջողվեց նախագահ ընտրել

ՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի, ես և պարոն Վարդանյանը անհրաժեշտ ձայներ չհավաքեցինք

Այս մասին հայտնել է ՍԴ նախագահի թեկնածու Էդգար Շաթիրյանը:

Հիշեցնենք, որ ՍԴ նախագահի պաշտոնի համար պայքարում էին Վլադիմիր Վարդանյանը և Էդգար Շաթիրյանը։

Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան

«Այսօր` հոկտեմբերի 14-ին, նախատեսում էի մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ վաղը կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով։

Որպես ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ՝ պետք է մասնակցեի նիստի աշխատանքներին, որի օրակարգում ընդգրկված է 16 հարց։

Սակայն ինձ թույլ չտվեցին մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն՝ պատճառաբանելով, որ իմ մուտքն այնտեղ արգելված է։ Թե ինչ պատճառով՝ հայտնի չէ։

Տարօրինակ և մտահոգիչ իրավիճակ է, երբ ազգային խորհրդարանական պատվիրակության անդամին թույլ չեն տալիս մեկնել միջազգային խորհրդարանական կազմակերպության կենտրոնակայան՝ իր պաշտոնական պարտականությունները կատարելու և հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար»,- գրել է պատգամավորը:

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումների դեմ Թուրքիայում բողոքի ցույցեր են անցկացվել

Ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումները բողոքի ցույցերի պատճառ են դարձել Թուրքիայում: Ցուցարարները հավաքվել են Անկարայում Ադրբեջանի դեսպանատան և Ստամբուլում գլխավոր հյուպատոսության առջև՝ վանկարկելով. «Հիջաբը Աստծո պատվիրանն է. այն չի կարող արգելվել» և պահանջելով, որ Ալիևի վարչակազմը դադարեցնի այս գործելաոճը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Բողոքի ակցիայի մասնակիցները համոզմունք են հայտնել, որ գլխաշոր կրող աշակերտների կրթական իրավունքները չպետք է սահմանափակվեն, ինչպես նաև սուր քննադատության են ենթարկել Ադրբեջանի իշխանություններին։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հոկտեմբերի 15-16-ը կլինի Հայաստանում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հոկտեմբերի 15-16-ը կայցելի Երևան՝ մասնակցելու COP17 կենսաբազմազանության համաժողովին։

Այցի ընթացքում նա կհանդիպի Նիկոլ Փաշինյանի ու Վահագն Խաչատուրյանի հետ, հայտնել է Գուտերեշի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: