Երբեք, երբեք, երբեք, երբեք չհանձնվեք. Հաջողակ մտքեր

Երբեք, երբեք, երբեք, երբեք չհանձնվեք…
Ուինստոն Չերչիլ

Աշխարհի ամենապերճախոս հռետորը հաջողությունն է:
Նապոլեոն Բոնապարտ

Հաջողությունը՝ ահա թե ինչն է ստեղծում Մեծ մարդկանց:
Նապոլեոն Բոնապարտ

Հաջողությունը հաճախ միակ տեսանելի տարբերությունն է հանճարի և խելագարի մեջ:
Պիեռ Բաուստ

Հաջողությունը վերջնական չէ, պարտությունը ճակատագրական չէ, քաջություն ունենալ շարունակելու՝ ահա թե ինչն է իսկականից կարևոր:
Ուինստոն Չերչիլ

Ինչպես կյանքում հասնել հաջողության: Եթե ցանկանում եք կյանքում հասնել հաջողության, դարձրեք համառությունը ձեր լավագույն ընկեր, փորձը՝ իմաստուն խորհրդական, զգուշությունը՝ ավագ եղբայր, իսկ հույսը՝ հրեշտակ-պահապան:
Ջոզեֆ Ադդիսոն

Իմաստ չունի վարձել խելացի մարդկանց, իսկ հետո ցուցում տալ նրանց, թե ինչ անել: Մենք վարձում ենք խելացի մարդկանց, որպեսզի նրանք ասեն, թե մենք ինչ անենք:
Սթիվ Ջոբս

Նա, ով ուզում է իր աշխատանքի արդյունքը տեսնել անհապաղ, պետք է կոշկակար դառնա:
Ալբերտ Էյնշտեյն

Մեծ գործերը պետք է կատարել առանց մտածելու, որպեսզի վտանգի մասին միտքը չթուլացնի խիզախությունը և արագությունը:
Հուլիոս Կեսար

Չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում: Մի վախեցեք սխալներ անելուց, վախեցեք սխալները կրկնելուց:
Թեոդոր Ռուզվելտ

Արա, ինչ կարող ես, նրանով, ինչ ունես և այնտեղ, որտեղ գտնվում ես:
Թեոդոր Ռուզվելտ

Իրականում հաջողությունն ու փառքը պատկանում են նրան, ում դեմքը պատված է փոշով, քրտինքով ու արյունով, ով արիաբար ձգտում է հաղթանակի, ով սխալվում է և նորից ու նորից սկսում զրոյից, որովհետև չեն լինում ջանքեր առանց մոլորությունների ու սխալների:
Թեոդոր Ռուզվելտ

Յուրաքանչյուր նախագծում կարևորագույն գործոնը հաջողության հանդեպ հավատն է: Առանց հավատի հաջողությունն անհնարին է:
Ուիլյամ Ջեյմս

Ես հստակ հավատում եմ հաջողությանը: Եվ նկատել եմ. ինչքան ես շատ եմ աշխատում, այնքան ես ավելի հաջողակ եմ:
Թոմաս Ջեֆֆերսոն

Նյու-Յորքում ես իմացա, որ չկա ավելի լավ դեզոդորանտ, քան հաջողությունը:
Էլիզաբետ Թեյլոր

Չի կարելի վերադառնալ անցյալ և փոխել մեկնարկը, բայց կարելի է մեկնարկել հիմա և փոխել ավարտը:
Հարուն Ագացարացի

Տեր աստված, տուր ինձ ուժ, որպեսզի հաղթահարեմ այն, ինչ կարող եմ. տուր ինձ արիություն, որպեսզի հաշտվեմ նրա հետ, ինչը չեմ կարող անել, և տուր ինձ իմաստություն, որպեսզի զանազանեմ մեկը մյուսից:
Արևելյան հին իմաստություն

Նույն գործը կատարող երեք մարդու հարցրին, թե ինչ են անում: Առաջինն ասաց. «Ես քար եմ մանրում», մյուսն ասաց. «Ես ապրուստի միջոց եմ վաստակում», երրորդն էլ թե. «Իսկ ես տաճար եմ կառուցում»:
Հնադարյան իմաստություն

Մարդկանց հետ վարվելու ունակությունը ապրանք է, որը կարելի է գնել այնպես, ինչպես գնում են միրգը կամ սուրճը… Եվ ես այդպիսի ունակության համար կվճարեմ առավել, քան որևէ այլ բանի համար:
Ջոն Ռոկֆելլեր, բոլոր ժամանակների աշխարհի ամենահարուստ մարդը

Ոչ-մի հաղթող չի հավատում պատահականությանը:
Ֆրիդրիխ Նիցշե

Հաջողության գաղտնիքը նրանում է, որպեսզի հրաժարվես հին, մեռած և անառողջ մտքերից:
Նորման Փիլ

Առաստաղից իջնող էկրան, նեֆրիտ և ինքնաթիռային բազկաթոռներ․ չինական BYD-ն շքեղ էլեկտրական լիմուզին է ներկայացրել

BYD ավտոկոնցեռնին պատկանող չինական Yangwang ապրանքանիշը ներկայացրել է Altior էլեկտրական լիմուզինը, որը գերշքեղ ավտոմեքենաների սեգմենտում պետք է մրցակցի Rolls-Royce Phantom-ի հետ, գրում է Autocar-ը։

Նորույթն առանձնանում է չորստեղանոց սրահով, չինական ավանդական մշակույթի տարրեր պարունակող հարդարանքով և մասնավոր ինքնաթիռի ինտերիերը հիշեցնող կահավորմամբ։

Altior-ի երկարությունը 5,6 մ է, իսկ անվային բազան՝ 3,5 մ։ Արտադրողի տվյալներով՝ ավտոմեքենան ստեղծվել է որպես ժամանակակից տեխնոլոգիաների և չինական դարավոր գեղագիտական ավանդույթների համադրություն։ Մոդելը կդառնա Yangwang-ի մոդելային շարքի առաջատարը․ շարքում ընդգրկված են նաև U7 սեդանը, U8 ամենագնացը և U9 հիպերքարը։

Մշակողները հատուկ ուշադրություն են դարձրել հարդարանքին։ Առջևի ճաղավանդակը զարդարված է բարդ նախշով, որը փոխվում է՝ կախված լուսավորությունից։ Լուսարձակներում տեղադրված են 12 առանձին պտտվող տարրեր, որոնք սեփականատիրոջ մոտենալիս հաջորդական լուսային էֆեկտներ են ստեղծում։ Հետևի դռներում նախատեսված են անհատական նախշով հատուկ հովանոցներ, իսկ դռները բացվում են դեպի հետ՝ ինչպես Rolls-Royce Phantom-ի դեպքում։

Սրահում օգտագործվել են չինական նեֆրիտի մի տեսակից պատրաստված դեկորատիվ տարրեր, իսկ նստատեղերը պատված են գործվածքի մշակման ավանդական տեխնիկայով պատրաստված մետաքսով։ Միաժամանակ Yangwang-ը հրաժարվել է ամբողջությամբ թվային կառավարման անցնելուց․ լայն սենսորային էկրանի հետ մեկտեղ ավտոմեքենայում նախատեսված են բազմաթիվ ֆիզիկական կոճակներ և անջատիչներ։ Դրանք մշակելիս ինժեներներն ուշադրություն են դարձրել շոշափելի զգացողություններին և սեղմման ձայնին։

Հետևի ուղևորների համար նախատեսված տարածքը դարձել է գլխավոր առաջնահերթություններից մեկը։ Ոտքերի համար նախատեսված տարածքի հայտարարված երկարությունը 1209 մմ է։ Ինքնաթիռային տիպի բազկաթոռներն ունեն մերսման գործառույթ և հանգստի ռեժիմում կարող են ամբողջությամբ բացվել։ Այդ ռեժիմն ակտիվացնելիս վարագույրները փակվում են, լուսավորությունը՝ մեղմանում, իսկ ոտնահենակները՝ դուրս գալիս։

Ժամանցի և տեսակոնֆերանսների համար նախատեսված է 21,4 դյույմ անկյունագծով էկրան, որն իջնում է առաստաղից։ Սառնարաններ տեղադրված են ինչպես առջևում, այնպես էլ հետևում։

Altior-ը կստանա չորս էլեկտրաշարժիչով ուժային համակարգ՝ նման ապրանքանիշի մյուս մոդելներում օգտագործվողին։ Ճշգրիտ բնութագրերը դեռ չեն բացահայտվել։

Ավտոմեքենան կհամալրվի նաև DiSus ակտիվ կախոցով, որը կարող է հետևել ճանապարհածածկույթին և նախապես հարմարվել անհարթություններին։

Արտադրողը խոստանում է մեկ լիցքավորմամբ ավելի քան 1000 կմ ընթացքի պաշար՝ ըստ չինական CLTC ցիկլի, որը սովորաբար ավելի բարձր ցուցանիշներ է տալիս, քան փորձարկման եվրոպական մեթոդները։ Ավելի վաղ BYD-ում հայտարարել էին, որ Yangwang ապրանքանիշը պատրաստվում է 2028 թվականին մուտք գործել եվրոպական շուկա։ Առայժմ հաստատված չէ՝ արդյոք Altior-ը կվաճառվի Եվրոպայում։

Եթե մոդելը շուկա դուրս գա, այն կդառնա գերշքեղ սեգմենտի առաջին էլեկտրական լիմուզիններից մեկը։ Rolls-Royce-ն արդեն ունի էլեկտրական Spectre-ը, սակայն այն կուպե է, ոչ թե ներկայացուցչական դասի լիմուզին։

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Վանաձոր-Դիլիջան, Սպիտակ-Ծիլքար, Երասխ-Զանգակատուն, Սարավան-«Զանգեր», «Զանգեր»-Սիսիան, Լծեն-Տաթև, Կապան-Մեղրի ավտոճանապարհները և Ապարանից Սպիտակի ոլորաններ ընկած ճանապարհահատվածը փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։

Տեղումներ սպասվում են միայն Սյունիքում (լուսանկար)

Տեղումներ սպասվում են միայն Սյունիքում

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում

Եղանակը Երևանում

     Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ի ցերեկը կնվազի՝ 2-4, 9-10-ի գիշերը՝ 9-11 աստիճանով։

Եղանակը մարզերում

Եղանակը մարզերում

     Երևան քաղաքի նոյեմբերի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան` 20.0°C (1995թ.)
     Օդի նվազագույն ջերմաստիճան` -7.6°C (1973թ.)
     Օդի միջին օրական ջերմաստիճան` 6.9°C

Եղանակի կանխատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։

1730 առաջադրանք մեկ օրում․ Չինաստանում ստուգել են՝ արդյոք ռոբոտները կարող են փոխարինել խանութի աշխատակիցներին

Վեց մարդանման ռոբոտներից չորսը հաջողությամբ անցել են Շանհայի խանութներից մեկում 24-ժամյա աշխատանքի փորձարկումը, հայտնում է Interesting Engineering-ը։

Չինական AGIBOT ընկերության փորձը ցույց է տվել, որ մեքենաներն արդեն կարող են կատարել առօրյա առաջադրանքների լայն շրջանակ, սակայն անկանխատեսելի իրավիճակներում դեռևս դժվարությունների են հանդիպում։

«Ռոբոտները երբեք չեն ավարտում հերթափոխը» անվանումով փորձարկումն անցկացվել է նոյեմբերի 2-ի ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 3-ի ժամը 10:00-ն՝ Շանհայի Սյուհույ շրջանում գործող թաղային խանութում։ Անիվներով տեղաշարժվող վեց G2 մարդանման ռոբոտները սպասարկել են գնորդներին, սուրճ պատրաստել, սնունդ մատուցել, ստուգել դարակները, համալրել ապրանքների պաշարները և մաքրել սեղանները։ Փորձի հեռարձակումը առցանց հարթակներում հավաքել է ավելի քան երկու միլիոն դիտում։

AGIBOT-ի տվյալներով, փորձարկման ընթացքում ռոբոտներն ընդհանուր առմամբ կատարել են 1730 առաջադրանք։ Դրանց թվում են գնորդների հետ 683 փոխգործակցություն, ապրանքների հավաքման և առաքման 369 գործողություն, սուրճի 147 պատվեր և նախաճաշի 126 չափաբաժին։ Բացի այդ, մեքենաները կատարել են դարակների ստուգման և պաշարների համալրման 277 գործողություն, ինչպես նաև սեղանների մաքրման 128 գործողություն։

Փորձարկումն ընդգրկել է խանութի աշխատանքի չորս ժամանակահատված՝ ճաշի ժամին այցելուների ներհոսքը, երեկոյան պիկը, գիշերային ժամերը և առավոտյան նախաճաշի պահանջարկը։ Սա թույլ է տվել ստուգել մեքենաների աշխատանքը գնորդների հոսքի տարբեր ինտենսիվության և փոփոխվող պայմանների դեպքում։

Սակայն երկու մեքենա չեն հաղթահարել վերջնական գնահատումը։ Մաքրության համար պատասխանատու ռոբոտի ճանապարհին հայտնվել է լեփ-լեցուն աղբաման, որը փակել է նախատեսված երթուղին։ Խոչընդոտը վերացնելու կամ լուծում գտնելու փոխարեն այն շեղվել է երթուղուց, դուրս եկել խանութից և չի վերադարձել սկզբնական դիրք։

Մյուս ռոբոտը, որը զբաղվում էր դարակների ստուգմամբ և ապրանքների պաշարների համալրմամբ, չի կարողացել կայուն կերպով բավարարել խանութի պահանջները։ Ըստ TechSpot-ի, չինական ITHome պարբերականին հղումով, մեքենան ապրանքների վաճառքին զուգընթաց բավարար ինքնուրույնությամբ չի հայտնաբերել պաշարների համալրման անհրաժեշտությունը։

Կազմակերպիչները նաև ստուգել են ռոբոտների՝ սովորական Coca-Cola-ն առանց շաքարի ըմպելիքից տարբերելու, տեղաշարժված մաստակի փաթեթներն իրենց տեղը վերադարձնելու և անցուղիներում խոչընդոտները շրջանցելու կարողությունը։

Գնահատման ժամանակ հաշվի են առնվել աշխատանքի տևողությունը, առաջադրանքների կատարումը, գնորդների արձագանքները, արձագանքման արագությունը և անսպասելի իրավիճակները հաղթահարելու կարողությունը։ Չորս ռոբոտ անցել է փորձարկումը, իսկ երկուսն ուղարկվել են հետագա դիտարկման և կատարելագործման։

Փորձի ընթացքում AGIBOT-ը նաև ցուցադրել է Genie Master արհեստական բանականության համակարգը, որը նախատեսված է առաջադրանքների պլանավորման, դրանց կատարման կառավարման և արդյունքների վերլուծության համար։

Ընկերության հայտարարության համաձայն, համակարգը թույլ է տալիս օգտագործել ռոբոտների հաջող և անհաջող փորձը՝ խնդիրները բացահայտելու և նրանց ուսուցումը կատարելագործելու համար։

Իսպանական քարանձավում հայտնաբերել են սառցադարյան 280 փորագիր պատկեր, որոնց կողքով տասնամյակներ շարունակ անցել են զբոսաշրջիկները

Հնագետները Իսպանիայի հյուսիսարևելքում՝ Կատալոնիայի Կովա դե լա Ֆոնտ Մայոր քարանձավում, հայտնաբերել են պալեոլիթի դարաշրջանի 280 փորագիր պատկեր։ Դրանց թվում են կենդանիների 55 պատկեր, ինչպես նաև բազմաթիվ վերացական խորհրդանիշներ ու երկրաչափական նախշեր։ Մարդիկ դարեր շարունակ այցելել են քարանձավ, սակայն հնագույն պատկերներն աննկատ են մնացել մինչև 2019 թվականը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Antiquity ամսագրում։

Քարանձավը զբոսաշրջիկների, հետազոտողների և գանձ որոնողների ուշադրությունն է գրավել XX դարի կեսերից։ 1993 թվականին այն դարձել է պաշտոնական զբոսաշրջային տեսարժան վայր։ Հետազոտության համահեղինակ, Մարդու պալեոէկոլոգիայի և սոցիալական էվոլյուցիայի կատալոնական ինստիտուտի աշխատակից Ժոզեպ Մարիա Վերգեսը նշել է, որ մի քանի տասնամյակի ընթացքում հազարավոր այցելուներ են անցել փորագիր պատկերների կողքով։ Ոմանք նույնիսկ իրենց գրություններն են թողել հնագույն պատկերների վրա։

Գիտնականները երկար ժամանակ կարծում էին, որ քարանձավի պատերի մակերեսը հարմար չէ սառցադարյան փորագիր պատկերներ ստեղծելու համար։ Սա մասամբ բացատրում է, թե ինչու է հայտնագործությունն այդքան ուշ արվել։

Հայտնաբերված հավաքածուն առանձնահատուկ նշանակություն ունի Պիրենեյան թերակղզու նախապատմական արվեստի ուսումնասիրության համար։ Թեև այստեղ է գտնվում Եվրոպայում հայտնի վերին պալեոլիթի քարանձավային արվեստի նմուշների կեսից ավելին, դրանց մեծ մասը կենտրոնացած է Իսպանիայի և Ֆրանսիայի տարածքներում գտնվող ֆրանկո-կանտաբրական տարածաշրջանում։ Մինչև նոր հայտնագործությունը Կատալոնիայում հայտնի էր սառցադարյան կենդանիների ընդամենը երկու պատկեր։

Պիրենեյան թերակղզու միջերկրածովյան ափին հայտնի հուշարձանների մոտ 75%-ում կենդանիների պատկերների թիվը չի գերազանցում հինգը, իսկ ավելի քան 90%-ում՝ 20-ը։ Այս համատեքստում Կովա դե լա Ֆոնտ Մայորի 55 պատկերները քարանձավը դարձնում են տարածաշրջանի առավել նշանակալի հուշարձաններից մեկը։

Փորագիր պատկերները համեմատելով ֆրանկո-կանտաբրական քարանձավների պատկերների հետ՝ հետազոտողները գեղարվեստական ոճի նկատելի տարբերություններ են հայտնաբերել։ Նրանց կարծիքով, Պիրենեյան թերակղզու հյուսիսարևելքում գոյություն է ունեցել ինքնուրույն գեղարվեստական ավանդույթ, որը տարբերվել է հարևան տարածաշրջանների առավել հայտնի ավանդույթից։

Պատկերների քանակը նաև ստիպում է վերանայել վերին պալեոլիթի դարաշրջանում այս տարածքի բնակչության թվաքանակի մասին պատկերացումները։ Նախկինում տարածաշրջանը համարվում էր համեմատաբար սակավաբնակ, սակայն փորագիր պատկերների առատությունը վկայում է մարդկանց ավելի ակտիվ գործունեության մասին, քան ենթադրվում էր նախկին մոդելներով։

Հետազոտողները կարծում են, որ որոշ շրջաններում նախապատմական արվեստի հայտնի հուշարձանների բացակայությունը միշտ չէ, որ նշանակում է, թե այնտեղ նման պատկերներ չեն եղել։ Արդյունքների վրա կարող էին ազդել որոնումների առանձնահատկությունները, լուսավորությունը և ապարների պահպանվածության աստիճանը։ Գիտնականները կոչ են անում համակարգված կերպով ուսումնասիրել Կատալոնիայի ժայռապատկերային արվեստը, որտեղ կարող են հայտնաբերվել հնագույն մարդկանց կյանքի և խորհրդանշական մտածողության նոր վկայություններ։

Ճապոնիայի ափերի մոտ մոնղոլական նավատորմի նավաբեկության վայրում հնագույն զառեր և մաջոնգի խաղաքարերի նախատիպեր են հայտնաբերել

Ճապոնական Տակասիմա կղզու մոտ XIII դարում Ճապոնիա ներխուժման ժամանակ խորտակված մոնղոլական նավատորմի երրորդ նավի նավաբեկության վայրում հայտնաբերել են հինգ զառ և 29 խաղաքարտ, որոնք համարվում են մաջոնգի խաղաքարտերի նախատիպեր, հաղորդում է The Mainichi-ն։

Գտածոները հայտնաբերվել են ստորջրյա հնագիտական հետազոտությունների ընթացքում։ Յուրաքանչյուր խաղաքարտի երկարությունը մոտ 3 սմ է, լայնությունը՝ 1,5 սմ։ Կոկուգակուին համալսարանի հնագիտության պրոֆեսոր Յոսիֆումի Իկեդայի վկայությամբ, առարկաները հիշեցնում են Չինաստանում ծագած խաղային պարագաներ և, հավանաբար, օգտագործվել են զվարճանքի համար։

«Կոպպայ խաղաքարտերը, որոնք համարվում են մաջոնգի խաղաքարերի նախատիպեր, հավանաբար, օգտագործվել են հանգստի ժամանակ», — նշել է Իկեդան, որը հետազոտությանը մասնակցել է Մացուուրայի քաղաքային իշխանությունների հետ համատեղ։

Սա Տակասիմա կղզու մոտ գտնվող ստորջրյա հնագիտական հուշարձանում ենթադրյալ խաղային պարագաների հայտնաբերման առաջին դեպքն է։

Հետազոտողները նաև պարզել են, որ երրորդ նավի պահպանված առաջնամասի երկարությունը մոտ 15 մ է։ Իկեդայի գնահատմամբ, նավի ընդհանուր երկարությունը կարող էր հասնել 30 մ-ի։ Հնագետը ենթադրել է, որ այն կարող էր ծառայել որպես դրոշակակիր կամ օժանդակ նավ՝ անձնակազմի համար նախատեսված բնակելի տարածքներով։

«Հաշվի առնելով չափերը՝ երրորդ նավը, հնարավոր է, եղել է բնակելի տարածքներով մեծ նավ։ Այս գտածոները թույլ են տալիս պատկերացում կազմել պատերազմի ժամանակ առօրյա կյանքի մասին», — ասել է գիտնականը։

Տակասիմա կղզու շրջակա ջրերը մարտերի թատերաբեմ են դարձել 1281 թվականի Կոանի ճակատամարտի ժամանակ՝ Ճապոնիա մոնղոլական երկրորդ ներխուժման փորձի ընթացքում։ Մինչև օրս այստեղ հայտնաբերվել է մոնղոլական նավատորմի երեք խորտակված նավ։

Առաջին նավը նույնականացվել է 2011 թվականին, դրա երկարությունը գնահատվում է մոտ 27 մ։ Երկրորդը հայտնաբերվել է 2015 թվականին. ենթադրվում է, որ դրա երկարությունը գերազանցել է 20 մ-ը։ Երրորդ նավը, որի հայտնաբերումը հաստատվել է 2024 թվականին, ուսումնասիրվում է հոկտեմբերի 2-ից։

Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան

Ադրբեջանական քաղաքական գիծն ու այնտեղից հնչող հռետորաբանությունը լավագույնս արտահայտում են այդ երկրի տրամադրվածությունն ու իրական նպատակները ՀՀ-ի հարցում․ գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«ՀՀ-ին ռազմական հանցագործություններ վերագրելը, Բաքվում պահվող հայ գերիների փաստը շահարկելը, ՀՀ-ին պարտադրված ադրբեջանական պահանջներն ընդգծելը ցույց են տալիս, որ Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»:

Անարգանքը, թշնամանքը, ագրեսիան, չարությունը, որոնք արտահայտվում են հայի ու հայ ժողովրդի նկատմամբ, երկու երկրներին ոչ մի պարագայում խաղաղության չեն հասցնի», – նշել է նա։

Կապանի քաղաքապետի ՔՊ֊ական թեկնածուն ՀՀ ամենահարուստ պաշտոնյան է

Առավել ուշագրավ է Բաբայանի այս պահի դրությամբ առկա դրամական միջոցները` 131 միլիոն 200 հազար դրամ և 24.7 հազար ԱՄՆ դոլար։

«Խաղաղության գործարքի արդյունքում Ուկրաինան մի փոքր այլ ուրվագիծ կունենա». Թրամփ

ԱՄՆ
նախագահ Դոնալդ Թրամփը CBS News-ի «60 րոպե» հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ
մի քանի հայտարարություններ է արել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի
մասին։ Մասնավորապես, նա նշել է, որ շուտով կարող է խաղաղության գործարք կնքվել։
Նրա հայտարարությունները մեջբերել է
РБК-Ուկրաինան։

Հարցազրույցի
ընթացքում լրագրողը հիշեցրել է, որ պաշտոնը ստանձնելուց հետո Թրամփը խոստացել էր
խաղաղության հասնել Ուկրաինայում, սակայն պատերազմը շարունակվում է։ Այս
կապակցությամբ հաղորդավարը հարցրել է, թե որն է խաղաղության հիմնական խոչընդոտը։

«Զելենսկու
և Պուտինի միջև ատելությունը… Եթե ես նախագահ լինեի, այս պատերազմը երբեք չէր
սկսվի։ Բայց այն սկսվել էր, ուստի ես ժառանգել եմ այս պատերազմը։ Ես կարծում եմ,
որ մենք շատ մոտ ենք գործարքի կնքմանը»,- պատասխանել է Թրամփը։

Հարցին՝
արդյոք նա ակնկալո՞ւմ է, որ «ամեն ինչ կավարտվի ազատ և անկախ Ուկրաինայի
պահպանմամբ», Թրամփը հիշատակել է Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների
միջև նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցությունները և նշել.
«Կարծում եմ՝ մենք գործարք կունենանք, և կարծում եմ՝ դա տեղի կունենա։ Արդյունքում
Ուկրաինան մի փոքր այլ ուրվագիծ կունենա։ Լսեք, այս պատերազմը երբեք չպետք է տեղի
ունենար։ Եթե ես լինեի նախագահը, այն երբեք չէր սկսվի»։

ԱՄՆ
նախագահը չի հստակեցրել՝ նկատի ունի տարածքային զիջումնե՞րը, թե՞ այլ բան։