Փաշինյանը ՔՊ-ի երեկվա հաղթանակից հետո սպառնում է ոչնչացնել ընդդիմությանը I ԼՈՒՐԵՐ I 12:00
Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրվել է պետական սեփականություն հանդիսացած «ԱՐԿՌՈՍ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասի օտարման գործընթացը։
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2003 թվականին «ԱՐԿՌՈՍ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասն անցել է Հայաստանի Հանրապետության սեփականությանը՝ ի դեմս Պաշտպանության նախարարության (շուկայի տարածքում ներկայում գտնվում է «ՄԵԳԱՄՈԼ» առևտրի կենտրոնը)։
Պետական սեփականություն դարձած «ԱՐԿՌՈՍ» ՍՊ ընկերությանը պատկանել է «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը, որը 1999 թվականին Ընկերության կողմից ձեռք է բերվել 282 միլիոն 452 հազար դրամով։
Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարի զեկուցմամբ, առանց սահմանված կարգով իրականացված գնահատման՝ Կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի թիվ 889-Ա որոշմամբ, թույլատրվել է պետական սեփականություն հանդիսացող «ԱՐԿՌՈՍ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասն ուղղակի վաճառքի եղանակով օտարել ֆիզիկական անձին՝ վաճառքի գինը սահմանելով 303 հազար ԱՄՆ դոլարին համարժեք` 160 միլիոն 562 հազար 730 դրամ։ Մինչդեռ որոշման ընդունումից շուրջ 7 ամիս առաջ՝ կատարողական վարույթի շրջանակներում, ընկերության 100% բաժնեմասը գնահատվել է 306 միլիոն 346 հազար 630 դրամ, ինչը հայտնի է եղել նաև որոշման նախագծի քննարկման ընթացքում։ Ավելին, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից առաջարկվել է բաժնեմասն ուղղակի վաճառքի փոխարեն օտարել աճուրդային եղանակով, սակայն այդ առաջարկությունը չի ընդունվել։
Չնայած վերոնշյալին՝ 2004 թվականի հուլիսի 14-ին «ԱՐԿՌՈՍ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասն օտարվել է 303 հազար ԱՄՆ դոլարով (գնահատված արժեքից 145 միլիոն 783 հազար 900 դրամով էժան):
Դատախազը, պետական շահերի պաշտպանության լիազորություններն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Զինվորական դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացվել իրավասու դատարան, որն ընդունվել է վարույթ։
Երևանում ԱՄՆ դեսպանատունը գրել է.
«ԱՄՆ վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում։ Մենք շարունակաբար հետևում ենք վիզա ստացած անձանց գործունեությանը՝ համոզվելու, որ նրանք հետևում են ԱՄՆ օրենքներին ու ներգաղթային կանոններին։ Չարաշահող անձանց վիզաները մենք չեղարկում ենք։
ԱՄՆ կառավարությունը պայքարում է խարդախությունների և անօրինական ներգաղթի դեմ։ Վիզայի հետ կապված խարդախություն կատարողները հետագայում կզրկվեն ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից։

Նոյեմբերին՝ բանակցային գործընթացում դադարից հետո, Ուկրաինայի հարցով նախատեսվող եռակողմ հանդիպումը նախնական բնույթ կկրի և նպատակ կունենա հստակեցնել կողմերի դի…
Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրի դպրոցի պատից Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է՝ ելնելով անվտանգության նկատառումներից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարություն է հրապարակվել Արտենիի դպրոցի «Ֆեյսբուք»-ի էջում։
«Դպրոցի շենքի կոնստրուկցիայի առանձնահատկությունների և նկարի բետոնե հատվածի անհամապատասխանության հետևանքով առաջացել էին անվտանգության խնդիրներ։ Հնարավոր ռիսկերից խուսափելու և երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ վարչական շրջանի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել նկարը տեղափոխել Անդրանիկ Օզանյանի անվան փողոցում գտնվող Մշակույթի տան բակ, որտեղ էլ այս պահին կառուցվում է նահատակված զինվորների հուշարձան։
Հետագայում այդ տարածքի բարեկարգման ավարտից հետո պատկերը կտեղադրվի հանրության համար տեսանելի հատվածում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեղեկություններ էին տարածվել, թե ԿԳՄՍ նախարարությունը որոշել է հեռացնել Անդրանիկ Օզանյանի նկարը Արտենիի դպրոցի պատից։
Մի քանի տարի առաջ Meta-ն սկզբունքային և անհրաժեշտ որոշում է կայացրել՝ արգելել Հոլոքոստի ժխտումն իր հարթակներում։ Սա, թվային պատասխանատվության տեսանկյունից, կարևոր հանգրվան էր, որը ճանաչում էր, որ պատմականորեն փաստագրված ցեղասպանության ժխտումը ոչ թե խոսքի ազատության դրսևորում է, այլ չարաշահման և նպատակաուղղված հետապնդման ակտիվ գործիք․ գրում է հետաքննող լրագրող, վավերագրական ֆիլմերի մրցանակակիր ռեժիսոր և «Ճշմարտության և պատասխանատվության լիգայի» (TAAL) հիմնադիր և նախագահ Վիկ Ջերամին։
Նրա խոսքով՝ այսօր Facebook-ը, Instagram-ը և Threads-ը շարունակում են թույլ տալ մեկ այլ պատմական ոճրագործության՝ Հայոց ցեղասպանության բացահայտ ժխտումը, խեղաթյուրումը և նսեմացումը։
Ջերամին ընդգծել է, որ կանոնների այս ընտրովի կիրառումը ստեղծում է մարդկային տառապանքների վտանգավոր հիերարխիա։
«Մի ցեղասպանության ժխտումը երբեք չպետք է տարբերվի մեկ այլ ցեղասպանության ժխտումից։ Բոլոր զոհերն արժանի են հավասար արժանապատվության և պաշտպանության՝ պատմական ռևիզիոնիզմից։ Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը քննարկման ենթակա հարց չէ», – նշել է լրագրողը։
Նա ընդգծել է, որ ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան բազմիցս հաստատել է, որ գիտական համաձայնությունն այս հարցում միանշանակ է։ Գլոբալ հաղորդակցական ցանցերում թույլ տալ այս համաձայնության ժխտումը նշանակում է նպաստել պատմական ճշմարտության դեմ շարունակվող հարձակմանը։
Meta-ն պետք է թարմացնի իր ատելության խոսքի քաղաքականությունը՝ հստակորեն արգելելու համար Հայոց ցեղասպանության ժխտումը՝ ապահովելով, որ կորպորատիվ քաղաքականությունը համապատասխանի համընդհանուր մարդկային արժանապատվությանը և պատասխանատվությանը:
Գեղարքունիքի մարզի Մարտունիի համայնքապետարանի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության գործակցության արդյունքում 2026 թվականին «Մարտունու մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի նյութատեխնիկական բազայի բարելավման, երեխաների համար ժամանակակից ու հարմարավետ կրթամշակութային միջավայրի ստեղծման նպատակով իրականացվել է շուրջ 21 միլիոն դրամի գույքի, հումքի, սարքավորումների ձեռքբերման ծրագիր։ Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներդրումը կազմել է 16 միլիոն 31 հազար դրամ, Մարտունիի համայնքապետարանի ներդրումը՝ 5 միլիոն 87 հազար դրամ։
Ձեռք բերված գույքը նախատեսված է դպրոցի առօրյա գործունեության, ուսումնական պարապմունքների, ստեղծագործական աշխատանքների և կրթամշակութային միջոցառումների կազմակերպման համար։ Ձեռք է բերվել գերմանական արտադրության բարձրորակ կավագործական վառարան, բրուտագործական հաստոց, խեցեգործության մեջ հումք հանդիսացող եվրոպական կավ, ներկեր, շրջանակներ, մոլբերտներ և զանազան կահույք։
Ներդրման շնորհիվ կբարելավվեն դպրոցի նյութատեխնիկական պայմանները, կբարձրանա ուսումնական գործընթացի արդյունավետությունը, ինչպես նաև կընդլայնվեն երեխաների կրթական և ստեղծագործական զարգացման հնարավորությունները։
«Ծրագրով կահավորվել է արվեստի դպրոցի 13 դասարան և 3 վարչական աշխատասենյակ, ինչպես նաև նորաստեղծ խեցեգործական արվեստանոցը։ Մարտունի համայնքում չի եղել որևէ խեցեգործական արվեստանոց, չնայած որ համայնքն ունեցել է խեցեգործության լավ ավանդույթներ և անհատ վարպետներ։ Արվեստանոցի ստեղծմամբ կավելանան նոր աշխատատեղեր, իսկ երեխաների և ուսուցիչների ձեռագործ աշխատանքները կարող են ցուցադրվել և վաճառվել։
Ծրագրի իրականացումը կարևոր քայլ է Մարտունի համայնքում արտադպրոցական կրթության պայմանների բարելավման, երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտման և որակյալ կրթամշակութային ծառայությունների հասանելիության ընդլայնման ուղղությամբ»,-ներկայացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից։