Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրի դպրոցի պատից Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է՝ ելնելով անվտանգության նկատառումներից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարություն է հրապարակվել Արտենիի դպրոցի «Ֆեյսբուք»-ի էջում։
«Դպրոցի շենքի կոնստրուկցիայի առանձնահատկությունների և նկարի բետոնե հատվածի անհամապատասխանության հետևանքով առաջացել էին անվտանգության խնդիրներ։ Հնարավոր ռիսկերից խուսափելու և երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ վարչական շրջանի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել նկարը տեղափոխել Անդրանիկ Օզանյանի անվան փողոցում գտնվող Մշակույթի տան բակ, որտեղ էլ այս պահին կառուցվում է նահատակված զինվորների հուշարձան։
Հետագայում այդ տարածքի բարեկարգման ավարտից հետո պատկերը կտեղադրվի հանրության համար տեսանելի հատվածում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեղեկություններ էին տարածվել, թե ԿԳՄՍ նախարարությունը որոշել է հեռացնել Անդրանիկ Օզանյանի նկարը Արտենիի դպրոցի պատից։