Ամուսնությունից առաջ ամուսնական պայմանագիր են կնքել

Պորտուգալիայի հավաքականի եւ սաուդական «Ալ-Նասեր» ակումբի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն եւ նրա հարսնացու Ջորջինա Ռոդրիգեսը, ինչպես հայտնի է, անցյալ շաբաթ ամուսնացել են։ Jornal de Notícias պորտուգալական պարբերականը հայտնում է, որ զույգը կնքել է ամուսնական պայմանագիր՝ իրենց հարաբերություններն օրինականացնելու պրոցեսում։

Համաձայն պայմանագրի՝ Ռոնալդուի եւ Ռոդրիգեսի ունեցվածքները կլինեն առանձին։ Նրանցից յուրաքանչյուրը կպահպանի այն ունեցվածքի հանդեպ միանձնյա տիրապետման իրավունքը, որին տիրապետել է նախքան ամուսնությունը։ Ամուսնությունից հետո ցանկացած գույք, որը ձեռք կբերվի, կպատկանի նրան, ում անունով գրանցվել է։ Եթե զույգը որոշի համատեղ ինչ որ բան ձեռք բերել, եւ ըստ այդմ՝ գրանցել երկուսի անունով, ապա այն կպատկանի երկուսին՝ հավասարաչափ։ Ամուսնության վկայականից պարզ է դառնում, որ զույգը բնակվելու է Էր-Ռիյադում։ Ամուսնությունից հետո՝ երկուսն էլ շարունակելու են կրել իրենց ազգանունները։

Մոսկվան ԱՄՆ-ից և Թուրքիայից պարզաբանումներ է խնդրել Ուկրաինային ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման վերաբերյալ

Ռուսաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ից և Թուրքիայից պարզաբանումներ է խնդրել՝ Ուկրաինային ամերիկյան սպառազինության հնարավոր փոխանցման մասին ԱՄՆ Կոնգրեսի հրապարակած տեղեկությունների առիթով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։

Ըստ Զախարովայի, հրապարակված փաստաթղթերում խոսվում է Կիևին M270 MLRS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 12 արձակման կայան, ավելի քան 2,5 հազար չկառավարվող կասետային զինամթերք, 203 մմ տրամաչափի 47 հազար կասետային հրետանային արկ և 70 ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռ փոխանցելու ծրագրերի մասին։

Զախարովան նշել է, որ Մոսկվան առայժմ հստակ տեղեկություն չունի սպառազինության հնարավոր փոխանցման հանգամանքների և պայմանների մասին։ Մասնավորապես, դեռ անհայտ է մնում, թե ով է նախաձեռնել մատակարարումները, ինչ ժամկետներում և ինչ եղանակով կարող է զենքը հասցվել ուկրաինական կողմին։

ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ փոխանցման մեխանիզմների վերաբերյալ հստակ տեղեկատվության բացակայությունը հիմք է ստեղծում շահարկումների համար և անհանգստություն է առաջացնում ռուսաստանյան կողմում։

Զախարովան նաև հայտարարել է, որ այնպիսի գործողությունները պետությունների կողմից, որոնք հռչակում են հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը իրենց հանձնառությունը, չեն նպաստում փոխադարձ վստահության ամրապնդմանը։ Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր Ուկրաինային մահաբեր սպառազինություն մատակարարելուց հրաժարվելու մասին։

Նա մտնում է ջուրը, իսկ ափին ինչ-որ մեկը սպասում է հրաշքի 

Ամեն անգամ, երբ նա մտնում է ջուրը, ափին ինչ-որ մեկը սպասում է։

Սպասում է հրաշքի։

Բայց Վահեն վաղուց գիտի՝ ջրի տակ հրաշքներ հազվադեպ են լինում։

Սուզվելուց առաջ, սակայն, յուրաքանչյուր քայլ պետք է լինի ճիշտ հերթականությամբ. ստուգում է սարքավորումները, ապա հագնում հատուկ հանդերձանքն ու ամրացնում օդային բալոնը։

22 տարվա փորձը Վահեին շատ բան է սովորեցրել, բայց մի բան չի փոխվել․ յուրաքանչյուր սուզման նա պատրաստվում է այնպես, ասես առաջինն է։

Ասում է՝ յուրաքանչյուր սուզում նոր պատասխանատվություն է․ երբեք չգիտես՝ ինչ է սպասվում ներքևում։

«Ես միշտ ձգտում էի լողալ ու միշտ լինել լճում։ Ու հենց լճի մեջ մեծանալն էլ բերեց նրան, որ դարձա պրոֆեսիոնալ ջրասուզակ»,- նշում է Վահեն։

Վահեի խոսքով՝ առաջին հայացքից Սևանը խաղաղ է, բայց այդ խաղաղության տակ մի ամբողջ աշխարհ կա։

47-ամյա Վահեն ծնվել ու մեծացել է Սևան քաղաքում։ Ասում է՝ իր կյանքն առանց լճի պարզապես չի պատկերացնում։

«Երբեմն նույնիսկ ջրից դուրս գալուց քիչ անց նորից կարոտում եմ ջուրը։ Այդ սերն ու կարոտն է, որ ինձ այստեղ է պահում։ Երկրից դուրս գալու մտադրություն չունեմ։ Այս հողն էլ, այս ջուրն էլ իմ տունն են։ Ջուրը կյանք է»,- նշում է սուզորդը։

Տարիների ընթացքում Սևանի խորքերը նրան բազմաթիվ գաղտնիքներ են բացել։

Ամենահիշարժան բացահայտումներից մեկը 1863 թվականին ձկնորս Գրիգորի խորտակված նավն էր, որը տարիներ անց հենց Վահեն հայտնաբերեց։

Սակայն նրա աշխատանքի մեծ մասը կապված է ոչ թե պատմական գտածոների, այլ մարդկային ողբերգությունների հետ։ Հասարակությունը սովորաբար լսում է միայն վերջնական լուրը՝ մարդ է խեղդվել կամ որոնողական աշխատանքներն ավարտվել են։

Բայց այդ լուրերի հետևում օրերի աշխատանք կա։ Ժամերով ջրի տակ որոնումներ, անորոշություն և պատասխանատվություն՝ մարդկանց գտնելու և նրանց ընտանիքների սպասմանը վերջ տալու համար։

«Շատ է եղել, որ ես էլ եմ այդ հրաշքին սպասել։ Բայց 22 տարվա աշխատանքի ընթացքում հասկացել եմ՝ հրաշքները շատ հազվադեպ են լինում, գրեթե չեն լինում։ Երբ դեպքի վայր ես գնում, շատ ժամանակ արդեն հասկանում ու պատկերացնում ես՝ ինչ կարող էր տեղի ունեցած լինել։ Բայց ամեն ինչ չէ, որ պետք է բարձրաձայնել ու հանրությանը ներկայացնել»,-ասում է Վահեն։

Փամբակ գետում խեղդված երկու փոքրիկ քույրերի որոնումները, Լոռու մարզում վերջին որոնողական աշխատանքները և բազմաթիվ այլ դեպքեր նրա հիշողության մեջ առանձնահատուկ տեղ ունեն։

Վահեի խոսքով՝ ամենածանրն երեխաների որոնումներն են։

«Ես հայր լինելով՝ երևի հենց դրա համար էլ ջրից դուրս չեմ գալիս։ Տվյալ տուժած երեխային, այդ պուճուրին, ես այդ պահին շատ-շատ եմ սիրում։ Չեմ կարող խոսքեր գտնել, որ… ինքը պուճուրիկ մի հատ բալա է, չես կարող ուրիշ ձև նայել։ Դրա համար գիշերներ չեմ քնում, ջրից դուրս չեմ գալիս։ Բայց երբ որ կպնում ես երեխային, այդ ժամանակ նոր ես հանգստանում եմ։ Գոնե այդ հրեշտակին հանեցի։ Գոնե… Ցավը մեծ է, շատ բարդ է, շատ դժվար է, բայց մի տեսակ սփոփանք է գոնե»,-հոգոց հանելով պատմում է Վահեն։

Օրվա վերջում նա տուն է վերադառնում, որտեղ նրան սպասում են կինն ու երեխաները։

Բայց ջրի խորքում տեսածը միշտ չէ, որ մնում է աշխատանքի վայրում։ Տեսածն ու ապրածը հաճախ տուն էլ են հասնում։

Հենց այդ պատճառով էլ նա չի ցանկանում, որ իր երեխաները ընտրեն նույն ճանապարհը։

Ոչ թե այն պատճառով, որ չի սիրում իր մասնագիտությունը, այլ որովհետև շատ լավ գիտի՝ ինչ գին ունի այն։

Իսկ երեխաները հպարտանում են իրենց հայրիկով ու հասկանում, թե որքան կարևոր գործ է նա անում։

Վաղը առավոտյան ամեն ինչ նորից կսկսվի։

Նա նորից կպատրաստի սարքավորումները։

Նորից կմտնի ջուրը։

Որովհետև ինչ-որ տեղ, ինչ-որ ընտանիք կրկին սպասելու է մի լուրի։

Իսկ Վահեի գործն է՝ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ սպասումն ավարտվի։

Սվետլանա Պետրոսյան

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը տրամադրված է վերականգնելու ՀԱՊԿ–ի հետ համագործակցությունը․ գլխավոր քարտուղար

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը տրամադրված է վերականգնելու ՀԱՊԿ–ի հետ համագործակցությունը․ գլխավոր քարտուղար

Թրամփը շնորհավորել է Կիմ Չեն Ինին ԿԺԴՀ-ի ազատագրման տարեդարձի առթիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին ԿԺԴՀ-ի ազատագրման տարեդարձի կապակցությամբ։

«Չնայած այս լուսանկարում անբարյացակամ տեսքին՝ կան բազմաթիվ լուսանկարներ, որտեղ մենք ժպտում ենք։ Կիմ Չեն Ինն ու ես հիանալի հարաբերություններ ունենք», — գրել է Թրամփը սոցիալական ցանցերում։

Լիխտենշտեյնն առաջին անգամ թույլատրել է կանանց ժառանգել իշխանական գահը

Լիխտենշտեյնի իշխանական տունը կփոխի գահաժառանգության կանոնները՝ առաջին անգամ կանանց համար բացելով գահը ժառանգելու հնարավորությունը։ Այդ մասին շաբաթ օրը՝ օգոստոսի 15-ին, երկրի ազգային տոնի առթիվ ունեցած իր ելույթում հայտարարել է թագաժառանգ արքայազն Ալոիզը, հաղորդում է Associated Press-ը։

Ըստ նրա, չորեքշաբթի այդ հարցերի վերաբերյալ քվեարկելու իրավունք ունեցող իշխանական տան անդամների անհրաժեշտ երկու երրորդը հավանություն է տվել արական գծով ժառանգման սկզբունքից անցնելուն բացարձակ առաջնածնությանը։ Նոր կանոնների համաձայն, գահը կանցնի ավագ երեխային՝ անկախ նրա սեռից։

«Ապագայում առաջնեկը, անկախ սեռից, կդառնա գահի ժառանգը, իսկ հետագայում՝ Լիխտենշտեյնի իշխանուհի կամ իշխան», — հայտարարել է Ալոիզը։

Մոտ ապագայում փոփոխությունները չեն ազդի գահաժառանգության հերթականության վրա։ Պետության ղեկավար շարունակում է մնալ 81-ամյա իշխան Հանս-Ադամ II-ը, սակայն դեռ 2004 թվականին նա իր լիազորությունների մեծ մասը փոխանցել էր ավագ որդուն՝ Ալոիզին, որն այժմ 58 տարեկան է։ Իշխանական տան ավանդույթներին համապատասխանում է ժառանգին իշխանության նման փոխանցումը։

Ալոիզն ունի չորս երեխա։ Ավագը 31-ամյա արքայազն Յոզեֆ Վենցելն է, ուստի հենց նա էլ մնում է գահի հերթում առաջինը՝ հորից հետո։

Մոտ 40 հազար բնակչություն ունեցող Լիխտենշտեյնը համարվում է Եվրոպայի ամենահարուստ երկրներից մեկը։ Միևնույն ժամանակ նրա միապետությունն ունի անսովոր լայն լիազորություններ․ իշխանը կարող է արգելափակել հանրաքվեների արդյունքները, նշանակել դատավորների և պաշտոնանկ անել կառավարությանը։

Գահաժառանգության կանոնների փոփոխությունը դարձավ ևս մեկ քայլ դեպի երկրի քաղաքական կյանքում կանանց դերի ընդլայնումը, քանի որ երկիրը երկար ժամանակ պահպանել էր պահպանողական նորմերը։ Լիխտենշտեյնը դարձավ եվրոպական վերջին երկիրը, որը կանանց տրամադրեց ազգային ընտրություններում քվեարկելու իրավունք․ դա տեղի ունեցավ միայն 1984 թվականին։

Անցյալ տարի երկիրը առաջին անգամ կին վարչապետ ունեցավ․ Բրիգիտտե Հաասը գլխավորեց Լիխտենշտեյնի կառավարությունը։

«Աղիքային վարակ» ախտորոշմամբ 6 անձ է հոսպիտալացվել. նրանք նույն խնջույքին են մասնակցել

Օգոստոսի 15-ին «աղիքային վարակ» ախտորոշմամբ 6 անձ է հոսպիտալացվել Վանաձորի բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում են ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային…

Շվեյցարիայում երաշտի պատճառով սահմանափակել են սիզամարգերի ջրումը և ավտոմեքենաների լվացումը

Շվեյցարիան իր պատմության ամենալուրջ երաշտային փուլերից մեկն է ապրում։ Երկարատև շոգի և տեղումների սուր պակասի պատճառով երկրի ամբողջ տարածքը հայտնվել է երաշտի վտանգի առավելագույն՝ չորրորդ մակարդակում, հայտնում է Blick-ը։

Չնայած հանգստյան օրերին սպասվող փոքր անձրևներին և ջերմաստիճանի որոշ նվազմանը՝ մասնագետները զգուշացնում են. ջրային ճգնաժամը դեռ չի ավարտվել։

Շատ գետերում և լճերում ջրի մակարդակը հասել է պատմականորեն ցածր ցուցանիշների, իսկ ստորերկրյա ջրերի պաշարները շարունակում են կրճատվել։ Գրեթե բոլոր կանտոններն արդեն այս կամ այն միջոցներն են կիրառել ջրի խնայողության համար։

Հատկապես ծանր իրավիճակ է ձևավորվել գյուղատնտեսական շրջաններում։ Արգաու կանտոնում հունիսի կեսերից արգելված է ջուր վերցնել հոսքերի մեծ մասից։ Որոշ համայնքներում արգելված է սիզամարգեր ջրելը և լողավազաններ լցնելը, ինչպես նաև ավտոմեքենաներ լվանալը։ Խոնավության պակասի պատճառով մարգագետիններն ու արոտավայրերը շատ վայրերում ամբողջությամբ չորացել են։

Լրջորեն տուժել է նաև Ցյուրիխի շրջանը։ Նույնանուն լճի ափերին մերկացել են ժայռերը, որոնք սովորաբար գտնվում են ջրի տակ։ Որոշ նավագնացական ընկերություններ չեղարկել են երթուղիները, իսկ լողի մրցումները ստիպված են եղել հետաձգել։ Ցյուրիխի օդանավակայանի շրջակայքն էլ է զգալիորեն փոխվել. կանաչ դաշտերի փոխարեն շատ տեղերում այժմ երևում են չորացած շագանակագույն հատվածներ։

Կենտրոնական Շվեյցարիայում ջրի պակասն արդեն հասել է այնպիսի մակարդակի, որ որոշ լեռնային շրջաններ այն հարկադրված են մատակարարել։ Պիլատուսի մոտ գտնվող Ալպգշվենդեում տեղական աղբյուրն այլևս չի բավարարում բնակիչների կարիքները, ուստի խմելու ջուրը լեռ են հասցնում երեք ցիստեռնով։ Ուրի կանտոնի ալպիական հյուրատներից մեկում հարկ է եղել 5000 լիտր ջուր հասցնել ուղղաթիռով, ինչի պատճառով հյուրատունը ստիպված է եղել հրաժարվել մոտ 300 հյուր ընդունելուց։

Երաշտը վտանգ է ստեղծում ոչ միայն ջրի պաշարների, այլև անտառների համար։ Բազելում իշխանությունները նախազգուշացրել են ճյուղերի հանկարծակի ընկնելու բարձր ռիսկի մասին. շոգի և խոնավության պակասի պատճառով ծառերի հյուսվածքներում ջրի ճնշումը նվազում է, ինչը կարող է հանգեցնել նույնիսկ առողջ կանաչ ճյուղերի անսպասելի կոտրմանը։

Երկրի արևելքում Ուցվիլի լողավազանը փակվել է սովորականից երկու շաբաթ շուտ. այնտեղ օրական ջրի սպառումը համադրելի է մոտ 1000 մարդու պահանջներին։ Վեզեն համայնքում աղբյուրներն ամբողջությամբ ցամաքել են, ուստի բնակիչներին կոչ են արել հնարավորինս կրճատել խմելու ջրի օգտագործումը։

Երաշտի հետևանքները նկատելի են նաև Բոդենյան լճում և Վերին Հռենոսում։ Վերդ կղզու շրջանում հայտնվել են չորացած ափերի և ծանծաղուտների մեծ հատվածներ։

Գլարուս կանտոնում արգելված է հարթավայրերում գտնվող մակերևութային ջրամբարներից ջուր վերցնելը։ Իշխանությունները մտավախություն ունեն ոչ միայն գետերի հետագա ցամաքման, այլև ջրի ջերմաստիճանի բարձրացման վերաբերյալ, ինչը վտանգ է ստեղծում ձկների և այլ ջրային օրգանիզմների համար։

Բեռն կանտոնում իրավիճակն այնքան լուրջ է, որ իշխանություններն արդեն սկսել են ձկներին տեղափոխել ցամաքող ջրամբարներից։ Միայն մեկ օրվա ընթացքում տեղափոխվել է մոտ 93 հազար ձուկ՝ 102 կիլոմետր ջրային ուղիների երկայնքով։

Երաշտը նաև լրջորեն հարվածել է գյուղատնտեսությանը։ Ֆրիբուրգ կանտոնում ալպիական արոտավայրերի տերերը սովորականից շուտ ստիպված են անասուններին իջեցնել հովիտներ. խոտը դադարել է աճել խոնավության բացակայության պատճառով։ Ֆերմերներից մեկը հայտնել է, որ աշխատանքի 20 տարիների ընթացքում առաջին անգամ է բախվում նման իրավիճակի։

Վալե կանտոնում անասնահոտերի վաղ իջեցում առայժմ չեն նախատեսում, սակայն մի քանի համայնքներում արդեն արգելվել է լողավազաններ լցնելը, ավտոմեքենաներ լվանալը և սիզամարգեր ջրելը։ Նմանատիպ սահմանափակումներ գործում են նաև մի շարք այլ շրջաններում։

Երկրի հարավում իշխանությունները փորձում են կայունացնել լճերում ջրի մակարդակը։ Լագո Մաջորեի մակարդակի անկման պատճառով Տիչինոյում մեծացրել են Լուգանո լճից արտահոսքը։ Հինգ համայնքներում նույնպես սահմանվել են ջրման սահմանափակումներ։

Երաշտն առավել զգալի է նաև երկրի արևմտյան հատվածում։ Որոշ վայրերում Դու գետը գրեթե ամբողջությամբ ցամաքել է։ Ջրի ցածր մակարդակը հանգեցնում է ձկների անկմանը, վատթարացնում է անտառների վիճակը և ստիպում է ֆերմերներին ժամանակից շուտ օգտագործել ձմեռային կերի պաշարները։